«ՊԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ, ՄԻ՛ ԽԱՌՆԵՔ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ, ԹՈՂԵՔ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՏԵՆ»

02.03.2012, Իրատես դե ֆակտո

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ


-Քաղաքական դաշտի Ձեր գնահատականը, Ձեր կարծիքով` ինտրիգը հիմա իշխանությա՞ն ներսում է, թե՞ ընդդիմության:
-Երբ ուշադիր ընթերցում եմ տեղական մամուլի հրապարակումները, տեսնում եմ, որ քաղաքական գրեթե բոլոր ուժերը արհեստական, անպտուղ ու անհեռանկար քննարկումներով, ասես, իրենց մութ անկյուն են խցկել: Եվ այդտեղ խնդրո առարկա են դարձրել ոչ թե երկրի առաջ ծառացած արտաքին և դրանցից բխող ներքին խնդիրների լուծման որոնումները, այլ առաջնային են համարում այս պահի համար ոչ արդիական հարցերի շուրջ քննարկումները: Եթե դիտարկենք, թե ներկայում ինչ խնդիրներ են ծառացած աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում Հարավկովկասյան տարածաշրջանում, ինչ աղետալի հետևանքներ կարող են դրանք ունենալ, հատկապես մեր հարևան երկրների` Իրանի, Սիրիայի շուրջ ծավալվող զարգացումների արդյունքում (ինչպես ծրագրել են համաշխարհային ուժի կենտրոնները), ապա այսօրվա քաղաքական օրակարգում պահանջված կլինեն միանգամայն այլ բնույթի հարցեր: Չէ որ չի բացառվում, որ հարյուր-հազարավոր հայազգի փախստականներ կունենանք ԻԻՀ-ից, Սիրիայից, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողությունները սաստկանան Սիրիայում կամ ռմբակոծվի Իրանը: Նման անբարենպաստ զարգացումների ընթացքում մենք պետք է պատրաստ լինենք, որ հնարավոր է փորձ կատարվի արհեստական պատճառներ շահարկելով` Հայաստանի հյուսիսային սահմանները Վրաստանի հետ ընդհանրապես փակվեն: Գաղտնիք չէ, որ Հայաստան-Իրան հարաբերությունները բարիդրացիական են, և սպասելի է, որ համաշխարհային ուժի կենտրոններում մտածեն` Իրանին վերջնականապես մեկուսացնելու նպատակով դրդեն Վրաստանին փակելու հայ-վրացական սահմանը, թեկուզ և հերթական պայթյունը կազմակերպելով Վրաստանի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող կամուրջներից մեկի վրա: Նման իրավիճակի ականատեսը դարձանք 2008 թ. օգոստոսին, երբ Վրաստանում պայթեցվել էր կամուրջ, որի վրայով իրականացվում էին հիմնական բեռնափոխադրումները Վրաստան-Հայաստան-Վրաստան ճանապարհով: Սահմանը փակելու մտացածին պատճառների շարքից կարող է լինել նաև այն, որ Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ տարածքում գտնվող 102-րդ ռազմաբազային զինամթերք կարող է ուղարկել հայկական բեռների անվան տակ, որը հետագայում միջազգային հանրությանը կմատուցվի այնպես, թե դա կարող է օգտագործվել Իրանին զինամթերքով ապահովելու նպատակով, և որպես փաստարկ կբերեն այն իրողությունը, որ Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վերջերս կրկին արգելակել էին Իրանի դեմ առաջարկվող պատժամիջոցները: Եվ այդ պարագայում հայ-վրացական սահմանի բացման պայման կարող է դնեն Իրանի հետ Հայաստանի Հանրապետության բարիդրացիական հարաբերությունների սառեցման խնդիրը, դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով: Այդ դեպքում Հայաստանը, անտարակույս, լուրջ մարտահրավերների առաջ կկանգնի: Հիմա ես եմ Ձեզ հանդիպակաց հարց տալիս: Գեթ մեկ կուսակցություն այդ հարցերը թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտում քննարկե՞լ է, լրատվամիջոցներն այդ հարցերին անդրադարձե՞լ են: Մեր քաղաքական ընտրանու գոնե առաջադեմ հատվածը, ՀՀԿ-ի գլխավորությամբ, կարծում եմ, հիմա պետք է օրակարգային  մեկ հարց քննարկի, այն է` Հայաստանի Հանրապետության բոլոր կուսակցություններին կոնսոլիդացնել հնարավոր մարտահրավերներին միասնական ճակատով դիմակայելու համար: Դրա օրինակը տալիս է ՀՀ նախագահը, հենց դրան էր ուղղված ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ սկիզբ առած կոալիցիա-ընդդիմություն երկխոսությունը: Երկրի գերագույն գլխավոր հրամանատարը հասկանում է, գիտի այդ վտանգները, որոնք հրամայական են դարձնում ներազգային համերաշխության հաստատումը, սակայն քաղաքական ընտրանին միշտ չէ, որ նրան օգնում է, փոխարենը հիմնականում զբաղված է մտավարժանքներ անելով, ըստ որում, այն հարցերի շուրջ, որոնք համարժեք չեն երկրի առաջ ծառացած խնդիրներին:
-Այդ «մտավարժանքներից» կախված է երկրի ապագան` նախ խորհրդարանական, ապա նախագահական ընտրությունների նախապատրաստման տեսքով:
-Ես չեմ ուզում իմ դերակատարությունը գերագնահատել, ես հնարավորություն ունեմ թերթերի էջերում, հեռուստաէկրանից այդ մտահոգությունների մասին ասելու: Համոզված եմ, որ երկրի իշխանությունները ևս այդ հարցերը օրակարգային են համարում, բայց հասկանալի պատճառներով ձեռնպահ են մնում այդ խնդիրները բարձրաձայնելուց: Եվ այս հարցում, կարծում եմ, շատ հեռատեսորեն են վարվում: Անգամ իրարամերժ արտաքին քաղաքական ուղղվածություն որդեգրած պետությունների հետ Հայաստանն այսօր ունի բարիդրացիական հարաբերություններ, և դա բխում է ՀՀ նախագահի քաղաքական հեռատեսությունից: Մեր երկիրը լուրջ գործընկերային, ռազմավարական հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, բարեկամական հարաբերություններ` Վրաստանի, ԻԻՀ-ի հետ: Այս համապատկերում, երբ թուրքերն էլ ադրբեջանցիների անմիջական ճնշմամբ ու թելադրանքով չվավերացրին հայ-թուրքական ցյուրիխյան հայտնի արձանագրությունները, աշխարհին ցույց տվեցին, որ ապակառուցողական ուժը տարածաշրջանում Թուրքիան է, ոչ թե Հայաստանը, ինչի մասին բարբաջում էր նրանց քարոզչամեքենան: Այս փաստերը վկայում են, որ առաջընթաց կա Հայաստանի վարած արտաքին քաղաքականության ոլորտում, որ մեր երկիրն ընկալվում է որպես կառուցողական երկիր, ինչը դրական է ազդում Հայաստանի իմիջի ձևավորման գործում: Այս ամենը, ցավոք, չի ամրապնդվում երկրի ներսում քաղաքական դասի գործունեությամբ: Կարծում եմ, առաջիկա երեք ամիսներին` ԱԺ ընտրությունների շեմին, մենք պարտավոր ենք շեշտադրումները փոխել և մեր ներքին քաղաքականությունը կառուցել առկա վտանգների դիտարկումով, որ չստացվի` մեր չմտածված ներքին քաղաքական պայքարի արդյունքում հնարավորություն ենք տալիս դրսի հայտնի ուժերին միջամտելու մեր երկրի ներքին գործերին:

-Ովքե՞ր են այդ ուժերը:
-Առաջին հերթին թուրք-ադրբեջանական շահերը լոբբինգ անող ուժերը, որոնք ուշի ուշով հետևում են հայաստանյան իրադարձություններին: Պետք չէ նրանց ուրախանալու առիթ տալ, թե քաղաքական ընտրանին անպտուղ պայքարի մեջ է մտել մեկը մյուսի դեմ և այս շատ պատասխանատու ժամանակաշրջանում քննարկման հիմնական առարկա է դարձրել 100-տոկոսանոց համամասնակա՞ն, թե՞ համամասնական-մեծամասնական խառը ընտրակարգով Ազգային ժողովի ընտրություններին գնալը, անտեսելով երկրի առաջ ծառացած մարտահրավերները: Ես չեմ կարծում, որ եթե 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգով չլինի ընտրությունը, ընտրվելիք Ազգային ժողովը լեգիտիմ չի լինի, ինչպես կարծում են այդ գաղափարի կողմնակիցները: Եթե վաղը հայտնի ուժերի թեթև հուշումով մամուլով հրապարակ ենք նետում, որ ԱԺ-ի ընտրությունները եղել են ոչ լեգիտիմ, ուստի օրենսդիր մարմինը լեգիտիմ չէ, բնականաբար, դրսի ուժերը փորձ կկատարեն հետագայում նախագահական ընտրություններն էլ ճանաչել ոչ լեգիտիմ, անգամ եթե դրանք անցկացվեն եվրոպական ամենաբարձր չափանիշներով:
-Ինչո՞ւ եք այդպես կարծում:
-Ավաղ, թուրք-ադրբեջանական շահերի լոբբինգ անող ուժերը թույլ չեն, և նրանք, անշուշտ, կրկնում եմ, փորձ կկատարեն ամեն կերպ թուլացնելու մեր պետականությունը: Եվ դա կփորձեն անել այն պարզ պատճառով, որ ոչ լեգիտիմ իշխանությանը հեշտությամբ հնարավոր է ծնկի բերել: Այս վտանգներն  անտեսելը ոչ այլ ինչ է, քան ազգային շահերի անտեսում:
-Կուսակցությունները ուզում են, որ ոչ լեգիտի՞մ լինի իշխանությունը:
-Մարտի 1-ից հետո գործող նախագահ Սերժ Սարգսյանը, շատ ծանր ժառանգություն ստացավ, որովհետև մարդկանց նյարդերը շիկացած էին 10 զոհերի հայտնի փաստով: Այդ օրերին քաղաքական մի ճամբարում հայտնված հայը մյուս ճամբարում գտնվող իր հայրենակցին համարում էր իր թշնամին: Հաջորդ տարիներին հաջողվեց թշնամական կարծրատիպը կոտրել, անհանդուրժողականության պատը քանդվեց երկու կողմից` թե՛ իշխանության, թե՛ արմատական ընդդիմության: Ավելին` իշխանությունն ու արմատական ընդդիմությունը մի սեղանի շուրջ նստեցին` հին քաղաքակրթություն ունեցող երկրին պատշաճ դասական ընտրանուն վայել բանակցություններ վարելու: Մենք այդ ամենի ականատեսը դարձանք, սակայն դա ոչ բոլորին դուր եկավ։
-ՈՒմ դուր եկավ, ում դուր չեկավ, հարցի մի կողմն է, սովորաբար գործի մասին դատում են արդյունքով` ո՞րն էր բանակցությունների արդյունքը:
-Ոչ միայն դուր չեկավ, այլև սկսեցին արհեստականորեն կուսակցություններին միմյանց դեմ լարել, հնարավորն անել, որ կրկին անվստահության, թշնամանքի մթնոլորտ ստեղծվի: Բանը հասավ այնտեղ, որ ովքեր սատարում են ՀՀ նախագահին, հայտնի էլեկտրոնային էջերում դավաճան բնութագրվեցին: Ընդ որում, դատավորի թիկնոց հագան ճիշտ այն ուժերը, ում կաշին փրկել է, մասնավորապես, «Ազգային միաբանություն» կուսակցությունը 2008 թ. մարտի 2-ին իր արտահերթ նիստում ընդունած հստակ որոշումով: Այդ բախտորոշ օրերին մենք հրապարակավ ասացինք, որ ողբում ենք 10 զոհերին, բայց արտակարգ դրություն հայտարարելը միակ ճանապարհն էր, որ զերծ պահեց մեր ժողովրդին շատ ավելի մեծ զոհերից: Երկրի այն ժամանակվա ղեկավարի ներկայիս գրչակները, այդ մարդու հոգևոր ժառանգները (եթե հոգևորը որպես հեգնանք չի հնչի), այսօր ուզում են ապակայունացնել իրավիճակը երկրում, ժողովրդի մեջ թերահավատության մթնոլորտ ստեղծել իշխանության և, որ պակաս վտանգավոր չէ, բոլոր կուսակցությունների հանդեպ, որ մեր հայրենակիցներն այլևս որևէ քաղաքական ուժի չհավատան, ապակողմնորոշված և իշխանությունից օտարված լինեն: Մեր երկրի շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում նման զարգացումները հղի են լուրջ հետևանքներով, ուստի հարկադրված ենք բարձրաձայն ասելու. պարոն Քոչարյան, մի՛ խառնեք պետականության նավի հրամանատարական անձնակազմը, թողեք գործող իշխանություններն աշխատեն: Մի՛ փորձեք ձեր հովանավորած կայքէջում անվերջ գովաբանել ԲՀԿ-ն և անվանարկել երկրի վարչապետին, ընդդիմադիր այն գործիչներին, ովքեր, չդավաճանելով իրենց սկզբունքային գծին, մարդկայնորեն ընդունում և հարգում են երկրի գործող նախագահին: Հասկանում ենք, Ձեր հաշվարկը որքան պարզունակ, այնքան էլ անհեռանկար է: Մասնավորապես, անվանարկելով ԱՄ-ն ու նրա ղեկավարին, պարոն Քոչարյանը գիտի, որ ես անպայման կպատասխանեմ: Բայց միամտորեն կարծում է, որ պատասխանելու եմ ԲՀԿ-ին, այլ ոչ իրեն: Եթե մինչև այժմ լռել եմ, չի նշանակում ասելիք չունեմ: Դա նշանակում է, որ սեփական անձի ու մեր կուսակցության պատասխանատվությունն եմ զգում այս վտանգավոր ժամանակներում, այդ պատճառով չեմ անդրադառնում նրա նախագահության տարիներին կատարված բազում կոռուպցիոն ռիսկեր ներառող գործարքներին: Պարզապես դեռ դրա ժամանակը չէ: Մինչդեռ հասկանում եմ, որ ամիսներ անց լրջմիտ քաղաքական գործիչներ կարող են ինձ քննադատել` լավ, պարոն Գեղամյան, ոմանք տգետ էին, խառնում, սասանում էին պետականությունը, անվանարկելով գրեթե բոլորին, բացառությամբ պարոն Քոչարյանի մտերիմների, արդյո՞ք պետք չէր ի սկզբանե փաստերով լռեցնել այդ ապակառուցողական լրատվամիջոցներին, պարզապես ասելով, որ դրանց նպատակը մեկն է` պղտոր ջրում ձուկ որսալը: Արդյո՞ք դուք, գիտենալով դրանց գործունեության վտանգավոր հետևանքները, ճիշտ էիք վարվում, որ լռում, չէիք ահազանգում: Ըստ իս, ստեղծված իրավիճակում ՀՀ քաղաքական դասը մեկ խնդիր ունի` բոլոր ուժերը կոնսոլիդացնել Սերժ Սարգսյանի շուրջ: Դա ամենևին չի նշանակում իշխանության վարած, դիցուք, տնտեսական քաղաքականությունը հալած յուղի տեղ ընդունել, աչք կոծկել այն անարդարությունների նկատմամբ, որ, ավաղ, արմատախիլ չեն եղել դեռևս:
-ՀՀ երկրորդ նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն իբրև վարչապետ Դուք բացառո՞ւմ եք:
-Եթե խնդիր ենք դրել վերականգնելու գծուծ թշնամանքի, ատելության, բանսարկության մթնոլորտը, որի ականատեսն էինք Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին։
-Խնդիրը մենք չենք դնում, խնդիրն ինքն է դնում:
-Եթե կարծում է, որ իրեն կհաջողվի հասնել այդ նպատակին, թշնամացնելով ԲՀԿ-ին ՀՀԿ-ի հետ, խարխլելով երկրի կայունությունը և որպես փոխզիջումային տարբերակ դառնալ երկրի վարչապետ, չարաչար սխալվում է: Այդքան անհագ, անկուշտ լինել չի կարելի: Այն պահից, երբ արմատական ընդդիմությունը ստորագրահավաք սկսեց պարոն Քոչարյանին Հաագայի միջազգային տրիբունալով դատելու, ես դադարեցի նրան քննադատելուց, որովհետև մեր ազգին հարիր չեմ համարում, երբ օտարազգի որևէ մարմին իմ երկրի, ժամանակին թեկուզ չընտրված, նախագահին դատի: Դրա հետ մեկտեղ, այն քաղաքական ուժին, որը հանկարծ հայտարարի, թե սատարելու է Ռոբերտ Քոչարյանին, լինի ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն կամ այլ կուսակցություն, կհարցնենք` սատարելով պարոն Քոչարյանին, պարտավորվո՞ւմ են, որ կբացահայտվեն սեփականաշնորհման հանցավոր դրսևորումները, որոնք տեղի են ունեցել նրա նախագահության տարիներին, երբ, օրինակ, Հայաստանի պետական էլեկտրացանցերը սեփականաշնորհվեցին շուկայականից շատ ավելի էժան գներով օֆշորային գոտում գրանցված «Midland Resources» կազմակերպության կողմից: ՈՒշագրավ է, որ Հայաստանի «Էլեկտրացանցերը» գնահատվել է 40 միլիոն դոլար, բայց հայտարարվեց, թե մասնավորեցնողը փոխհատուցելու է էլեկտրացանցերի նախկինում կուտակված 25 մլն դոլարի չափով պարտավորությունները, և «Midland Resources»-ը վճարեց 12 մլն դոլար: Հետագայում պարզվեց, որ այդ կազմակերպությունը օֆշորային ընկերություն է և ընդամենը 1 տարի էր, ինչ գրանցված էր բրիտանական Ջերսի կղզում: Երեք տարի անց «Էլեկտրացանցերը» վերավաճառվեց ՌԱՕ  ԵԷՍ-ի դուստր ձեռնարկությանը 80 մլն դոլարով: Սա է այս գործարքի ամենամութ կետը: Դեռ ավելին` այդ 3 տարիներին ընկերությունը շահույթ է ստացել ոչ մի լումա չծախսելու պայմաններում: Փոքր Հայաստանում կորզված մի քանի տասնյակ միլիոնը մեծ գումար է: Եթե հայտնվեն քաղաքական կամիկաձեներ և հանկարծ որոշեն, որ իմ բերած այս օրինակով չի կարելի ընդհանրացումներ անել, կհարցնենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականաշնորհման մանրամասների մասին: Ցավոք, կոռուպցիոն ռիսկեր պարունակող նմանատիպ գործարքների շարքը շատ երկար է և կարելի է շարունակել ու շարունակել։ Կոռուպցիոն այս շղթան հնարավոր չէր իրականացնել, եթե երկրի բարձրագույն իշխանությունները ՀՀ նախագահի գլխավորությամբ աչքերը չգոցեին: Ես Ռոբերտ Քոչարյանին մի առիթով խորհուրդ եմ տվել` Աֆրիկայում` Քենիայում, Տանզանիայում, օրինակ, Սերենգետիի արգելոցում որսաշրջանը սկսվել է և 6 ամիս էլ շարունակվելու է, թող գնա կամաց-կամաց որս անի, այլ ոչ թե իր կողմից հովանավորվող կայքէջում ծաղրանկարչությամբ զբաղվի: ՈՒրիշ հարց, եթե նա որոշել է մոռացությունից դուրս գալ, մասնավորապես, ինձ քողարկված իր գովքն անող հայտնի կայքէջում, այն էլ անճաշակ ծաղրանկարների հերոս դարձնելով, համաձայն եմ նրա ցանկությանը գնալ ընդառաջ, երբեմն-երբեմն անդրադառնալով այն խայտառակություններին, որ երկար տարիներ որպես մղձավանջ կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ:
-Ինչո՞ւ եք պարոն Քոչարյանին հայրենասիրության իրավունքից զրկում:
-Հակառակը` ես իր լավն եմ ուզում, որովհետև չեմ կարող ուրանալ այն դրականը, որ նա արել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի տարիներին, և այդ պատճառով չեմ խոսում նրա անձի հետ կապված շատ ավելի լուրջ խնդիրների մասին, որ ծագել են իր պաշտոնավարման տարիներին:
-Ձեր կարծիքով` 2012-ի մայիսին ի՞նչ քաղաքական ուժեր կունենանք խորհրդարանում:
-Ընդհանուր առմամբ` հայրենասիրությամբ տոգորված քաղաքական ուժեր:
-Քաղաքական բոլոր ուժերն էլ իրենց հայրենասեր են համարում:
-2013 թ. նախագահական ընտրություններ են, և ես ուզում եմ, որ ԱԺ-ում երկրի մարմնից, ՀՀ նախագահի մատից փուշ հանողներ լինեն, մտավոր սնունդ տվողներ: Այսօր նման մարդիկ են պահանջված իշխանությունում, միայն այդ տեսակի անհատները կարող են դյուրինացնել այն դժվարին գործը, որի ուղտը մեր դռանը չոքելու է ոչ մեր մեղքով, ոչ մեր սխալ քաղաքականության պատճառով, այլ նոր աշխարհակարգ ձևավորելու սցենարների պատճառով, որի կիզակետերից մեկում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:
-«Ազգային միաբանությունը» մասնակցելո՞ւ է ընտրություններին:
-Անշուշտ, սակայն մեր մասնակցության ձևաչափն առաջիկայում մեր քննարկումների առարկան կլինի:
-Համագումա՞ր եք հրավիրելու:
-Խնդիրը համագումարը չէ, այլ երկրին մեր թիմի պիտանիության առավելագույն սանդղակը: Հնարավոր է, որ «ԱՄ»-ի շարքերում ընդգրկված մարդիկ ավելի պիտանի համարվեն գործադիր իշխանությունում, մեր նախագահության անդամների գերակշիռ մասը պրակտիկ աշխատանքի մեծ փորձ ունի, կյանքի մեծ ճանապարհ է անցել, նաև շատերն ունեն օրենսդիր գործունեությամբ զբաղվելու պատրաստվածություն: «ԱՄ»-ին ստրկամտության մեջ ոչ ոք մեղադրել չի կարող, ուստի պետք է ըմբռնելի լինի մեր ցանկությունը գեթ մեկ անգամ օրինակ ծառայելու` երկիրն ունի գերագույն գլխավոր հրամանատար, որը շատ ավելի տեղեկացված է յուրաքանչյուրիցս, և իր կայացրած որոշումներն ի սկզբանե դատապարտված են շատ ավելի խոր ու կշռադատված լինելու: ՈՒրեմն, եթե ուզում ենք որպես պետություն հաջողակ լինել, վստահենք իրեն: Աշխարհաքաղաքական առումով հիմա Հայաստանը, շուրջ երկու տասնամյակ լինելով շրջափակված Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, չհայտարարված պատերազմական վիճակում է, իսկ պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները չեն վիճարկվում, կատարվում են: Կամ` վստահում ես գերագույն գլխավոր հրամանատարին և անվերապահորեն կատարում իր հանձնարարականները, կամ քո գործողություններով երկիրը մղում ես անկայունացման, քաղաքացիական բախումների հրահրման: Նման զարգացումների դեպքում մենք կկորցնենք Արցախը, եթե ոչ Զանգեզուրն էլ հետը:
-Ձեր կարծիքով` ընտրությունից հետո Վլադիմիր Պուտինը լեգիտի՞մ նախագահ կլինի:
-Համաշխարհային ուժի հայտնի կենտրոնների թափած բոլոր ջանքերը տեղավորվում են այն սցենարում, որը ժամանակին կիրառվել է հետխորհրդային հանրապետություններում նարնջագույն հեղափոխություններ կազմակերպելիս, ըստ որում, հիմա էլ փորձում են հող ստեղծել կիրառելու այդ սցենարը Հայաստանում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Մեդվեդև-Պուտին տանդեմի հակառակորդները հայտարարում են, որ Պետդումայի ընտրությունները լեգիտիմ չէին: Իսկ երբ «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցությունը առաջարկում է նրանց ստուգել անխտիր կասկած հարուցող բոլոր տեղամասերում գրանցված արդյունքները, հաշվել քվեաթերթիկները, նրանք կտրականապես չեն համաձայնվում այդ առաջարկին, որովհետև գիտեն, որ ընտրությունները լեգիտիմ են եղել, նախագահ Դմիտրի Մեդվեդևը պատահական չասաց, որ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ 2011 թվականի դեկտեմբերի 4-ին կայացած ընտրությունները ամենաարդար ու ազնիվ ընտրություններն էին: Եթե ՌԴ-ի իշխանությունների ընդդիմախոսները փաստեր ունեն, թող դիմեն դատարաններ:
-Դուք հավատո՞ւմ եք դատարանների արդարությանը:
-Խնդիրը այն է, որ բացահայտված խախտումների տեսակարար կշիռը չնչին է: Դրա հետ մեկտեղ նշեմ, որ ՌԴ համապատասխան ծառայությունները բացահայտել են ուշագրավ մի փաստ` խնդրո առարկայի շուրջ ինտերնետում տարածված նկարահանումները արևային Կալիֆոռնիայից են համացանցում տեղադրվել: Եթե ուզում եք իմանալ, թե ինչպես են դրանց թիկունքում կանգնած ուժերը փորձելու ոչ լեգիտիմ հայտարարել ՌԴ նախագահի ընտրությունները և ապակայունացնել վիճակը Ռուսաստանում, ընթերցեք նարնջագույն հեղափոխությունների գուրու Ջին Շարփի հայտնի աշխատությունը` «Դիկտատուրայից դեպի ժողովրդավարություն»: Այդ գրքում նա 198 գործոն է մատնանշել խաղաղ ճանապարհով հեղափոխություն անելու, նրա սցենարներից մեկն էլ մեր օրերում փորձում են Ռուսաստանում կիրառել, բայց ռուս վերլուծաբանները, որ որակապես բավականին պատրաստված են, բացահայտեցին նարնջագույնների հնարավոր գործողությունները, ինչն էլ դարձրին ժողովրդի սեփականությունը, հիշատակելով Ջին Շարփի գործունեությունը Մերձբալթիկայում: Մասնավորապես, արդեն իսկ պարզվել է, որ XX դարի 80-ականների վերջին Լիտվայում դրությունն ապակայունացվել էր հատկապես այն լուրից հետո, որ Վիլնյուսի խաղաղ բնակիչների վրա կրակել են ռուս զինվորականներ, դիպուկահարներ, չեն համապատասխանում իրականությանը, դա հեղափոխականների կողմից նախապես ծրագրված հրեշավոր սադրանք էր: Դա Real Politics շրջանակում հաճախ կիրառվող քաղաքական տեխնոլոգիա է: Տեխնոլոգիա, որ այսօրվա Ռուսաստանում չի գործի, քանի որ Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին ՌԴ-ում շատ լուրջ առաջընթաց է արձանագրվել: Երբ 2000 թ. Վլադիմիր Պուտինը ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը, երկրի պահուստային ֆոնդում կար ընդամենը 14 միլիարդ դոլար, չհաշված ԽՍՀՄ-ից ժառանգած միլիարդավոր դոլարների արտաքին պարտքը: Իր նախագահության 8 տարիներից հետո նա պաշտոնը թողեց ՌԴ-ի պահուստային ֆոնդում 598 միլիարդ դոլարով: Պահուստային ֆոնդը լակմուսի թղթի նման արտացոլում է երկրի տնտեսական ու ֆինանսական վիճակը: Պատահական չէ, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը Ռուսաստանը շատ ավելի դյուրին հաղթահարեց, ավելին` քանիցս իր քաղաքացիների կենսաթոշակների ինդեքսացիաներ եղան: Ռուսները դա շատ լավ հիշում են և հիշում են Պուտինի ելույթը 2007 թ. փետրվարին` Մյունխենում անվտանգության հարցերին նվիրված համաժողովում, երբ նա հրապարակավ հայտարարեց աշխարհիս հզորներին` մոռացեք միաբևեռ աշխարհի մասին, երբ երկրագնդի շուրջ 7 մլրդ մարդ աշխատում է, այսպես կոչված, ոսկե 1 մլրդ-ի բարեկեցությունն ապահովելու համար: Դա է, որ նրան չեն կարողանում ներել, մինչդեռ այսօր միաբևեռ աշխարհի մասին կասկածանքով են խոսում անգամ ԱՄՆ-ի ամենամտերիմ դաշնակիցները: Մեր օրերում Ռուսաստանի խոսքը շատ հզոր է ու լսելի միջազգային ատյաններում: Մի քանի տարի հետո Ռուսաստանին կանգնեցնել չի լինի, եթե հաջողվի շարունակել զարգացման այսօրվա վեկտորները:
-Այսինքն` դա Արևմուտքի փորձն է Ռուսաստանին կանգնեցնելո՞ւ:
-Դա ոչ թե կանգնեցնելու փորձ է, այլ քաղաքական անհեռատեսության դրսևորում, թեպետ Արևմուտքում էլ հնչում են ողջամիտ ձայներ, որ ներկա Ռուսաստանն այլևս 90-ականների Ռուսաստանը չէ: Ավելին, կա այն գիտակցումը, որ աշխարհաքաղաքական և ոչ մի գլոբալ խնդիր հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի անմիջական ներգրավվածության:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ