Հույս ունեմ` բանավեճն ավելի կխորանա. Գեղամյանը` Քոչարյան-Սարգսյան վեճի մասին

13.04.2013, Yerkir.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ոչ միայն ողջունում է Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճը, այլ նաև հույս ունի, որ այդ բանավեճը գնալով ավելի կխորանա: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի երկրորդ հարցազրույցը, որում նա անդրադարձել է մի քանի խնդիրների, մասնավորապես` գազային պայմանագրերին եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Երկու մտերիմ զինակիցների բանավեճ է: Հույս ունեմ` նրանց միջև տնտեսագիտական բանավեճն ավելի կխորանա, որը կբացառի զգացմունքայնությունը: Շատ օգտակար եմ համարում այդ բանավեճը: Դա իրենց ներքին հարցն է, դա երկու մտերիմ զինակիցների ներքին հարցն է, ներքին վեճը, և երրորդ մարդու մեկնաբանությունը զինակիցների, մտերիմների բանավեճին ճիշտ չեմ համարում: Իրենք շատ լավ հարաբերություններ ունեն, ընդհուպ` առաջարկ է եղել Ռոբերտ Քոչարյանի անունը ոսկե տառերով հիշատակել պատմության մեջ»,- ասաց Արտաշես Գեղամյանը:

Մեր այն դիտարկմանը, որ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, չի բացառել մեծ քաղաքականություն վերադառնալու` իր մտադրությունը, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Իսկ ինչի՞ չպետք է վերադառնա: Երիտասարդ է, մարզավիճակը լավ է, չի մոռացել որոշակի տնտեսագիտական վերլուծություններ...»:

Պատգամավորը համարում է, որ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճն իրենից ներկայացնում է ոչ թե փոխադարձ մեղադրանքներ, այլ  մասնագիտական դաշտում արված երկուստեք փաստարկներ: