ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

ելույթը Ազգային ժողովի նիստում

02.05.2006թ.

Ես իմ գոհունակությունն եմ հայտնում Արթուր Բաղդասարյանին, որ նա իր ելույթում շատ հստակ ասաց հետևյալը, այն է, որ գերմանական թերթին ու իր նոր հնչեցրած պարզաբանումների և պարոն Քոչարյանի մոտեցումների միջև էական տարբերություններ չկան: Այսինքն` հետևությունը մեկն է. պարոն Քոչարյանի լեզվին մի բան է, մտքին` տրամագծորեն այլ: Իսկ լեզվինն էլ այն է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը Հայաստանի Հանրապետության օրակարգում չկա, իսկ մտքինն էլ այն է, ինչը «էականորեն չի տարբերվում», ինչպես նշեց Արթուր Բաղդասարյանը, իր տեսակետից (Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ին անդամակցելն է): Պարոն Բաղդասարյանի անկեղծությունն արժանի է դրվատանքի: Ես ամենևին չեմ ասում` ՆԱՏՕ-ին անդամակցվելը լավ է, թե վատ: Այսօր այդ հարցը չի քննարկվում: Այսօր քննարկվում է մեկ այլ երևույթ, այն է, որ Հայաստանի բարձրաստիճան իշխանությունը (ես Ձեզ ի նկատի չունեմ` պարոն Բաղդասարյան) ի դեմս պարոն Քոչարյանի, ստացվում է, որ երկակի խաղ է խաղում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ` հարվածի տակ դնելով Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Իսկ մենք գիտենք, որ ստի, կեղծիքի ճանապարհը շատ կարճ է: Ժողովրդական լեզվով ասած` 40 օր:

Մեկ հարց ևս, ես դեռ 37 վայրկյան ունեմ: «Ազգային Միաբանություն» խմբակցությունը գտնում է, որ «Ընտրական օրենսգրքում» կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները մեզ համար ևս անընդունելի են, և մենք մեր ստորագրությունը հետ կվերցնենք «Ընտրական օրենսգրքի» քննարկվող տարբերակից, եթե այդ փոփոխությունները տեղ գտնեն դրանում: Շնորհակալություն:

* * *

Հարգելի Վիկտոր Դալլաքյանը, իմ կարծիքով, խնդրո հարցի շուրջ շեշտադրումը փոքր-ինչ այլ կերպ արեց: Կառավարության կողմից ներկայացված առաջարկը պարզապես ոչ այլ ինչ է, քան հարված Անդրանիկ Մարգարյանին` թիկունքից: Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությանը, ստորագրել և վավերացրել է այն բոլոր փաստաթղթերը որոնց համաձայն հենց ԵԱՀԿ առաքելության մեխն է ընտրությունների վրա վերահսկողություն կազմակերպելը և անցկացնելը: Ուստի, ստացվում է այնպես, որ վարչապետին դեմ են տվել ստորագրի մի փաստաթուղթ, որը, ի սկզբանե, հակասում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և Սահմանադրության պահանջին: Այն է, որ մեր երկիրը պարտավորվում է դոմինանտ ընդունել միջազգային այն պայմանագրերը, որոնք վավերացվել են ՀՀ Ազգային ժողովում և չեն հակասում Սահմանադրությանը: Ուստի, անհեթեթություն է, երբ մեր կառավարությունը ԵԱՀԿ-ին առաջարկում է իրականացնել իր իսկ ուղղակի առաքելությունը` վերահսկել Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները միայն կառավարության հրավերի առկայության դեպքում: Կարծում եմ, կառավարությունն իր այս բովանդակությամբ առաջարկը հետ կվերցնի: