Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու նախաձեռնության ընթացքը կախված է ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-ԵՄ հարաբերություններից. Գեղամյան

11.02.2016, Panorama.am

«Մոսկվայի պայմանագիրը չեղյալ համարելու ՌԴ պետդումայի պատգամավորների նախաձեռնության հետագա ընթացքը կախված է նրանից, թե ինչ զարգացում կունենան ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-ԵՄ հարաբերությունները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

«Ես չհիշատակեցի Թուրքիային, քանի որ այդ երկիրն ուզում է Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ներքաշել ՆԱՏՕ-ին, բայց, կարծես թե, Թուրքիայի այդ դիրքորոշումը միարժեքորեն չի ընկալվում»,-  նշեց նա:

Ա.Գեղամյանի խոսքով, ռուս պատգամավորների նախաձեռնությունը ողջունելի է, պետք է հետևողականություն դրսևորվի: Միաժամանակ նշեց, որ Հայաստանը չպետք է ժամանակից շուտ ոգևորվի, և երբ Դուման իր պաշտոնական դիրքորոշումը կայացնի, Հայաստանն էլ կտա իր գնահատականը:

Նշենք, որ Պետդումայի կոմունիստ երկու պատգամավորներ դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին` առաջարկելով չեղյալ հայտարարել 1921 թ. Թուրքիայի հետ կնքված  Մոսկվայի պայմանագիրը: Սերգեյ Օբուխովն և Վալերի Ռաշկինը նշել են, որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է ի վնաս Ռուսաստանի շահերի: «Անկարան պետք է հասկանա, թե հակամարտության սրումը ինչի կարող է վերածվել: Միայն սա կարող է սթափեցնել նրան և հետ պահել նոր սադրանքներից»,-ասել է Օբուխովը: