Գագիկ Կոստանդյանի ելույթը

Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանում

07.02.2006թ.

Այն, որ մեր երկրը կոռումպացված է, մեզ չի զարմացնում. այս իշխանությունների պայմաններում դա սովորական երևույթ է:

Այն, որ մեր երկիրը բաժանել եք մերոնց ու ձերոնց, և ձերոնք զբաղված են թալանի ու շորթման միջոցով հարստանալով, իսկ մերոնք երկրի հոգսերի մասին են մտածում, այն, որ ձերոնք միջազգային ատյաններում բերանները ջուր առած լռում և նստում են, մտածելով` ավելորդ տեղն ինչո՞ւ գլուխ ցավեցնեն, վատամարդ դառնան, իսկ մերոնք ամենուրեք երկրի դարդն ու ցավն են ներկայացնում ու կռիվ տալիս, դա էլ ենք հասկանում. պաշտոնը ժամանակավոր է և բոլոր բարիքներից պետք է հասցնել օգտվել:

Այն, որ շատ պաշտոնյաներ նույնիսկ տառաճանաչ չեն և կասկածելի անցյալ ունեն, բայց իրենց փողերը լավ էլ հաշվել գիտեն, դրան էլ ենք ըմբռնումով մոտենում. դե Հայաստանում այդքան տառաճանաչ ու ձեզ նվիրված մարդիկ որտեղից ճարվի, հետո էլ կասկածելի անցյալ ունեցողներն ավելի մասնագիտացված են, ասենք, կեղծ ընտրություններ կատարելու, կաշառք վերցնելու և հանցավոր այլ գործողությունների մեջ:

Այն, որ իշխանությունների գովքն անող հեռուստաընկերությունները և մամուլը ժամը մեկ հիշեցնում են, որ ընդդիմություն չկա, դրան էլ ենք ըմբռնումով մոտենում. երբ մարդ մի սուտ շատ է ասում, ինքն էլ է իր ստին սկսում հավատալ: Եթե չկա ընդդիմություն, է, ձեզ ավելի լավ չէ, ինչո՞ւ եք այդքան հուզվում ընդդիմության, իբր, չլինելու համար, չէ՞ որ այդ դեպքում ալան-թալանին ոչ մեկը չի խանգարի, չի քննադատի, դուք էլ բոլոր վայելքներից բոլ-բոլ կօգտվեք: Ուզում եմ հիասթափեցնել քաղաքական որոշ գործիչների. «Ազգային Միաբանությունը» գործել և շարունակելու է գործել ի շահ երկրի ու պետականության:

Այս բոլորը մեզ հասկանալի է, բայց երբ քաղաքական պայքարը վեր եք ածում անձնականի և այն էլ խուլիգանական պայքարի ու մեր ժողովրդի քաղաքական երկու թևերի մեջ թշնամություն եք սերմանում, դա մեզ զարմացնում և զայրացնում է. եթե նույնիսկ մենք ներենք, աստված չի ների: Մեկընդմիշտ իմացեք, որ «Ազգային Միաբանության» անդամները և նրանց ղեկավարը հանցագործությամբ երբեք չեն զբաղվել ու չեն զբաղվի, և պետք չէ, որ երկրում ինչքան հնչեղ հանցագործություններ լինեն, փորձեք Արտաշես Գեղամյանի անունը շոշափել կամ կազմակերպիչի, կամ ակտիվ մասնակցի դերում: Եվ հիշեք. ազնիվ կյանքի դպրոց անցած մարդն իր նպատակներին հասնելու համար երբեք հանցավոր ճանապարհ չի ընտրի: Ու հերիք է շառուշուռով զբաղվեք, չեք տեսնում, որ չի կպնում, մի փորձեք նույնիսկ շառուշուռը հիմա էլ Ռուսաստանից էքսպորտ անել, դա էլ Արտաշես Գեղամյանին չի կպչի:

Փոխանակ լրատվական բլոկադա անելու, ժողովրդին ինֆորմացիայից զրկելու, ձեզ համար շահեկան, աղավաղված, կեղծ ինֆորմացիա տալու, սթափվեք երկրի այս լուրջ պահին, և ոչ թե թշնամուն, այլ մրցակցին վայել ձևով պահեք ձեզ. բան ունեք ասելու, նստեք «Ազգային Միաբանության» լիդերների հետ քաղաքակիրթ բանավեճի, թող ժողովուրդն էլ տեսնի` ով ով է, ով ինչի է ընդունակ, ով է այս երկրին ու ժողովրդին ավելի նվիրված, և ով է Հայաստանի համար թե՜ երկրի ներսում, թե՜ արտասահմանում արդյունավետ և ազգանպաստ աշխատանք կատարում: