ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

ելույթը Ազգային ժողովի նիստում

21.03.2006թ.

Նախորդ հայտարարությունների ժամանակ բացահայտել էի խոշորածավալ կոռուպցիայի հասցեները: Միակ հետևությունը, որ այս տնաքանդներն արեցին այն էր, որ մի քանի հազար դրամի ավտոպահեստամասերի ինչ-որ գործ հայտնաբերեցին, աշխարհով մեկ հարայ-հրոց գցեցին` քաղաքական աստառ տալով դրան: Դա էլ պրծան, իրենց «կերակրատաշտից» սնվող ոմն Գայանե Մանուկյանի, նույն ինքը` Ագապի Հայկազունու, «Փակագիծ» թերթուկի էջերում Ա.Գեղամյանից կախվեցին, նորից նրան կապելով Սերժ Սարգսյանի հետ:

Թարգեք զրպարտությամբ զբաղվել: Էնքան ղզիկ ու վախկոտ եք, որ ձեր «պապաներին» չեք կարողանում կպնեք, Գեղամյանի վրա շառուշուռ եք անում, որ ինքը ձեր փոխարեն կպնի: Հանգստացեք, միևնույն է, ինքը շարունակելու է օբյեկտիվորեն քննադատել, բայց ոչ թե ձեզ, այլ ձեր «կերակրատաշտի» տերերին:

Դարակազմիկ մի հերթական թալանի մասին խոսեմ: Կադրային սխալ քաղաքականություն, կասկածելի գործարքներ, ֆինանսական ահռելի միջոցների ալան-թալան, ահա այն, ինչը պատճառ դարձավ «Հայկական ավիաուղիների» քայքայմանը: Այսպես. Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գլխավոր ֆինանսական վարչության 25 փետրվարի 2002 թ. ակտի համաձայն` կատարվել էր «Զվարթնոց միջազգային օդանավակայանի» ֆինանսական պարտավորությունների ստուգում: Այս կազմակերպությունը որպես գնորդ «Միկա Լիմիթեդ» ՍՊԸ-ի հետ 1999 թ. սեպտեմբերի 1-ին կնքել էր ավիավառելիքի մատակարարման վերաբերյալ թիվ 74 պայմանագիրը, որով մատակարարը պարտավորվել էր օդանավակայանին մատակարարել 10.000 տոննա վառելիք նույն տարվա 4-րդ եռամսյակում: Սակայն «Զվարթնոց» օդանավակայանը «Միկա»-ից չստանալով նախատեսված վառելիքը, ստիպված էր իր ուժերով իրականացնել վառելիքի ներկրումը, այն էլ 1 տոննայի գինը պայմանագրային 208-ից հասցնելով 320 դոլարի: Ֆինանսական վարչության կողմից կատարված հաշվարկների համաձայն` «Միկա Լիմիթեդ»-ի նկատմամբ (նախագահ Բաղդասարով) 2002 թ. հունվարի 1-ի դրությամբ պարտք-պահանջը կազմել էր 2 մլն 957 հազար 760 ԱՄՆ դոլար: Իհարկե, միամիտների մտքով կարող էր անցնել, որ Բաղդասարովն այդ գումարները կմուծի: Բա ոնց, անպայման կմուծի, «հարիֆ» էի՞ք գտել: Ակտը հանձնելուց 15 օր հետո կոմերցիոն բաժնի ոմն պետ, իր սեղանի դարակները քանդելուց, գտնում է «Միկա Լիմիթեդ» ՍՊԸ-ի հետ 2000 թ. հուլիսի 25-ին կնքված (գործող պայմանագրից 11 ամիս հետո) մի համաձայնագիր, որով դադարեցվում է 1999 թ. սեպտեմբերի 1-ի պայմանագրի գործողությունը: Հիմա այդ 3 միլիոն դոլարը չմուծելու համար Բաղդասարովը ո՞ւմ, ինչքա՞ն փող է տվել, թողնում եմ կոռուպցիայի դեմ պայքարի մասին բոլորից բարձր ու շատ խոսող իշխանիկների վրա:

Ավելին, լկտիությունը հասավ այնտեղ, որ ընկերության սեփականատերը դարձավ նույն ինքը` Միքայել Բաղդասարովը, որն իր բաժնետոմսերի 67 %-ը 2002-ի նոյեմբերին վաճառել էր «Սիբիր» ռուսական ավիաընկերությունը: Վերջինս էլ, մամուլի տվյալներով, 2-3 տարում շուրջ 50 մլն դոլար աշխատեց, որից հետո հայ ժողովրդի «բարերար» Բաղդասարովը ետ գնեց «Արմավիան»` հանրությանը ներկայացնելով իբրև մե՛ծ լավություն:

Ժողովուրդ ջան, սրանց արած թալանի վերջը Կոշի գաղութն ա: Գաղութի ճակատին էլ, Էս գլխից եկեք միասին գրենք. «Բարի գալուստ, հայրենի թալանչիներ, Ձեզ սպասելով, աչքներս ջուր կտրեց… »: