Ինչ հարցեր են քննարկվել ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում

24.07.2014, slaq.am

Քիչ առաջ ավարտվեց իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր. «Նոր բան չենք քննարկել»:

Ինչ վերաբերում է Արտակ Զաքարյանի և Արտաշես Գեղամյանի իրարամերժ գնահատականներին Ադրբեջանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու շուրջ, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես կարծում եմ, որ իրարամերժ գնահատականներ չեն հնչել, նույն պարոն Գեղամյանն այսօր ներկայացրել է, թե ինչ է նկատի ունեցել Բաքվում: Խնդիրը ոչ թե եղել է ու կա Ադրբեջանի անդամակցությունը Մաքսային կամ Եվրասիական միությանը, այլ խնդիրը ԼՂ անդամակցությունն է այդ միությանը, և միայն այդ դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել Եվրասիական միությանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այնուամենայնիվ, այսօր այն շարունակում է ոչ կոնստրուկտիվ գործելաոճը, քարոզում է հակահայկականություն, ռասիզմ, ֆաշիզմ»:

Ինչ վերաբերում է կոնկրետ անցակետի խնդրին, ՀՀԿ խոսնակն ասաց. «Որևէ նոր բան չկա, մեր ներկայացուցիչները դրան անդրադարձել են, և ավելացնելու բան չկա: Մաքսային միությանն անդամագրումը մեր շահերից է բխում, և երկրորդը՝ ՀՀ-ն՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ամեն ինչ անելու է, որ խաղաղ բանակցություններն ավարտվեն, և մենք հասնենք ԼՂ Հանրապետության դե յուրե ճանաչմանը:

Հետաքրքվեցինք նաև, թե հստակություն կա՞ Սարգսյան-Ալիև հանդիպման հետ կապված։ «Եթե լինի հստակություն, ապա համապատասխան պաշտոնյաները Ձեզ կտեղեկացնեն»,- եզրափակեց Շարմազանովը: