Հայկական պատվիրակությունը հատուկ գլխատված զինվորների նկարները չի տարածել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում. Գեղամյան

02.07.2016, Առավոտ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը շնորհակալություն հայտնեց շվեդ պատգամավոր Մարգարեթ Սեդերֆելթին, քանի որ վերջինիս զեկույցը բխում էր ոչ թե պատվիրակությունների շահերից, այլ հակամարտության գոտիներում ապրող մարդկանց շահից:

Արտաշես Գեղամյանը ուշադրություն հրավիրեց խորամանկության վրա, որն, իր կարծիքով՝ կարող է վերջ դնել փաստաթղթում առկա բոլոր դրական կետերին: Հիշատակեց մայիսին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը. «Եղել է բարդ, բայց արդյունավետ հանդիպում, որի արդյունքում ելույթ ունեցան Մինսկի խմբի համանախագահները, եւ իրենց ելույթների թելն այն ճշմարտության մասին էր, որ պետք է հարցին մոտենալ շատ ուշադիր եւ շատ զգույշ՝ առանց որեւէ կտրուկ քայլերի՝ նպատակ ունենալով դնել երկխոսությունների սկիզբը, հաշտեցման սկիզբը:

Հետագայում Սանկտ-Պետերբուրգում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Երեկ չէ առաջին օրը Ջոն Քերրին հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, որտեղ հիմնական շեշտը դրվում է պայմանների անթերի կատարման վրա, որը ամրապնդում է վստահությունը»:

Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ հայկական պատվիրակությունը հատուկ նիստի մասնակիցներին չի տարածել բարբարոսական նկարները, որտեղ սպանված հայ զինվորներին գլխատում են եւ ժպիտը դեմքերին հեռուստատեսությամբ են ցուցադրում. «Մենք տեսնում ենք Իսլամական պետության ձեռագիրը, երբ գլխատում են կենդանի հայ զինվորին: Եվ այդ անձինք արժանանում են պետական պարգեւատրումների: Մենք հատուկ չենք տարածել դա, որովհետեւ մենք գիտենք, որ դա վստահության ամրապնդմանը չի ծառայելու: Այդ պատճառով խնդրում եմ ուշադիր լինել, թե ինչ ուղղումներով է ելույթ ունենում այս կամ այն պատվիրակությունը»: