ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 25 հունվարի 2005 թ.)

Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ.

Լեռնային Ղարաբաղի դիմակայության հարցի քննարկման բնույթը հիշեցնում է հելենական դարաշրջանի մեծ փիլիսոփաներ Պլատոնի ու Արիստոտելի բանավեճը «Տեսողության կուրությունն ու կուրության տեսողությունը, կամ արդյո՞ք խլուրդն աչքեր ունի» թեմայով: Երբ այդ վեճը շատ երկարեց, ստրուկ այգեպանն ուղղակի առաջարկեց վերցնել խլուրդին ու տեսնել` նա աչքեր ունի, թե՞ ոչ, բայց փիլիսոփաները պատասխանեցին, որ ճշմարտությունն ի հայտ բերելու համար իրենց խլուրդ պետք չէ…

Այսպես էլ հիմա ԵԽԽՎ-ում ուզում են Լեռնային Ղարաբաղի 140 հազարանոց բնակչության ճակատագիրը լուծել` առանց նրան բանավեճի հրավիրելու: Հայաստանի պատվիրակությունը, որը պնդում էր նրանց պարտադիր հրավիրել, ցավոք, Ադրբեջանի տխրահռչակ հովանավորների ջանքերով, ըստ էության, հայտնվեց ստրուկ այգեպանի դերում: Եվ դա էլ այն դեպքում, երբ Ադրբեջանի մեր գործընկերները իրենց մակարդակով շատ են հեռու Պլատոնից ու Արիստոտելից, էլ չենք խոսում նրանց մանածողների մասին, եթե անգամ չասենք, որ հարգարժան պարոն Դեվիդ Աթկինսոնը, արդեն տաս տարի է, ինչ չի եղել Լեռնային Ղարաբաղում:

Իսկ ո՞րն է հարցի էությունը: Ադրբեջանը ձգտում է իր տիրապետությունը հաստատել Ղարաբաղում բնակվող էթնիկապես օտար, քրիստոնեական բարոյական սկզբունքներ դավանող ժողովրդի վրա: Այստեղ, ԵԽԽՎ-ում համառորեն չեն ուզում տեսնել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության կրթվածության մակարդակը ազատության և անկախության 15 տարիների ընթացքում, կրկնում եմ` ազատության և անկախության 15 տարիների ընթացքում էականորեն գերազանցել է Ադրբեջանի համանման ցուցանիշը: 1000 բնակչի հաշվով ուսուցիչների, բժիշկների, ուսանողների և դպրոցականների թիվը նույնպես բարձր է, քան` Ադրբեջանում, ինչպես նաև բարձր են մեկ շնչին բաժին ընկնող եկամուտները:

Եվ, ամենագլխավորը` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ազատությունը նվաճել է հայերի մեծաթիվ զոհերի և զրկանքների գնով, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մինգեչաուրում, Դաշքեսանում ազերների կողմից կազմակերպած ջարդերի արդյունքում: Էլ չեմ ասում այն բազմահազար նահատակների մասին, որոնք ընկան 8 միլիոնանոց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը պարտադրած պատերազմում:

Այսօր ադրբեջանցի մեր գործընկերները, իրենց կողմից սանձազերծված ռազմական բռնի գործողություններում տապալվելուց հետո համառորեն ջանում են արդեն բռնությամբ նենգափոխել ղարաբաղյան հակամարտության պատմությունը: Այդ ոչ շնորհակալ գործում նրանց եզակի փաստարկը ոչ թե պատմական ճշմարտության վերականգնումն է, այլ սև ոսկու` նավթի ուժին ապավինելը: Այն նույն ադրբեջանական նավթի, որը 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին գերակշռեց Օսմանյան կայսրությունում կոտորված 1,5 միլիոն անմեղ հայերի արյանը: Պատմական ճակատագրերի կամոք, գուցեև Աստվածային նախախնամությամբ, հայերի համար այդ ողբեգական ու խառնակ ժամանակներում Բրիտանական կայսրության վարչապետն էր Ռոբերտ Սոլսբերին: Հենց նա հայերի աղերսանքներին` թուրքական յաթաղանից փրկել Արևմտյան Հայաստանի 2 միլիոնանոց բնակչությունը, 1896թ-ին, լուրջ և ցինիկաբար հայտարարեց. «Անգլիական ռազմանավերը չեն կարող մագլցել հայկական լեռները»: Հավանաբար, այդ ժամանակահատվածում նրանք դեռ չէին հասցրել իջնել Աֆղանստանի Հինդուկուշյան լեռներից: Եվ դա վերածվեց առաջին ողբերգության` հայերի կոտորածին Օսմանյան կայսրությունում սուլթան Համիդի իշխանավարության տարիներին, որին էլ կպավ արյունարբուի պիտակը:

Տարիներ անց Բրիտանական կայսրությունը ունեցավ այլ վարչապետ, դա ականավոր քաղաքական գործիչ և հումանիստ Դեվիդ Լլոյդ-Ջորջն էր, որը բնութագրելով 1919թ-ի փարիզյան խաղաղ կոնֆերանսի մասնակից-պետությունների պաշտոնական դիրքորոշումը, գրել է. «Հայաստանի բնակիչները, թե´ ռասայական, թե´ կրոնական սկզբունքով տարբերվում են իշխող թուրք ազգությունից: Հավատքով նրանք քրիստոնյա էին: Տխրահռչակ Աբդուլ Համիդը իրականացրել է այդ հնագույն ժողովրդին արտաքսելու քաղաքականությունը… հայկական մեծամասնությանը վերածելով խղճուկ ու վախեցած փոքրամասնության… Դաշնակից տերությունները (Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Չեխոսլովակիա, Ռումինիա, Սերբա-Խորվաթա-Սլովենական պետություն, Հեջաս և Ճապոնիա) հետամուտ էին այն կարծիքին, որ չի կարելի թույլատրել թուրքերին օգտվել իրենց գազանությունների պտուղներից, իսկ հայ ժողովրդին պետք է լրիվ վերադարձվի նախնիների ժառանգությունը և ընձեռնվի հնարավորություն վերականգնելու իրենց երբեմնի հզորությունը» (Դեվիդ Լլոյդ-Ջորջ «Ճշմարտությունը խաղաղ պայմանագրերի մասին»):

Գրեթե 90 տարի անց ուզում են պատմությունը կրկնել: Սակայն հուսով ենք, որ ԵԽԽվ-ն գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անպարտելի է, քանզի նա պայքարում է իր ազատության համար, իսկ ազատությունը չի զգուշանում մահից, որովհետև նա չի վախենում Աստվածային դատաստանից, ի տարբերություն ստրկության: Ստրկություն, որը ոմանք ԵԽԽՎ-ում ուզում են վերադարձնել ղարաբաղցիներին:

Ելույթս կուզենայի ավարտել Մեծ Բրիտանիայի պատմության բոլոր ժամանակների առաջին մարդու` ճանաչված Ուինսթոն Չերչիլի խոսքերով. «Պետական գործչի տարբերությունը քաղաքական գործչից կայանում է նրանում, որ քաղաքական գործիչը գործում է` կարևորելով հաջորդ ընտրությունները, իսկ պետական գործիչը գործում է` կարևորելով գալիք սերունդը»:

Եթե ԵԽ ԽՎ պատգամավորները չանցնեն քաղաքական գործչին պետական գործչից բաժանող Ռուբիկոնը, ապա շատ շուտով գերմանացի տաղանդավոր փիլիսոփա Օսվալդ Շպենգլերի մռայլ կանխատեսումները կիրականան և կսկսվի «Եվրոպայի մայրամուտը»: Եվ դա կծանրանա մեր բոլորի խղճի վրա…