Մի բան պատահել է... նրա հիշողությանը

Խոսքը Ռուսլան Իմրանովիչի հիշողության մասին է

 

Արտաշես Գեղամյան

 

Մի՛ դատեք, որ չդատվեք։ Որովհետև ինչ

դատաստանով որ դատեք,

նրանով եք դատվելու, և ինչ չափով որ չափեք,

դրանով պիտի չափվի ձեզ։

Ավետարան ըստ Մատթեոսի (գլուխ 7. 1, 2)

 

Եվ այսպես, հունիսի 12-ին ոչ անհայտ ադրբեջանական Haqqin.az տեղեկատվական ինտերնետ պորտալը հրապարակեց Ռուսլան Խասբուլատովի հոդվածը՝ «Իսկական հարվածը հասցրեց Հայաստանը՝ պատերազմ սկսելով Ադրբեջանի դեմ» վերնագրով, «Արդարացի խոստովանություն» ենթավերնագրի ներքո։

Հոդվածն սկսվում է «Մեզ մոտ չեն ցանկանում հասկանալ այդ բանը. իսկական մահացու հարվածը Խորհրդային Միությանը հասցրեց Հայաստանը՝ պատերազմ սկսելով Ադրբեջանի դեմ»։ Նման բան կարդալով կարելի էր հանգիստ խղճով մի կողմ նետել այդ ցնդաբանությունը, եթե տողերը չպատկանեին ԽՍՀՄ փլուզման գլխավոր գործող անձանցից մեկին, փլուզում, որին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին հղած ուղերձում (2005թ. ապրիլ) անվանել էր «դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ»։

Ընթերցողներին հիշեցնենք, թե որոնք են Ռուսլան Իմրանովիչ Խասբուլատովի արժանիքները խորհրդային ժողովրդի դեմ այս չարագործության մեջ։

Մի քիչ պատմություն։ 1991թ. դեկտեմբերի 12-ին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նիստում, որը նախագահում էր մուալիմ Ռուսլանը, նա կոչ արեց վավերացնել Բելովեժյան համաձայնագիրը՝ ստորագրված 1991թ. դեկտեմբերին Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի կողմից որպես ԽՍՀՄ հիմնադիր պետություններ։ Այստեղ, հարգելի ընթերցող, նշենք, որ համաձայնագիրն ընդունվել էր ի խախտումն ԽՍՀՄ 03.04.1990թ. թիվ 1409-1 օրենքի («ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին»)։ Նշենք, որ համաձայնագիրը ստորագրել էին երեք հանրապետությունների բարձրագույն պաշտոնատար անձինք և կառավարությունների ղեկավարները. Բորիս Ելցինը և Գենադի Բուրբուլիսը Ռուսաստանի Դաշնությունից (ՌԽՖՍՀ), Ստանիսլավ Շուշկևիչը և Վյաչեսլավ Կեբիչը Բելառուսի Հանրապետությունից, Լեոնիդ Կրավչուկը և Վիտոլդ Ֆոկինն Ուկրաինայից։ Ինչպես արդեն նշվեց, Խասբուլատովը նախագահում էր այդ նիստում և եռանդուն կոչ էր անում վավերացնել Բելովեժյան համաձայնագիրը, ինչն էլ արվեց։ Եվ դա՝ չնայած այն բանին, որ համաձայն այդ պահին գործող ՌԽՖՍՀ Սահմանադրության, համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ էր գումարել ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների համագումար (պետական իշխանության բարձրագույն մարմինը), քանի որ համաձայնագիրը վերաբերում էր Ռուսաստանի Դաշնության պետական կարգին՝ որպես ԽՍՀՄ մի մասի, և դրանով իսկ սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն էր առաջացնում։

Պատկերի ամբողջականության համար որոշ մեջբերումներ կատարենք այս թեմայի վերաբերյալ Ռ.Խասբուլատովի հարցազրույցից։ Այսպես, 2014թ. ապրիլի 10-ին REGNUM տեղեկատվական գործակալության հարցազրույցում՝ «ԽՍՀՄ փլուզումը Ելցինի, Կրավչուկի և Շուշկևիչի ձեռքի գործն է, ոչ թե Գորբաչովի. հարցազրույց Ռուսլան Խասբուլատովի հետ» վերնագրով, REGNUM տեղեկատվական գործակալության թղթակցի հարցին՝ «ԽՍՀՄ փլուզումը շատ բանով հետևանքն էր այն գործողությունների, որոնք իրականացնում էր ՌԽՖՍՀ ղեկավարությունը Ելցինի գլխավորությամբ։ Ավելի կոռեկտ չէ՞ր լինի ԽՍՀՄ փլուզման պատասխանատվությունը դնել Բորիս Ելցինի և նրա այն ժամանակվա թիմի վրա»,- հետևում է մուալիմ Ռուսլանի պատասխանը. «Ես 90-ականներին այդ մասին էլ գրում էի։ Ելցինն արդեն մահացել է, բայց ողջ են ԽՍՀՄ փլուզման մյուս անմիջական մասնակիցներն ու համամասնակիցները (այսինքն՝ Խասբուլատովը լիովին համաձայն է նման մեղադրանք-ձևակերպմանը, բայց պետք է նաև մյուսներին չմոռանալ – Ա.Գ.)... Հասկանալի է, պետք է օբյեկտիվ գնահատական տալ բոլոր ուժերին, որոնք 1991թ. ազդեցին և կարող էին ազդել իրադարձությունների ընթացքի վրա ԽՍՀՄ-ում։ Վաղուց ժամանակն է Բելովեժյան համաձայնագիրն անվանել հանցավոր դավադրություն (չգիտես ինչու 1991թ. դեկտեմբերի 12-ի Գերագույն խորհրդի նիստում, որտեղ նա անձամբ ուղղորդում էր այդ հանցավոր դավադրության օրինականացումը, համաձայնագրի վավերացումն այս իրավիճակում նա պարզապես մոռացել է – Ա.Գ.)»։ Որպեսզի ընթերցողների մեջ հարցեր չառաջանան, նշենք, որ Բելովեժյան համաձայնագրի վավերացման մասին օրինագծի քվեարկության արդյունքներով ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. կողմ՝ 188 (76,1%), դեմ՝ 6 (2,4%), ձեռնպահ՝ 7 (2,8%)։ Բելովեժյան համաձայնագրի վավերացման որոշման դեմ էին քվեարկել Ս.Բաբուրինը, Ն.Պավլովը, Վ.Իսակովը, Ի.Կոնստանտինովը, Ս.Պոլոզկովը, Վ.Բալալան, Պ.Լիսովը։ Բնականաբար, Ռ.Խասբուլատովի ազգանունը «հանցավոր դավադրության վավերացմանը «կողմ» քվեարկողների մեջ էր։

Նշենք, որ 1992թ. ապրիլին Ռուսաստանի ժողովրդական պատգամավորների համագումարը, չնայած Ելցինի և Խասբուլատովի ջանքերին, երեք անգամ հրաժարվեց վավերացնել Բելովեժյան համաձայնագիրը և ՌԽՖՍՀ Սահմանադրությունից հանել ԽՍՀՄ Սահմանադրության և օրենքների մասին հիշատակումը։ Հանուն արդարության նշենք, որ հետագայում դա դարձավ նախագահ Ելցինի հետ համագումարի դիմակայության պատճառներից մեկը և այնուհետև հանգեցրեց 1993թ. հոկտեմբերի ողբերգական իրադարձություններին։

Հարգելի ընթերցողը կարող է հարց տալ՝ իսկ ինչո՞ւ անդրադառնալ երկերեսանի մարդկանց հերթական պսակազերծմանը, որոնք միանգամայն պատահականորեն վերակառուցման ալիքի վրա հայտնվեցին եղբայրական Ռուսաստանի Դաշնության պետական կառավարման ղեկին։ Հարցն այն է, որ այսօր էլ, որպեսզի իր վրայից հանի ԽՍՀՄ փլուզման անուղղակի մասնակցությունը, մուալիմ Ռուսլանը մեր օրերում ուղղակի պատանեկան էներգիայով հարցազրույց է տալիս Թաթարստանի «Դելովայա գազետա»-ին կամ www.business-gazeta.ru/article/427760 ինտերնետ պորտալին, որտեղ ավելի լավ կիրառման արժանի համառությամբ կրկնում է այդ նույն բարբաջանքը։ Այսպես, business-gazeta.ru ինտերնետ պորտալի թղթակցի՝ «Այն ժամանակ ԽՍՀՄ-ից արդեն առանձնացել էր Մերձբալթիկան (1988-1989թթ.)։ Բայց ստացվում է, որ իսկական, մահացու հարվածը Խորհրդային Միությանը դեռևս հասցված չէր...» հարցին Խասբուլատովը պատասխանում է. «Ոչ, Մերձբալթիկան դեռ չէր առանձնացել։ Այն իրականում առանձնացավ հայկական իրադարձություններից հետո։ Ցավոք, մեզ մոտ չեն ցանկանում հասկանալ մի բան. իսկական մահացու հարվածը Խորհրդային Միությանը հասցրեց Հայաստանը՝ պատերազմ սկսելով Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի պատճառով, որին հավակնել չէր կարող (համենայնդեպս՝ զինված գործողությունների նման ձևով)։ Անդրկովկասյան ճակատը փլուզման ենթարկվեց. մեծամասնությունը կանգնեց Հայաստանի կողմը, մյուսներն աջակցում էին Ադրբեջանին։ Այս իրավիճակում միութենական կենտրոնը բացարձակ, անհնարին հանդուրժողություն ցուցաբերեց հակամարտող կողմերի հանդեպ, այնտեղ, որտեղ պետք էր պարզապես  խիստ կարգուկանոն մտցնել։ Շատ խիստ և հրազենի օգտագործմամբ»։ Նման հայտարարությունն այլ կերպ, քան սատանայություն չես անվանի։ 1988-1991թթ. իրադարձությունները, որոնք հիրավի վկայում են 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման վերաբերյալ բացառապես օրինական հիմքերով ընդունած որոշումների մասին, կարծում եմ,  մանրամասն դիտարկելու անհրաժեշտություն չկա, դրանք խիստ ակներև են։ Միայն կրկնեմ, որ այդ որոշումը լիովին համապատասխանում էր ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն։ Պատմության մոռացկոտ խեղաթյուրողներին հիշեցնենք, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը սրվեց 1988թ., երբ ի պատասխան Ղարաբաղի բնակչության ինքնորոշման պահանջի ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին ջարդեր և էթնիկ զտումներ հայերի դեմ Ադրբեջանի ամբողջ տարածքում, որոնք հատկապես դաժան ու արյունահեղ էին Սումգաիթում, Բաքվում և Կիրովաբադում (հավանաբար, Խասբուլատովը հենց նման հաշվեհարդարը նկատի ուներ, բայց արդեն ոչ ադրբեջանական իշխանությունների, այլ ԽՍՀՄ մակարդակով – Ա.Գ.)։ Մուալիմ Ռուսլանի կողմից հիշատակվող պատերազմն Ադրբեջանի դեմ սանձազերծվեց հենց Ադրբեջանի կողմից՝ Յակուբ Ռզաևի հրամանատարությամբ, հայկական Խրամորթ գյուղի (Լեռնային Ղարաբաղի արևելքում) դեմ վեց տանկերի և չորս զրահամեքենաների ուղեկցությամբ, դրան հաջորդեցին ադրբեջանական զինված ուժերի հարձակումները՝ տանկերի, զրահամեքենաների և «Գրադ» համազարկային կրակի հրթիռային համակարգերի կիրառմամբ։ Արդեն 1992թ. հունվարի 31-ից ադրբեջանցիներն ուժեղացված հարձակում սկսեցին ծանր սպառազինությունների կիրառմամբ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի ողջ պարագծով (հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հռչակագիրն ընդունվել է 1992թ. հունվարի 6-ին)։

Այժմ ներկայացնենք մերձբալթյան հանրապետություններում այն տարիների իրադարձությունների փաստերը։

Այսպես, 1988թ. հունիսի 3-ին Լիտվական ԽՍՀ-ում հիմնադրվեց «վերակառուցման աջակցության» Սայուդիս շարժումը, որը սկզբում ծածուկ, հետո՝ բացահայտ նպատակ դրեց դուրս գալ ԽՍՀՄ կազմից և վերականգնել անկախ լիտվական պետությունը։ Իսկ արդեն 1990թ. մարտի 11-ի գիշերը Լիտվական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ Վիտաուտաս Լանդսբերգիսի գլխավորությամբ, հռչակեց Լիտվայի անկախությունը։ Հանրապետության տարածքում դադարեցվեց ԽՍՀՄ Սահմանադրության և վերականգնվեց 1938թ. լիտվական սահմանադրության գործողությունը։

Էստոնական ԽՍՀ-ում 1988թ. ապրիլին կազմավորվեց Էստոնիայի Ժողովրդական ճակատը՝ հաջակցություն անկախության, որը ձևականորեն նպատակ չդրեց Էստոնիայի դուրս գալը ԽՍՀՄ-ից, բայց որը դարձավ հիմք դրան հասնելու համար։ Արդեն  1988թ. նոյեմբերի 16-ին Էստոնական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունեց Էստոնիայի ինքնիշխանության մասին հռչակագիրը։

Լատվիական ԽՍՀ-ում, 1988-1990թթ., էապես ուժեղանում է Լատվիայի Ժողովրդական ճակատը, որը հանդես էր գալիս հանուն անկախության, ուժեղանում է պայքարն Ինտերֆրոնտի դեմ, որը հանդես էր գալիս ԽՍՀՄ-ին Լատվիայի անդամակցությունը պաշտպանելու օգտին։ 1990թ. մայիսի 4-ին Լատվիական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «Լատվիայի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը»։

Մի՞թե Ռ.Խասբուլատովը  չգիտեր այս պատմական փաստերի մասին։ Կամ էլ իմանալով դրանց մասին՝ ո՞րն է նրա անզուսպ ցանկությունը՝ որքան կեղծ, այնքան էլ անպատկառ մեղադրել Հայաստանը «Խորհրդային Միությանն իսկապես մահացու հարված հասցնելու» մե՞ջ։ Եվ ամբողջ անհեթեթությունն այն է, որ իր կեղծ մեղադրական հարցազրույցները նա հարմարեցրել է Ռուսաստանի օրվա տոնին, որը նաև Հայաստանում ս.թ. հունիսի 12-ին մեր հարյուրավոր քաղաքացիներ տոնեցին բարի, հանդիսավոր միջոցառմամբ, որը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը։ Իսկ եթե մուալիմ Ռուսլանը չգիտեր մերձբալթյան հանրապետությունների անկախության հռչակման ամսաթվերի և այն մասին, որ պատերազմը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև սանձազերծվել էր Ադրբեջանի կողմից մերձբալթյան հանրապետությունների անկախության հռչակումից մեկուկես-երկու տարի հետո, ապա, բնականաբար, հարց է ծագում. այդ ժամանակ ի՞նչ նպատակ էր հետապնդում պրոֆեսոր Ռ.Խասբուլատովը։ Հավանաբար, մեր օրերում, երբ Անդրկովկասում և նրա շուրջ ստեղծվել է չափազանց լարված իրադրություն, Ռուսաստանի չարակամների մեջ մեծ է գայթակղությունը՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիա հրահրելու տեղեկատվական ֆոն ստեղծելու համար։ Ասենք, որ, ցավոք, մուալիմ Ռուսլանը, գիտակցելով, թե ոչ իր այդ դերը, կրակի հետ է խաղում և ի վնաս Ռուսաստանի, ուստի իր այդ ձգտման մեջ նա ինքնատիպ չէ։ Պարզապես նա որսացել է թեման, որը վերջերս նետվել է մեդիա-տարածք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի կողմից, որն օրեր առաջ հանդես էր եկել «Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտություն. հիմնախնդրի աղբյուրը և կարգավորման հեռանկարները» հոդվածով։ Հավանաբար, մուալիմ Ռուսլանը փորձել է «հիմնախնդրի աղբյուրները» շաղկապել իր իսկ հորինած սուտ ուղերձի հետ՝ իբր «Խորհրդային Միությանը Հայաստանի իսկապես մահացու հարվածի» մասին։ Համաձայնեք, հարգելի ընթերցող, որ պրոֆեսոր Խասբուլատովին վայել չէ իր սադրիչ հոդվածներով փորփրել ողջ հայության դեռևս չսպիացած վերքերը 1988-1990թթ. Սումգաիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերից, որոնք իրականացրին Ադրբեջանի Ժողովրդական ճակատի հրոսակախմբերը։ Առանց Խասբուլատովի էլ այս կեղտոտ գործի սիրահարները քիչ չեն։ Նշենք նաև, որ պատահաբար, թե միանգամայն պատահաբար Երկխոսության և համագործակցության Բաքվի խորհրդարանական պլատֆորմի՝ Բաքվում ընթացող հիմնադիր համաժողովի շրջանակում, որն աշխատանքն սկսեց ս.թ. հունիսի 12-ին, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխնախագահ Սուրեա Սադեա Բիլգիչն իր ելույթում պարտադիր համարեց հայտարարել, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Պետք է կարծել, որ այդ թուրք քաղաքական գործիչը երկխոսության և համագործակցության տակ հասկանում է գործողություններ, որոնք լիովին անտեսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների կոչերը, որոնք հստակ սահմանել են Ղարաբաղյան կարգավորման հայեցակարգային հիմքերը։ Եվս մեկ, անկեղծ ասենք, տագնապալի համընկնում. հիմնադիր համաժողովին մասնակցում էին Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորներ, Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանը, Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Սուրեա Սադեա Բիլգիչը, ինչպես նաև ԵԱՀԿ ԽՎ ղեկավարությունը (հիմնադիր համաժողովի կազմը ակամա հուշեր է ծնում Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունների մասին)։

Հետգրության փոխարեն

Դեռևս 2016թ. վերջին հրապարակվեցին ԱՄՆ ԿՀՎ գաղտնի փաստաթղթերը՝ ԽՍՀՄ-ի դեմ գաղտնի հատուկ գործողության պլանը։ Այդ պլանը բաղկացած էր 10 կետից։ Ամերիկացիներին 10 քայլ էր պետք մեծ կայսրությունը՝ Խորհրդային Միությունը, քանդելու համար։ Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ, կարդալով մուալիմ Ռուսլանի կեղծ-պատմական մտավարժանքները, ակամա կարեկցանքով լցվեցի դրանց հեղինակի հանդեպ։ Այդ ի՞նչ աստիճանի երանավետ անգիտության մեջ պետք է գտնվել առ այն, ինչ տեղի էր ունենում աշխարհում 20-րդ դարի 80-90-ական թվականներին, որպեսզի, ինչպես Ռուսլան Իմրանովիչը անհեթեթություն բարբաջես Հայաստանի կողմից «Խորհրդային Միությանը մահացու հարված հասցնելու» մասին։ Ես պարտքս համարեցի նորից ու նորից կարդալ ԿՀՎ գաղտնի գործողության մանրամասները Խորհրդային Միության վերացման ուղղությամբ։

Չեմ ցանկանում հանգամանալիորեն կանգ առնել բոլոր տասը քայլերի վրա, որոնք հակառակորդ պետության՝ ԽՍՀՄ-ի փլուզմանն ուղղված ԱՄՆ հատուկ ծառայությունների մտածված, համակարգված աշխատանքի վառ վկայությունն են։ Միայն մեջբերումներ կատարեմ, որոնք բնութագրում են 10-րդ քայլը՝ Իջեցվող կեռիկը. «ԽՍՀՄ-ում դա տեղի ունեցավ 1980-ականների վերջին (այսինքն, երբ սեղմեցին ԽՍՀՄ փլուզման իջեցվող կեռիկը – Ա.Գ.)։ Տնտեսական խնդիրները հանգեցնում են մթերային դեֆիցիտի։ Երկիրը երկար հերթերի է կանգնում առաջին անհրաժեշտության ապրանքների համար։ «Ազդեցության գործակալները» մարդկանց խոստանում են արժանապատիվ կյանք և դեմոկրատական ազատություններ (կարծում եմ, որ այս տողերը հատուկ զգացողություններ և հիշողություններ կառաջացնեն Ռուսաստանում 20-րդ դարի 90-ականների սկզբի իրադարձությունների մասին  - Ա.Գ.)։ Ժողովրդին առնում են ջինսով, կոլայով ու ծամոնով և դուրս բերում փողոց։ Որոշ շրջաններում սկսվում են ծխախոտի խռովություններ։ Էլիտաների մեջ տիրում է դավաճանությունը (ընդգծումն իմն է – Ա.Գ.)։ Խուճապ է առաջանում, և երկիրը դառնում է անկառավարելի»։ Գոհունակությամբ նշենք, որ 1991թ. «օգոստոսյան պուտչից հետո ՌԽՖՍՀ Նախարարների խորհրդի գործունեությունը կաթվածահար եղավ, նման իրադրությունում Ռուսլան Իմրանովիչը ստիպված էր ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը վերածել իրական կառավարության։ Եվ նա Ռուսաստանի խորհրդարանի աշխատակազմի հետ միասին վարում էր երկրի բոլոր գործերը մինչև «բարեփոխիչների կառավարության» ձևավորումը։ Ի գիտություն Ռ.Խասբուլատովի նշենք նաև, որ 1983թ. հունվարի 17-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի սեղանին դրվեց փաստաթուղթ, այսպես կոչված «Ազգային գաղտնի ղեկավարող հրահանգներ» դիրեկտիվը (National Security Decision Directives), որն ըստ էության ԽՍՀՄ խարխլման պլան էր և նախատեսում էր գաղտնի հարձակողական գործողություններ Խորհրդային Միության դեմ։

Հարգելի ընթերցող, չէի ցանկանա հոդվածս ավարտել այսքան տագնապալի նոտայով՝ պայմանավորված նրանով, որ գիտնականից, իսկ մուալիմ Ռուսլանը գիտնական է, կցանկանայինք լսել ճշմարտացի խոսք մեր ընդհանուր հայրենիքի՝ ԽՍՀՄ-ի բախտորոշ 90-ական թվականների մասին, բայց, ըստ երևույթին, անհեթեթություններ փչելով Խորհրդային Միության փլուզման պատճառների մասին՝ Խասբուլատովը, մի կողմ նետելով ամեն տեսակ բարոյականության նորմերը, հետևել է ֆրանսիացի գրող և փիլիսոփա Ալբեր Քամյուի ասույթին, մի անհատականության, որն իրավամբ կյանքի օրոք արժանացել է «Արևմուտքի խիղճը» անվանը։ Խոսքը Ալբեր Քամյուի հայտնի ասույթի մասին է. «Պատասխանատվությունը պատմության առջև ազատում է մարդկանց առջև պատասխանատվությունից։ Դրանում է նրա հարմարավետությունը»։ Հիշենք, որ Ալբեր Քամյուն 1957թ. դարձավ Նոբելյան դափնեկիր գրականության գծով։ Դե ինչ, մուալիմ Ռուսլանը ոչ մի կերպ պատմության գծով Նոբելյան մրցանակի չի ձգում, բայց հաստատ կարող է պարգևատրվել ադրբեջանական պետական պարգևով, ասենք՝ «Հայրենիքին ծառայության համար» շքանշանով։