ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՉ ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆԸ

ԴԱՐՁՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԽՎԵՑԻՆ

31.05-02.06.2005

«Առավոտ» թերթի մայիսի 27-ի համարում կարդացինք քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ «Ընդդիմությունը վստահություն չի վայելում» վերնագրով տպագրված հարցազրույցը: Մեզ զարմանք և հիասթափություն պատճառեց 2004թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա վերաբերյալ քաղաքագետի բացահայտ սուտն այն մասին, որ ընդդիմության «առաջնորդները փախան»: Եթե հարցազրույցում չհիշատակվեր քաղաքագետի անուն- ազգանունը, ապա հանգիստ խղճով կարող էինք ասել, որ սույն նյութը թխվել է կամ նախագահի աշխատակազմում, կամ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում:

Մենք՝ Վահրամ Հարությունյանս, Հայկ Եսայանս, Արման Դավթյանս, Գարրի Մկրտչյանս, այդ գիշեր առաջինն էինք, ովքեր ընդդիմության ղեկավարներ Արտաշես Գեղամյանի, Ալբերտ Բազեյանի, Արամ Զ.Սարգսյանի, Սմբատ Այվազյանի, Ալեքսան Կարապետյանի հետ ճակատ ճակատի բախվեցին իշխանական հրոսակների հետ: Մեր միջամտության արդյունքում էր, որ կանխեցինք Արտաշես Գեղամյանին ուղղված մահակների հարվածներն ու էլեկտրաշոկերը: Ճիշտ այդ նույն ժամանակ հավաքվածների վրա թիկունքից հարձակվող զինված խուժանին իր կյանքը վտանգելով՝ մի խումբ երիտասարդների հետ դիմադրում էր «Ազգային Միաբանություն»  խմբակցության անդամ, պատգամավոր Գագիկ Կոստանդյանը: Մենք նաև վերջիններն էինք, ում հաջողվեց Արտաշես Գեղամյանին արդեն իսկ հանրահավաքի մասնակիցներից դատարկված Բաղրամյան պողոտայից դուրս բերել՝ հաղթահարելով վերջինիս համառ դիմադրությունը. Գեղամյանը ցասումնալից բացականչություններով ուղղված մահակավորների ղեկավարներին, ասում էր. «Միևնույն է, թափված արյան համար բոլորդ պատասխան եք տալու, այս օրը չեք մարսելու»: Այդ ընթացքում մենք դարձյալ տեղատարափ մահակների հուժկու հարվածներ էինք վերցնում մեզ վրա: Աստված մի արասցե, որ հիմա էլ գտնվի մի նոր ստոր, որը փորձի այս տողերը մեկնաբանել որպես հանդիմանանք ուղղված Գեղամյանի համառությանը՝ դեպքի վայրից չհեռանալու համար: Եթե քաղաքագետն այդ օրը և այդ ժամին այնտեղ գտնվելիս լիներ և խիղճը կորցրած չլիներ, ապա իր հարցազրույցում, անտարակույս, կմեջբերեր ծեծուջարդի սկզբին տարբեր կողմերից լսվող մեր ժողովրդի ներկայացուցիչների հորդորները՝ փրկեք ընդդիմության առաջնորդներին…

Այդ գիշեր մեր թափած արյան համար (Արմանն ու Վահրամը ստացել էին արնածոր, լուրջ վնասվածքներ գլխի հատվածում) մենք այնքան նեղված չենք հանցագործություն կատարած խուժանից, որքան վիրավորված ենք զանազան ստոր մեկնաբանություններ տարածող հին ու նոր իշխանությունների շահերն արտահայտող հոդվածագրերից, որոնց նպատակները կարծես թե համընկնում են: Այն է՝ մարդկանց ենթագիտակցության մեջ սերմանել անվստահության մթնոլորտ ընդդիմության առաջնորդների հանդեպ, միաժամանակ, փորձելով, ասես թե, գլխի գցել, որ այս իշխանությունների միակ այլընտրանքը նախկին իշխանություններն են: Կարծում ենք, որ ՀՀՇ-ի երբեմնի եռանդուն գաղափարախոսներից և անխոնջ պաշտպաններից՝ Աղասի Ենոքյանը պետք է իր կրթվածությանը համապատասխան ընտրած լիներ սեփական մեղքերի քավության ճանապարհը: Ավա՜ղ, հհշականները դրան ընդունակ չեն:

Վահրամի, Հայկի, Արմանի և Գարրիի խոսքը գրի առավ «Ազգային Միաբանություն  կուսակցության» մամուլի ծառայությունը

Հ.Գ. Արտաշես Գեղամյանն իր գործընկերների այս նամակի կապակցությամբ ասաց. «Ինձ այլևս և ոչ մի հերյուրանք չի զարմացնում: 1990թ. մայիսի 27-ին Նուբարաշենի հայտնի արյունահեղությամբ ավարտված սադրանքից ճիշտ 15 տարի անց, այս օրերին, պոռոտախոսների մի մեծ բանակ հանդես է գալիս այդ դեպքերի ամենատարբեր մեկնաբանություններով: Դրանց ընդհանրականն էլ մեկն է՝ չքմեղանալ և հերոսանալ: Ցուցադրվում են հեռուստահաղորդումներ, որոնց գլխավոր հերոսները (քաղաքագետի պես) այդ ողբերգական օրը դեպքի վայրում չեն էլ եղել: Մինչդեռ այդ սպանդի համահեղինակներն էին այն ժամանակվա բարձրաստիճան թե՛ պաշտոնյաները և թե՛ նրանց ընդդիմադիր ու նրանց հաջորդած հհշական իշխանավորները: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ այդ օրվանից ես հավասարապես անցանկալի դարձա թե՛ կոմունիստական այն ժամանակվա ղեկավարության, թե՛ հհշական վարչակարգի համար»:

Ինչ վերաբերում է Աղասի Ենոքյանի «Ընդդիմությունը վստահություն չի վայելում» վերնագրով հարցազրույցին, ապա Ա.Գեղամյանն ասաց. «Եթե պարոն Ենոքյանը նկատի ունի իրեն ընդդիմություն համարող հհշական հատվածը, ապա, այո, նա իրավացի է, հհշականները, իսկապես, հեղինակություն չեն վայելում: Ինչ վերաբերում է մեզ ու մեր հեղինակությանը, ապա գոնե այս դեպքում մի ծուլացեք և թեկուզ հենց անցած շաբաթվա (24-30 մայիսի, 2005թ.) «Ժամանակի ՄԻՏՔ» անկախ շաբաթաթերթի անցկացրած սոցհարցումներին ծանոթացեք, ուր կկարդաք. հարցվածների 30,8%-ը Հայաստանի քաղաքական գործիչներից նախընտրում են Ձեր խոնարհ ծառային և 28,8%-ը «Ազգային Միաբանություն կուսակցությանը»: Իսկ ինչ վերաբերում է անցած տարվա ապրիլյան իրադարձությունների ժամանակ իմ և մինչև վերջ այնտեղ մնացած գործընկերներիս վարքագծի մասին տարածվող չարամիտ ստերին, ապա կարող եմ ասել հետևյալը. Աղասի, չեղավ, ստելը քեզ հարիր չէ»: