ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ՛ ԴԱՌՆԱ ԿՈՒՅՐԵՐԻ ԿՈՒՅՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԶՈՀԸ

18.05.2018, Հայոց Աշխարհ

Նկարում՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արտաշես Գեղամյանը, Հերմինե Նաղդալյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Ռուստամյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Դաշնության Խորհրդի անդամներ Կոնստանտին Կոսաչովը, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, Իգոր Չերնիշենկոն, Արամայիս Դալլաքյանը, Ռաֆաիլ Զինուրովը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՌԴ ԱԳՆ IV դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իգոր Գրոմիկոն: Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա, 17 հունիսի 2017 թ.:

 

Կրկին ու կրկին իմաստավորելով ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ էլ ավելի ես համոզվում, որ երկրում ոչ թե պարզապես իշխանափոխություն է եղել, այլ պետական հեղաշրջում, որն ըստ էության հանդիսացել է Իրանում եւ Ռուսաստանի Հարավային «ստորոտում» իրավիճակի ապակայունացման մանրակրկիտ մտածված քաղաքականության բաղկացուցիչ մասերից մեկը։ Ի՞նչ էր նախորդել դրան։

   Երիտասարդական ոչ կառավարական AEGEE/European Students Forum կազմակերպության՝ Երեւանում մարտի 8-12-ը կազմակերպած «Եվրոպական պլանավորման կոնֆերանս-2018»-ի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է. «Հայաստանը եւ Եվրոպական միությունը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա»։

 Նկատենք, որ կոնֆերանսի աշխատանքին մասնակցեց մոտ 200 երիտասարդ Եվրոպայի 25 երկրներից եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրներից։ Հատկանշական է, որ կոնֆերանսի մասնակիցները շահագրգիռ քննարկում էին կազմակերպել երիտասարդության շրջանում գործազրկության դեմ պայքարի հնարավոր տարբերակների, երիտասարդությանն «Արեւելյան գործընկերության» երկրներում իրականացվող բարեփոխումներին ներգրավելու եւ քաղաքացիական հասարակության ամրապնդման հարցերի շուրջ։

   Հիշեցնենք ընթերցողներին նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս.Լավրովի պատասխանները Հայաստանի լրատվամիջոցների հարցերին (2018թ. ապրիլի 8).

   -Ինչպե՞ս եք գնահատում երկկողմ հարաբերությունների զարգացումը վերջին երկու տասնամյակներին։

   -Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները դաշնակցային, ռազմավարական գործընկերության հարաբերություններ են։ Այս տերմիններն ամրագրված են երկկողմ պայմանագրերում, Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի (ՀԱՊԿ) փաստաթղթերում։ Այդ կապերը անխտիր ընդգրկում են պետությունների գործունեության բոլոր ոլորտները, մեր ժողովուրդների կենսագործունեության բոլոր ոլորտները՝ անվտանգությունից, արտաքին քաղաքականությունից մինչեւ մշակույթ, տնտեսություն, տեխնոլոգիական շփումներ, հումանիտար կապեր, կրթություն եւ այլն։ Հարաբերությունները 10 տարում, անշուշտ, զարգացել են մեր երկրների նախագահներ Վ.Վ. Պուտինի եւ Ս.Ա. Սարգսյանի միջեւ ուղղակի, վստահալից շփումների ազդեցության ներքո։ Նրանք կանոնավորապես, տարեկան մի քանի անգամ բարձր մակարդակի հանդիպումներ են ունենում, հանդիպում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության տարածքում, բազմաթիվ միջազգային համաժողովների հարթակներում։

   Այսպիսով, մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ անցած 10 տարիներին, Հայաստանի խորապես մտածված, կշռադատված եւ ազնիվ արտաքին քաղաքականության շնորհիվ, որն իրականացվել է նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, մենք վկա ենք եղել այն իրողության, որ Հայաստանը 2015թ. հունվարի 2-ից դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրել է «Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։ Ընդ որում՝ կարեւոր է նշել, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր գնահատական են տվել Հայաստանի հետ իրենց երկրների դաշնակցությանն ու գործընկերությանը։

   Մենք իրավունք ունենք նաեւ պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններին, որ Ռուսաստանի Դաշնության եւ Եվրամիության միջեւ չկան անհաղթահարելի հակասություններ, ավելին՝ կան սերտ, փոխշահավետ տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական համագործակցության հաստատման ոլորտներ։

   Ասվածին պետք է հավելել նաեւ բարեկամական, բարիդրացիական հարաբերությունները Իրանի եւ Հայաստանի միջեւ, որոնք բավական ընդգրկուն ձեւով բնորոշել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին 2017թ. դեկտեմբերի 21-22-ը ՀՀ կատարած իր այցելության ընթացքում։ Իրանի նախագահն այդ այցի ժամանակ ասել է. «Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք նույն մշակույթին եւ քաղաքակրթությանը։ Երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները միշտ ջերմ եւ բարեկամական են եղել»։

   Իրանա-հայկական հարաբերություններին շատ խորիմաստ գնահատական է տվել նաեւ հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն իր «Ինչու Իրանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու եկավ Սարգսյանը եւ չեկավ Ալիեւը» վերնագրով հոդվածում (REGNUM, 6 օգոստոսի 2017թ.)։

   «Եվս մեկ պարադոքս։ Մինչեւ XIX դարի սկիզբը Անդրկովկասի տարածքը, որտեղ հետո ստեղծվեցին Ադրբեջան եւ Հայաստան պետությունները, մտնում էր Պարսկական կայսրության կազմի մեջ՝ որպես խանություններ։ Բայց թերեւս միայն հայերին է հաջողվել պահպանել իրանցիների հետ ընդհանուր պատմության պոզիտիվը, Իրանի հետ իրենց հարաբերությունները վերածել «հատուկ» հարաբերությունների...

   Երրորդ պարադոքսը։ Քրիստոնեական Հայաստանն աջակցություն է ստանում մի կողմից՝ քրիստոնեական Եվրոպայում, մյուս կողմից՝ Իրանի միջոցով իսլամական աշխարհում, մինչդեռ Բաքուն ավելի շատ ներկայանում է որպես «իսլամական» պետություն։ Հեռանկարը Հայաստանի համար միանգամայն ընդունելի եւ շահեկան է թվում, ինչը վաղ թե ուշ չեն կարող չընդունել Ադրբեջանում... Այնպես որ, չնայած իրանական ուղղությամբ Երեւանի դիվանագիտությունն աշխատում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները փչացնելու պոտենցիալ վտանգի մակարդակով, ակնհայտ է, որ Հայաստանն իր պահեստային քայլերն ունի»։

   Կարծում ենք, որ իրավունք ունենք պնդելու. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական գիծը ըմբռնում եւ աջակցություն էր վայելում Ռուսաստանի, Եվրամիության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Ընդ որում՝ հատկապես կուզենայինք նշել, որ նախագահ Ս.Սարգսյանն արտաքին քաղաքական թեմատիկայի վերաբերյալ իր բոլոր հրապարակային ելույթներում միանշանակ ընդգծում էր հայկական պետության արտաքին քաղաքականության գլխավոր վեկտորը՝ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։

   Ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությանը, մի քանի փաստ նշեմ։

   Այսպես. ոչ անհայտ լրագրող Ռասիմ Աղաեւը (Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության նախկին գլխավոր դատախազի որդին, վերակառուցման տարիներին եղել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչը) ադրբեջանական կառավարամետ տեղեկատվական Haqqin.az պորտալում 2016թ. հուլիսի 19-ին հրապարակել է հոդված՝ «Սերժ Սարգսյանը կսպանվի» վերնագրով։ Ահա թե ինչ է այդ նողկալի վերնագրի ներքո գրել հայերի ու հայկական պետության համար «սրտացավ» այդ նորահայտ նախանձախնդիրը. «Ես արդեն կարծես թե մի անգամ գրել եմ. Սերժ Սարգսյանին՝ անկախ Հայաստանի երրորդ նախագահին, կամ կսպանեն, կամ կստիպեն հեռանալ, կամ ինքը կփախչի։ Բայց ավելի շուտ տեղի կունենա առաջինը...

   «Հիմնադիր խորհրդարան» շարժումը, որի ակտիվիստները հարձակում են գործել ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վրա, պատանդներ վերցնելով՝ միայն իշխանության անվերապահ հրաժարական ու իշխանափոխություն չէ, որ պահանջում են։ Այս հուսահատ ակտը կատարվել է հանուն ինքնահռչակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ընդգրկման Հայաստանի կազմում... Մոտ ապագայում Հայաստանին սպասվում է պետական հեղաշրջումների, քաղաքական սպանությունների, հարկադրված հրաժարականների հերթագայություն»։

   Ի՞նչ է սա՝ միջազգայնագետ-լրագրողների հանրույթում նորահայտ Դելփյան պատգամախոսի գալո՞ւստ։ Իսկ գուցե սա սոսկ ադրբեջանա-թուրքական ստրատեգների վաղուց փայփայած ծրագրերի հնչեցո՞ւմ է։

   Այս համատեքստում բավական ոչ միանշանակ է թվում Թուրքիայի ղեկավարության արձագանքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու պաշտոնական Երեւանի պատրաստակամության մասին (հայտարարությունն արվել է մայիսի 9-ին Արցախում)։ Ընդ որում՝ հատկանշական է, որ սկզբում Թուրքիայի նախագահի աշխատակազմի՝ իրեն չներկայացրած ներկայացուցիչն ասել էր. «Առանց ադրբեջանական տարածքների ազատագրման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ լինել չի կարող»։

   Բայց շատ չանցած հետեւել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի բավական հետաքրքրաշարժ, ինտրիգ պարունակող հայտարարությունը։ Այսպես. թուրքական Hurriet պարբերականի տեղեկացմամբ՝ նա ասել է. «Եթե Հայաստանը հրաժարվի ոչ ճիշտ դիրքորոշումից մեր տարածքային ամբողջականության եւ սահմանների առումով, եթե ցանկանա նոր էջ բացել, մենք կարող ենք փոխադարձությամբ պատասխանել։ Թուրքիան մտադիր չէ թշնամանք դրսեւորել որեւէ մեկի, հատկապես հարեւանների հանդեպ։ Ուստի եթե Հայաստանի դիրքորոշման մեջ ինչ-որ մեղմացում լինի, մենք մեր երկրի շահերից ելնելով, կարող ենք գնահատել դա»։

   Ո՞րն է ինտրիգը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն» եւ «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն» փաստաթղթերը ստորագրելիս խոսք անգամ չկար թուրքական պետության «տարածքային ամբողջականության եւ սահմանների» վերաբերյալ Հայաստանի հավակնությունների մասին։

   Ավելին, Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հակառակորդների քննադատության ողջ կրակը (նկատի ունենք առանց նախապայմանների կարգավորումը. այն է՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը, բուն հայկական հողերի վերադարձը՝ Սեւրի հաշտության պայմանագրին եւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Տրապիզոնի վիլայեթների ներառմամբ Հայաստանի սահմանների վերաբերյալ իրավարար վճռին համապատասխան եւ այլն) երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերցրեց իր վրա, ընդ որում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Սփյուռքում։ Սակայն Թուրքիան մինչեւ վերջերս որեւէ կերպ Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամություն չէր հայտնել։

   Հաշվի առնելով Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն այս հարցում՝ ՀՀ իշխանությունները մարտի առաջին տասնօրյակում չեղարկեցին հայ-թուրքական արձանագրությունները։ Իսկ հիմա մենք վկաներն ենք դարձել Թուրքիայի ղեկավարության մոտեցումներում տրամագծորեն հակառակ փոփոխությունների, որոնք ստիպում են մեզ դարձյալ հարց տալ. ուրեմն ուրիշ էլ ո՞վ էր շահագրգռված Հայաստանում «ոչ բռնի» իշխանափոխությամբ։

  

   Շարունակելի

  

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   Ազգային ժողովի պատգամավոր