7 ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԻՐՆԵՐԸ ՀԱՐՍՏԱՑԱՆ 8 ԱՆԳԱՄ

05-08.03.2010

- Պարոն Գեղամյան, Դուք նշում եք, որ կառավարության մեղքով է երկրի տնտեսությունը հայտնվել ծանր վիճակում և կառավարությունը ոչ համարժեք է գնահատում իրավիճակը: Պետք է ենթադրել, որ ճգնաճամը,ըստ Ձեզ, շարունակվու՞մ է:

- Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների պնդումներն առ այն, որ ՀՀ-ում ֆինանսատնտեսական ճգնաժամն ավարտված է, քանի որ 2010թ. հունվար ամսին նախորդ տարվա հունվարի նկատմամբ, իբր, արձանագրվել է ՀՆԱ-ի 2,4 %-անոց աճ, հարցին պարզունակ մոտեցման վառ դրսևորում է: Եվ դա ասվում է այն պարագայում, երբ 2010թ. հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ՀՆԱ-ն կազմել է 39,5%: Իսկ ինչ վերաբերում է այդ նույն ցուցանիշի հարաբերակցությանը 2009թ. հունվարի նկատմամբ, ապա անհրաժեշտ է տալ որոշ պարզաբանումներ: Նախ, նշենք, որ անցումային շրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության նման էկոնոմիկա ունեցող երկրների համար, որոնց արտարժույթին ներհատուկ է բարձր ոլոտիլություն (անգլ. volatiler -փոփոխական), ազգային արտարժույթի փոխարժեքի անկայունություն, մեծ տատանումներ համաշխարհային արտարժույթների` ԱՄՆ դոլարի, եվրոյի, շվեյցարական ֆրանկի, բրիտանական ֆունտ ստերլինգի նկատմամբ, մակրոտնտեսական ցուցանիշներն ընդունված է համեմատել համադրելի գներով: Նման մոտեցումն առավել պահանջված է մեր պայմաններում. հիշեցնենք, որ 2009թ. հունվար-փետրվար ամիսներին ԱՄՆ մեկ դոլարի միջին փոխարժեքը 305,48 դրամ էր, մինչդեռ նույն տարվա ապրիլ ամսվա միջինը 367,7 դրամ էր:

Հաշվի առնելով այդ իրողությունը, նշենք, որ 2009թ. հունվարին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 132 մլրդ 7մլն 300 հազար դրամ կամ դոլարային արտահայտությամբ` 432 մլն 130,7 հազար դոլար: Իսկ այս տարվա հունվարին այն կազմել է 149 մլրդ 491,4 մլն դրամ կամ 395 մլն 972,2 հազար դոլար (1 դոլարի միջին փոխարժեքը եղել է 377,53 դրամ): Այստեղ ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ 2010թ. հունվարի ՀՆԱ-ն, անցած տարվա հունվարի նկատմամբ համադրելի գներով, կազմել է 2009թ. հունվարի ՀՆԱ-ի 95,3%-ը, այլ կերպ ասած` 2010-ի հունվարին, նախորդ տարվա հունվարի նկատմամբ համադրելի գներով, գրանցվել է ՀՆԱ-ի 4,7% անկում և ոչ թե 2,4%-ի աճ:

Այս վերլուծությունը հրամայական պահանջ է դարձնում ընդունել այն իրողությունը, որ մեր տնտեսությունը պաշարած տնտեսական ճգնաժամը հնարավոր կլինի հաղթահարել միայն և միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք նախ պատասխանել գեթ մեկ հարցի` որոնք են մեր երկրի էկոնոմիկան ճարագած ճգնաժամի տեսական պատճառները, պայմանավորված Կառավարության ու Կենտրոնական բանկի կողմից վարած քաղաքականությամբ: Այս տեսանկյունից պետք է նշենք, որ կառավարության և Կենտրոնական բանկի վարած հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը պետք է ուղղված լիներ ոչ թե ֆինանսական կապիտալի և խոշոր ներկրողների, այն էլ մենաշնորհային դիրք ունեցող, շահերի պաշտպանությանը, այլ նպատակամղվեր ու նպաստեր նյութական արտադրության, ծառայությունների, փոքր և միջին բիզնեսի շահերի պաշտպանությանը, նրանց  համար մրցակցային հավասար դաշտի ապահովմանը: Որպեսզի մենք ականատես չդառնանք մի իրողության, երբ էկոնոմիկայի նախարարության 2009թ. տարեկան հաշվետվության մեջ հատուկ առանձնացվում է «Գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքների»  շարքում շարադրվում են այնպիսի գործառույթներ, «գործնական քայլեր», ինչպիսիք են` «Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի»  հաստատումը կամ` «Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների կանոնակարգում»-ը, դրանով իսկ տպավորություն ստեղծելով, որ այդ հարցերը երկրի էկոնոմիկայի համար բախտորոշ են և մեր բնակչության կողմից վաղուց ու սրտատրոփ սպասված: Ավելին, այդ փաստաթղթերի ընդունման մասին լուրը հանրությանը մատուցվում է իբրև մի մեծ ավետիս, այն էլ էկոնոմիկայի նախարարի կողմից:

Այսպես, ՀՀ-ում շարունակվող տնտեսական ճգնաժամի պատճառները վերացնելու, ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է նախևառաջ բացահայտել դրա գոյացման մեխանիզմը, հակառակ պարագայում կարող է ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ, փորձելով դուրս գալ ներկայիս ճգնաժամից, մենք մեր էկոնոմիկան ընկղմենք ավելի սուր ճգնաժամի մեջ, որն էլ ավելի կխորացնի տնտեսության անկումը` խիստ դժվարացնելով դա հաղթահարելու հնարավորությունները:

- Պարոն Գեղամյան, Դուք պետական եկամուտների կոմիտեին մեղադրել եք աշխատելու ոճ չունենալու մեջ: Ինչպես կմեկնաբանե՞ք:

- Կարծում եմ, որ պետական եկամուտների կոմիտեն աշխատանքի կարևորությունը չպետք է պայմանավորի իր կողմից կատարված ստուգումների թվաբանական հաշվարկով: Եվ որպես կատարված աշխատանքի դրական արդյունք զերծ մնա իր հաշվետվություններում (ինչպես դա արվել է 2009թ. հաշվետվության մեջ) հիշատակելուց, որ` «2009թ. անց են կացվել 23296 ստուգումներ` նախորդ տարվա 15344-ի դիմաց (ավելացել է 7952-ով)»: Փոխանակ այդ թվերը հրապարակեր, կարծում եմ, ճիշտ կլիներ փաստել, որ 2009 թվականին 2008թ. համեմատ հավաքված հարկերի և տուրքերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ 0,5 տոկոսային կետով կրճատվել է: Ըստ որում, հարկ է նշել, որ Պետեկամուտների կոմիտեն, Կառավարության օրինակով, նույնպես ոչ համրժեք է գնահատում գործերի վիճակը մեր տնտեսությունում: Մասնավորապես թմբկահարվում է, որ 2010թ. հունվար-փետրվարի արդյունքում անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է հարկերի ու տուրքերի հավաքագրման 8,4% աճ: Մինչդեռ, ցավոք, վերլուծության չի ենթարկում այն իրողությունը, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին հավաքագրված հարկերի ու տուրքերի ծավալը համադրելի գներով, կրկնում եմ, համադրելի գներով շոշափելի պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված արդյունքից: Իսկ եթե սրան գումարելի դարձնենք այն, որ նույն ժամանակաշրջանում արձանագրվել է ավելի քան 9 տոկոսանոց սղաճ, ապա ճգնաժամը հաղթահարելու մասին հնչող խրոխտ հայտարարություններն այս դեպքում նույնպես հօդս կցնդեն:

- Պարոն Գեղամյան, Դուք անվանեցիք և, փաստորեն, ապացուցեցիք, որ կառավարության հայտարարությունը ճգնաժամի ավարտի մասին անհեթեթություն է: Որոնք էին, ըստ Ձեզ, այդ հայտարարության դրդապատճառները: Արդյո՞ք դա կառավարության կողմից արված էր միտումնավոր` ժողովրդին շփոթեցնելու համար:

- Ոչ, չեմ կարծում, որ դա արված էր միտումնավոր, պարզապես այստեղ կառավարության ֆինանսատնտեսական բլոկի ոչ կոմպետենտության հարցն է, նրանց կողմից վարվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության կոպիտ սխալների արդյունք է: Եկեք պարզաբանենք իրավիճակը: Սկսած 2004 թվականից կառավարության և Կենտրոնական բանկի կողմից իրականացրած քաղաքականությունը վնասակար էր նյութական արտադրության ոլորտի, փոքր և միջին բիզնեսի համար և նպատակամղված էր, կրկնում եմ, ֆինանսական (բանկային) կապիտալի շահերի սպասարկմանը: Այդ նպատակին հասնելու միջոց էր ընտրված «թանկ փողերի»  քաղաքականության իրականացումը` վարկավորման բարձր տոկոսադրույքների սահմանումը (սղաճի մակարդակը շուրջ երեք անգամ գերազանցող), մոնետիզացիայի մակարդակի (դրամական զանգվածի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցություն) տնտեսագիտորեն չհիմնավորված, պահանջվածից ավելի քան երկուսուկես անգամ պակաս լինելու իրողությունը:

Արդյունքում` բանկային համակարգն անցած յոթ տարիների ընթացքում գրանցեց աճի աննախադեպ բարձր տեմպ: Հանգամանք, որն ինքնին կարող էր շատ դրական ազդեցություն ունենալ մեր երկրի տնտեսության զարգացման համար, եթե բանկային գործունեությունը նպատակաուղղվեր ոչ թե արտաքին առևտրում մենաշնորհային դիրք ունեցող գործարարների վարկավորմանը, դրամ-դոլար փոխարժեքի կարճ ժամանակահատվածում, շատ դեպքերում արհեստական (այն է` ԿԲ-ի կողմից խիստ կարգավորվող) տատանումների հաշվին բարձր շահույթներ ստանալու նպատակին, այլ իրականացներ նյութական արտադրության (լինի արդյունաբերություն, գյուղատնտեսություն, թե շինարարություն), ինչպես նաև սպասարկման ոլորտների մատչելի տոկոսադրույքներով վարկավորում: Ահա նման քաղաքականություն վարելու պարագայում մեր էկոնոմիկայում այսօր պատկերը բոլորովին այլ կլիներ:

Կառավարության և ԿԲ-ի վարած քաղաքականության հետևանքով առևտրային բանկերի հիմնական կապիտալը եթե 2004թ. հունվարի 1-ի դրությամբ 50 մլրդ 113 մլն 313 հազար դրամ էր (կամ 86 մլն 582,5 հազար դոլար), իսկ զուտ շահույթը` 1 մլրդ 732 մլն 706 հազար դրամ (կամ 2 մլն 999 հազար դոլար), ապա 2008թ. առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը կազմել էր 235 մլրդ 421 մլն 844 հազար դրամ (կամ 769 մլն 428 հազար դոլար), զուտ շահույթը` 27 մլրդ 743,2 մլն դրամ (կամ 90 մլն 673 հազար դոլար): Իսկ 2009թ. առևտրային բանկերի հիմնական կապիտալը արդեն իսկ կազմեց 261 մլրդ 587 մլն դրամ (կամ 720 մլն 70 հազար դոլար) և չնայած խոր ճգնաժամին բանկային համակարգում գրանցվեց, ճիշտ է ավելի համեստ, սակայն դրական զուտ շահույթ:

Պատկերավոր ասած` 2003-2009թթ., անցած յոթ տարիների ընթացքում, բանկիրները հիմնական կապիտալի կտրվածքով դրամական արտահայտությամբ հարստացան ավելի քան 5,2 անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ` ավելի քան 8,3 անգամ:

Ճիշտ այդ նույն ժամանակաշրջանում ՀՀ տնտեսությունում արձանագրվել է հետևյալ շարժընթացը: Այսպես, եթե 2003թ. ՀՆԱ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել էր 423 մլրդ 717,4 մլն դրամ (ՀՆԱ-ի 26,2%-ը), իսկ ներմուծում-արտահանում հարաբերակցությունը` 1,87 անգամ, ապա 2009թ. արդյունքում ՀՆԱ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 663 մլրդ 921,1 մլն դրամ կամ ՀՆԱ-ի` 20,97%-ը: Ապրանքների ներմուծման ծավալն էլ գերազանցել է ապրանքների արտահանման ծավալն ավելի քան 4,7 անգամ:

Սրա հետ մեկտեղ նշենք, որ ՀՀ-ում գործող 22 առևտրային բանկերից 21-ը օտարերկյա փայատերերի մասնակցությամբ են: Այսպես, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բանկերի կանոնադրական հիմնադրամում օտարերկրյա մասնակիցների բաժինը կազմել է 71,4%: Ասել կուզի, որ ՀՀ առևտրային բանկերի կողմերից տարիներ շարունակ ստացված բարձր զուտ շահույթի համապատասխան ծավալը նույնպես տնօրինվել է օտարերկրյա փայատերերի կողմից: Ավաղ, դրանցից չնչին տոկոսն է ուղղվել մեր երկրում ներդրումներ անելուն, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:

- Դուք բնութագրել եք Ներսես Երիցյանին տնտեսության հարցում գիտելիքների բաց ունենալու, իսկ կառավարությանը ոչ կոմպետենտ լինելու մեջ: Արդյո՞ք ձեր կուսակցությունը չի պատրաստվում պահանջել կառավարության հրաժարականը:

- Մեր նպատակը կառավարության ուշադրությունը այդ հարցերին սևեռելն է, ոչ թե քաղաքականացնելը: Մենք չենք ցանկանում, որպեսզի մեր գործողությունների մեջ տեսնեն այլ ենթատեքստ, ինչպես նաև, որ կառավարության սխալները շահարկվեն որոշ ուժերի կողմից իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: