АРАВОТ

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՅԺՄ ՁԵՌՆՊԱՀ Է ՄՆՈՒՄ

29.07.2005

«Հանրապետություն» կուսակցության ակտիվի հավաքում կուսակցության լիդերի կողմից կարծիք հնչեց, որ ովքեր այսօր հեղափոխություն բառը չեն արտասանում, մեկ ամիս հետո «Հանրապետությունից» ավելի բարձր են գոռալու: Մենք հարցրինք «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանին՝ ինքը պատրաստվո՟ւմ է մեկ ամիս անց գոռալ այդ բառը: Պարոն Գեղամյանի պատասխանը, ինչպես միշտ, խիստ ինքնատիպ էր. «Մի հայտնի քաղաքական գործիչ մի առիթով ասել է՝ եթե մարդ երիտասարդ է եւ հեղափոխական չէ, նշանակում է՝ նա սրիկա է, իսկ եթե մարդ տարեց է եւ պահպանողական չէ, նշանակում է՝ նա ապուշ է»:

- Պարոն Գեղամյան, փաստորեն, «Հանրապետություն» կուսակցությունը բոլոր ընդդիմադիր ուժերին հրավիրեց հեղափոխություն անելու, «Ազգային միաբանություն» կուսակցությունը ընդունելո՞ւ է «Հանրապետություն» կուսակցության հրավերը և փողոց դուրս գալո՞ւ է:

- Արձանագրենք այն փաստը, որ 2003 թվականի խայտառակ նախագահական ընտրություններից հետո ինչպես «Հանրապետություն» կուսակցությունը, այնպես էլ «Ազգային միաբանությունը» և ընդդիմադիր դաշտի բոլոր կուսակցությունները համակարծիք էին, որ ունենք ոչ լեգիտիմ նախագահ, իսկ խորհրդարանական խայտառակ ընտրություններից հետո՝ նաև ոչ լեգիտիմ Ազգային ժողով: Այն ժամանակ հրապարակ իջավ բոլորիս համար ընդունելի կարգախոս՝ օր առաջ ձերբազատվել այս ոչ լեգիտիմ իշխանությունից: Դրան հաջորդեց համաժողովրդական վերելքը, որը ճնշվեց 2004 թվականի ապրիլի 12-13-ին, ճնշվեց այն պայմաններում, երբ ավելի քան 40-45 հազար մարդ էր հավաքվում: Եթե մենք այդ վերելքին միջազգային հանրության կողմից տրված գնահատականները փորձում ենք համեմատել այն գնահատականների հետ, որոնք տրվում էին նմանատիպ համաժողովրդական պոռթկումներին Վրաստանում և Ուկրաինայում, ապա կույր պետք է լինել՝ չարձանագրելու համար հիմնական մի փաստ, այն է՝ այսօրվա ոչ լեգիտիմ իշխանությունը ձեռնտու է ճիշտ այն նույն միջազգային կազմակերպություններին, որոնք սատարեցին մի դեպքում՝ Վրաստանին, մյուս դեպքում՝ Ուկրաինային, և չսատարեցին Հայաստանին: Իսկ ե՞րբ են ոչ լեգիտիմ իշխանությունները գոհացնում միջազգային կազմակերպություններին, երբ այդ կազմակերպությունները ունեն որոշումներ, որոնք ցանկացած գնով պետք է կյանքի կոչել: Հայաստանի պայմաններում դա ԼՂ հիմնահարցի կարգավորման մոտեցումներն ու որոշումներն են, որոնք կայացվել են դեռ 2001-ին, մասնավորապես, Փարիզում կայացած Քոչարյան - Հ. Ալիև - Ժ. Շիրակ հինգուկես ժամ տևած բանակցությունների ընթացքում, այնուհետև 2001 թվականի գարնանը, արդեն Քի-Ուեսթում՝ Քոլին Փաուել-Ջորջ Բուշ-Քոչարյան-Հ. Ալիև հանդիպման ժամանակ: Այս ամենից հետո միջազգային հանրությունը, հանձինս Մինսկի խմբի երկրների, ոչ միայն չի փոխել իր մոտեցումներն ու դիրքորոշումը, այլև ավելի է կարծրացրել, ինչի ականատեսը եղանք 2005-ի մայիսին, Վարշավայում կայացած ԵԽԽՎ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ, երբ տեղի ունեցավ նաև Քոչարյան–Իլհամ Ալիև-Մինսկի խմբի համանախագահողներ-Սերգեյ Լավրով-Յուդրին հանդիպումը, որն արձանագրեց, թե սկզբունքային որոշում է կայացվել ազատագրված 7 տարածքներից ԼՂ ինքնապաշտպանության զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ: Երբ ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի համար կարևորագույն հնչեղություն ունեցող հարցի վերաբերյալ կան սկզբունքային պայմանավորվածություններ, որոնք գոհացնում են այդ երկրներին և երբեք ոչ Հայաստանին, բնականաբար իրենք չեն սատարի Հայաստանի ժողովրդին, ոչ թե ընդդիմությանը, չեն սատարի՝ սեփական ջանքերը, «չարչարանքը» ջուրը չլցնելու համար: Ուրեմն, արձանագրենք այս իրողությունը: Նաև այն, որ այսօր Հայաստանի իշխանությունները սեփական քաղաքականության սնանկությունը քողարկելու նպատակով կփորձեն իրենց վրայից պատասխանատվությունը բարդել ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա՝ ասելով, որ երկիրը ներսից ապակայունացրին, սասանեցին իշխանական բուրգը, թուլացած իշխանության վզին փաթաթեցին ոչ հայանպաստ լուծումներ: Ահա սա է մայր պատճառը, որ «Ազգային միաբանությունը» առայժմ ձեռնպահ է մնում հայտարարել, որ միանում է «Հանրապետություն» կուսակցության կողմից հրապարակ իջեցված այդ կոչին: Որ չստացվի՝ «Մրից ելանք, մրջուրն ընկանք»:

Подробнее...

11 ՀԱԶԱՐ ԿԻԼՈՄԵՏՐ՝ ՀԵՌՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

20.07.2005

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը Վաշինգթոնում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանից հետո մի շարք հանդիպումներ ունեցավ ԱՄՆ-ում:

- Հայաստանյան գործիչներն ամերիկյան այցերից հետո փորձում են խորհրդավորության մշուշով պատել իրենց հանդիպումները, ակնարկներ անել ինչ-ինչ կարևոր պայմանավորվածությունների շուրջ, տպավորություն ստեղծել, թե հենց իրե՛նք են ԱՄՆ ընտրյալը: Ինչո՞ւ խախտեցիք արդեն իսկ հաստատվող այդ ավանդույթը:

- Քաղաքական այն գործիչը, որը սեփական կայացման խնդիրը պայմանավորում է այս կամ այն, այդ թվում, ինչու ոչ՝ ամենազարգացած և ամենազորեղ ժողովրդավարության շտեմարան հանդիսացող երկրով, միայն ապացուցում է, որ դեռ ունի կարդալու, սովորելու, պատմությունից դասեր քաղելու խնդիր: Մարդ պետք է իրեն զորեղ զգա նախ և առաջ այն գաղափարներով, որոնք հոգեհարազատ են սեփական ազգին: Եվ դրանցով առաջնորդվելով՝ կկարողանաս երկիրդ դուրս բերել զարգացման շառավիղ:

- ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելուց հետո ի՞նչ հանդիպումներ ունեցաք ԱՄՆ-ում:

- Նյու Յորքում և Կալիֆոռնիայում «Ազգային միաբանությունն» ունի բազմաթիվ համակիրներ, որոնք երբ իմացել էին, որ ժամանելու եմ ԱՄՆ՝ խնդրել էին անպայմանորեն կազմակերպել հանդիպումների շարք իրենց հետ: Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հատուկ ընդունելություն էր կազմակերպվել իմ պատվին, որտեղ հանդես եկա ելույթով: Հանդիպման ամբողջական տեսագրությունը հեռարձակվեց հայկական 2 հեռուստաալիքներով: Հնարավորություն ընձեռվեց հանդիպել Հայկական համագումարի ներկայացուցիչների, նաև Կալիֆոռնիայի համալսարանի ազգությամբ հայ ուսանողների հետ: Բազմամարդ հանդիպում եղավ Գլենդելի հանդիսությունների սրահում՝ շուրջ 650-700 մեր հայրենակիցների և բնիկ ամերիկացիների հետ: Չորս հեռուստածրագրերով 8,5 ժամ ուղիղ եթեր եմ ունեցել և պատասխանել հեռախոսով տրվող ամենաբազմաբնույթ հարցերի: Ինչպես նշում էին իմ այնտեղի բարեկամները՝ դա աննախադեպ մի երևույթ էր, հաշվի առնելով, որ ընդամենը 4 օր եմ հյուրընկալվել Կալիֆոռնիայում: 100 հազարավոր մեր սփյուռքահայ հայրենակիցներ այսօր տոգորված են մեկ խնդրով՝ ինչ և ինչպես անել, որ Հայաստանը կարողանա այս ծայրաստիճան վտանգավոր զարգացումներից դուրս գալ անկորուստ, և Լեռնային Ղարաբաղի հարցը հանկարծ այս ապիկար իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանքով չստանա աննպաստ լուծում: Եվ նրանց հարցերից բխող ընդհանրությունն էր՝ հայ ժողովուրդն արժանի է շատ ավելի գիտակ, խոհեմ, ուսյալ և հեռատես ղեկավարության, որի բացակայության արդյունքն է թերևս այն, որ օրըստօրե էլ ավելի է ահագնանում արտագաղթը, հուսահատությունը պատում տասնյակ հազարավոր հայորդիների, որոնք հայտնվել են Հայաստանից 11 հազար կմ հեռու:

Подробнее...

ՆՈՐԻՑ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆՔ «ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ԵԼԱԿԵՏՈՒՄ

Գնահատում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը Արտաշես Գեղամյանին խնդրեցինք պատասխանել մի քանի հարցերի:

07.04.2005

Ինչպե՞ս է մեկնաբանում այն իրողությունը, որ 8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով ԼՂՀ-ի գոյությունը 1998-ին կայացած Անվտանգության խորհրդում լիովին հնարավոր համարող իշխանության ղարաբաղյան թևի ներկայացուցիչները «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր: Կարգավորման ուղիներ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում արդեն հանդես էին գալիս «անվտանգության գոտի» կազմող տարածքները պատերազմի չվերսկսման երաշխիքների դիմաց զիջելու օգտին: Ինչի՞ վկայությունն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին փուլային կարգավորման տարբերակի համար քննադատողներն այդ լսումների ընթացքում խոստովանեցին, թե դա արհեստական վեճ է: Ինչո՞ւ, եթե առաջ բոլոր տարածքներն էին անխտիր անվանվում «ազատագրված»՝ այժմ տարբերակում է արվում, թե, օրինակ, Աղդամը հայկական չէ (մինչդեռ նախկինում պեղել էին անգամ Աղդամի հին հայկական անվանումը՝ Տիգրանակերտ): Արդյոք այս ամենը վկայությո՞ւնը չէ, որ տարածքների շուրջ կան ինչ-ինչ պայմանավորվածություններ, և նման լսումներով իշխանությունը ցանկանում է հաշտեցնել այդ գաղափարին: Եվ վերջապես, հաշվի առնելով այն փաստը, որ պաշտպանության նախարարն էլ հաստատեց, թե ադրբեջանցիներն առաջացել են և նրանց ու մեր դիրքերի տարբերությունը որոշ տեղերում հասել է 30-35-ի՝ արդյոք չկա՞ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ:

Հարցադրումներին ի պատասխան պրն Գեղամյանն ասաց. «Այս լսումներին գնահատական տալուց առաջ՝ մտովի պետք է տեղափոխվենք 1997-ի նոյեմբերի 2, երբ «Հայաստանի Հանրապետություն» և այլ թերթերում զետեղվեց Լևոն Տեր-Պետրոսյանի վերլուծական հոդվածը՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը»: Եվ եթե այդ տեսանկյունից դիտարկենք՝ մի քանի հետևություններ կան, որոնք պարտավոր ենք արձանագրել ի սկզբանե: Նախ՝ այդ հոդվածից անցած 7,5 տարիներից հետո էլ ճիշտ նույն ելակետին ենք, ինչ 1997-ին, քանի որ, ինչպես այն ժամանակ առաջարկվող խաղաղ կարգավորման ծրագրին չառաջարկվեց այլընտրանքային լուծում՝ հիմա էլ լսումների ընթացքում դարձյալ չառաջարկվեց հակամարտության կարգավորման այլընտրանքային որևէ ծրագիր: Հիշատակվեց միայն տեխնիկական գործողությունների շարքը: Մինչդեռ այդպես էլ չարծարծվեց հարցի լուծման գաղափարախոսությունը, որը ոչ միայն ընդունելի և հասկանալի կլիներ մեր ազգաբնակչությանը, այլ նաև ծանրակշիռ դերակատարում կունենար միջազգային այն կազմակերպություններում, որոնք այսօր ի զորու են լուծել այս խնդիրը:

Իրականում ունենք ընդամենն այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինչպես 16 տարի առաջ, երբ սկսվեց Շարժումը՝ էլի պնդում է ազգերի ինքնորոշման սկզբունքը, իսկ ադրբեջանական կողմը դարձյալ տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում է տեսնում խնդրի լուծումը: Հաջորդող տարիները պետք է անգամ ծույլերի համար հասկանալի դարձնեին այն ճշմարտությունը, թե այս հարցը միջազգային իրավունքի դաշտում չէ, որ լուծվելու է: Այն ունենալու է քաղաքակա՛ն լուծում, ինչի վառ ապացույցն է, որ այս հարցով զբաղվում են քաղաքական և ոչ իրավական մարմինները: Սա նշանակում է, որ մեր ամբողջ դիվանագիտական ու քարոզչական պայքարը պետք է ուղղված լինի այդ միջազգային կազմակերպություններին համոզելու և ապացուցելու ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմի մոտեցումների ճշմարտացիության մեջ:

Подробнее...

ՍԱՏԱՆԱՅԻՆ ՔԱՀԱՆԱՅԻ ՀԱԳՈՒՍՏՆ ԷԼ ՉԻ ՕԳՆԻ

Ցցված ականջները, միևնույն է, կմատնեն

05.04.2005

- Օրերս ԱՄՆ-ի հեղինակավոր վերլուծական կենտրոն «Stratfor»-ն իր ինտերնետային էջում հրապարակել էր Հայաստանին վերաբերող նյութեր, որոնցից կարելի էր հետևություն անել, որ Ռ.Քոչարյանը և Ս.Սարգսյանը որդեգրելով ընդգծված արևմտամետ քաղաքականություն՝ կարող են պահպանել իրենց տակ երերացող «աթոռները»: Այս հարցին ի պատասխան «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը տվեց հետևյալ մեկնաբանությունը:

- Ռ.Քոչարյանը և Ս.Սարգսյանը, իհարկե, անզոր են իշխանությունը պահել, անգամ իսկ, եթե ձև անեն, թե ավելի արևմտամետ են, քան իրենք՝ արևմտյան հայտնի ժողովրդավարությունները: Ի՞նչ է նշանակում վարել ընդգծված արևմտամետ քաղաքականություն: Դա առաջին հերթին նշանակում է պետականորեն հովանավորել արևմտյան արժեքների արմատավորումը մեր կյանքի բոլոր բնագավառներում: Այն է՝ ավտորիտարիզմի գրկում հայտնված Հայաստանի Հանրապետությունում անշրջելի դարձնել ժողովրդավարացումը ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում: Մղել անողոք պայքար կոռուպցիայի և կաշառակերության դեմ, մարդու իրավունքների, օրենքների ոտնահարմանը հակադարձել օրենքի գերիշխանությունը: Կլանային, մենաշնորհային տնտեսությունը փոխարինել օրենքով հավասար, մրցակցային պայմաններում գործող տնտեսվարմամբ: Ապահովել դատական իշխանությունների՝ գործադիրից անկախ գործունեությունը, հասնել չորրորդ իշխանության լիակատար ազատությանը և անկախությանը: Այսինքն՝ ձերբազատվել բոլոր այն արատներից, որոնց կրողներն ու հովանավորն են այս իշխանությունները, որոնք անընդունելի են արևմտյան քաղաքակրթության համար:

Հակառակ դեպքում, պատկերավոր ասած, դա կլինի նույնը, եթե ստանային հագցնեն քահանայի զգեստներ և փորձեն խցկել դրախտ: Բա այդ դեպքում որտե՞ղ են դրախտի դարպասների պահապան հրեշտակները... Դրախտի սպասավորներին սատանայական արքունիքից չէ, որ զինվորագրում են: Եթե ավտորիտար իշխանազավթիչները, հռչակելով արևմտամետություն, կարողանան երկարաձգել սեփական արատավորված վարչակարգերը, ապա իրականություն կարող են դառնալ ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ (90-ականների սկզբին ԱՄՆ նախագահի թեկնածու) Պատրիկ Բյուկենենի «Արևմուտքի մահը» բեստսելլերում շարադրված մտքերը:

Последние видеоматериалы

Новые книги