ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

ելույթը Ազգային ժողովի նիստում

21.03.2006թ.

Հարգելի գործընկերներ, արդեն ակնհայտ է դառնում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում բանակցությունները տապալվել են: Տարիներ շարունակ Քոչարյան-Սարգսյան-Օսկանյան եռյակը տարբեր առիթներով հայ ժողովրդին կերակրում էին ամպագոռգոռ խոստումներով, որ բանակցային գործընթացում արձանագրվել է հերթական դրական միտումը և որ հարցի լուծումը 7 սարի հետևում չէ: Ճիշտ այդ նույն ժամանակ ադրբեջանական կողմը հանդես էր գալիս ռազմատենչ հայտարարություններով` սպառնալով մեզ պատերազմով: Ի՞նչ էր հակադարձում իշխանությունն ազերիներին. տնտեսական աճի սին պատրանք ստեղծելու լրատվություն կամ էլ բյուջեն 1 միլիարդ դոլարի սահմանագիծն անցնելու հրճվանք: Սակավաթիվ այն լրատվամիջոցները, որոնք սթափության էին կոչում, անվանարկվում էին որպես ազերական հայալեզու թերթեր: Կարծես «Հայկական ժամանակը» կամ «Չորրորդ իշխանությունն» են մեղավոր, որ Ադրբեջանի բյուջեն տարեցտարի 70%-ոց աճ է արձանագրում և հատել է 4 միլիարդ դոլարի սահմանագիծը, որ առաջիկա երկու տարիների ընթացքում բացվելու են 340 հազ. նոր աշխատատեղեր, որ գալիք տարի ազերիների ռազմական ծախսերը հավասարվելու են Հայաստանի բյուջեին: Ո՞վ պետք է այս հարցերի մասին մտածի, ո՞վ պետք է սրա առաջն առնելու մտածված ծրագրերով հանդես գա, եթե ոչ իշխանությունները: Բայց, ավա՛ղ, նրանք զբաղված են բանսարկություններով, քաղաքական կուսակցությունների գրասենյակներ ավերելով ու փակելով, անգամ իրենց հենարանը հանդիսացող մարդկանց վրա գործ թխելով: Հաշվարկը մեկն է. պառակտված հասարակությանը ենթարկեցնելը հեշտ է, տիրելը` դյուրին: Մոռանում են, որ թշնամուն պետք է փնտրել ոչ թե երկրի ներսում, այլ` դրսում: Արդյոք թշնամական վերաբերմունքի դրսևորում չէ՞ և այն, որ հիմա էլ եվրոպական հեռարձակողների մի դեպարտամենտի գրությունը թափահարելով փորձում են ընդդիմությանը զրկել Հանրային հեռուստատեսության եթերով 3 րոպե հանդես գալու հնարավորությունից: Հետն էլ ցինիկաբար հայտարարում են, որ եվրոպական սույն հանձնաժողովն այն դիտում է հեռուստատեսության, խոսքի ազատության ճնշում: Պարոն Քոչարյան, բարի ցարի առասպելին անգամ երեխա ժամանակ չենք հավատացել: Բնավ չենք հավատում նաև այն բանին, որ լինի դա Հանրային հեռուստատեսությունը, թե մասնավոր հեռուստակայանները իրենց նախաձեռնությամբ են արգելք դրել Ա.Գեղամյանի ուղիղ եթերով հանդես գալու հնարավորության վրա: Ասեմ միայն այն, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործերը փառաբանելուն ազերաթուրքական լրատվամիջոցները տասնյակ եթերաժամեր են տրամադրում, իսկ նույն այդ մարդասպանի ամենաարդարացված վճիռը հրապարակողին (այն էլ Եվրախորհրդի և ԵԱՀԿ-ի ամբիոններից)` Արտաշես Գեղամյանին զրկել եք ուղիղ եթերից, ելույթներն էլ արգելել եք եթեր հեռարձակելուց: Արժե մտածել այս մասին: Գեղամյանի ելույթները, պարոն Քոչարյան, այսօր, առավել քան երբևէ, պետք են ժողովրդին, ինչքան էլ դրանք ձեզ համար տհաճ լինեն: