ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

ելույթը Ազգային ժողովի եռօրյա նիստերի

հայտարարությունների ժամանակ

13.09.2005թ.

Այստեղ կրքերը բորբոքվեցին, ուրեմն, փոքր-ինչ քնարական զեղումներով համեմեմ ելույթս: Անցյալ նստաշրջանի ժամանակ իմ գործընկերները շատ տեղին դիտողություն արեցին, որ ելույթներիցս մեկում անցա երևանյան ժարգոնի: Քննադատությունն ընդունեցի, հիմա փորձեմ ելույթս կառուցել պատմական զուգահեռներ բերելով, որ քննադատելիս քննադատեն արդեն համապատասխան դարաշրջանի գործիչներին: 1800-ական թվականներին անկրկնելի ստախոս էր և, ինչպես այն ժամանակ էին ասում, ստախոսության, կեղծիքի, արատների հանրագիտարան էր իշխան Բենևենդսկին, նույն ինքը` Թալեյռան Պերիգոռը: 120 տարուց ավել ստախոսության, կեղծիքի, արատների դափնիները նրա ձեռքում էր: Վերջինիս հաջորդեց ոչ անհայտ Ալոիս Հեբելսը, որի պրոպագանդայի առանցքն էր կազմում հետևյալը` պետք է ստել հանդգնորեն և մշտապես ու այդ պարագայում քեզ կհավատան: Եվ, ի՞նչ եք կարծում, 21-րդ դարում դափնիներն ո՞վ վաստակեց` Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագիրը: Ստախոսության անասելի կոթողների կարելի է հանդիպել յուրաքանչյու հաղորդում դիտելիս և ունկնդրելիս: Դրա գոհարներից էր շաբաթ օրվա մեր մամուլի ասուլիսի տեղեկատվական վերլուծությունը, որի ականատեսն էր հայ ժողովուրդը: Ի՞նչ էին ասում հեռուստալրագրողները, ի դեպ, նրանց ձայնակցեցին Ֆլեշ-ռոյալների կողմից ֆինանսավորվող հայտնի հեռուստաալիքը նույնպես, և, այսպես, ասում էին, որ «Ազգային Միաբանություն կուսակցությունը» և խմբակցությունը դեռևս չեն կողմնորոշվել` սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեին «այո» են ասելու, թե՞` «ոչ»: Թալեյռանը գերեզմանում շուռ կգար էդ բոյի ստից: Մինչդեռ «Ազգային Միաբանությունը» շատ հստակ ձևակերպել էր` այն, որ հանրաքվեն պետք է տապալվի, դա բոլորիս համար ակնհայտ է և դրա բոլոր նախադրյալները կան: Խնդիրն այն է, թե միջազգային հանրությանը որ ճանապարհով, ավելի ժողովրդավարական եղանակով ակնհայտ դարձնենք, որ այս իշխանությունների առաջարկած և ոչ մի նյութ երբեք ու երբեք հավանության չի արժանանա ժողովրդի կողմից: Երկու ճանապարհ կա. մեկը` գնալ և ասել «ոչ», և երկրորդ ճանապարհն էլ` ընդհանրապես բոյկոտել, չգնալ հանրաքվեի:

Թաթուլ ջան, «ԲԱՄՈ»-ի հետ կապված` բուժողին մի քննադատի, հիվանդացնողին քննադատի. տղամարդ տղա էս, կանգնիր, ասա` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, հերիք է ազգային հարստությունը քարուքանդ անեք, հետո մարդկանց վզով փաթաթեք: