«Իմ որդին հանցագործություն կատարեր ու ես մնայի իմ տեղո՞ւմ»

Ներքին գործերի նախկին նախարար Լեւոն Գալստյանի գնահատականը Սյունիքի դեպքերին


29.05.2015, Առավոտ

Լենինականի նախկին միլպետ, ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարար Լեւոն Գալստյանին՝ որպես մասնագետի, հարցրինք, թե հնարավո՞ր է 25-30 կրակոց արձակվի մեքենայի վրա, տվյալ դեպքում՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, ու ներսում գտնվող անձանցից ոչ մեկը չվնասվի, քերծվածքներ անգամ չստանա: «Գիտեք, ճիշտն ասած, ես դեպքի վայրում չեմ եղել, չեմ նայել էդ վնասվածքները, տեսել եմ հեռուստատեսությամբ: Ես չհասկացա, թե ինչո՞ւ փորձաքննության չեն ենթարկվել նրանց հագուստները, մեքենայի մեջ գտնված մարդկանց իրերը, չե՞ն գտել միկրոէլեմենտներ… Բեկորները չե՞ն կպել մարդկանց, եթե էդ բոլորը չի եղել, ակամա սկսում ես մտածել՝ կարո՞ղ է մեքենայի մեջ մարդ չի եղել: Ինչպես կասեր մեր լուսահոգի Ֆրունզիկը՝ կարող է»,- կարծիք հայտնեց նախկին ոստիկանապետը: Լեւոն Գալստյանը Սյունիքի մարզում կատարված դեպքերի մասին տեղյակ է միայն մամուլից, սակայն ասում է, որ իր ղեկավարած տարիներին նման արտոնություններ ոչ մի պաշտոնյայի չեն տրվել, եղել են ժամանակներ, երբ իրենք իրենց հարազատներին են նստեցրել խուլիգանություն, հանցանքներ ու զանցանքներ կատարելու համար: «Օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն, իսկ եթե օրենքը խախտվում է, խախտվում է հավասարության սկզբունքը, ու սկսվում է անարխիան»,- մեկնաբանում է Լեւոն Գալստյանը: Նա Սուրիկ Խաչատրյանի անունը առաջին անգամ լսել է այն ժամանակ, երբ վերջինս գրավել էր Գորիսի քաղաքապետարանը: «Սամվել Հարությունյանն էր քաղաքապետը, լսեցի, որ Վազգեն Մանուկյանը (նա պաշտպանության նախարարն էր այդ ժամանակ) գնացել, զինաթափել էր:

Սամվել Հարությունյանին վերականգնել էին, եւ հետո այդպես էլ չհասկացվեց գործի իրական վախճանը… Գուցե դա նպաստե՞ց հետագա ոչ օրինական դեպքերի զարգացմանը: Շատերն են գրում, շատ բան են ասում, չես կարողանում տարբերակել՝ ո՞րն է ճիշտ, ո՞րը՝ սխալ: Ես էդ եմ լսել նրա մասին, ծանոթ չեմ, չեմ ճանաչել»,- ասում է Լեւոն Գալստյանը: Հարցին՝ երբ ներքին գործերի նախարար էիք, նա որեւէ կերպ աչքի չէ՞ր ընկնում, մեր զրուցակիցն ասաց. «Նա այդ ժամանակ արենայում չկար»: Լեւոն Գալստյանը նշում է, որ իրենց ժամանակ նույնիսկ նման ծանր հանցագործություն չկար, ինչպիսին աչքը կուրացնելն է, հիմա, մեր զրուցակցի բնութագրմամբ, մի տեսակ կատաղել են: «Սյունիքի դեպքերի մասին ես դժվարանում եմ խոսել, որովհետեւ Սյունիքում չեմ ապրում, մամուլից եմ լսում, որ, ասենք, Բուդաղյանների դատավարությունն է գնում, նորից նրա տղան է խառը, ինչ-որ արարքների մեջ է… Չգիտես՝ ինչով կվերջանա, ինչպես են քննում, ինչն են քննում: Ինչ-որ մի բան է կատարվում, որն անհասկանալի է… Դրա համար էլ մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել՝ որն է ճիշտ, որն է սխալ, ինչպես անեն, որ դուրս գան էդ իրավիճակից, դժվար է, շատ դժվար է: Հիմա ոստիկանության գործն էլ է դժվար էդ առումով, վերջը ինչ է, ինչ չէ՝ մարզպետ է, մի ամբողջ երկրամասի մարզպետ է, այն էլ՝ կարեւոր երկրամասի, եւ պետք է շատ զգույշ լինել գնահատականների հարցում»,- կարծում է մեր զրուցակիցը: Մեր ճշգրտող հարցին, թե ո՞վ պիտի զգույշ լինի՝ մամո՞ւլը, մարզպե՞տը, թե՞ ոստիկանությունը, որը պետք է արդար աշխատի: «Մամուլն էլ պետք զգույշ լինի, վերջը Սյունիքն էլ է մերը, Սյունիքի մարզպետն էլ է մերը: Գուցե ինչ-որ մարդիկ չեն հասկանում, բայց դրանք էլ են մերը, չէ՞, դրանցով է երկրի անվտանգությունն ապահովվում, Սյունիքը Հայաստանի դուռն է, չէ՞, պահում է թշնամուն ինչ-որ մի տեղ, Արցախին սահմանակից է: Ես չեմ կարող ասել՝ ինչն ինչոց է, ինչ է կատարվում, որովհետեւ ծանոթ չեմ էդ նյութերին, նորից եմ կրկնում՝ ծանոթ եմ մամուլից. մեկը, ոնց որ ասում են՝ նալին է խփում, մյուսը՝ մեխին, չես կարողանում ճիշտ կողմնորոշվել, թե վերջը ո՞րն է ճիշտ, բայց պետք է զգույշ լինել գնահատականների հարցում»,- ասում է նախկին նախարարը: Հարցին՝ չե՞ք կարծում, որ իրավապահների բացթողումն էլ կա, որ չեք կողմնորոշվում, թե ո՞րն է ճշմարտությունը, մեր զրուցակիցն ասաց. «Բնականաբար, իրավապահների բացթողումն էլ կա. եթե իրոք կրակել են մարզպետի մեքենայի վրա, այն էլ ինքնաձիգով, 20 փամփուշտ, ինչ-որ մի տեղ նաեւ չի գործում իրավապահ համակարգը տվյալ երկրամասում: Ի՞նչ է, չունե՞ն տվյալ, չե՞ն ստանում, չունե՞ն, չգիտե՞ն ինչ է կատարվում, ի՞նչ պետք է կատարվի, ո՞ւր է հանցագործությունների կանխարգելումը: Կարծում եմ, որ այս դեպքերից հետո թե՛ իրավապահ համակարգը, թե՛ ղեկավար կազմը հետեւություններ կանեն, որ Սյունիքը թեթեւացնեն հանցագործություններից: Ի վերջո՝ ոչ մեկին էլ ձեռնտու չեն նման հանցագործությունները, ո՞ւմ է ձեռնտու, մեր թշնամիներին: Ասեմ, որ ինձ համար՝ որպես սովետական շրջանի պաշտոնյայի, շատ դժվար է պատկերացնել, որ իմ տղան որեւէ հանցագործություն կատարեր, ու ես մնայի իմ տեղում: Դա չէր լինի, դրա համար էլ մենք մեր տղաներին դաստիարակում էինք այնպես, որ հեռու մնային ամեն ինչից: Ճիշտ է՝ մեր բարեկամները, արյունակիցները, շատ մոտ մարդիկ եթե հանցանք էին կատարում, անպայման պատասխան էին տալիս, ոչ ոք անպատիժ չէր կարող մնալ: Եթե հանկարծ փորձեինք հովանավորել, ինչպես ասում են՝ փեշերս փռել վրաները, հաջորդ օրը Քաղկոմի բյուրոյին պիտի պատասխան տայինք, իսկ նրանց պատասխան տալը շատ ծանր ու դժվար էր: Իսկ իմ տղան չէր կարող հանցանք կատարել, որովհետեւ էդ իրավունքը չուներ: Ցանկացած պաշտոնյայի որդի իրեն ավելի կաշկանդված պետք է զգա, ավելի շատ պետք է հարգի օրենքը, ավելի հավասարակշռված, ավելի համբերատար, ավելի մարդասեր պետք է լինի, այլ, ոչ թե, ըստ իրենց, ճշտով ապրող… Հատկապես, երբ հայրը ղեկավարում է մի ամբողջ մարզ, որտեղ հազար ու մի ծառայություններ են գործում, պետք է գիտենա, որ օրենքի առաջ բոլորն են հավասար: Օրենքի առաջ հավասարությունը բերում է արդարության, իսկ եթե երկրում չկա արդարություն, ապա ցանկացած երկրի ապագան մշուշոտ է եւ լի անկանխատեսելի հետեւանքներով»:

 

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги