«Եթե չեք ստուգում՝ ի՞նչ միջոցներով են կառուցվել դղյակները, ուրեմն դուք էլ եք դղյակատեր». Ներքին գործերի նախկին նախարար

11.05.2016, Առավոտ

Aravot.am-ի հետ զրույցում Լենինականի նախկին միլպետ, ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարար Լեւոն Գալստյանը կարծիք հայտնեց, որ «քառօրյա պատերազմ» հասկացությունը սխալ է. պատերազմը եղել է, կա ու շարունակվում է: «Ի՞նչ է հիմա մեր երեխաները չե՞ն զոհվում, ի՞նչ քառօրյա պատերազմ, մինչեւ չնստեն բանակցային սեղանի շուրջ, մինչեւ չորոշվի Ղարաբաղի ինքնուրույնության հարցը, այդ պատերազմը կշարունակվի, այդպես էլ կգնա: Աստված չանի, որ մի տասնամյակ էլ, քսանամյակ էլ գնա, դրա համար գերտերությունները պետք է մտածեն, որ սրան վերջ պիտի դրվի, կա ազգերի ինքնորոշման իրավունք: Ղարաբաղի ժողովուրդը չի ուզում ապրել ալիեւների իշխանության ներքո. ուզում է ինքնուրույն ապրել, ազատ ապրել, ուզում է առանց կացնահարված լինելու ապրել, ուզում է առանց կտրված կոկորդով ապրել: Ի՞նչ է պատահել, չկա՞ն աշխարհում ժողովուրդներ, Կոսովոն ձեզ օրինակ, էդ ինչպե՞ս է, որ Կոսովոն միանգամից ճանաչեցին, Ղարաբաղը չեն ճանաչում, հայ ենք, դրա համա՞ր: Մեր ազգի տառապանքներին վերջ պետք է լինի, էսքան շարունակել չի կարելի»:

Մեր հարցին՝ ձեր կարծիքով՝ ո՞րն է ղարաբաղյան հարցի արդյունավետ լուծումն այս պահին՝ բանակցայի՞ն, թե՞ ռազմական ճանապարհը, նախկին նախարարն ասաց. «Բանակցությունները պետք է շարունակվեն: Մեր հարգելի պատգամավորները, որ ԱԺ են մտցրել Ղարաբաղի անկախության ճանաչումը, շուտ է այս մասին խոսելը, դա նշանակում է պատերազմ: Բայց պատերազմը մեզ էլ ձեռնտու չէ, էդ սրիկաներին էլ ձեռնտու չէ: Ախր, մեր սերունդն է գնում, մեր ժողովրդի գենոֆոնդն է գնում, էդ պատերազմ ուզողները հասկանո՞ւմ են, որ 18-20 տարեկանն է գնում, որն ազգի հիմքն է: Մենք մերը ապրել ենք, գնալու ենք, նրանք պետք է վեր բարձրանան, մեր գործը նրանք պետք է շարունակեն: Ո՞վ ասաց որ նրանց մեջ չկան ապագա ակադեմիկոսներ, չկա Հայաստանի ապագա նախագահը, ապագա վարչապետը, Հայաստանի ապագա ոստիկանապետը, ո՞վ ասաց, որ այդ տղաների մեջ չկան ապագա գիտնականներ: Մի խոսքով, հասկանալ է պետք, ուզելը լավ բան է, բայց ճիշտ ուզելն ավելի լավ բան է»:

 

Հարցին, թե ի՞նչ կասեք մեր զինտեխնիկայի հին՝ 80-ականների արտադրության լինելու մասին, մեր զրուցակիցն ասաց. «Զինատեսակները օրեցօր են փոխվում, ամսեամիս են փոխվում, բայց ես կասեմ, որ զինատեսակին հնանալ չկա. օրինակ՝ Կալաշինկովը ի՞նչ է, փոխվե՞լ է, նույն Կալաշինկովն է՝ մի քիչ մոդեռնիզավորված… Զենքը պետք է կարողանալ օգտագործել, բայց մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, մեր ազգը դարեր ի վեր պատերազմ չի ցանկացել, ընդհակառակը միշտ դեմ է եղել պատերազմին: Բայց երբ հանդգնել են մեր ինքնիշխանությանը, մեր հողին, մեր ջրին, մեր զավակներին, մեր գերեզմաններին տեր կանգնել, նոր մեր ազգը ոտքի է ելել, ինչպես ելավ ապրիլյան օրերին: Ի՞նչ իշխանություն, ի՞նչ ընդդիմություն, բոլորը միասնական պաշտպանեցին հայրենիքը: Դարերով մեզ է տրված հայրենի հողը, մենք էլ պիտի տանք մեր սերունդներին, բայց ափսոս, որ մի մասը զոհվում է: Նոր զինտեխնիկայի հետ պիտի ոգի ունենաս. զինատեխնիկայի հետ վարվելու, զինատեխնիկան մարտի տանելու: Մեր էրեխեքը թեկուզ չնորացված զինտեխնիկայով ապացուցեցին, որ հողը հայրենի ուրիշ բան է»:

ՌԴ-ի կողմից՝ Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված էլ մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ ապրիլյան դեպքերից հետո ամենայն հավանականությամբ ինչ-որ բան կփոխվի, ՌԴ կառավարությունն ու շատ հարգելի «Պուտին Վելիկին» երեւի եզրահանգումներ կանեն, որ դրանց զենք չպետք է տալ՝ ռազմավարական դաշնակից Հայաստանի դեմ օգտագործելու:

«Ես ակամայից հիշում եմ Չերչիլին՝ չկան մշտական բարեկամներ, չկան մշտական թշնամիներ, կան պետության շահեր, ժողովրդի շահեր, բայց դե Ռուսաստանը ի՞նչ շահ ունի Ադրբեջանից: Ի՞նչ է Ադրբեջանի միջոցով Իրան պիտի՞ դուրս գա, թե՞ Մերձավոր Արեւելքում, երբ այնտեղ ունի իր բազաները: Նա Ադրբեջանի կարիքը չունի, ընդհակառակը եթե Ադրբեջանը օգտագործում է ահաբեկիչ թափթփուկներին Հայաստանի դեմ, ապա Ադրբեջանը ճանապարհ է բացում ամեն տեսակ ահաբեկիչների համար իր սահմանով դեպի Հյուսիսային Կովկաս, բոլորը գիտեն, թե Ալիեւն ինչ օձի ծնունդ է»:

Լեւոն Գալստյանի համոզմամբ, Ադրբեջանը, ըստ տարբեր աղբյուրներից ստացած իր տեղեկատվության, ապրիլյան պատերազմին ունեցել է 800-ից ավելի զոհ, մինչդեռ խաբում է՝ հայտարարելով 180 զոհի մասին: «Զոհերի քանակը ստիպեց Ադրբեջանին, որ բանակցային սեղանին նստի, գնա խնդրի Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Գերասիմովին՝ բանակի գեներալ, որպեսզի դադարի պատերազմը: Մեր տղաներն արդեն պատրաստ էին ոչ միայն հենակետները հետ վերցնելու, այլ անցնելու, ուր որ պետք է»:

Հարցին, թե քննարկման թեմա դարձավ նաեւ այն, որ բանակը սպառազինելու փոխարեն մեր երկրում շատերը զբաղված են հարստանալով ու դղյակներ կառուցելով, Լեւոն Գալստյանն ասաց. «Եթե նրանք հարստացել են մեր երկրի ռազմական բյուջեի հաշվին, այդ հարցին պիտի Սեյրան Օհանյանը պատասխանի, բայց դղյակներ կան, իհարկե…Ամիս 8-ին մի քանի գյումրեցիներով եղանք Սեւանում, ցույց էին տալիս դղյակները, թե սա նրանն է, սա նրանն է, էդ որ նրանն է, էդ որտեղի՞ց է նրանը, ի՞նչ միջոցներով է եղել նրանը եւ ինչո՞ւ է նրանը եւ ոչ թե ժողովրդինը…Կան ծառայություններ, որոնք պարտավոր են ստուգելու, թե ի՞նչ միջոցներով են կառուցվում այդ դղյակները, ի՞նչ գումարներով ու որտեղի՞ց այդ գումարները, եթե չեն ստուգում, ուրեմն իրենք էլ են դղյակատեր»:

Հարցին, թե որպես մասնագետ, ի՞նչ գնահատական կտաք այն քննադատություններին, որ մեր հետախուզությունը թույլ է աշխատել, զինվորներն անակնկալի են եկել հակառակորդի հարձակումից, մեր զրուցակիցն ասաց. «Որպես մասնագետ ասեմ՝ պատահական չէր հետախուզության պետի պաշտոնանկումը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ