Ում հետ է կիսել ՀՀԿ-ն իր «հալալ վաստակը»

08.05.2012, Առավոտ


«Դա ՀՀԿ-ի որոշելիքն է»,- «Առավոտի» հարցին՝ հավանական համարո՞ւմ եք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ նոր կոալիցիայի ձեւավորումը, ասաց ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա նաեւ հավելեց. «Ինչու՝ ոչ: Ի դեմս ԲՀԿ նախագահի՝ կոռեկտության սահմանները հնարավորինս պաշտպանվել են: Ուրիշ բան, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ խառնի, բայց չստացվեց»: Իսկ մնացյալ ուժերի հետ ՀՀԿ-ի համագործակցությունը մեր զրուցակիցն այս տեսանկյունից է դիտարկում. «Հաշվի առնելով նախագահի բացառիկ լայնախոհությունը, ազգի կոնսոլիդացիային ուղղված գործունեությունը եւ գիտակցումն այն ճշմարտության, որ ՀՀ-ի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած՝ նախագահը կարող է բոլորին հրավիրել կոալիցիա անգամ այն պարագայում, երբ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի ԱԺ-ում: Այս ընտրություններն էլ ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն այնպիսի պատասխանատվության գիտակցում ունի, որ հարկ եղած դեպքում իր հալալ վաստակածն էլ կարող է զիջել՝ հանուն ՀՀ-ի»: