ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՆԵՐՔԱՇՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ

17.06.2011, Իրավունք

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հրապարակումները, չնայած իրենց ողջ բազմազանությանը, իմ կարծիքով, մի թերություն ունեն. դրանցում, որպես կանոն, չի տրվում այն իրավիճակի հստակ բնութագիրը, որի մեջ գտնվում է Հարավային Կովկասի տարածաշրջանը, և չի նշվում նրա փոխկապվածությունն այն գործընթացների հետ, որոնք տեղի են ունենում Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի էությունը հասկանալու համար չեն վերլուծվում այնքան հրատապ հարցեր, որոնցից են. առաջին` ներկայումս աշխարհաքաղաքական ի՞նչ գործընթացներ են ծավալվում աշխարհում, և դրանցում ի՞նչ տեղ է հատկացվում տարածաշրջանին, երկրորդ` ուժի միջազգային կենտրոնները ղարաբաղյան հակամարտության գոտում ի՞նչ մանիպուլյացիաներով կկարողանան դրանք ենթարկեցնել Մեծ Մերձավոր Արևելքի երկրների պետական կարգի փոխակերպման` իրենց առջև դրված նպատակներին հասնելուն, երրորդ` որքանո՞վ է իրատեսական հակամարտության կարգավորման շրջանակում հասնել այն բանին, որ Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված չլինի որպես խաղաղության և կայունության երաշխավոր Հարավային Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերլուծական նյութերի մեծամասնությունում, չգիտես ինչու, չի տրվում դրա լուծման վրա Մեծ Մերձավոր Արևելքի տարածքում Թուրքիայի նոր դերի հնարավոր ազդեցության, ինչպես նաև Իսրայել պետության գործոնի հնարավոր փոխակերպման մասին գնահատականը «Նոր կարգի», ավելի ճիշտ` «անկարգության» հաստատման գործում` Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների համակողմանի խորացման համատեքստում:
Սա ամենևին էլ հարցերի ամբողջական ցանկը չէ, որոնց պատասխանները կօգնեն ավելի լավ հասկանալ այն գործընթացների էությունը, որոնք սերմանվում են որպես «կառավարելի քաոս» Հյուսիսային Աֆրիկայի երկրներից մինչև Ինդոնեզիա ընկած տարածքում: Որպես կանոն, հավուր պատշաճի ուշադրություն չի հատկացվում նաև միանգամայն էական այն դերին, որը կարող է խաղալ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերում, այլև որպես ազդեցության կարևոր գործոն ինչպես Հարավային Կովկասի տարածաշրջանի, այնպես էլ Իրանին սահմանակից պետությունների (դրանք լինեն Սիրիան, Իրաքը, Պարսից ծոցի պետությունները, առավել ևս` Աֆղանստանը, որի ղեկավարության հետ իսլամական հանրապետությունը բարեկամական-ֆինանսական խիստ նրբանկատ հարաբերություններ է պահպանում) կայունության վրա:


Վերոնշյալ բոլոր հարցերին մեկ հոդվածում պատասխանելը, կարծում ենք, նպատակահարմար չէ, սակայն դրանցից մի քանիսն անհրաժեշտ է դիտարկել հիմա` հունիսի 25-ին կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Կազանի գագաթաժողովի նախօրեին: Գտնում ենք, որ այս հարցերի մի մասի և դրանց հետ փոխկապակցված հանգամանքների հաշվի առնումը, ինչպես նաև այն իրավիճակի հստակ սահմանումը, որի մեջ հայտնվել է Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունների և հեռանկարների օբյեկտիվ, կշռադատված գնահատման անհրաժեշտ պայման են: Այլապես, մենք` հայերս, հերթական անգամ դատապարտված կլինենք ցասման կամ տրտմության վերաճող խոր հիասթափություն ապրել` պատմական անարդարության, հայ ժողովրդի հանդեպ աշխարհիս հզորների կողմից կիրառվող երկակի չափորոշիչների մասին լացուկոծի ուղեկցությամբ: Ընդ որում` մենք կրկին ու կրկին կընդվզենք ու կպայքարենք` լայնորեն ներգրավելով հայ սփյուռքը` դա լինի Ռուսաստանում, թե Արևմուտքում, կապացուցենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը շատ ավելի փաստարկված հիմք ունի` Միջազգային իրավունքի տեսանկյունից, քան Արևելյան Թիմորի, Հարավային Սուդանի, Կոսովոյի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը:
Ի դեպ, Ադրբեջանի Հանրապետությունը ղարաբաղյան հակամարտության` Մադրիդյան նորացված հիմնարար սկզբունքներին համապատասխան կարգավորման մասով կհայտնվի համանման իրավիճակում: Այո՛, ես չսխալվեցի` ասելով, որ նման ճակատագիր է սպասվում նաև Ադրբեջանին, քանի որ ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններում, որքան էլ ցավալի լինի խոստովանել, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն ընդամենը գործիք են ուժի միջազգային կենտրոնների` Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ձևաչափի փոփոխությանն ուղղված գլոբալ քաղաքականության մեջ: Եվ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ, Եվրամիության ու Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի այս բարդ հանգույցի մեջ Հայաստանի բնական դաշնակիցը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունն է: Ադրբեջանի բնական դաշնակիցն էլ Թուրքիան է, որի հետ Ադրբեջանը կապված է 2010թ. օգոստոսի 16-ին ստորագրված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին պայմանագրով», ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը: Այո՛, ես չսխալվեցի, Ռուսաստանի Դաշնությունը, որի քաղաքական ղեկավարությունը հետևողական և նպատակաուղղված աշխատանք է կատարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գոտում ռազմական ցանկացած գործողություն կանխելու ուղղությամբ: Ընդ որում` նկատվում է, որ Ռուսաստանը գիտակցում է իր պատմական պատասխանատվությունը բարեկամ երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի ճակատագրերի հանդեպ, և ոչ մի կերպ չէր ցանկանա ներգրավված լինել ռազմական հնարավոր գործողություններում, որոնք սանձազերծելու պատրաստակամության մասին ահա արդեն քանի տարի անդադրում պնդում է ադրբեջանական ղեկավարությունը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի անթաքույց դիրքորոշումը հավաստի վկայությունն է ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային բնույթի. բարեկամը նա չէ, ով թույլ է տալիս, որ բանը հասնի պատերազմի, արյունահեղության, հետո նոր անցնի իր ռազմավարական գործընկերոջ կողմը: Իսկական բարեկամը չի ընդունի մեկ ուրիշի կողմից իր դաշնակցի նկատմամբ բռնության հնարավորությունն իսկ, մանավանդ որ մեր պարագայում մեկ ուրիշը Ռուսաստանի համար նույնպես բարեկամական երկիր է` Ադրբեջանը:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա Հայաստանի (ինչպեսև Ադրբեջանի) համար գործընկերային այս երկրում աշխարհաքաղաքական առումով հստակորեն ըմբռնում են իրենց համար այն ողջ վտանգը, որը կարող է ներկայացնել ռազմական գործողությունների վերսկսումն ադրբեջանական զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի միջև: Ընդ որում` հարցը միայն այն լարվածությունը չէ, որը կարող է ստեղծվել ռազմական գործողությունների սկսմամբ, որը կուղեկցվի ադրբեջանցի փախստականների մեծ հոսքով դեպի Հյուսիսային Իրանի շրջաններ, և ոչ այնքան այն, որ հնարավոր է, որ միջազգային խաղաղարար ուժեր տեղաբաշխվեն Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հետ Իրանի սահմանին: Վտանգը թաքնված է արտաքին ուժերի և դրանց գործակալների կողմից անջատողական տրամադրությունների կանխատեսելի հրահրման մեջ բուն Իրանում` երկրի հյուսիսային տարածքներում, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանում, որի բազմամիլիոն բնակչությունը հիմնականում էթնիկ ադրբեջանցիներ են:
Այս հակիրճ անդրադարձից հետո հարց տանք. ի՞նչ սահմանում կարելի է տալ այն իրավիճակին, որը ստեղծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում, և դրա կազմավորման մեջ ի՞նչ տեղ է հատկացվում այն գործընթացներին, որոնք կարող են սկսվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում: Այս հարցերին պատասխանելու համար նախ հարկ է սահմանել, թե որն է այսօր չկարգավորված ղարաբաղյան հիմնախնդրի իսկական էությունը: Ի՞նչ է դա, սառեցված զինված հակամարտությո՞ւն, «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճա՞կ: Գուցե, այնուամենայնիվ, ակնհայտ է այն փաստը, որ արդի պատերա՞զմ է ընթանում:
Եթե առաջադրված հարցերի պատասխաններին մոտենանք համակարգայնորեն, ապա անհրաժեշտ է ընդունել հետևյալ իրողությունները: Այսպես, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ ադրբեջանական ղեկավարության վարած քաղաքականության տնտեսական, քաղաքական, սոցիալական, տեղեկատվական, պաշտպանական բաղադրիչների վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք արդի պատերազմի դասական դրսևորման հետ: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահա արդեն երկրորդ տասնամյակն իրականացվող տնտեսական շրջափակումն այլ բան չէ, քան Հայաստանի դեմ տնտեսական պատերազմ հայտարարելու և վարելու իրողություն: Հակահայկական բանաձևերը, որոնք Ադրբեջանն անցկացնում է (նրա շահերը լոբբիի ենթարկող երկրների լայն մասնակցությամբ, որոնք ընդգրկված են մեր տարածաշրջանի էներգետիկ խոշոր նախագծերում) միջազգային կազմակերպություններում, լինեն դրանք ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը կամ ԵԱՀԿ-ն, Իսլամական կոնֆերանս կազմակերպության գագաթաժողովները, Ադրբեջանի կողմից Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հայտարարված քաղաքական ճակատային պատերազմի դրսևորման վկայություններն են: Հարկ է նշել, որ այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Միաժամանակ, հարկ է հավելել, որ բավական է վերլուծել Ադրբեջանի քաղաքական և զինվորական ղեկավարության վերջին տարիների հրապարակային ելույթները, որոնցում շոշափվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը` օբյեկտիվ եզրահանգում անելու համար. Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծվել է նաև լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմ: Վերցնենք, թեկուզ, նրանց ելույթից ելույթ կրկնվող հիշատակումներն ու քարոզներն այն մասին, թե` ա) Ադրբեջանի ռազմական բյուջեն մի քանի տարվա ընթացքում 6-7 անգամ ավելացել է, և ներկա պահին իրենց ռազմական ծախսերը հավասար են ՀՀ պետբյուջեին և կազմում են 3,1 մլրդ դոլար, իսկ պաշտպանական նպատակներով ծախսերն ընդհանուր առմամբ գերազանցում են 4 մլրդ դոլարը, բ) ադրբեջանական ժողովրդի համբերությունն անսահման չէ` հայկական օկուպացիան էլի հանդուրժելու համար (նկատի ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատումը ֆիզիկական բնաջնջման վտանգից իր իսկ բուն տարածքում), գ) արդեն կարող են ղարաբաղյան հակամարտության հարցը լուծել ռազմական ճանապարհով, բայց առայժմ ձեռնպահ են մնում բանակցային գործընթացից դուրս գալուց և այլն, և այլն:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ տեղեկատվական պատերազմ է վարվում նաև Թուրքիայի կողմից, ընդ որում` ավելի բարձր մակարդակով: Այս պնդումը հաստատելու համար բավական է նշել թուրքական ղեկավարության ապակառուցողական քաղաքականությունը, որը զրոյի հավասարեցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման` ԱՄՆ բազմամյա ջանքերը, որոնք աջակցվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և Եվրամիության կողմից: Ինչպես հայտնի է, Թուրքիայի ղեկավարությունը սաբոտաժի ենթարկեց Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորումն ու հաստատումը (խոսքը 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունների մասին է)` այդ հարցերը շաղկապելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրների հետ, ընդ որում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման պայմաններում: Հիշեցնենք, որ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական TRT1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր. «Մենք միշտ եղել ենք Ադրբեջանի կողքին և միշտ պաշտպանելու ենք նրա իրավունքները: Երբ մենք խոսում ենք տարածաշրջանում խաղաղության մասին, ապա նկատի ունենք ադրբեջանական տարածքների ազատագրումը: Ոչ միայն Ղարաբաղի, այլև զավթված մյուս բոլոր տարածքների»: Այնինչ, Ցյուրիխյան արձանագրություններում ոչ մի նախապայման, ոչ մի հիշատակում չկար այդ հիմնախնդիրների փոխկապվածությունների մասին: Ավելին, այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջև կապ գոյություն չունի, բազմիցս խոսել են ԱՄՆ պետքարտուղարը, արտասահմանյան գործերի և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ Գերագույն ներկայացուցիչը: Միանշանակ են եղել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի ու վարչապետի դիրքորոշումներն այս առումով: Մասնավորապես, ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը 2010թ. հունվարի 13-ին իր գործընկերոջ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց. «Ե՛վ ղարաբաղյան հիմնախնդիրը, և՛ թուրք-հայկական հիմնախնդիրը, ինքնին, խիստ բարդ են, ես ճիշտ չեմ համարում բոլոր հիմնախնդիրները մեկ փաթեթում շաղկապելը... Իսկ եթե մենք շարունակենք ամեն ինչ մի տեղ հավաքել, ապա այդ ժամանակ լուծման հեռանկարն ինքնաբերաբար շատ երկար ժամանակով հետ կմղվի»:
Էլ չենք խոսում հրադադարի գծով ադրբեջանական ուժերի ուղղակի ռազմական համակարգված գործողությունների, այն է` ադրբեջանցի զինվորականների կողմից դիվերսիոն գրոհների կազմակերպման, ադրբեջանցի դիպուկահարների չդադարող կրակոցների մասին, որոնք հանգեցնում են ինչպես Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների զոհվելուն: Այսպիսով, մենք կարող ենք հավաստել, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի հարաբերությունները կարելի է ամենայն պատասխանատվությամբ բնութագրել որպես արդի պատերազմի իրավիճակ` չնայած 1994թ. Բիշքեկում ստորագրված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրին: Այո՛, հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, ըստ պատերազմի արդի տեսության, ենթակա է հետևյալ սահմանման. արդի պատերազմի իրավիճակ, որի զինանոցում են գտնվում քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, տեղեկատվական, հոգեբանական պատերազմները: Ընդ որում` հարկ է նշել, որ այն ձևերը, որոնք բնորոշ են արդի պատերազմներին, ադրբեջանական կողմն օգտագործել է նաև 1992-1994թթ. Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի դիմակայության թեժ փուլում, երբ ղարաբաղյան ճակատում ադրբեջանցիների կողմից կռվում էին Բասաևի վարձկաններն ու աֆղան մոջահեդները: Պատերազմի արդի տեսության մեջ հատկապես նշվում է, որ արդի պատերազմներում պատերազմի նոր գործող անձինք են դառնում ռազմական մասնավոր ընկերությունները:
Կարծում ենք` վերն ասվածը հրատապ է դարձնում հետևյալ հարցը. որքանո՞վ են արդի պատերազմի (որի մեջ արդեն մոտ քսան տարի գտնվում են Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) մարտահրավերներին համարժեք ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները: Չէ՞ որ ակնհայտ է, որ արդի պատերազմի զսպումը պետք է հանգեցնի միանգամայն այլ փաստաթղթերի ընդունմանը, որոնք, անշուշտ, նույնպես պետք է հիմնվեն Միջազգային իրավունքի վրա: Իսկ եթե ենթադրվում է, որ Մադրիդյան սկզբունքների ընդունումը (ինչն առանց դրանց էության բովանդակազրկման անընդունելի է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, ինչի մասին բացահայտորեն հայտարարում են երկու կողմերը) առաջին քայլը կդառնա հաշտության համընդգրկուն պայմանագրի կնքման ճանապարհին, ապա այդ պնդումը, մեղմ ասած, քննադատության չի դիմանում: Ընդ որում` հարկ է հատուկ ընդգծել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միջնորդական առաքելություն կատարելու Ռուսաստանի մղումն ազնիվ է և հասկանալի: Այդ առաքելությունը, առաջին հերթին, նպատակաուղղված է խաղաղության և անվտանգության պահպանմանն իր հարավային սահմաններին, այն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման գործին Ռուսաստանի հավատարմության վկայությունն է, երկրներ, որոնցից յուրաքանչյուրը ՌԴ-ի հետ պատմականորեն ստեղծված բարեկամական հարաբերություններ ունի:
Հանուն արդարության նշենք նաև, որ մենք` հայերս, չենք կարող դժգոհել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների ` Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի բարյացակամության պակասից: Թեև ԱՄՆ-ը մինչ օրս չի ճանաչել ու չի դատապարտել Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, հայ ժողովուրդը մեծ համակրանքով է վերաբերվում Ամերիկային և, առավել ևս, Ֆրանսիային, որոնք գրկաբաց ընդունեցին 1915թ. Մեծ եղեռնից հրաշքով փրկված հարյուր հազարավոր հայ փախստականներին: Սակայն հարկ է փաստել, որ, ցավոք, այսպես կոչված, Real politic-ը հեռու է հույզերի ցուցադրումից և հաճախ էլ լրիվ զուրկ է բարոյական բաղադրիչից: Այնպես որ, պետք չէ պատրանքներ տածել, թե այդ երկրների բարեկամական հարաբերությունները Հայաստանի և մեր ժողովրդի հետ ինչ-որ դրական նշանակություն կունենան մեզ համար բախտորոշ հարցի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այնպես որ` հայտնագործություն չէ այն պնդումը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց գործողություններում հետևելու են Real politic-ի կանոններին, և այս հարցում պետք չէ կասկածել: Այդ երկրների` երկակի չափորոշիչներին հավատարմության ապացույցն է նրանց կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը և Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության չճանաչումը, էլ չենք խոսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության չճանաչման մասին, ինչը Միջազգային իրավունքի տեսակետից ավելի քան ծանրակշիռ հիմնավորումներ ունի:
Չէի ուզենա հայտնվել նորահայտ Դելֆյան գուշակի դերում, սակայն այսօր արդեն կարելի է առանց կասկածի պնդել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մադրիդյան նորացված հիմնարար սկզբունքները, իհարկե, շնորհիվ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդևի հետևողական և դիվանագիտորեն ճշտված գործողությունների, ստեղծված իրավիճակում ապահովում են գլխավորը` խաղաղության պահպանումը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Սակայն, ցավոք, չի կարելի սկզբից ևեթ ամուր խաղաղություն և անվտանգություն ապահովել` առանց ընդունելու այն իրողությունը, որ արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական հովանավորությամբ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հայտարարել և գտնվում է արդի պատերազմի վիճակում: Այստեղ խոսքը չպետք է լինի սառեցված հակամարտության կարգավորման մասին: Խնդիրը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի պարտադրած արդի պատերազմը զսպելն է: Այս պայմաններում, կարծում ենք, մենք իրավունք ունենք բարձրաձայնել այն մասին, որ այդ պատերազմի շարունակումը լուրջ սպառնալիք է հենց Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Հիշենք, որ Ռուսաստանի Դաշնության Ռազմական նոր դոկտրինի համաձայն (ընդունվել է ՌԴ նախագահի հրամանով 05.02.2010թ.)` Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ ռազմական ագրեսիայի կանխումը բխում է ՌԴ ազգային շահերից, քանի որ դա նպաստավոր պայմաններ է ստեղծում ռուսական պետության խաղաղ, ժողովրդավարական զարգացման համար:
Ամփոփելով վերը շարադրվածը` կարելի է փաստել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցը ` Հայաստանի Հանրապետությունը, ահա արդեն երկրորդ տասնամյակն է` գտնվում է արդի պատերազմի վիճակում, կրկնեմ, դա նրան պարտադրված է Ադրբեջանի կողմից` Թուրքիայի ուղղակի հովանավորությամբ: Չափազանցություն չի լինի նաև այն պնդումը, թե այդ երկրները, ըստ էության, արդի պատերազմի մեջ են ներքաշում նաև Ռուսաստանի Դաշնությանը: Այս առնչությամբ տեղին է հետևյալ հարցը. արդյոք դա չի՞ արվում նոր աշխարհակարգի կայացմանն ուղղված ռազմավարության իրագործման համար` Հյուսիսային Աֆրիկայից մինչև Ինդոնեզիա «կառավարելի քաոսի» վիճակի ստեղծման միջոցով: Ավելին, արդյոք չպե՞տք է սպասել, որ այս ուղղությամբ հերթական քայլն արվելու է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանի գագաթաժողովից շատ չանցած: Արդյոք նման քաղաքականությունն ուղղված չէ՞ այն բանին, որ Ռուսաստանն աստիճանաբար ներքաշվի «կառավարելի քաոսի» հորձանուտում:
Այս հարցերը դավադրության կոնսպիրոլոգիական տեսությունների արդյունք չեն, դրանք հստակորեն ընթանում են մեր տարածաշրջանում և այնքան սովորական են դարձել, որ ինչ-որ առումով դուրս են մնացել Հայաստանի քաղաքական դասի, մեր ռուս դաշնակիցների տեսադաշտից: Ուստի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը հայկական կողմին չէր խանգարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին մոտենալ քաղաքական այս իրողությունները հաշվի առնելով, որոնք ներկայումս սպառնալի բնույթ են ստանում:
Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Ադրբեջանի պարտադրած արդի պատերազմի զսպումը հզոր պատնեշ է «կառավարելի քաոսի մեջ» Եվրասիային ներքաշելու ճանապարհին: Իմ կարծիքով, ահա այսպիսին է լինելու Կազանի գագաթաժողովի նշանակությունը:

 


«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ,
«Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության վարչության նախագահ