ՀԱԿ-ԲՀԿ համախմբումը մեծ ծառայություն կլինի Սերժ Սարգսյանին. Արտաշես Գեղամյան

24.10.2012, Lurer.com

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեավար Լևոն Զուրաբյանը վերջերս հայտարարել էր, որ ՀԱԿ-ԲՀԿ համախմբումը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ Սերժ Սարգսյանի համար։

Լուրեր.com–ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի հետ, ով հնարավոր համախմբման մասին ասաց.

«Ես կասեմ, որ պետք է մենք ձեզ հետ միասին մտածենք, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համախմբումից հետո իրենք համախմբվեն Հանրապետական կուսակցության հետ և միասնաբար կազմեն այն բռունցքը, որը կկարողանա միասնաբար դիմագրավել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած շատ լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերների։ Այնպես, որ իրենց համախմբումը պետք է դիտարկել որպես առաջին քայլ ավելի լուրջ համախմբման ճանապարհին։ Ես նկատի ունեմ լայն կոալիցիայի ստեղծումը, բնականաբար, Հանրապետական կուսակցության գլխավորությամբ»։

Լրագրողի այն հարցին, թե, այնուամենայնիվ, ՀԱԿ-ԲՀԿ համախմբումը կարո՞ղ է լուրջ մարտահրավեր դառնալ Սերժ Սարգսյանի համար, Գեղամյանն ասաց. «Իմ կարծիքով դա միայն ու միայն կօգնի Սերժ Սարգսյանին։ Դա մեծ ծառայություն կլինի գործող նախագահին։ Շատ լուրջ օգնություն կլինի, որովհետև շատ կհեշտացնի Սերժ Սարգսյանի հետագա պայքարը»։

Լրագրողի այն հարցին, թե ինչ առումով ծառայությւոն կլինի, կամ ինչպես կօգնի Սարգսյանին, Գեղամյանն ասաց. «Դա կասեմ, երբ կհամախմբվեն»։