ԱՅԼ ՄՈՏԵՑՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է

27.11.2018, Հայոց աշխարհ

Լուսանկարում՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Եգիպտոս, Գիզա, 17 նոյեմբերի 2018 թ.

 

2015թ. հունվարի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ։ Նշենք, որ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել էր 2014թ. հոկտեմբերին։

Միաժամանակ, հատկանշական է, որ եթե 2013թ. ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրված հատկացումների (օգնության) ընդհանուր գումարը կազմում էր 35,7 մլն դոլար, ապա արդեն 2016 ֆինանսական տարում (սկսվում է 2015թ. հոկտեմբերի 1-ին) ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ԱՄՆ բյուջեում Հայաստանին օգնության տրամադրման համար նախատեսեց գումար 18,36 մլն դոլարի չափով։ Սա մեր ամերիկյան գործընկերների առաջին ռեակցիան էր Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին՝ այսպես կոչված պատիժը դոլարով։

Սակայն հետագայում ՀՀ իշխանությունների հայտարարությունները Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր կնքելու մտադրության մասին որոշակի շտկումներ մտցրին Հայաստանի հանդեպ ԱՄՆ քաղաքականության մեջ։ Այսպես. 2016թ. հունիսին ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով օգնական Թոմաս Մելիան հայտարարեց. «Մեր օգնությունը Հայաստանին երկրին հնարավորություն կտա նվազեցնել կախվածությունը (նկատի ունի Հայաստանի կախվածությունը- Ա.Գ.) Ռուսաստանից։ Օգնության մի մասը կուղղվի տեղական ինքնակառավարման ամրապնդմանը»։

   ԱՄՆ 2017թ. պետբյուջեի նախագծի համաձայն՝ ենթադրվում էր Հայաստանին ԱՄՆ օգնությունն ավելացնել 22%-ով՝ 2015թ. համեմատ, եւ այն հասցնել 22 մլն դոլարի։ Հատկանշական է, որ տնտեսական օգնության տրամադրման փաստը բացահայտ շաղկապվում է «Ռուսաստանից տնտեսական կախվածության նվազեցման հետ», եւ դա, կրկնում եմ, ասում է ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով օգնականը։ Կարելի է բազմաթիվ այլ օրինակներ էլ բերել, որոնք հաստատում են Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ ֆինանսական օգնության բացահայտ քաղաքական ուղղվածությունը։ Ընդ որում՝ նշենք, որ ամերիկացիները չեն էլ թաքցնում դա, այսինքն՝ իրենց իսկական մտադրությունները։

   Մեկ այլ՝ ոչ պակաս հետաքրքիր օրինակ էլ ներկայացնենք։ 2017թ. հունիսին (Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներում) ԱՄՆ-ը հավանություն տվեց 2018թ. Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը կրճատելուն, որը պետք է կազմեր ընդամենը 6,8 մլն դոլար 2016-ի 20,4 մլն դոլարի դիմաց։ Մի՞թե այս թվերի հետեւում իմաստ չունի տեսնել Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի ղեկավարության գործողությունների ուղղակի գնահատականը, գործողություններ, որոնք, անշուշտ, վկայում են մեր երկրի հավատարմությունը ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններին։

   Սակայն արդեն 2018թ. հոկտեմբերին (Հայաստանում 2018թ. մայիսյան պետական հեղաշրջումից հետո) ի հայտ եկավ տեղեկություն առ այն, որ ԱՄՆ պետդեպարտամենտը 2019 ֆինանսական տարում, որն սկսվում է 2018թ. հոկտեմբերի 1-ից, Հայաստանին կտրամադրի 26 մլն դոլարի ֆինանսական օգնություն, ինչը 20 մլն-ով ավելի է սկզբում նախատեսվածից։ Ընդ որում՝ հայտարարվել է, որ միջոցների մի մասը կուղղվի այն ծրագրերի իրագործմանը, որոնք խթանում են քաղաքացիական հասարակության եւ անկախ մեդիաների կայացումը։ Հավանաբար հենց այս գործոններն են ամերիկյան ստրատեգների պատկերացմամբ ի վիճակի էապես կրճատելու Հայաստանի բնակչության աղքատության մակարդակը, որը կազմում է 29,2%։

   Էլ չեմ ասում, այսպես կոչված, անկախ մաս-մեդիաների մասին, որոնց միավորում է բնավ ո՛չ խոսքի ազատությունն ապահովելու ձգտումը, նրանց առաջ է մղում միայն մի ցանկություն՝ դեմոնիզացնել Ռուսաստանը եւ մարգինալացնել քաղաքական այն գործիչներին, ովքեր համոզված են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական դաշինքն այլընտրանք չունի։ Ընդ որում՝ նրանց հնարավորություն չտալով իրենց դիրքորոշումը պաշտպանել այդ նույն «անկախ» մաս-մեդիաների էջերում։

   Այնուհետեւ, հավելյալ միլիոն դոլարների տրամադրման անհրաժեշտության հիմնավորման մեջ ասվում էր, որ այդ ծրագրերն օժանդակելու են երկրի նոր քաղաքական ղեկավարությանը անցումային փուլում, բազմակուսակցական համակարգի կայացմանը։ Այս ձեւակերպման ներքո հարկ է հասկանալ հակառուսական ուղղվածության տարատեսակ հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման շարունակումը՝ դրանց հիման վրա քաղաքական կուսակցություններ կազմավորելու հեռանկարով։ Ընդ որում՝ էլ չենք ասում Հայաստանում ներկայում գործող արեւմտամետ ուղղվածության կուսակցություններին տրամադրվող ֆինանսական զգալի ներարկումների մասին։

   Եվս մեկ հատկանշական փաստ։ 2018թ. մայիսի 22-ին ՏԱՍՍ-ը հանդես եկավ հետեւյալ հաղորդմամբ. «Միացյալ Նահանգները պատրաստ է վերանայել Հայաստանին 140 մլն դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը (Հայաստանում պետական հեղաշրջումից ընդամենը 20 օր անց)՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոր կառավարության բարեփոխումներն իրականացնելու համար։ «Մենք պատրաստ ենք վերանայել Հայաստանին դրամաշնորհ հատկացնելու հարցը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գծով, բայց Հայաստանը պետք է տեղեկատվություն ներկայացնի դրական փոփոխությունների մասին (նկատի ունեն երկրում տեղի ունեցած փոփոխությունները- Ա.Գ.) նախագծին մասնակցության հայտում»,- նշվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Ամերիկայի Հայ ազգային կոնգրեսին հղած նամակում։

   Ի՞նչ պետք է հասկանալ «դրական փոփոխությունների» տակ, որոնց մասին ասում է ԱՄՆ պետքարտուղարը։ Բնավ կասկած չի հարուցում, որ նկատի ունի Եվրասիական տնտեսական միությունից եւ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու նախադրյալների ստեղծումը, ընդ որում՝ այդ կազմակերպությունը վարկաբեկող պատճառաբանումներով։ «Դրական փոփոխությունների» ուղղությամբ արվելիք հաջորդ քայլը, ամերիկյան գործընկերների պատկերացմամբ, լինելու է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը Հայաստանից դուրս բերելու պայմանների ստեղծումը։ Դրան հետեւելու է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ Սահմանապահ վարչության ռուսաստանցի սահմանապահների զորակազմի դուրսբերումը, սահմանապահներ, որոնք պահպանում են Իրանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմանը, եւ վերջապես, Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային կայանի դուրսմղումը «Էրեբունի» օդանավակայանից։

   Բնականաբար Հայաստանի ազգային անվտանգությունը խափանող նման նպատակներին հասնելու հարցում հատուկ տեղ է հատկացվում տեղեկատվական պատերազմին, որն ուղղվում է հայ ավանդական արժեքների՝ ընտանիքի ինստիտուտի, հավատքի, ավագ սերնդի հանդեպ հարգանքի անսասանության խարխլմանը։ Իսկ արտաքին քաղաքականության առումով՝ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության խափանմանը, Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ սրբազան եղբայրական հարաբերությունների ստոր նսեմացմանը՝ կեղծիքի եւ զրպարտության զանգվածային տարածման միջոցով, ինչը շփոթմունք է առաջացնում Հայաստանի քաղաքացիների, հատկապես նրանց մտքերում ու սրտերում, ովքեր անփորձ են քաղաքականության մեջ կամ էլ մարդիկ են, որոնց կամազուրկ է դարձրել կարիքը։

   Հարկ է տագնապով արձանագրել, որ այս հարցում Հայաստանի բարին չկամեցողներն արդեն հասել են որոշ հաջողությունների։ Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (ՀԿՈՒՀԿ, ԹՃԼԿԾ) 2008թ. նոյեմբերի 25-ի տվյալներով՝ Հայաստանում քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ 86%-ը, Ռուսաստանը համարում էր բարեկամ երկիր։ Սակայն Զարգացման Եվրասիական բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի «ԶԵԱԲ ինտեգրացիոն բարոմետր» ամենամյա հետազոտությունում կարդում ենք, որ դիտարկումների հինգ տարվա ընթացքում (2011-2016թթ.) Ռուսաստանը որպես բարեկամ երկիր ընկալելու ցուցիչը Հայաստանի համար իջել է՝ 86-ից հասնելով 69%-ի։

   Այստեղ կուզենայի հիշատակել նաեւ մեկ այլ հետազոտության մասին։ Այսպես, ինչպես «Լեւադա-կենտրոնի» հարցման արդյունքները փոխանցում է «Ինտերֆաքսը» (2018թ. հունիսի 16), «առավել բարեկամական երկրների հնգյակում են (նկատի է առնվում Ռուսաստանի հանդեպ- Ա.Գ.), հարցման տվյալներով, Չինաստանը (հարցվողների 40%), Ղազախստանը (32%), Սիրիան (21%) եւ Հնդկաստանը (19%)։ Հարցման մասնակիցների եւս 11%-ը ՌԴ-ի համար առավել բարեկամական պետություն է նշել Հայաստանը, նույնքան էլ՝ Կուբան եւ Ուզբեկստանը»։ Թե ինչով է պայմանավորված փոխադարձ բարեկամական հարաբերությունների ընկալման այսքան մեծ տարբերությունը՝ 69% եւ 11%, առանձին վերլուծության թեմա է, որն, ի դեպ, շատ անհրաժեշտ է։

   Այնուհետեւ հետազոտողները եզրակացնում են, որ «նման արդյունքն, ըստ երեւույթին, կապված է այն բանի հետ, որ Հայաստանի բնակիչները հիասթափվել են ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի (եւ առաջին հերթին՝ Ռուսաստանի) դիրքորոշումից՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ դիմակայության նոր պտույտի առիթով» (նկատի ունեն 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը, որը սանձազերծեց Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ- Ա.Գ.),- նշվում է հետազոտության մեջ։ Այս առնչությամբ կարելի է վստահաբար ասել, որ արեւմտյան ստրատեգները, ծանոթանալով այս հետազոտությանը, իրենց համար բավական կարեւոր եզրահանգումներ կանեն, այն է՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանին նոր ռազմական ագրեսիայի դրդելը «պատշաճ» ուղղորդման դեպքում կարող է լուրջ հարված հասցնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերություններին։ Չէ՞ որ նրանց վերջնանպատակը հայ հանրության մեջ հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության անսասանության հավատի փլուզումն է։ Էլ չեմ ասում այն մասին, որ նոր պատերազմը Ադրբեջանի եւ Արցախի Հանրապետության միջեւ կհանգեցնի անդառնալի մարդկային կորուստների երկու կողմից էլ։

   Մեզ բնավ չի հանգստացնում հնարավոր պատերազմի նախապես կանխորոշված ելքը՝ Ադրբեջանի ջախջախիչ պարտությունը։ Պատերազմի ելքը կկանխորոշվի այն պատճառով, որ պատերազմն Ադրբեջանի կողմից վարվելու է այն տարածքները վերադարձնելու համար, որոնք պատմականորեն երբեք չէին էլ կարող պատկանել այդ երկրին, իսկ Լեռնային Ղարաբաղի հայերի համար դա կլինի պատերազմ հանուն Հայրենիքի՝ մայր հողի, Արցախի անկախ Հանրապետության պաշտպանության, որն ինքնորոշվել է լիովին ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան։

   Բնականաբար այսքան բարդ իրավիճակում, երբ մի կողմից՝ Ադրբեջանի եւ մյուս կողմից՝ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցների՝ Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ հաստատվել են ռազմավարական գործընկերային հարաբերություններ, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը դյուրին չի լինելու։ Բայց այն, իհարկե, կա։

   Կարծում եմ, որ եթե անկախ եւ ինքնիշխան Արցախի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը միաժամանակ ընդունվեն ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ՝ որպես միջազգային իրավունքի երկու ինքնուրույն սուբյեկտներ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մնացած բոլոր վիճելի հարցերը կարելի կլինի լուծել ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի շրջանակներում։

   Այս մոտեցման այլընտրանքը պատերազմն է։ Ընդ որում՝ պատերազմ, որում, կասկած չի հարուցում, կներքաշվեն ոչ միայն Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը, այլեւ, անկասկած, ԱՄՆ-ը եւ միջնորդավորված ձեւով՝ Իսրայելը։

  

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   ԱԺ պատգամավոր