ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

ելույթը Հանրային հեռուստատեսությամբ

«Խորհրդարանական ժամ» հաղորդաշարով

26.02.2006թ.

Սիրելի ժողովուրդ, վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում իշխանավորների ուղեղներում փայլատակում տեղի ունեցավ, սկսեցին գիտությամբ զբաղվել, մեջտեղ բերեցին այն թեզը, համաձայն որի Գիտությունների ազգային ակադեմիան պետք է դառնա հասարակական կազմակերպություն: Երբ ուշադրությամբ խորացա այդ հարցերի մեջ, ապա զարհուրեցի այն պարզ պատճառով, որ անցած յոթ տարիների ընթացքում դուք չեք հիշի գեթ մեկ դեպք, երբ նախագահի պաշտոնում հայտնված մարդը ծրագրային ելույթով հանդես գար գիտության, բարձրագույն կրթության բնագավառներում, ասեր, թե ինչպիսի անելիքներ կան, պետական ինչպիսի պատվեր է դրված: Դրա մասին չի խոսում նաև վարչապետը. ասես թե, նա էլ է խռոված գիտությունից: Արձանագրային զանազան հանդիպումներ են լինում թե՜ նախագահի մոտ, թե՜ Ազգային ժողովում և թե՜ կառավարությունում: Բացարձակապես ոչ մի խոսք Հայաստանի ապագայի, նրա հեռանկարի մասին, իրենք էլ չգիտեն` 2020 թ. ինչպիսի՞ Հայաստան են ակնկալում ունենալ: Հիմա մեղքը փորձում են իրենց ուսերից գցել Ակադեմիայի վրա: Ոչ, ես չեմ ուզում Ակադեմիայի դատապաշտպանը լինել, նրանք դրա կարիքը, կարծում եմ, չեն էլ զգում: Ես ուզում եմ ուղղակի մեղադրողը լինել այս հանցավոր իշխանությունների, որոնք, անտեղյակ լինելով, կուրորեն իրավիճակային խնդիրների լուծմամբ են զբաղված: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ Հայաստանը դուրս է մղվել տարածաշրջանային ցանկացած հեռանկար և ապագա խոստացող գործընթացներից: Փոխանակ այս հարցերի մեջ խորամուխ լինեն, փոխանակ նույն գիտնականների առաջ համապատասխանաբար խնդիրներ դնեն, ձևակերպեն և հետո պահանջեն, ընկել են յուրայիններին հնարավոր պաշտոններ ազատելու գործով են զբաղված: Ինչպես հիմա քարուքանդ են անում բարձրագույն ուսումնական հաստատությունները, որ իրենք դիտարկում են միայն և միայն մի տեսանկյունից, այն է` խորհրդարանական կամ նախագահական առաջիկա ընտրություններին ինչպես անեն, որ իրենց շահերը պաշտպանեն, թքած գիտության վրա, թքած ուսումնական հաստատությունների, ավանդույթների վրա: Եվ այս պարագայում, ես ցավում եմ, որ մեր անվանի գիտնականները, չգիտես ինչու, վախեցած լռում են, մոռանալով, որ իրենց թիկունքին ունեն գիտական այնպիսի հրաշագործություններ, որոնք բարոյական իրավունք են տալիս կանգնել, բարձրաձայնել և ասել. «Դուք անզօր եք իշխանություններ, դուք արժանի չեք հինավուրց Հայաստանը ղեկավարելու»: