Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

03.03.2020, Shame.am

http://www.shame.am/news/view/68030.html

 

Անոտացիա

Այս տագնապալի օրերին հարկ է նորից ընդգծել. Հայաստանի, Վրաստանի և  Ադրբեջանի անվտանգությունը, փխրուն խաղաղության պահպանումը Հարավային Կովկասի տարածաշրջանում նորահայտ սուլթան Սուլեյման Հիասքանչի, այսինքն՝ Էրդողանի արկածախնդրական քաղաքականությունից շատ բանով կախված կլինի այն որոշումներից, որոնք կկայացնի Մեծ Ռուսաստանը։ Այո, Վրաստանի և Ադրբեջանի անվտանգությունը նույնպես կապահովվի Ռուսաստանի ջանքերով։ Եթե Էրդողանը պատերազմ սանձազերծի Ռուսաստանի դեմ, աղետը Թուրքիայի համար անխուսափելի կդառնա։ Բայց դա չի լինի Ռուսաստանի ընտրությունը։

Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարող է հարց տալ, թե այդ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել անցած շաբաթ Անդրկովկասում, որոնք կարող էին այդքան լուրջ մտահոգություն առաջացնել։ Փորձեմ հարցի մեջ պարզություն մտցնել։

Եվ այսպես, ս.թ. փետրվարի 25-ին Բաքվում տեղի ունեցավ Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի բարձրամակարդակ VIII նիստը, որին մասնակցեցին այդ երկրների նախագահները։ Ինչպես տեղեկացրեց ԱզերԹԱջ տեղեկատվական գործակալությունը, նիստի բացման արարողությունից հետո տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հանդիպում-առանձնազրույցը։ Առաջին հայացքից «մեկ ազգ՝ երկու պետության» նախագահների այդ հանդիպման մեջ ոչ մի արտասովոր բան չկա, բայց կարևոր են հայտարարությունները, որոնք հնչեցրել է Էրդողանը Բաքու կատարած այցի ընթացքում։ Այսպես, Թուրքիայի նախագահը դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ հայտարարելով, որ «Ադրբեջանի հողերն օկուպացիայից ազատելու միջնորդների ջանքերը անբավարար են»։

եջեփ Թայիփովիչն այդ կերպ իրեն իրավունք է վերապահում գնահատելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործողությունները, որոնք կատարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների հինգ պաշտոնական հայտարարություններին լիովին համապատասխան։ Ցավոք, Էրդողանի շանտաժն «աշխատեց»։ Երբ գրվում էին այս տողերը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ի իր էջում գրել է. «Թուրքիայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և  ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ»։ Հետո ավելի հետաքրքիր է։ «Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն Ադրբեջանի հարցն է, այլև Թուրքիայի։ Մեր գլխավոր ցանկությունն է՝ հասնել խնդրի կարգավորմանը Ադրբեջանի ինքնիշխանության հաշվառմամբ և տարածքային ամբողջականության շրջանակում»,- ընդգծել է Էրդողանը՝ դիմելով «իր եղբայր Իլհամին»։ Նորահայտ նեոօսմանյան փաշա Ռ.Էրդողանի նենգությունը շարունակվում է սուլթան Աբդուլ Համիդ II-ի (որ ստացել է «արյունոտ սուլթան» անվանումը) և նրա երիտթուրքական մարդակեր հետևորդների՝ Թալեաթի-Էնվերի-Ջեմալի նողկալի ավանդույթներով։ Էրդողանն այնտեղ է հասնում, որ 1992թ. Խոջալուի ողբերգության պատասխանատվությունը դնում է հայկական կողմի վրա։ Այնինչ, ստույգ հայտնի է, որ այդ արյունալի չարագործության պատասխանատվությունը Ադրբեջանի Ժողովրդական ճակատի խղճի վրա է, ինչի մասին ժամանակին իր հարցազրույցում չեխ լրագրողուհի Դանա Մազալովային ասել է Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը («Независимая газета», 1 ապրիլի 1992թ.)։ Ցինիզմի գագաթնակետն էին Էրդողանի խոսքերն այն մասին, որ. «Վաղը մենք հարգելու ենք Խոջալուի կոտորածի հիշատակը։ Դա մարդկության պատմության սև էջն է։ Մենք վճռականապես դատապարտում ենք 28-ամյա վաղեմության այդ ահավոր հանցագործությունը, որը Ադրբեջանի ավելի քան 600 բնակչի կյանք խլեց»։ Հայ ժողովրդի երիտթուրք դահիճների նախանձախնդիր «պահապան հրեշտակը», ինչպիսին, անկասկած, Ռեջեփ փաշան է, քիչ է, որ Ադրբեջանի Ժողովրդական ճակատի պարագլուխների հրամանով կատարված Խոջալուի չարագործությունը վերագրում է հայկական կողմին, դեռ մի բան էլ դրա համար ցասումով դատապարտում է հայերին։ Դրանով իսկ «Ռեջեփ եղբայրը» ըստ էության աջակցեց «եղբայր Իլհամին», որին մերկացրել էին ստի մեջ Ն.Փաշինյան - Ի.Ալիև մյունխենյան բանավեճերում ս.թ. փետրվարի 15-ին։ Ափշերոնյան սուլթանի բացահայտ ստի նոր հաստատումը երկար սպասել չտվեց։ Այսպես. ս.թ. փետրվարի 17-ին «Արմենպրեսի» թղթակիցը բացառիկ հարցազրույց վերցրեց Դանա Մազալովայից։ Մեջբերումներ կատարենք այդ բացառիկ հարցազրույցից. «Ինտերնետ չկար, համակարգիչներ չկային, բայց ես կարող եմ հաստատել, որ այն, ինչ գրել եմ, ասվել է Այազ Մութալիբովի կողմից, ոչ մի բան հորինված չէ։ Նա կարող է ժխտել դա ինչպես ուզենա, բայց այն ժամանակ նա ասաց այն, ինչը հրապարակվել է «Независимая газета»-ում։ Ես ունեմ թերթի այդ համարը, որը հասանելի է նաև ինտերնետում։ Այազ Մութալիբովը ասել է դա»։ Այնուհետև Մազալովան ասել է, որ Խոջալուի ողբերգության մասին իմացել է օպերատոր Չինգիզ Մուսթաֆաևի տեսագրություններից, որն անձամբ վավերագրել է բացառիկ կադրեր։ «Չինգիզը, որի հետ ծանոթացել էինք Կիսլովոդսկում, իր բնակարանում պատմեց ինձ, թե ինչպես էին սպանում այդ մարդկանց, կոտրում ծնկները, որպեսզի չկարողանան քայլել։ Ծնկները... մարդու մարմնի ամենացավոտ տեղն են։ Հաջորդ օրը ես պետք է հարցազրույց վերցնեի Մութալիբովից։ Ես չկարողացա չհարցնել այն մասին, ինչ տեսել էի Չինգիզի նկարահանած այդ կադրերում։ Ես պարզապես չհիշատակեցի Չինգիզի անունը, որպեսզի չվնասեմ նրան։ Բայց երկու ամիս անց Չինգիզը սպանվեց...»։ Կցանկանայի հավատալ, որ ընթերցողն ըմբռնումով կմոտենա նրան, որ այսքան մանրամասն մեջբերում կատարեցի Դանա Մազալովայի բացառիկ հարցազրույցից։

Դա արվել է մի նպատակով. ցույց տալ Էրդողան-Ալիև տանդեմի քարոզչության համակարգվածությունն ու կեղծությունը։ Եվ այն, որ հենց հիմա է Ռեջեփ Թայիփովիչը դժգոհություն հայտնում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքից՝ չամաչելով խոսել ադրբեջանական հողերն «օկուպացումից ազատելու մասին», ավելին՝ կրկնում է Ի.Ալիևի թեզը ղարաբաղյան հակամարտության միակ հնարավոր լուծման մասին՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակում», բնավ պատահական չէ։ Ի դեպ, ինչպես և պատահական չէ Նախիջևանի ուղղությամբ Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղու երկաթուղային ճյուղի շինարարության մասին համաձայնագրի ստորագրումը, էլ չեմ ասում Ադրբեջանի կողմից Թուրքիայում ժամանակակից սպառազինության խոշոր խմբաքանակի գնման մասին։ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատրաստվում է նոր պատերազմ սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։

            Կասկած չի հարուցում նաև այն, որ այդ նպատակով Թուրքիան և Ադրբեջանը ստեղծում են համապատասխան տեղեկատվական ֆոն՝ արդարացնելու համար, կրկնում եմ, իրենց կողմից ծրագրվող նոր ռազմական ագրեսիան Արցախի դեմ։ Ընդ որում՝ կասկած չի հարուցում այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմի սանձազերծումը սիրիական Իդլիբում լարվածության թեժացման պայմաններում ներկայում խիստ անհրաժեշտ է Թուրքիայի համար։ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Ռ.Էրդողանի համար կստեղծի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ քաղաքական սակարկության հավելյալ հնարավորություն։ Այո, այո, հարգելի ընթերցող։ Ես չսխալվեցի Իրանի Իսլամական Հանրապետության հետ քաղաքական սակարկության հարցում։ Չէ՞ որ բարեկամական Իրանի համար  չափազանց կարևոր է, որպեսզի Արցախի Հանրապետության շուրջ անվտանգության գոտում՝ Զանգելան-Ջեբրաիլ-Ֆիզուլի սահմանի 105 կիլոմետրանոց տեղամասում, որը ներկայում վերահսկվում է Արցախի զինված ուժերի կողմից, որևէ կերպ չհայտնվեն ՆԱՏՕ (իմա՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի) խաղաղարարները։

            Այս ֆոնին լուրջ մտահոգություն են առաջացնում 2020թ. ապրիլ-մայիսին Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ «Եվրոպայի պաշտպաններ 2020» («Defender Europe 2020») մասշտաբային զորավարժությունները։ Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», մանևրներին կմասնակցի 20 հազար ամերիկացի զինծառայող, ինչն ամերիկյան զորակազմի ամենամեծ ներկայությունը կլինի Եվրոպայում վերջին 25 տարիներին։ Զորավարժություններին կմասնակցեն նաև Եվրոպայում արդեն տեղակայված 9000 ամերիկացի զինծառայողներ և 8000 զինծառայողներ ՆԱՏՕ երկրներից։ ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը հայտարարում է, որ զորավարժությունները ուղղված կլինեն «դաշինքի ռազմական պատրաստության բարձրացմանը և պոտենցիալ հակառակորդների զսպմանը»։ Հարգելի ընթերցողներին հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերի 18-ին Սպիտակ տունը պաշտոնապես տարածեց ԱՄՆ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը (ԱՄՆ ԱԱՌ)։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը անհրաժեշտ է համարել ընդունել սեփական ԱԱՌ (նախորդն ընդունվել էր Բարաք Օբամայի վարչակազմի կողմից 2015թ. փետրվարին)։ Եվ ահա, գլխավոր մարտահրավեր-սպառնալիքների մեջ նշվում են «Չինաստան և Ռուսաստան ռևիզիոնիստական տերությունները»։ «Ռևիզիոնիզմ» ասելով այն կազմողները հասկանում են Չինաստանի և Ռուսաստանի սկզբունքային հրաժարումը միաբևեռ աշխարհից։ ԱՄՆ ԱԱՌ-ում «իզգոյ-պետություններ» են նշված Իրանը և Հյուսիսային Կորեան։ Նշենք նաև, որ 2019թ. հունվարի 19-ին հրապարակվեց Ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը (ԱՊՌ) (National Defense Strategy, NDS), ընդ որում՝ նշենք, որ հրապարակվեց միայն Պենտագոնի այդ հայեցակարգային փաստաթղթի ոչ գաղտնի համառոտ տեսությունը։ Այսպես, անդրադառնալով իբր Ռուսաստանից բխող սպառնալիքներին՝ կարդում ենք, որ, պարզվում է, Մոսկվան ձգտում է իշխանության հասնել իր ծայրամասի երկրների հանդեպ, փորձում է քանդել ՆԱՏՕ-ն, վատացնել եվրոպական անվտանգության պայմանները, խարխլել Եվրոպայի տնտեսական կառույցը, փոխել իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ հօգուտ իրեն։ Այս փաստաթղթում Կրեմլը մեղադրվում է «համակարգի ներսից միջազգային կարգը խափանելու» և «ճանապարհային քարտեզներին» չհետևելու մեջ՝ իր ռազմական քաղաքականությունն իրականացնելիս։ Այս ամենը, ինչպես նշվում է ԱՊՌ-ում, մարտահրավերներ են ԱՄՆ «ռազմական արժանապատվությանը»։ Առաջ այդպես չէր, դժգոհում են Պենտագոնի ստրատեգները. «Մենք կարող էինք տեղակայել մեր ուժերը, երբ ցանկանայինք, հավաքել նրանց այնտեղ, որտեղ ցանկանայինք, և գործել ինչպես ցանկանայինք»։ Եվ, ինչպես գրված է ԱՊՌ-ում, «այսօր յուրաքանչյուր ոլորտ վիճարկվում է՝ օդ, ցամաք, ծով, տիեզերք և կիբեռտարածք»։

            ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի ընկալման և ՆԱՏՕ «Եվրոպայի պաշտպան 2020» զորավարժությունների առջև դրված նպատակների այսքան հանգամանալից պարզաբանումից հետո նշենք, որ ս.թ. փետրվարի 27-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլու և Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համատեղ ճեպազրույցի ընթացքում վրացի նախարարն ասաց. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ հայ զինծառայողները կմասնակցեն ՆԱՏՕ Defender Europe 2020 բազմազգ զորավարժություններին, որոնք տեղի կունենան Վրաստանում։ Հույս ունեմ, որ հայկական կողմը կշարունակի ակտիվ մասնակցությունը նման զորավարժություններին»։ Նշենք նաև, որ 2020թ. փետրվարի 27-ին ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ֆրանսիացի պաշտոնակցի՝ Ֆրանսուա Լեկուենտրի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ռուսաստանը անհանգիստ է իր սահմանների մոտ ՆԱՏՕ ակտիվությամբ. «Կան մի շարք հարցեր, որոնք լուրջ մտահոգություն են առաջացնում։ Առաջին հերթին դա ՆԱՏՕ ռազմական ակտիվության ուժեղացումն է ռուսական սահմանների մոտ։ Առաջիկայում ծրագրվող զորավարժությունները տեղի կունենան հակառուսական սցենարների հիման վրա, որոնք նախատեսում են հարձակողական գործողությունների փորձարկում»։ Ինչո՞վ է առաջնորդվել ՀՀ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը՝ հավանություն տալով Վրաստանի հրավերին՝ մասնակցելու ՆԱՏՕ այդ հակառուսական զորավարժություններին (չէ՞ որ ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ ճեպազրույցում չի ժխտել համաձայնությունը՝ այդ զորավարժություններին ՀՀ ԶՈւ մասնակցելու մասին)՝ անհասկանալի է։ Թեև, հանձին Նիկոլ Վովաևիչի տիեզերական մասշտաբի ստրատեգ ունենալով՝ մեզ համար դժվար է գլխի ընկնել Ն.Փաշինյանին դրդող մոտիվների մասին՝ նման, մեղմ ասած, ոչ բարեկամական որոշում ընդունելիս ՀՀ գլխավոր ռազմաքաղաքական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հանդեպ։ Բայց անվիճելի է փաստը, որ այսքան բարդ ռազմաքաղաքական իրադրությունում, որն ստեղծվել է Սիրիայում և Հարավային Կովկասի տարածաշրջանում, ՆԱՏՕ «Եվրոպայի պաշտպան 2020» զորավարժություններին ՀՀ զինվորական ստորաբաժանումների մասնակցության մասին որոշումը, արտահայտվելով Օրենսդրական հանձնաժողովի նախագահ Բուլե դը լա Մյորտի խոսքերով, որը մշակել է Նապոլեոնի հանրահայտ Քաղաքացիական օրենսգիրքը, դա ավելին է, քան հանցագործությունը. դա սխալ է։

            Հոդվածի վերջում կցանկանայի ընդգծել հետևյալը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տարված լինելով նեոօսմանիզմի գաղափարաբանությամբ, հիմնային տեսական գիտելիքներ չունենալով այդ վտանգավոր իդեոլոգեմի հարցում, որով նա այժմ առաջնորդվում է, որոնք ուներ ժամանակակից նեոօսմանիզմի գլխավոր գաղափարախոսներից մեկը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար, նախկին վարչապետ (2014-2016թթ.) Ահմեթ Դավութօղլուն, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջանները տանում է դեպի լայնածավալ պատերազմ։ Ցավոք, ս.թ. փետրվարի 28-ի ՆԱՏՕ արտահերթ նիստը, որը գումարել էր Անկարան սիրիական Իդլիբի վերաբերյալ խորհրդակցությունների համար, բնավ չնպաստեց Իդլիբում լարվածության մեղմմանը, ընդհակառակը, սրեց իրավիճակը տարածաշրջանում։ Լարվածության կտրուկ խորացումը Սիրիական Արաբական Հանրապետությունում թշնամական կողմերի հաշտեցման Ռուսաստանյան կենտրոնի ղեկավար, դերծովակալ Օլեգ Ժուրավլյովին մղել է հայտարարելու. «Այս պայմաններում ռուսաստանյան զորախմբերի հրամանատարությունը չի կարող երաշխավորել թուրքական ավիացիայի անվտանգությունը Սիրիայի երկնքում»։ Սակայն Օսմանյան կայսրության սուլթանների հարյուրամյակներ վարած խորամանկ և նենգ քաղաքականությանը հավատարիմ մնացած Թուրքիայից պետք է սպասել, որ կհրահրի Ադրբեջանին նոր ռազմական ագրեսիա սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։ Չպետք է բացառել, որ ադրբեջանական կողմից կարող են լինել հնարավոր լուրջ դիվերսիոն սողոսկումներ հայ-ադրբեջանական սահմանին, որը պահպանվում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության սահմանապահ ջոկատների կողմից։ Համոզված եմ, որ թուրք-ադրբեջանական բազեների մշակած այս բոլոր տարբերակները հաստատ անսպասելի չեն լինի Ռուսաստանի ԱԴԾ ամենայն հարգանքի արժանի գեներալների և սպաների, ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության ղեկավարների համար, որոնք հուսալիորեն պաշտպանում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անձեռնմխելիությունը, ընդ որում՝ անկախ այսօրվա Հայաստանի իշխանավորների հապճեպ ընդունած որոշումներից։ Համոզված եմ նաև, որ թուրք-ադրբեջանական տաքգլուխ ստրատեգների համար բավական սթափեցնող ազդեցություն կունենա նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը։

Այս տագնապալի օրերին կրկին կցանկանայի ընդգծել. Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անվտանգությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանում փխրուն խաղաղության պահպանումը մեր օրերի նորահայտ սուլթան Սուլեյման Հիասքանչի (Կանունի), այսինքն՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արկածախնդրական քաղաքականությունից շատ բանով կախված կլինի Մեծ Ռուսաստանի, նրա ականավոր առաջնորդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի  ընդունած որոշումներից։ Այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի, Վրաստանի և Ադրբեջանի անվտանգությունը նույնպես կապահովվի Ռուսաստանի ջանքերով։ Եվ ցանկանում եմ վստահություն հայտնել, որ Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Հաքը Ջաշինի պատմության չիմացությունը և այլ բարեհիմարությունները այն մասին, թե. «Անցյալում մենք մարտնչել ենք Ռուսաստանի դեմ 16 անգամ, մենք դա նորից կանենք, մեր վրեժն ահավոր կլինի», ակնհայտորեն դրդում են Թուրքիային պատերազմի, որը կվերածվի աղետի այդ երկրի համար։ Կրկնում եմ, եթե Էրդողանը պատերազմ սանձազերծի Ռուսաստանի դեմ, աղետը Թուրքիայի համար անխուսափելի կլինի։ Բայց դա չի լինի Ռուսաստանի ընտրությունը։

Հ.Գ. Մոսկվայի ժամանակով ժամը 16.57-ին չափավոր ռուսատյաց ոչ անհայտ Minval. az պարբերականը հրապարակել է մեկնաբան Թոֆիգա խանումի, նույն ինքը՝ Նուրանիի հոդվածը՝ «Թուրքիան սկսում է իրականացնել իր «ղարաբաղյան ռազմավարությունը» վերնագրով։ Հոդվածում տրվում է Էրդողան փաշայի նեոօսմանյան նկրտումների հաստատումը։ Մեջբերեմ միայն ոչ մեծ հատվածներ այդ հոդվածից։ Անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերոնշյալ հանդիպմանը՝ Թոֆիգա խանումը գրում է. «Այդ հանդիպումը նշանակում է լուրջ «տեղաշարժ» ներկայում դանդաղ ընթացող բանակցային գործընթացում... Բայց այժմ տեղի է ունենում որակական տեղաշարժ արդեն դիվանագիտությունում։ Թուրքիան պարզապես իր շահը չի նշում Ղարաբաղում, Թուրքիան հռչակում է իր դիվանագիտական մասնակցությունը կարգավորմանն արդեն սկզբունքորեն նոր մակարդակում։ Եվ եթե այժմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները  և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը գալիս են Թուրքիա և այստեղ վարում են բանակցություններ Չավուշօղլուի հետ, դա պարզապես դիվանագիտական քաղաքավարություն չէ։ Ակնհայտ է, որ Թուրքիայի ներգրավվածությունը ղարաբաղյան թեմատիկայում, նրա քաղաքական «կշիռը» և դերը տարածաշրջանում այնքան են աճել, որ Մինսկի խումբը արդեն չի կարող դա անտեսել։ Ասել, թե «թուրքական նոտան» ղարաբաղյան դիվանագիտությունում փոխում է ուժերի հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի, նշանակում է ոչինչ չասել»։

Ի՛նչ ասենք Թոֆիգա խանումին։ Դա երբեք չեք տեսնի։                          

  

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ