ԿԱՆԽԵԼ «ԲԻԲԼԻԱԿԱՆ ՉԱՓԵՐԻ» ԱՂԵՏԸ

06.03.2018, Հայոց աշխարհ

2017 թվականի վերջը եւ ս.թ. առաջին ամիսները, հիրավի, հագեցած էին համաշխարհային քաղաքական, ֆինանսական, գիտական էլիտայի ներկայացուցիչների ինտելեկտուալ գրոհով, ովքեր նպատակ ունեին հասկանալ պետությունների, պետությունների միավորումների միջեւ հարաբերությունների գլոբալ խնդիրները, խաղաղության ապահովման եւ պատերազմների կանխման, միջազգային մակարդակով արդարացի տնտեսական կարգի հաստատման խնդիրները։

   Այսպես. 2017թ. նոյեմբերին «Հռոմի ակումբը» ներկայացրեց «Come On! Կապիտալիզմը, կարճատեսությունը, բնակչությունը եւ մոլորակի կործանումը» զեկույցը՝ իր կեսդարյա հոբելյանի առիթով (այսուհետ՝ Հոբելյանական զեկույց)։ Տարբեր երկրների առաջատար վերլուծաբանները համակարծիք էին իրենց կայացրած վճռում. Հռոմի ակումբի Հոբելյանական զեկույցը, որ գրել էին ակումբի երկու նախագահները՝ Էրնստ Վայցզեքերը եւ Անդերս Վիյքմանը, ակումբի մյուս երեսունչորս անդամների մասնակցությամբ, մեր ժամանակների կարեւորագույն փաստաթղթերից մեկն է։

    Դրանում տրվել է արդի կապիտալիզմի գնահատականը, հնչել է համոզիչ քննադատություն, խստիվ մերժվել են ֆինանսական սպեկուլյացիաները, աշխարհի պարզեցված ընկալումը, նշվել է այլընտրանքային տնտեսության զարգացման օբյեկտիվ անհրաժեշտության, միասնական գլոբալ ներդաշնակ քաղաքակրթության տեսլականի մասին։

   Հոբելյանական զեկույցի հրապարակումից մեկ ամիս անց Սպիտակ տունը պաշտոնապես տարածեց ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը, որում ուղղակի գրված է, որ երեք գլխավոր մարտահրավեր-սպառնալիքների թվում են «ռեւիզիոնիստական տերություններ Չինաստանը եւ Ռուսաստանը» («ռեւիզիոնիզմ» ասելով նկատի ունեն միաբեւեռ աշխարհից սկզբունքայնորեն հրաժարվելը), «վտարյալ-պետություններ Իրանը եւ Հյուսիսային Կորեան» եւ «ջիհադական ահաբեկչական խմբերը»։

   Ս.թ. հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը։ Ձեր խոնարհ ծառան հարգարժան դեսպանին խնդրեց խորհուրդ տալ. ի՞նչ արտաքին քաղաքականություն պետք է վարի Հայաստանը, որպեսզի հարվածի տակ չդնի ԱՄՆ մեկուկեսմիլիոնանոց հայ համայնքը, Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր ավելի քան երկուսուկես միլիոն հայրենակիցներին եւ Իրանի երկու հարյուր հիսուն հազարանոց հայ համայնքը՝ Ռազմավարությունում նշված սպառնալիքների համատեքստում, հանձինս Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաեւ Չինաստանի, որի հետ վերջին տարիներին Հայաստանը հաջողությամբ հեռանկարային տնտեսական նախագծեր է իրականացնում, էլ չեմ ասում հումանիտար նախագծերի մասին, որոնք անհատույց իրականացվում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից։

   Հաշվի առնելով ամերիկյան դեսպանի հետ այս հանդիպման բանական կոնֆիդենցիալության մասին պայմանավորվածությունը՝ նշեմ միայն, որ Ռ.Միլսի հետ կարծիքների փոխանակումից հետո նրան նվիրեցի «Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է» գիրքս՝ որպես արդի անհանգիստ աշխարհում Հայաստանի Հանրապետության ապագայի իմ տեսլականի գրավոր վկայություն։

   Այնուհետեւ, 2018թ. փետրվարի 2-ին, ԱՄՆ-ը ներկայացրեց իր նոր միջուկային դոկտրինը (ՆՄԴ)։ Հատկանշական է, որ այս փաստաթղթի ծանոթագրության մեջ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ը այդպես կենտրոնացած Ռուսաստանի վրա. «Սա ռուսաստանյան պոտենցիալի զարգացման եւ նրանց ռազմավարության ու դոկտրինի բնույթի պատասխանն է»։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «որոշակիորեն վերադարձել է մեծ տերությունների մրցակցություն»։

   Եվ խուճապային այդ գնահատականների ֆոնին, ինչպես շատ դիպուկ արտահայտվել է «Ներսո՞ւմ, թե՞ դրսում. երկրները Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ» թեմայով տեղի ունեցած 30 պանելային բանավեճերից (Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Մոլդովայի վարչապետ Պ.Ֆիլիպի եւ Եվրամիության ընդլայնման ու բարիդրացիության քաղաքականության հարցերի եվրոպական հանձնակատար Յոհանես Հանի եւ ՌԴ Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կ.Կոսաչովի մասնակցությամբ) մեկի մոդերատորը, ամերիկացի քաղաքագետ, «Եվրասիա գրուփ» հետազոտական կազմակերպության հիմնադիր-նախագահ Յան Բրեմերը նշել է, որ Ս.Սարգսյանի ելույթը կրում էր բացառապես դրական լիցք, եւ բոլորին հասկանալի դարձավ, որ ՀՀ նախագահը փորձում է լցնել անդունդը Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ՝ դրանով իսկ հաստատելով լուրջ խնդիրների առկայությունը ԵՄ-ի եւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում։

   «Փոքր, դեպի ծով ելք չունեցող երկրի համար դա իսկապես մեծ մարտահրավեր է։ Նախագահ Ս.Սարգսյանը ցույց տվեց այն, ինչը հաճախ մոռացվում է Բրյուսելում եւ Վաշինգտոնում. որ Հարավային Կովկասի, Կենտրոնական եւ Հարավային Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները մեծ տերությունների հետ իրենց հարաբերություններում բախվում են դժվար եւ հաճախ հարկադրված ընտրության հետ։

   Այս իրավիճակում նրանք պետք է գտնեն բացառիկ ուղիներ արտաքին աշխարհի հետ իրենց հարաբերությունները պահպանելու համար»,- հենց այսպես է գնահատել նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմերը։ Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, ներկայացնենք հատված Ս.Սարգսյանի ելույթին Ռուսաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչովի տված գնահատականից.

   «Ես արդեն սոցիալական ցանցերում ներկայացրել եմ կայացած բանավեճին տված իմ գնահատականը, եւ ես անկեղծորեն երախտագիտություն եմ հայտնել Սերժ Սարգսյանին փայլուն ելույթի համար, բանավեճին շատ կառուցողական ներդրում ունենալու, կշռադատված, հավասարակշռված եւ խիստ պատասխանատու վերլուծության համար, թե ինչ է տեղի ունենում ե՛ւ հենց Հայաստանում, ե՛ւ տարածաշրջանային հարաբերություններում, ե՛ւ ավելի գլոբալ համատեքստում, որտեղ Հայաստանը, անշուշտ, ունի իր ակնառու եւ ստեղծարար դերը»։

   Այսպիսին է հայտնի, բարձր պրոֆեսիոնալ ռուս քաղաքագետ Կոնստանտին Կոսաչովի գնահատականը։ Բնականաբար, հարց է ծագում. իսկ որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, որը հասկանալի է եւ դրականորեն է ընկալվում Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Մոսկվայի կողմից։ Պատասխանը պարզ է. դրանք հիմնված են Հայաստանի արտաքին քաղաքականության ազնվության, թափանցիկության վրա, որն իրագործվում է միջազգային իրավունքին եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության Հելսինկյան Եզրափակիչ ակտի (1975թ.) 10 հիմնարար սկզբունքներին լիակատար համապատասխանությամբ։

   Որպես ասվածի հաստատում՝ մեջբերում կատարենք Մյունխենի անվտանգության համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից.

   «Հայաստանը միշտ եղել է բաց համագործակցության, այլոց շահերը հարգելու եւ դրանք հնարավորինս համադրելու ջատագով։ Փորձել ենք մեր գործընկերներին ընտրության առաջ չկանգնեցնել, իսկ որտեղ հնարավոր է՝ ստեղծել դրական համագործակցության միջավայր։ Կարող եմ ասել, որ մեր բոլոր գործընկերները, մեծ հաշվով, մշտապես աջակցել են մեր այս քաղաքականությանը եւ դրա արդյունքում կատարված քայլերին։

   Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցեց հստակ գիտակցմամբ, որ այն լավագույնս է ծառայելու մեր տնտեսության զարգացմանը, մեր երկրի ապագային։ Անդամակցությունից ի վեր գրանցված արդյունքներն ամրապնդում են վստահությունը մեր բռնած ուղու հանդեպ։ Միաժամանակ, դա բնավ չի խոչընդոտել մեր համագործակցությանը Եվրոպական միության հետ, հատկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ արդիականացման բնագավառներում»:

   Կարծում եմ, որ Հայաստանի՝ բանակցային գործընթացի գործընկերների (որոնք ներկայացնում են համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնները) շահերի համադրման վրա հիմնված հենց այս կառուցողական դիրքորոշումն էլ մեծ մասամբ փաստում է, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի կառուցողական աշխատանքի իրականացմանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ հանձինս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, ահա արդեն 24-րդ տարին է՝ չնայած իրենց իսկ միջպետական հարաբերություններում առկա բոլոր բարդություններին, սերտորեն համագործակցում են միմյանց հետ։

   Վերլուծելով վերոնշյալ փաստաթղթերի բովանդակությունը՝ կարելի է եզրակացնել. վերջին ամիսների իրադարձությունների զարգացման ողջ տրամաբանությունն օբյեկտիվորեն համաշխարհային քաղաքականության գլոբալ օրակարգ է մղում արդի աշխարհակարգում իր տեղի ու դերի մասին Ռուսաստանի տեսլականի հարցը։ Եվ ահա, 2018թ. մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին։

   Կասկած չի հարուցում, որ Վ.Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին նախեւառաջ կոչ է համաշխարհային տերությունների առաջնորդներին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ փրկել աշխարհը միջուկային աղետի վերահաս սպառնալիքից։ Իսկ տարատեսակ մեկնաբանությունները ուղերձի «ագրեսիվության» առումով ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ ուղերձում պարունակվող մեսիջների բանալ խեղաթյուրում։ Լոկ մի քանի մեջբերում կատարեմ այդ, ըստ իս, գերկարեւոր փաստաթղթից. «Մենք ոչ ոքի չենք սպառնում, ոչ մեկի վրա հարձակվել չենք պատրաստվում, ոչ մեկից, զենքով սպառնալով, ոչինչ խլել չենք պատրաստվում. մենք ինքներս ամեն ինչ ունենք։

   Ընդհակառակը, անհրաժեշտ եմ համարում ընդգծել (եւ դա շատ կարեւոր է). Ռուսաստանի աճող ռազմական հզորությունը խաղաղության հուսալի գրավականն է մեր մոլորակում, քանի որ այդ հզորությունը պահպանում եւ պահպանելու է ռազմավարական հավասարակշռությունն ու ուժերի հաշվեկշիռն աշխարհում, ինչը, ինչպես հայտնի է, եղել եւ մնում է միջազգային անվտանգության կարեւորագույն գործոններից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ մինչեւ մեր օրերը»։

   Կարծում եմ, որ համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոն պետությունների առաջնորդները պատասխանատվությամբ կմոտենան Ռուսաստանի նախագահի այս խորհրդին եւ կմտածեն «վաստակավոր հանգստի» ուղարկել նրանց, ովքեր ապրում են անցյալով եւ ի վիճակի չեն նայել ապագային, դադարեցնել այն նավակի տարուբերումները, որի մեջ գտնվում ենք մենք բոլորս եւ որը կոչվում է Երկիր մոլորակ։

   Համոզված եմ, որ միայն նման մոտեցումը կարող է կանխել մեր մոլորակին սպառնացող «բիբլիական չափերի» աղետը»։

 

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ,

   ԱԺ պատգամավոր