«ԱՄ»-Ն ՉԻ ՆՇԻ ՏԱՐԵԼԻՑԸ

05.04.2005

«Առավոտի»  հարցին, թե արդյոք «Ազգային Միաբանությունը»  պատրաստվո՞ւմ է միջոցառումներ կազմակերպել 2004թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա դեպքերի կապակցությամբ, կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը պատասխանեց. «2004 թ. ապրիլի 5-ի և ապրիլի 12-13-ի դեպքերի, դրանց ուղեկցող բռնությունների և խոշտանգումների կազմակերպիչները, այն է՝ ՀՀ իշխանությունները, այդ օրերին կնքեցին իրենց բարոյական մահկանացուն, ստորագրեցին թե իրենց, թե կոալիցիոն ուժերի «մահվան վկայականի»  տակ: «Ազգային Միաբանությունը»  անմասն չմնաց՝ վերջիններիս թաղման արարողությանն իր գործընկեր ընդդիմադիր ուժերի հետ 2004թ. ապրիլի 16-ին անցկացնելով բազմահազարանոց սգո հանրահավաք:

Ուստի «մահվան»  տարին նշողները պետք է լինեն ՀՀ իշխանությունների և կոալիցիայի (որն այդ օրերին վերջնականապես դիմազրկվեց) բարեկամներն ու հարազատները, իհարկե, եթե այդպիսիք մեր հանրապետությունում դեռ մնացել են:

«Ազգային Միաբանությունը»  այս պարագայում ձեռնպահ կմնա «հանգուցյալների»  վերակենդանացմանն ուղղված (համոզված եմ՝ անհույս) ցանկացած դրսևորումներից: Եվ, ինչպես ընդունված է նման դեպքերի առիթով ասել, «թող հայոց հողը թեթև լինի»  բարոյազրկված իշխանությունների և կոալիցիայի համար: Ամեն»: