Ուրախ եմ, որ Գալուստ Գրիգորիչը խորությամբ ուսումնասիրել է իմ խասյաթը. Արտաշես Գեղամյան

30.10.2012, Yerkir.am

Գալուստ Սահակյանն իր վերջին ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը եւ Խոսրով Հարությունյանն ավելի շատ քննադատում, քան ՀՀԿ-ականները, հայտարարել էր, որ դա նրանց «խասյաթն է», որ նրանք նոր են իշխանության մեջ, դեռ չեն ձերբազատվել այդ «խասյաթից»:

«Գալուստ Գրիգորիչի հետ մենք հին բարեկամներ ենք, եւ ես շատ ուրախ եմ, որ նա խորությամբ ուսումնասիրել է իմ խասյաթը եւ, ուսումնասիրելով բնավարությունս, էլ ավելի է մտերմացել ու բարեկամացել ինձ հետ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

Հարցին, թե ընդունո՞ւմ է, որ քննադատելն, իրոք, իր բնավորության գիծն է, Գեղամյանը պատասխանեց, որ եզրակացությունները թողնում է մեզ, եւ որ մեր եզրակացությունը մերժող հարյուր եզրակացություն ապրելու իրավունք ունի:

Երբ Գեղամյանի հետ փորձեցինք խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, նա ակնհայտորեն բորբոքվեց եւ հետաքրքրվեց` մեր սիրտը շա՞տ է ցավում Քոչարյանի համար: Դիտարկմանը, թե անգամ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է ընդունում, որ երկրորդ նախագահի ժամանակ տնտեսական աճ ենք արձանագրել, Գեղամյանն արձագանքեց. «Դա Գալուստ Սահակյանի տեսակետն է, սա՝ իմը, պլյուրալիզմ կա, Դուք ուզում եք չլինի՞ այդ պլյուրալիզմը»: