ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԻ

հայտարարությունը Ազգային ժողովում

28.02.2006թ.

Այսօր ես պետք է խոսեի դեմոգրաֆիկ ճգնաժամի մասին, բայց երեկ առավոտյան, անսալով Բուզանդի փողոցի բնակիչների բողոքին, մտածեցի, որ նրանց հարցն ավելի հրատապ է: Հասկացա` երկու հարցերը սերտորեն առնչվում են, և մարդկանցից իրենց տունն առանց համարժեք փոխհատուցման բռնի խլելը հենց մեկն է այն պատճառներից, որոնց արդյունքում հուսալքված մարդիկ լքում են հայրենիքը:

Ճակատագրի բերումով, 18 տարի առաջ` ճիշտ այս օրերին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերին ծեծուջարդով, ոմանց սպանելով, տներից քշում էին: Ազերի վանդալներից մազապուրծ լինելով, նրանց մի մասը բնակություն հաստատեց Սպիտակում, Լենինականում, ուր էլ տարեվերջին երկրաշարժի փլատակների տակ վերջին հանգրվանը գտավ:

Մարդ, որ իր համեստ ներդրումն ունի Սումգաիթյան ոճրագործության մանրամասների հրապարակայմանացման և զոհերին ժամանակին աջակից լինելու հարցում, միանալով այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի զանգվածային միջոցառմանը` բոլորի հետ հիշում եմ անմեղ զոհերին և վշտակցում նրանց հարազատներին: Սակայն, մենք բոլորս, մշտապես դատապարտելով մեր թշնամիներին, բողոքելով նրանց կողմից մեր ազգակիցների ու մեր մշակութային արժեքների նկատմամբ իրականացվող ոճրագործություններից, չենք ուզում տեսնելու տալ թե ի՞նչ ենք անում ինքներս մեր հետ… Բուզանդի փողոցի բնակչի համար ի՞նչ տարբերություն` սումգայիթի խուժանն է իրեն դուրս արել տնից, թե հայրենի իշխանության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության տեսուչները:

Լավ, հարգելի իշխանավորներ, քաղաքի կենտրոնը բռնի բարեկարգելու ծրագրերի հեղինակներ, որ նույն մարդիկդ եք, ի՞նչ եք ուզում էդ խեղճ ժողովրդից, առանց այն էլ շան մսի գնով ամեն բան սեփականաշորթել- պրծել եք, ծաղկուն բիզնես եք դարձրել հողի սպեկուլյացիան, ինչո՞ւ չեք բարեհաճում Ձեր թալանի հաշվին համարժեք փոխհատուցում տալ տասնամյակներով այդտեղ ապրած մարդկանց, որպեսզի ստիպված չլինեն փախչել հայրենիքից` անիծելով իրենց տնավեր անողներիդ: Եթե Ձեր որոշումների օրինականության մեջ վստահ լինեիք, չեիք ընկնի էս ու էն պատգամավորի հետևից` մեկին խնդրելով, ենթարկվողին` ստիպելով, ոմանց էլ պատվազուրկ անելով` հետ վերցնել սեփական ստորագրությունները Սահմանադրական դատարանին ուղղված դիմումից:

Էսպես էք արել, որ անցնող 15 տարիների ընթացքում ավելի քան կես միլիոն հայեր չծնվեցին, շուրջ 1.5 միլիոնը փախավ հայրենիքից: Էսպես եք արել, որ այս ընթացքում հայկական գաղութները մեծացան. Ռուսաստանում` շուրջ 3 անգամ հասնելով 2.5միլիոնի, ԱՄՆ-ում և Ամերիկա աշխարհամասում` 130.0 հազարով, Լեհաստանում և Արևելյան Եվրոպայի երկրներում` 120,0 հազարով, Ուկրաինայում` ավելի քան 4 անգամ, Ֆրանսիայում և Արևմտյան Եվրոպայի երկրներում` մոտ 110.0 հազարով, Բելառուսում 6 անգամ, Ավստրալիա-Նոր Զելանդիայում` 20.0 հազարով, Աֆրիկայում` շուրջ 9.0 հազարով:

Ուշքի եկեք…Բուզանդի փողոցի բնակիչն իրավունք ունի հարցնելու.- ի՞նչ բարոյական իրավունքով ենք ամբողջ աշխարհից պահանջում ճանաչել մեր ժողովրդի ցեղասպանությունը, երբ ինքներդ եք սպանում մեր ցեղը…

Ազգային Միաբանությունը դատապարտում է վանդալիզմի բոլոր դրսևորումները, լինի դա Սումգաիթում, թե Բյուզանդի փողոցում: