ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

ելույթները Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանում

07.02.2006թ.

Ես սրտանց ուզում եմ շնորհավորել Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, որովհետև անցած 3 տարիների ընթացքում, թերևս, սա եզակի այն քննարկումն էր, ուր հնարավորություն ընձեռվեց նաև ընդդիմության ներկայացուցչին այս ամբիոնից հանգիստ պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք հուզում են ոչ միայն պատգամավորներիս, այլև, որն ավելի կարևորն է, մեր ժողովրդին:

Սակայն դրա հետ մեկտեղ, չեմ կարող չարձանագրել մի քանի փաստեր: Անթույլատրելի եմ համարում, երբ Ռուբեն Թորոսյանն այս ամբիոնից ուղղակի մեղադրանքներ է հրապարակում, իսկ կեսից չեն թողնում, որ նա միտքն ավարտի և ընդհատում են հռետորին: Մինչդեռ, ես կարծում էի, որ նախագահության անդամները կողջունեն Ռուբեն Թորոսյանին, որն այդքան ուշադիր ունկնդրել է վարչապետին, Արթուր Բաղդասարյանին, ինչու չէ` նաև Վահան Հովհաննիսյանին (ինչն ակներև երևաց նրա ելույթից): Ինչ, կարո՞ղ է, այս ամբիոնից չէր, երբ հարգարժան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ 30 միլիոն դոլարի ջրային վարկերը մսխվել են: Ո՞ւմ, չլինի թե՞ընդդիմության կողմից: Ի՞նչ կամ հենց այս նույն ամբիոնից չէր, որ հարգարժան Արթուր Բաղդասարյանն ասաց, որ քաղաքի կենտրոնի հողերը շան մսի գնով են վաճառվում: Ո՞ւմ են վաճառում, ընդդիմությա՞նը: Ի՞նչ, Անդրանիկ Մարգարյանը չէր, որ իրեն հատուկ հումորով «Կենտրոն» հեռուստաընկերությունում ամանորյա հարցազրույցի ժամանակ ռուսական երգի բառերը հայերեն ասելով` «Если радость на всех одна, на всех и беда одна»: Ասածն այն էր, որ եթե կերել-թալանել ենք, ապա մենակ չենք կերել, կոալիցիան է կերել: Ռուբենն էլ հենց այդ էր ասում, ինչի՞ ընդհատեցիք: Ցիտում էր մեր կոալիցիայի ղեկավարներին:

Երկրորդ հանգամանքը. ես կրկին շնորհակալությունս եմ հայտնում «Օրինաց երկիր» և Հանրապետական կուսակցություններին, որոնք հնարավորություն ընձեռեցին, որ այս քննարկումը տեղի ունենա: Հիասթափությունս եմ հայտնում այն պատգամավորներից, շուրջ 10 հոգի, ովքեր ընդդիմադիրի քող հագած, ասում էին` Ռուբենի օգտին 27-րդը մենք կստորագրենք, մինչդեռ կոալիցիայի անդամ երկու կուսակցություններն էին, որ ընձեռեցին այս քննարկումների հնարավորությունը: Եվ հիմա, եթե Ռուբենն ինքնաբացարկ հայտարարի և քննարկումն իր տրամաբանական ավարտին չհանգի, այդ դեպքում մենք` ընդդիմադիրներս, ինչո՞վ ենք տարբերվելու կոալիցիոն կուսակցություններից: Ասածս այն է, որ Թորոսյանը չպետք է հանի իր թեկնածությունը: Եթե կոալիցիայից անգամ իսկ մի մարդ այս քննարկումների արդյունքում մտքափոխ եղավ, ուրեմն իզուր չէր մեր քաղաքական բանավեճը:

Զարմանալին նաև այն էր, որ մեր հարգարժան Սամվել Նիկոլյանն ասաց. «Ռուբեն Թորոսյանն արեց ամեն ինչ, որ չընտրվի»: Ո՞վ ասաց, իսկ ի՞նչ, պետք է քծներ ձեզ, պետք է հաճոյանա՞ր, պետք է ձեր սրի, թրի տակո՞վ անցներ, պետք է սե՞ր բացատրվեր Ռոբերտ Քոչարյանին, որ ընդունելի դառնար կոալիցիայի համար: Շատ ճիշտ, սկզբունքային դիրքորոշում է որդեգրել Ռուբեն Թորոսյանը` դրանով իսկ ապացուցելով, որ իրականում, անկախ առաջիկա ընտրությունների արդյունքից, Հայաստանի Հանրապետությունում կա մարդու իրավունքների պաշտպան: Եվ այս քննարկումներից հետո ժողովուրդը հենց նրան կճանաչի մարդու իրավունքների պաշտպան:

Կամ էլ, հարց են տալիս Թորոսյանին` համալսարանը հեռակա՞ եք ավարտել, թե ոչ: Այ մարդ, այդ հարցը համալսարանի գիտխորհրդի ժամանակ տայիք Սերժ Սարգսյանին, հարցնեիք, իսկ ընդհանրապես նա համալսարանն ավարտե՞լ է, թե ոչ: Մինչդեռ այստեղ Ռուբեն Թորոսյանին են այդ հարցը տալիս:

Սիրելի ժողովուրդ, Ռուբեն Թորոսյանը, այո, ապացուցեց, որ բացարձակապես նշանակություն չունի իր ընկերն է ամբիոնից խոսում, թե իր քաղաքական հակառակորդը: Նա որդեգրեց Արիստոտելի վարքագիծը, որը, եթե հիշում եք Հին Հունաստանի պատմությունից, Պլատոնին ասել էր . «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի է թանկ»: Ինչն էլ արեց այս ամբիոնից Ռուբեն Թորոսյանը` բացահայտելով իր լավ ընկերոջ, պատգամավոր-վաղեմի բարեկամի համար տհաճ, սակայն արդարացի իրողություն: Հենց այս բոլորը հաշվի առնելով, ես ուզում եմ, որ այս օրերին ծնունդ առնող ավանդույթը շարունակվի: Միգուցե քննարկման ժամանակ կրքերը երբեմն-երբեմն դավաճանում էին մեզ, բայց ամենակարևորն այն է, որ անկեղծ քննարկում տեղի ունեցավ: Եվ դա փոքր-ինչ հույս է ներշնչում «Ազգային Միաբանություն կուսակցությանը» ԱԺ-ի հետագա գործունեության համար:

Ես շնորհակալություն եմ հայտնում Ռուբեն Թորոսյանին` համոզված լինելով, որ նա, անկախ ընտրության արդյունքից, միևնույն է, կդրսևորի անկոտրում կամք և այդ կամքով կառաջնորդվի իր հետագա գործունեության մեջ` հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Մի փոքր դիտարկում ևս. այս մարդուն հարց եք տալիս` ինչպե՞ս է նա պատկերացնում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի աշխատանքը: Հո Շվեդիայից (ուր ծնվել է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը) օրինակ չպետք է բերի, չէ՞, բերում է Հայաստանում գործող համակարգից: Եվ, չգիտես ինչու, Ռուբենի կողմից տրված ամենազուսպ, բայց և օբյեկտիվ գնահատականը դնում են մի կողմ ու ասում են` նախորդ օմբուդսմենի հասցեին քար շպրտեց: Ընդհակառակը, նա տվեց ամենապարկեշտ գնահատականը, ասելով, որ, այնուամենայնիվ, մեր երկրում կայանում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Փոխանակ այս գնահատականը կարևորեն, չգիտես ինչու, տեղի-անտեղի Լարիսա Ալավերդյանին են հիշում, հետն էլ կուրծք ծեծում` ասես թե ցույց տալով, թե որն է ավելի սրտացավ, որն է ավելի հոգատար տղամարդ:

07.02.2006թ.

Դիմում եմ Գլխավոր դատախազին, որ սույն թվականի հունվարի 19, 20, 21-ի «Փակագիծ» թերթի համարներում խայտառակ ոտնձգություններ են կատարվել Հանրապետության նախագահի աշխատակազմի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ. «Քաղաքական առնետների համար իրոք եկել է կողմնորոշվելու պահը» նախաբան-մեկնարկով տպագրվել են հոդվածներ «Սերժ Սարգսյան, թե Ռոբերտ Քոչարյան. կողմնորոշվելու պահը» վերնագրի ներքո: Ըստ որում, առնետների շարքին են դասել Գառնիկ Իսագուլյանին, Արմեն Գևորգյանին, Հասմիկ Պետրոսյանին, Վիգեն Սարգսյանին, Վիկտոր Սողոմոնյանին և, չգիտես ինչու, նաև Հովիկ Աբրահամյանին: Ասեմ ավելին, դրանով չեն բավարարվել հոդվածի պատվիրատուները, արդեն ոտնձգություն են արել Սերժ Սարգսյանի նկատմամբ` վերջինիս, ըստ հոդվածների տրամաբանության, մեղադրելով կաշառատվության մեջ` այն էլ 3 միլիոն դոլարի: Ավելին, նրան, փաստորեն, կամ կաշառակերության մեջ են մեղադրել, կամ կաշառք վերցնելու: Որովհետև մենք բոլորս գիտենք, որ Սերժ Սարգսյանն աշխատավարձով ապրող մարդ է և այդ չափի գումարները ուրիշ աղբյուրից ունենալ չէր կարող: Դրանով էլ սույն հրապարակման պատվիրատուները չեն հանգստացել, գնացել են հեռու, մարդուն դհոլի պես դատարկ են ներկայացրել` հասկացնելով, որ Սերժ Սարգսյանը (կամ էլ նրա գիտությամբ) 300 հազար դոլար է տվել ինձ` Արտաշես Գեղամյանիս, 2003 թ. հունվարի հայտնի տելեդեբատի ժամանակ, երբ Պնախարարի քաղաքական կատարյալ սնանկությունը Հանրապետության սեփականությունը դարձավ: Դրանով էլ չեն բավարարվել. մեղադրում են Սերժ Սարգսյանին ապերախտության մեջ: Հոդվածներից բխում է, որ Նախագահի աշխատակազմի վերը հիշատակված պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն` թե ու՞մ հետ են` իր, թե Ռոբերտ Քոչարյանի, հակառակ դեպքում նրանք առնետ կգրանցվեն: Ըստ էության, տողատակով մեղադրում են այն մարդուն (Ռոբերտ Քոչարյանին), որը փրկեց Սերժ Սարգսյանին 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ նա ազգային անվտանգության նախարար էր: Չէ՞ որ հանցավոր անգործունեության արդյունքում էր կատարվել այդ ոճրագործությունը, որի համար նա նվազագույնը պետք է հեռացվեր պաշտոնից, եթե չասենք` դատի գնար: Ինչո՞ւ եմ դիմում Գլխավոր դատախազին, որովհետև ճիշտ այդ նույն հոդվածներից մեկում գրված է, որ Աղվան Հովսեփյանը Սերժ Սարգսյանի թիմակիցն է և նա, համոզված ենք, թույլ չի տա, որ այս թերթը, որի խմբագիրն է Գայանե Մանուկյանը, նույն ինքը` Ագապի Հայկազունին, ստվեր գցի իր բարերարի վրա: Ես կարծում եմ, որ պատվիրատուն նրան էլ է թիկունքից դաշույնով հարվածել, որովհետև Գայանե Մանուկյանը թույլ չէր տա իր բարերարի նկատմամբ (Սերժ Սարգսյանի) նման հոդվածաշար լույս ընծայվեր: Դրա հետ մեկտեղ` իմանալով պարոն Աղվան Հովսեփյանի գերծանրաբեռնվածությունը, «Ազգային Միաբանությունը» կիսով չափ պատրաստ է նրա հոգսը թեթևացնելու, այն է` մենք պաշտպանում ենք «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությունը, և «Ազգային Միաբանությունը» մասնակցելու է ծառատունկին:

06.02.2006թ.

Ես ամբողջությամբ պաշտպանում եմ Վիկտոր Դալլաքյանի առաջարկը, առ այն, որ օմբուդսմենի ընտրության ողջ գործընթացը հեռարձակվի հեռուստատեսությամբ: Զարմանք և տարակուսանք է առաջացնում այն, որ մատների արանքով ենք փորձում ներկայացնել քաղաքացիական հասարակարգի կայացման համար այդ հույժ կարևոր ինստիտուտի հետ կապված բոլոր գործընթացները: Միաժամանակ ոգևորում է այն, որ կոալիցիան ամեն գնով ուզում է, որ այլընտրանքային ոչ մի թեկնածու չլինի: Կնշանակի գիտակցում է, որ մոտալուտ ժամանակներում իշխանությունների հանցավոր մասը, կրկնում եմ, իշխանությունների հանցավոր մասը, մարդու իրավունքների պաշտպանի խիստ կարիք է զգալու, ուստի, բնականաբար, այդ լիազորությունները պետք է իրականացնի իրենց համար վստահելի մի մարդ: Ինձ զարմանք է պատճառում նաև այն, թե ինչու սրանից մեկ տարի առաջ կոալիցիան, որ ջերմեռանդորեն «սիրահարված» էր Լարիսա Ալավերդյանին, հանկարծ հիմա խռովեց: Լավ, առանձին տղամարդ առանձին կնոջից կարող է խռովել: Բայց մի ամբողջ կոալիցիա ինչո՞ւ խռովեց Լարիսա Ալավերդյանից և ինչո՞ւ հիմա էլ տղամարդուն ոչ վայել այդքան քինախնդիր վարքագիծ է դրսևորում, որ անգամ իսկ զրկում է հնարավորությունից, որ մարդն իր կատարած աշխատանքի մասին այս ամբիոնից ընդամենը հաշվետվություն տա: Միթե՞ միակ տղամարդու, վոինի օրինակը ձեզ բան չի հուշում, որ դուք էլ դառնաք յուրաքանչյուրդ ձեր բնագավառում միակ տղամարդը, ու հաշվեհարդար չտեսնեք անպաշտպան կնոջ նկատմամբ: Ընդ որում, հիշեցնեմ. «Ազգային Միաբանություն կուսակցությունը» ի սկզբանե, երբ կոալիցիայի և մարդու իրավունքի պաշտպանի միջև փոխադարձ քնքշության խաղաղ ժամանակներն էին, չի պաշտպանել Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը: