«Հ 2» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆ ՇԱՎԱՐՇ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ «ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՀՅՈՒՐԸ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՆ Է

10.06.2009

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ  ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՇՈՒՐՋ

(Հարցազրույցի սղագրությունը)

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայում իր բացասական ներգործությունն է շարունակում ունենալ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որի չթուլացող ազդեցությունը նաև մեծապես պայմանավորված է մեր գործադիր և ֆինանսական իշխանությունների կողմից վարվող ոչ արդյունավետ ու անհեռանկար քաղաքականությամբ: Փորձենք միասին գնահատել տնտեսական այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը:

Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվության համաձայն ՀՀ համախառն ներքին արդյունքը 2009 թ. հունվար-ապրիլին 2008 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 90,3%: Մտահոգիչ է, որ ապրիլ ամսվա ՀՆԱ-ն կազմել է մարտ ամսվա ՀՆԱ-ի 94,6%-ը,  այլ կերպ ասած` վերջին երկու ամիսներին նկատվում է անկման միտում: 2009 թ. առաջին չորս ամիսների արդյունքում առավել շեշտակի անկում է գրանցվել արդյունաբերությունում. նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն կազմել է 88,9%, շինարարությունում` 57,6%, արտահանման ծավալները կազմել են 52,2%, ներմուծման ծավալները` 75%, ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2008 թ. հունվար-ապրիլի 70%-ը: Անկում է գրանցվել նաև գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում, այն կազմել է` 95,9%:

Բնականաբար, ՀՆԱ-ի ծավալների անկումն իր հետևից հանգեցրեց բյուջետային մուտքերի կրճատման: Այսպես, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական  բյուջեի եկամուտները նվազել են 9,9%-ով կամ 21,5 մլրդ դրամով: Ավելին, 2009 թ. հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 151 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր, որոնք կազմում են տարեկան ծրագրի ընդամենը 20,7%-ը: Եթե տնտեսության գահավիժման այս տեմպերի առաջը չառնվի, ապա տարեկան բյուջեն կկատարվի լավագույն դեպքում 62-63 %-ով` դրանից բխող ամենածանր հետևանքներով: Թերևս, նման զարգացումների վերլուծություններն էին, որ երկու-երեք շաբաթ առաջ տեղ գտան Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից հրապարակված Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում իրական ՀՆԱ-ի կանխատեսվող աճի տեմպի վերաբերյալ զեկուցման մեջ: Այդ տարածաշրջանի 8 երկրների (Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի) էկոնոմիկաների մասին զեկույցը վերստին ընդգծում է մեր երկրի տնտեսության մեջ վտանգավոր միտումները (աղբյուրը տե՛ս www.imf.org): Համաձայն այդ զեկույցի` կանխատեսվում է հետևյալ պատկերը.

 

Ինչպես երևում է այս աղյուսակից, այս տարի և 2010 թ. ՀՆԱ-ի  ամենացածր ցուցանիշներ են կանխատեսվում Հայաստանի էկոնոմիկայում: Առավել քան մտահոգիչ է այն հանգամանքը, որ եթե Հայաստանում 2009 թ. արձանագրվելու է ՀՆԱ-ի անկում  5%-ի չափով, ապա 2010 թ. աճի տեմպ, ինչպես վկայում է ուսումնասիրությունը, չի արձանագրվելու: Մինչդեռ, հարևան Ադրբեջանում այս տարի կանխատեսում են, որ գրանցվելու է շուրջ 2,5% ՀՆԱ-ի աճի տեմպ, իսկ հաջորդ տարի սպասվում է 12,36% աճի տեմպ: Եթե սրան գումարենք այն, որ ադրբեջանական ՀՆԱ-ի ծավալները եռակի անգամ գերազանցում են Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի ծավալները, ապա, կարծում եմ, որ հարցին անհրաժեշտ է մոտենալ ոչ միայն տնտեսական մրցակցության, այլև ազգային անվտանգության տեսանկյունից: Այս պարագայում ավելորդ չեմ համարում հիշեցման կարգով նշել հետևյալ իրողությունը. վերջին կես տարվա ընթացքում մենք ականատես ենք եղել, որ միջազգային ֆինանսական տարբեր կազմակերպությունների, մասնավորապես` Համաշխարհային բանկի, Արժույթի Միջազգային Հիմնադրամի պատվիրակությունները պարբերաբար Հայաստան ժամանելիս, մեր հիմնական հեռուստաալիքներով, իրար հերթ չտալով, գովերգում էին հանրապետության ֆինանսատնտեսական իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը, խորհրդաժողովներ, սեմինարներ էին անցկացնում` դրականորեն ներկայացնելով կառավարության կողմից ձեռնարկվող քայլերն ու գործողությունները: Արդյունքում` այսօր, ավա¯ղ, մեր ՀՆԱ-ի անկման տեմպերով վստահորեն զբաղեցնում ենք Կովկասի և Կենտրոնական Ասիայի 8 երկրներից վերջին հորիզոնականը: Ինչպե՞ս կարելի է գնահատել ֆինանսների և մակրոէկոնոմիկայի միջազգային այդ փորձագետների աշխատանքը մեր երկրում: Արդյո՞ք որպես մասնագիտական խոտան, թե բազմիցս կրկնվող թարգմանչական սխալ, որը ներհատուկ էր նաև նախկին արտգործնախարարին: Եթե հիշում եք, միջազգային ատյաններում Լեռնային Ղարաբաղին հարող ազատագրված տարածքները նա անգլերենով օկուպացվածի իմաստ հաղորդելով, այնուհետև արդարանում էր, թե թարգմանչական սխալի արդյունք է:

Տնտեսությունում առկա վտանգավոր զարգացումները միայն հիշատակածս թվերով չէ, որ հիմնավորվում են: Մասնավորապես, 2009 թ. հունվար-ապրիլին հավաքագրված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ), այն է` 67,8 մլրդ դրամից (ինչը 22,2%-ով կամ 19,3 մլրդ դրամով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը) ավելի քան 45,4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին կատարված հարկումից: Նշենք, որ դա կազմում է ընդհանուր ԱԱՀ-ի 67%-ը, իսկ ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից այն կազմել է 22,4 մլրդ դրամ կամ` 33%-ը: Սա միջնորդավորված խոսում է այն մասին, որ ՀՀ բյուջետային մուտքերը շարունակում են զգալիորեն պայմանավորված լինել արտաքին առևտրաշրջանառությունից, հատկապես` ներմուծումից: Այս հանգամանքին նույնպես պետք է մոտենալ նաև մեր երկրի տնտեսական անվտանգության տեսանկյունից, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված կոմունիկացիաների անվտանգության տեսակետից ոչ միարժեք դրությունը:

Իսկ ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվել մեր բանկային համակարգում: Նախ, առանձնահատուկ պետք է նշել, որ ԱՊՀ, թերևս և ոչ մի երկրում բանկային համակարգին չի հատկացվել այնպիսի օգնություն, ինչպիսին հատկացվել է Հայաստանում: Այսպես, վերջին տարիներին երկրում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը նպաստավոր պայմաններ է ստեղծել (գերշահույթներ ստանալու տեսանկյունից) տնտեսության երկու սեգմենտներին` արտաքին առևտրաշրջանառությունում մենաշնորհային դիրքեր ունեցող ներմուծողներին և բանկային համակարգին: Ասվածի ապացույցն է, դիցուք, այն, որ 2008 թ. ներմուծման ծավալները գերազանցել են արտահանման ծավալներն ավելի քան 4,1 անգամ, և գերազանցել են 1999 թ. ներմուծման ծավալները 5,5 անգամ: 2001 թ. սկսած ՀՀ բանկային համակարգի զուտ շահույթի աճի տեմպերը նույնպես եղել են աննախադեպ բարձր: Այսպես, վերջին 5 տարիների ընթացքում գրանցվել են զուտ շահույթի աճի հետևյալ ցուցանիշները. 2004 թ. այն կազմել է 24,93%,

2005 թ.` 27,72%, 2006 թ.` 40,8%, 2007 թ.`12,36%: Իսկ, ահա 2008 թ., երբ արդեն իսկ ֆինանսական ճգնաժամն աշխարհով մեկ ծնկի էր բերում կայացած ֆինանսական համակարգեր ունեցող երկրների բանկային ամբողջ ոլորտը, Հայաստանի  առևտրային 22 բանկերից 19-ը գրանցեց զուտ շահույթների աննախադեպ բարձր աճի տեմպ` 30,5%: 2008 թ. ընթացքում առևտրային բանկերը միասին ապահովել են 27,1 մլրդ դրամ զուտ շահույթ: Տարվա ընթացքում, կրկնեմ, 19 բանկ աշխատել է շահութով և միայն 3 բանկ` վնասով: Նման ցուցանիշներ ապահովվել են ներմուծողների և բանկային համակարգում որպես իրավաբանական անձ հանդիսացողների, ըստ էության, կորպորատիվ շահերի համընկման արդյունքում, և դա իրականացվել է ի հաշիվ տնտեսության իրական հատվածի: Այստեղ, ինքնին հասկանալի է, որ խոսքը բանկերին հատկացվող օգնության տեսակարար կշռի մասին է` բանկային ընդհանուր ակտիվների մեջ: Իհարկե, Ռուսաստանի Դաշնությունը այս գնահատականի մեջ չի ներառվում, որովհետև այնտեղ բանկային համակարգին ուղղված աննախադեպ խոշոր ֆինանսական օգնությունը մեծապես պայմանավորված էր ՌԴ-ի ռազմավարական նշանակություն ունեցող հսկաների` օտարերկրյա բանկերին ունեցած վարկային պարտքերի մարումով: ՌԴ կառավարությունը խնդիր էր դրել վերջիններիս փրկել վարկատուների կողմից օտարված լինելու վտանգից: Իսկ Հայաստանի Հանրապետությունում պատկերն այլ է: Ընդհուպ մինչև 2009 թ. մարտի 2-ը, հայրենի կառավարության ֆինանսատնտեսական բլոկի ղեկավարները (նախարարներ, փոխնախարարներ, վարչության պետեր), ինչպես նաև Կենտրոնական բանկի ղեկավարությունն անդադար խոսում էին հայկական դրամի կայունության, դրա անառիկ ամրոց լինելու մասին: Հավանաբար, մտքներով անցնում էր, որ հայկական դրամի 15 տարի շրջանառության մեջ լինելու կապակցությամբ, երբ Կենտրոնական բանկի դիմաց փողի միավորի պատվին արձան կանգնեցրին, սխալ եզրակացության եկան, ենթադրելով, որ դրանով դրամը դարձրին ավելի կայուն, հետն էլ այն արժևորեցին: Ըստ որում, ասեմ, որ նման արձանաշինությունը մեր հավատքին խիստ անհարիր քայլ էր: Հինավուրց քրիստոնյա ազգ ենք և պետական մակարդակով, ասես թե, մարտահրավեր ենք նետում Տիրոջը, նրա պատգամին` Նոր Կտակարանի պատվիրանին` «Երկնքում, երկրի վրա և երկրի խորքի ջրերի մեջ որևէ կուռքեր չպիտի կերտես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ես եմ քո Տեր Աստվածը»: Էլ չհիշեցնենք այն, որ չի կարելի ծառայել և՛ Մամմոնային, և՛ Աստծուն: Վերադառնալով բուն հարցին, արձանագրենք, որ մեր դյուրահավատ, ազնիվ ժողովուրդը հավատաց երկրի ֆինանսատնտեսական իշխանություններին և դրա համար … խստագույնս պատժվեց: Այսպես, 2009 թ. մարտի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում հայկական դրամով ավանդների ծավալը կազմել է 153 մլրդ 309 մլն դրամ: Այդ օրը գրանցել էր 1 դոլարի դիմաց 305 դրամ փոխարժեք: Այդ պայմաններում, մեր հայրենակիցների դրամով արտահայտված ավանդները դոլարային փոխարժեքի վերածելու դեպքում կկազմեին 502 մլն 652 հազար 459 դոլար: Մինչդեռ 2 օր անց, մարտի 3-ին արդեն նոր միջին 365 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքի պայմաններում, այդ նույն ավանդատուների դրամով արտահայտված ավանդների դոլարային արտահայտությունը կազմեց 420 մլն 24 հազար 657 դոլար: Այլ խոսքով ասած` մեր հարյուր հազարավոր ավանդատուները մեկ-երկու օրերի ընթացքում, հավատալով գործադիր և բանկային իշխանություններին, կորցրին (կողոպտվեցին նրանց կողմից) 82 մլն 627 հազար 802 դոլարի չափով: Հարգելի ընթերցողներ, մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ:

Սա, իհարկե, իր բացասական անդրադարձը դեռ կթողնի բանկային համակարգի, ֆինանսական ողջ համակարգի վրա: Արդեն իսկ վերջին ամիսներին գրանցվել են շոշափելի փոփոխություններ ավանդների կառուցվածքի մեջ: Այսպես, եթե 2008 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդամենը ավանդների կազմում դրամով ներգրավված ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր ծավալում կազմել էր 46,55%, ապա 2009 թ. մայիսի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել էր ընդամենը 26,74%: Այլ կերպ ասած` մեր ազգաբնակչության մոտ զգալիորեն մեծացել է թերահավատությունը հայկական դրամի նկատմամբ և դա, ինչ խոսք, հղի է բացասական հետևանքներով, հատկապես ֆինանսական ճգնաժամի կողմից դեռ սպասվելիք տհաճ անակնկալներով, որոնք, ավա¯ղ, մեզանով չեն պայմանավորված, որ կարողանանք դրանց առաջն առնել: Սա նույնպես ազգային անվտանգությանն առկա հնարավոր սպառնալիքների ոլորտից է:

Իսկ ինչպե՞ս կարելի է բնութագրել ձեռնարկվող քայլերը, ճգնաժամի բացասական ազդեցության հետևանքները մեղմելու ուղղությամբ: Ցավոք, դա կարելի է բնութագրել մեկ բառով` անարդյունավետ: Այսօր էլ մեր բանկային համակարգը առավելապես վարկավորում է մեր էկոնոմիկայի հիմնականում առևտրի և սպառողական ոլորտները: Այսպես, 2009 թ. մայիսի 1-ի դրությամբ, ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ հանդիսացող տնտեսությունում կատարված վարկային ներդրումներն ըստ ոլորտների (դրամով և արտարժույթով) կազմել են համապատասխանաբար առևտրում` 138 մլրդ 895 մլն դրամ կամ ընդամենը վարկային ծավալի 22,1%, սպառողական վարկերը կազմել են 152 մլրդ 711 մլն դրամ, կամ ընդամենը վարկերի 24,3%, մինչդեռ արդյունաբերության ոլորտում վարկերը կազմել են ընդհանուրի 14,9%, գյուղատնտեսությունում` 7,1%: Այլ կերպ ասած` նյութական արտադրության ոլորտի վարկավորումը` գյուղատնտեսություն-արդյունաբերություն միասին վերցված իր ծավալով նույնն է, ինչ առևտրային վարկերն են և զիջում է սպառողական ոլորտի վարկավորմանը: Իսկ մենք շատ լավ հասկանում ենք, որ թե՛ առևտրային և թե՛ սպառողական ոլորտների կողմից մատուցվող արտադրանքի առյուծի բաժինը ներմուծվում է: Այսինքն, անգամ իսկ ճգնաժամի պայմաններում մենք խթանում ենք օտար երկրների էկոնոմիկաները կրկնակի ավելի շատ, քան` տեղական արտադրողներին: Եվ սա էլ այն պայմաններում, երբ 2009 թ. Հայաստանի Հանրապետությունը դրսից` Համաշխարհային բանկի, Ռուսաստանի Դաշնության, Արժույթի Միջազգային Հիմնադրամի, Եվրասիական բանկի, Եվրոպայի Զարգացման և Վերակառուցման բանկի կողմից ակնկալում է ստանալ նվազագույնը շուրջ 1,5 մլրդ դոլարի արտոնյալ վարկեր: Դրսից ստացվող վարկերի կեսից ավելին մեր բանկային համակարգի միջոցով, այսպես թե այնպես, ծառայելու են Հայաստան ապրանքներ ներմուծող երկրների էկոնոմիկաների խթանմանը: Եվ դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ վարվող «թանկ փողերի» քաղաքականությունը, երբ առևտրային բանկերի կողմից սահմանվում են վարկավորման այնպիսի տոկոսադրույքներ, որոնք 3-3,5 անգամ գերազանցում են Կենտրոնական բանկի կողմից պաշտոնապես ընդունված վերաֆինանսավորման տոկոսադրույքը (որը հունիսի 9-ին ԿԲ-ի խորհուրդը իջեցրել է 0,25 տոկոսային կետով` այն սահմանելով 6,00%), դրանք` այդ վարկերը դառնում են անմատչելի նյութական արտադրության ոլորտի համար: Հանգամանք, որը չի կարող մեզ չմտահոգել:

Ինչո՞ւ այսքան մանրամասնեցի, որովհետև վերը հիշատակված 1,5 մլրդ դոլարի հասնող վարկերի հետ, եթե վարվենք արդյունավետ, ապա դրանք կարող են բեկումնային նշանակություն ունենալ մեր տնտեսության զարգացման համար: Բավական է հիշեցնել, թե դրական ինչ դերակատարություն ունեցավ հետպատերազմյան արևմտաեվրոպական երկրների էկոնոմիկաների վերականգման գործում ԱՄՆ արտաքին գործերի նախարար (պետական քարտուղար) Ջորջ Մարշալի «Եվրոպայի վերականգնման ծրագիրը» (Marshall Plan, «Программа восстановления Европы»), որը նա հնչեցրեց 1947 թ. հունիսի 5-ին Հարվարդի համալսարանում, իսկ պաշտոնապես սկսեց կյանքի կոչվել 1948 թվականից: Հիշո՞ւմ եք, այդ ծրագրի համաձայն, 1948 թվականից մինչև 1951 թվականը ներառյալ, եվրոպական 17 երկրի պետք է տրամադրվեր ընդամենը 12,4 մլրդ դոլար: Այդ թվում` Արևմտյան Գերմանիային, որի տնտեսությունն առավել շատ էր քայքայվել 2-րդ համաշխարհային պատերազմի արդյունքում, 4 տարվա ընթացքում տրամադրվելու էր 1,3 մլրդ դոլարի օգնություն, Իտալիային` 1,3 մլրդ, Ֆրանսիային` 2,5 մլրդ, Մեծ Բրիտանիային` 2,8 մլրդ դոլար: Թե ինչ բարերար ազդեցություն թողեց այդ երկրների վրա հատկացված օգնությունը, տեղական ռեսուրսների հետ ճիշտ համադրման, նպատակասլաց տնտեսական քաղաքականության իրականացման արդյունքում, կարծում եմ, մեկնաբանությունների պահանջ չի առաջացնում:

Մեկ այլ կարևոր հարցի մասին էլ խորհենք ու այն հաշվի առնենք: Առնվազն 2009 թ. ընթացքում մեր ազգաբնակչության հոգսերը զգալիորեն թեթևացնող հիմնական աղբյուրը` օտար երկրներում, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում աշխատող իրենց հարազատներից, բարեկամներից ստացվող տրանսֆերտները, ավա¯ղ, շարունակելու են կրճատվել: Այսպես, այդ երկրներից ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումների զուտ մուտքերը, եթե 2008 թ. հունվար-ապրիլին կազմել են 318 մլն 50 հազար դոլար, ապա 2009 թ. առաջին չորս ամիսներին դրանք կազմել են 207 մլն 558 հազար դոլար կամ նախորդ տարվա 65,3%-ը: Հասկանալի է, որ այս գումարներին իրենց քանակով համադրելի են նաև բանկային համակարգը շրջանցող, այսպես կոչված, ծրարային տրանսֆերտները` առձեռն հանձնվող, կանխիկ արտարժութային օգնությունները, որոնք նույնպես համաչափորեն կրճատվել են: Այս իրողությունները մի կողմից, մյուս կողմից էլ արտահանման ծավալների առաջանցիկ կրճատումը ներմուծման ծավալների համեմատ կարող են լրացուցիչ ճնշում գործել ՀՀ վճարային հաշվեկշռի վրա, որն իր հերթին կարող է հանգեցնել դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի անկման: Դա էլ կբերի ներմուծվող ապրանքների թանկացմանը, գնաճի ավելացմանը, որն էլ կհանգեցնի առևտրային բանկերի կողմից վարկային տոկոսադրույքների էլ ավելի բարձրացմանը: Այս ամենի արդյունքում ավելի կփոքրանա վարկային ներդրումների ծավալի մեջ նյութական արտադրության ոլորտին հատկացվող վարկերի չափը, որն առանց այդ էլ փոքր ծավալների էր: Սա էլ կհանգեցնի վտանգավոր չափերի հասնող էկոնոմիկայի իրական հատվածի վարկավորման շեշտակի կրճատման:

Այս և նմանատիպ այլ հարցերը պետք է դառնային այն հիմնական բաղադրիչները, որոնք պետք է դրվեին կառավարության և Կենտրոնական բանկի կողմից մշակվող հակաճգնաժամային ծրագրի, ինչպես նաև հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության հիմքում: Այսօր անհրաժեշտ է արձանագրել, որ ֆինանսական հսկայական հոսքերի պայմաններում, այն է` 1,5 մլրդ դոլարի հասնող սպասվող վարկերի պարագայում, ՀՀ ֆինանսական համակարգը, որը կոչված է էկոնոմիկան, հատկապես նյութական արտադրանքի ոլորտը, ասես թե, արյունատար անոթների նման սնուցել, անհրաժեշտ չափով չի կատարում իր այդ հիմնական դերակատարությունը: Իսկ շինարարության ոլորտի խոստացված մեծածավալ վարկավորումը, խոսքը բացառապես, այսպես կոչված, էլիտար բնակարանային շինարարության մասին է, մեղմ ասած, չի դիմանում և ոչ մի քննադատության: Մոտ մեկուկես ամիս առաջ մեր հարգարժան վարչապետն իր ելույթներից մեկում նշել էր, որ այդ շենքերում այսօր կան ավելի քան 4000 պատրաստի բնակարաններ, որոնք, գնորդ չլինելու պատճառով, չեն վաճառվում: Բա, լավ, ֆինանսական այս նեղ պայմաններում, երբ էկոնոմիկայում առաջանում են հրատապ լուծումներ պահանջող բազում խնդիրներ, ի՞նչ, այդ 4000 բնակարանին ևս 1000 բնակարան ավելացնենք: Դրանով տնտեսության իրական աշխուժացում կապահովե՞նք: Մի՞թե մենք իրավունք ունենք դրսից ստացվող վարկերը (որոնց ստացումը մեծապես պայմանավորված է գրագետ նախաձեռնողական արտաքին քաղաքականությամբ) նման անարդյունավետ ձևով օգտագործել: Լավ, այդ մակրոէկոնոմիկա ասվածը որպես գիտություն, չէ՞ որ դեռ ոչ ոք չի արգելել, կեղծ գիտություն չի հայտարարել: Պատմությունից հիշում ենք, որ նման դեպքեր ժամանակին եղել են, երբ Կիբեռնետիկան, Գենետիկան Սովետական Միությունում հայտարարվել էին կեղծ գիտություններ, արդյունքում հսկայական վնաս հասցնելով երկրի ռազմաարդյունաբերական ճյուղին, ինչպես նաև` բժշկությանը, գյուղատնտեսությանը, տասնամյակներով հետ գցելով դրանց զարգացումը: Չէ՞ որ Մակրոէկոնոմիկայի հայտնի դրույթների համաձայն պետք է վարվի տնտեսական այնպիսի քաղաքականություն, որի պայմաններում ներդրումների նպատակային իրականացումն իր հետևից բերելու էր արտադրանքի ծավալի աճ. այդ օրինաչափությունը հայտնի է որպես բազմապատկչի էֆեկտ: Տնտեսական բազմապատկիչը հաշվարկվում է որպես ՀՆԱ-ի հավելաճի և ներդրումների ծավալի հարաբերություն, որն առաջացրել է այդ հավելաճը: Ահա, գործադիր իշխանությունների արհեստավարժության աստիճանը նաև որոշվում է ներդրումներն առավել արդյունավետ կատարելու նրանց հմտությամբ, որն էլ մեծապես պայմանավորված է տնտեսությունում ներդրումային այնպիսի միջավայրի ձևավորմամբ, որտեղ բանկային նույն համակարգը շահագրգռված լինի վարկավորել ոլորտներ, ուր առավել բարձր է տնտեսական բազմապատկիչը, հավասար է 2-ի, 3-ի: Այդ պայմաններում 1,5 մլրդ վարկային դոլար ներդնելով` էկոնոմիկան կարող էր ակնկալել, որ մեկ-երկու տարիների ընթացքում այն միայն դրա արդյունքում կերաշխավորի ՀՆԱ-ի հավելաճ, որը կկազմի նվազագույնը 3 մլրդ դոլարին համարժեք: Այդ պայմաններում, բնական է, որ չես նախընտրի ֆինանսավորել սպառման շուկա չունեցող էլիտար շենքերի կառուցում` գրգռելով տասնյակ հազարավոր ընտանիքների, ում բնակարանային պայմանները չեն դիմանում սանիտարական և ոչ մի չափանիշի, էլ չասեմ` բնակարանազուրկ երիտասարդ ընտանիքների մասին:

Ինվեստիցիոն քաղաքականության փիլիսոփայությունը պետք է լինի մեկը. ստեղծել պայմաններ, որպեսզի վարկերը նպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործող այն ձեռնարկությունների խթանմանը, որոնք ունեն թողարկած արտադրանքի երաշխավորված սպառման շուկա, անգամ իսկ դրանց ծավալների դինամիկ աճի դեպքում: Դրան պետք է նպաստի նաև վարվող հարկային քաղաքականությունը, բյուջետային քաղաքականությունը: Այստեղ հարկ է խնդիր դնել, որ բյուջետային ծախսված յուրաքանչյուր դրամը ավելացնի տեղական արտադրության ապրանքների ու ծառայությունների սպառողական պահանջարկի աճի առաջանցիկ տեմպի ապահովումը սպառողական առաջարկի նկատմամբ: Դա էլ իր հերթին ավելի հրապուրիչ կդարձնի այդ ճյուղերի զարգացումը: Սակայն սա արդեն մեկ այլ վերլուծության նյութ է:

P. S. Վերջերս, հունիսի 4-ից 6-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ավանդական դարձած Միջազգային տնտեսական ֆորումը: Անգամ իսկ դրա կազմակերպիչների համար անակնկալ էր, որ համաժողովը այդքան ներկայացուցչական եղավ` ֆորումի աշխատանքներին մասնակցում էին 83 երկրներից ավելի քան 3500 մասնակիցներ, այդ թվում` տարբեր երկրների նախագահներ, վարչապետեր, նախարարներ, տրանսազգային ընկերությունների ղեկավարներ, աշխարհահռչակ գիտնականներ, էկոնոմիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Ահա այս մարդկանց շրջանում ֆորումի կազմակերպիչները հարցում էին անցկացրել` «Ճգնաժամը հաղթահարելու համար ի՞նչ պետք է անեն կառավարությունները առաջին հերթին»: Հարցվածների 39% պատասխանել էր. «Ներդրումներ իրականացնել ինֆրակառուցվածքի մեջ», երկրորդ ծանրակշիռ պատասխանն էր` «Անհրաժեշտ է բանկային կառուցվածքի խոչընդոտները վերացնել»: Նման առաջարկով հանդես էին եկել հարցվածների 38%ը:

Այս պատասխանների մասին խորհելը և այդ ուղղությամբ առանց հապաղելու գործնական քայլեր կատարելը հրամայական պահանջ է նաև մեզ համար: