ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՁԵՌՔՆԵՐՍ ԾԱԼԱԾ ՆՍՏԵԼՈՒ

Արտաշես Գեղամյանի ելույթը Հայերի համաշխարհային կազմակերպության հիմնադիր համագումարում

19.03.2003

Մեծարգո տիկնայք և պարոնայք, ավելի քան հիսուն երկրներից ժամանած սիրելի քույրեր և եղբայրներ, պատմական այս համաժողովին մեր բոլորիս մասնակցությունն առաքելություն է, որ պետք է դառնա գործունեության հստակ ծրագիր տեղերում, բոլոր այն երկրներում, որի պատվիրակներն ենք այստեղ: Մենք միասնաբար պիտի կարողանանք այդ երկրների ղեկավարներին, նրանց քաղաքացիներին հասցնել համահայկական այս նոր կազմակերպության շունչն ու ոգին:

Հայրենակիցներ. ազգային խնդիրների լուծումը չի սիրում տարերայնություն: Պատմությունը վկայում է, որ դատապարտված են այն ազգերը, որտեղ այդ խնդիրներին տրվում են իրավիճակային լուծումներ: Ավելին, զարգացման հեռանկարից զուրկ են այն երկրները, որոնք չունեն ազգային գաղափարախոսություն, և որտեղ ազգի շահերը ստորադասվում են պահի թելադրանքին: Չէ՞ որ ազգային գաղափարախոսությունն արժեքների գնահատման և վերագնահատման միակ չափանիշն է ոչ միայն ներկայի, այլև անցյալի ու ապագայի համար: Այն կոչված է համազգային շահերի տեսակետից հետազոտել պատմական իրողությունները, ի հայտ բերել սխալները՝ դրանց կրկնությունը կանխելու նպատակով: Իրավունք ունի՞ հնագույն պատմամշակույթ և կենսափիլիսոփայություն ունեցող մեր ժողովուրդը, որ Աստծո ձեռամբ դրված է բոլոր ժամանակների պատմության խաչմերուկում, զլանալու ձևակերպել իր արտաքին ու ներքին անվտանգության հայեցակարգը: Արդյոք ժամանակը չէ՞, որ գիտակցենք՝ հարկ է ունենալ ազգային գաղափարախոսություն, որը վեր կլինի բոլոր խավերից և կուսակցություններից, մեծ ու փոքր չինովնիկներից ու իշխանիկներից: Անկասկած է, որ այդ գաղափարախոսության առանցքը պետք է լինի նաև համամարդկային արժեքների հաստատումը:

Մոլորակն այսօր փոքր ու խոցելի է, քան երբևէ: Մարդկության ջանքերն ուղղված են նրա վրա այնպիսի կանոններ հաստատելուն, փոխհարաբերությունների այնպիսի որակներ մշակելուն, որ բացառվեն քաղաքակրթությունների հնարավոր բախումները: Այս քառատրոփին ոտնատակ չլինելու համար երկրները համակվում են միասնականության, հանդուրժողականության պաթոսով, հանդես գալիս դիվանագիտական ու քաղաքավարական այնպիսի դրսևորումներով, որ դեռ երեկ դժվար էր անգամ երևակայել: Հենց այս իրավիճակն է պարտադրում մեզ՝ հայերիս, լինել միաբան և շրջահայաց: Ովքե՞ր ենք մենք` հայերս, քաղաքակրթության այս նոր քարտեզի վրա: 21-րդ դարի մարդու ուշադրությունը մեզ վրա սևեռելու համար քաղաքական, տնտեսական, հոգևոր ի՞նչ մշակույթի ենք դավանում` միացյալ ազգերի ընտանիքում արժանապատիվ տեղ գրավելու համար: Կարո՞ղ է մեր մոլորակը իր պտույտը դանդաղեցնել կամ կասեցնել, ինչ է թե՝ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը որոշ երկրների սրտովը չէ կամ էլ առաջադեմ աշխարհը հրաժարվի ժողովրդավարություն հաստատելու իր ձգտումից միայն նրա համար, որ մեր երկրի ներկայիս վարչակազմին խորթ է այդ ժողովրդավարությունը: Իհարկե՝ ոչ: Ցավոք, վերջին իրադարձությունները` Հայաստանի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները, ցույց տվեցին, որ մեծ տերությունները, իրենց բանուգործը թողած, ոչ մի գործնական քայլ չեն ձեռնարկի հանրապետությունում իրական ժողովրդավարություն հաստատելու համար, լավագույն դեպքում կբավարարվեն միայն խրատական-բացատրական սեմինարներ կազմակերպելով:

Պահն է գիտակցելու, որ մեր ազգային, պետական խնդիրները միմիայն մենք պետք է լուծենք: Հայաստանի կշիռը կբարձրանա այն ժամանակ, երբ մենք էլ, ի վերջո, աշխարհի անցուդարձին լիարժեք մասնակից կդառնանք: Հաղորդակից կլինենք մարդկության տագնապներին, երբ կցանկանանք տեսնել ու հասկանալ, թե ինչ է կատարվում քաղաքական մեծ հարթակի վրա` մի պահ կտրվելով գավառական այն թատրոնից, որ բեմադրվում է այսօր մեր երկրում: Լինել քաղաքակրթության անբաժանելի մասը. ահա մեր գենի կենսունակության այն երաշխիքը, որ մեզ ավանդել են սերունդները` կոփելով Հայաստանի, հայ ժողովրդի մարմինն ու ոգին պատմության երկար ու ձիգ քառուղիներում: Չէ՞ որ ներկայումս որևէ ժողովրդի ազգային իղձերը բավարարվում են այնքան, որքան նրա ավանդն է համաշխարհային գործընթացներում: Մենք դատապարտված ենք ազգովի ծառայել մեր մտավորական ընտրախավին` թույլ չտալով երկրից ուղեղների արտահոսք, վերականգնելով ինքնադրսևորման այնպիսի մթնոլորտ, որտեղ աճել է մեր ազգի ոսկե հատիկը, որը սնել ու պահել է Հայաստան երկիր-ժողովուրդը դարեդար: Մենք իրավունք չունենք մսխելու այն կենսական էներգիան ու տաղանդը, որ ժառանգականությամբ փոխանցված է մեր ժողովրդին: Ճանաչենք մեզ, հարց տանք իրար՝ վերջապես ո՞վ է այսօր մեր ժամանակի երազած հերոսը: Ովքե՞ր են մերօրյա Տիգրան Մեծն ու Գրիգոր Լուսավորիչը, Մեսրոպ Մաշտոցը ու Վարդան Զորավարը, պատմահայր Խորենացին: Ո՞րն է լինելու 21-րդ դարի մեր ոսկե կառքը, Նարեկացու, Քուչակի, Շիրակացու ավանդած այն ցեղի սիրտը, որ մեզ չպիտի թողներ աշխարհի փոշիների մեջ: Կամ` Չարենցի, Իսահակյանի, Վարուժանի այն ոսկե արտը, որտեղ պիտի կանգներ հայ ժողովուրդն իր ողջ հասակով մեկ` այդ աշխարհը դարձնելով իր ցեղի հոգևոր տիրակալությունը: Նրանց արդար գրի բերածը ոչ մի անաստված չէր կարող խլել Արարատի ժողովրդից: Չէ՞ որ մեր մեջքը պնդվել է այդ բարոյականությամբ, չէ՞ որ մեր ազգային ներկայությունը այս աշխարհի վրա անհնար է առանց զգայական, հզոր ու հավաքական հոգևոր Հայաստանի, առանց մեր ոսկե արտի, ուր մեկ բուռ ցանքսը լցնում է մեր հոգու ամբարները և լիասիրտ պահում մեզ՝ եկող-գնացող ցուրտ օրերի մեջ: Ազգային սնապարծությունը, որի հետևանքները ինքնամեկուսացումն ու պետականության կորուստն են, մենք լիովին մերժում ենք: Այլապես ստիպված կլինենք կրկնելու Սասունցի Դավթի վերջին խոստովանությունը. «Իմ ցեց իմ անձից է, էդ իմ սերմն էր, որ ինձ սպանեց»:

Աշխարհը, այո, այլևս վտանգավոր ու անկանխատեսելի է համարում ազգերի ու պետությունների ինքնամփոփումը, փոխհամագործակցության այսօրվա կողմնորոշիչներին անհաղորդ մնալը կարող է ճակատագրական լինել: Այլ բան է, թե մենք ինչ պաշարով ենք գնում այնտեղ. եթե ձեռնունայն, ապա նույն գլոբալացումը, իրոք, մարտահրավեր է: Առանց սեփական դեմքի ու դիմագծի մխրճվել XXI դարը բնորոշող այդօրինակ հզոր գործընթացներում՝ երկրի համար վտանգներով հղի բախտախնդրություն է: Հայաստանը չունի սովորական երկիր դառնալու հնարավորություն: Նայենք մեր տարածաշրջանին, որտեղ քաղաքակրթությունների բազմազանությունը հղի է իրենց մեջ հնարավոր հակամարտությունների առաջացումով: Դրանք համաշխարհային գործընթացների յուրօրինակ մինի մոդելներ են, որոնք կենսականորեն թելադրում են քաղաքակրթությունների մերձեցում՝ ապագա խաղաղ և հանդուրժողական գոյության համար: Այսպիսով, Հայաստանը, գտնվելով ամերիկյան, եվրոպական, ռուսական, արաբաիսլամական քաղաքակրթությունների կիզակետում, պարտադրված է դառնալու այդ քաղաքակրթությունների համար ընդհանուր համամարդկային արժեքների մերձեցման մի յուրօրինակ մերան: Մենք մեր հզոր Սփյուռքով նաև ապացույցն ենք այն բանի, որ մոլորակի որդեգրած համընդհանուր ու Մեծ տան սկզբնավորվող գաղափարախոսությունը մեզանում այլընտրանք չունի: Հիշենք. մենք 2.5 միլիոն ենք Ռուսաստանում` ավելին, քան մեր պետության մեջ, 1.2 միլիոն` ԱՄՆ-ում, իսկ եվրոպական երկրներում` հատել ենք 800 հազարի սահմանագիծը: Աշխարհասփյուռ հայությունն այսօր պետք է ոչ միայն համակվի միասնական ուխտով, այլև կարողանա աշխարհին էլ ապացուցել, որ հայ ժողովուրդը խաղաղասեր ու արարիչ ազգ է: Մենք էլ այլ երկրների ու ժողովուրդների հետ մարդկության ճակատագիրը կերտելուն լիարժեք մասնակիցը լինելու խնդիրն ունենք, մենք էլ ենք տառապում մարդկության ցավերով և փորձության ժամին միասնական ենք: Բոլորիս երազանքը մեկն է՝ կերտել մարդկության լուսավոր ապագան: Եվ դրա համար մենք պետք է պատրաստ լինենք համագործակցել բազում երկրների հետ և նրանց հետ համահունչ զարգանալ: Այս մայրուղի դուրս գալու համար հարկ կլինի համատեղել Հայաստանի և Սփյուռքի ջանքերը, միավորել մեր ցաքուցրիվ և հախուռն ուժերը:

Հայրենակիցներ, արևմտյան քաղաքագիտական միտքը դատապարտված է համարում այն երկրներին,

- որոնք չունեն ստրատեգիական պաշարներ,

- ունեն փոքր տարածք կամ մեծ տարածքի վրա փոքրաթիվ բնակչություն, անկլավային աշխարհագրական դիրք, ոչ բնական սահմաններ, որոնք կոնֆլիկտի աղբյուր են հանդիսանում,

- քաղաքական-աշխարհագրական տարածաշրջանում զուրկ են բնական դաշնակիցներից,

- պիտանի չեն ստրատեգիական ռազմաքաղաքական հենարանի համար,

- ունեն առաջին անհրաժեշտության ապրանքների ապահովության ցածր աստիճան, և վերջապես՝

- պատմաավանդական հակամարտության մեջ են հարևանների հետ:

Վերոթվարկյալներից անգամ մեկ խնդիր ունեցող երկրներն են այսօր խորապես մտահոգ և ակտիվ աշխատում են այն վերացնելու ուղղությամբ: Իսկ միանգամից այս բոլոր խնդիրներն ունեցող Հայաստանը մի՞թե կարող է իրեն թույլ տալ նման շռայլություն` նստել ձեռքերը ծալած ու սպասել գլխի գալիքին: Մինչ պետությունները փորձում են քաղաքական դաշնակիցների միջոցով մեղմել վերահաս հնարավոր վտանգները, Հայաստանն այսօր իր կարճատես քաղաքականությամբ դուրս է մղել մեր երկիրը գլոբալացման գործընթացներից, զրկել է մեզ դինամիկ զարգանալու բոլոր հնարավորություններից: Ազգահավաք առաքելություններին հակաշիռ` մեր իշխանավորները իրենց գործունեությամբ նպաստում են երկրի դատարկմանը: Պահն է սթափվելու և մեղավորներին սթափեցնելու:

Հայրենակիցներ, համաշխարհային գործընթացներն այնքան սրընթաց են զարգանում, որ մեզ հապաղելու հնարավորություն չեն ընձեռում: Տաճար է մեր երկիրը, և մեր սերնդին է բաժին ընկել նրա առաջ ոչ միայն աղոթելու, այլև նրա լույսը պահել-փայփայելու ճակատագիրը: Բոլորիս պարտքն է՝ տերը լինել մեր պատմական հայրենիքից, ասես, որպես մասունք մնացած մեկ-տասներորդին և մեր հին արյան ու մեծ բարոյականության միջով մեկ անգամ էլ նայելու աշխարհին ու մեզ՝ հասկանալու համար, որ մենք չպիտի մնանք ճամփեզրին: Յուրաքանչյուր երկիր իր սրտի զարկով է չափում ժամանակը, իսկ երկրի սիրտը բաբախում է նրա ընտրյալ զավակների կրծքի տակ: Նրանք այդ երկրի բարոյականությունն են` ամենամեծ գանձը: Հանճարեղ ժողովուրդներ չկան, կան նրա հանճարեղ զավակները, ովքեր իրենց ուսերին են առնում երկիրն ու ժամանակը և նրան հասցնում երազած, ապահով եզերք: Աչքաբաց, հասուն ու խելոք լինելու մեր ժամանակն է: Ուրեմն, հանուն մեր ապագա սերունդների, մեր տառապած նախնյաց, հանուն մեր մեծերի հիշատակի՝ միաբան ու հաղթող լինենք այս գոյապայքարում, 21-րդ դարը դարձնենք հայ արարիչ մարդու հաղթանակների ժամանակաշրջան: