ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆՎԱԾ ՆՎԵՐ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ԿԱՄ ՏԽՈՒՐ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ «ՀՀ 2011Թ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ

01.10.2010

«Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագիծն անկողմնակալ գնահատելու համար բյուջեի առանձին ցուցանիշները փորձենք համադրել «ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի որոշ արդյունքներ»  (այսուհետ` Նախընտրական ծրագիր) փաստաթղթի համաձայն ստանձնած պարտավորությունների կատարման առումով:

Նախընտրական ծրագրով ակնկալվում է, որ ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը 2012 թվականին պետք է հասցնել 3 մլրդ 861 մլն դոլարի: ՀՀ կառավարության 2011թ. Բյուջետային ուղերձի (Մաս II, ՀՀ տնտեսական և հարկաբյուջետային հիմնական ցուցանիշների կանխատեսումներ, էջ 49) համաձայն` 2010թ. արդյունքներով սպասվում է շուրջ 2,7% տնտեսական աճ, այլ կերպ ասած` 2010թ. անվանական ՀՆԱ-ի սպասվող ծավալը կազմելու է 3165538,1 X 102,7 / 100 = 3 տրլն 399 մլրդ 605 մլն 398 հազար դրամ: Հարկ է նշել, որ Նախընտրական ծրագրի կատարման պարագայում պարտավորություն էր վերցված 2012թ. անվանական ՀՆԱ-ի ծավալը հասցնել 5 տրլն 570 մլրդ դրամի: Դրա հետ մեկտեղ 2011թ. պետական բյուջեի հիմքում դրված հիմնական տնտեսական չափորոշիչների համաձայն` 2011թ. կանխատեսվում է ՀՆԱ-ի աճ` 4,6% (ՀՀ կառավարության 2011թ. Բյուջետային ուղերձ, էջ 48): Վերը հիշատակված նախընտրական այդ խոստումը կատարելու համար անհրաժեշտ կլինի, որպեսզի 2012թ. ՀՆԱ-ի աճը 2011թ. նկատմամբ կազմի ոչ ավելի, ոչ պակաս, քան 156,6%: ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի կողմից իրականացվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության պայմաններում ՀՆԱ-ի նման աճի տեմպի ապահովումը շատ հեռու է իրականություն դառնալուց:

Մինչդեռ նշենք, որ 2009թ. արդյունքում ապրանքների արտահանումը ՀՀ-ից կազմել է 748 մլն 850 հազար դոլար («Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշիռը», 2010, էջ 11), իսկ ծառայություններինը` 589 մլն 500 հազար դոլար (նույն տեղում, էջ 12): Այսպիսով, 2009թ. ապրանքների և ծառայությունների արտահանումը կազմել է 1 մլրդ 338 մլն 350 հազար դոլար: Հարկ է նշել նաև, որ 2010թ. 1-ին կիսամյակում ապրանքների արտահանման ծավալը կազմել է 470,98 մլն դոլար, իսկ ծառայություններինը` 293,15 մլն դոլար [ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2010թ. հունվար-օգոստոսին», էջ 79], այսինքն` ապրանքների ու ծառայությունների միագումար արտահանումը կազմել է 764,13 մլն դոլար: Սոցիալ-տնտեսական զարգացման նման միտումների պահպանման դեպքում կարելի է սպասել, որ 2010թ. արդյունքում այդ ցուցանիշը կկազմի 1 մլրդ 528,3 մլն դոլար: Եթե անգամ 2011թ. ապրանքների ու ծառայությունների արտահանման ծավալների աճի տեմպերը 2010թ. նկատմամբ կազմեն 150% (որն ուղղակի հնարավոր չէ), ապա հաջորդ տարի ՀՀ-ում ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը կկազմի 2 մլրդ 292,5 մլն դոլար: 2012թ. Նախընտրական ծրագրով նախատեսված ցուցանիշին` 3 մլրդ 861 մլն դոլար ապահովելու համար անհրաժեշտ կլինի արձանագրել ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալների 168,4% աճ: Աճի նման տեմպ ապահովելը նույնպես անհնարին է, քանի որ ակնհայտ է, որ սպասվելիք թերակատարումը լինելու է ծանրակշիռ և կազմելու է բավական մեծ տոկոս: Արդյունքում միայն այսպիսի եզրակացություն կարելի է անել, քանզի ըստ 2011թ. Բյուջետային ուղերձի` մինչև 2010թ. տարեվերջ ապրանքների և ծառայությունների ոլորտում սպասվում է 4%-ոց աճ, իսկ «2011թ.` պայմանավորված տնտեսության այլ ճյուղերի զարգացումներով, ինչպես նաև նշյալ ճյուղերը սպասարկող ծառայությունների համահունչ վարքագծով, ճյուղի աճը կկազմի շուրջ 3,9%»  (Մաս II, էջ 55): ՀՀ տնտեսության մեջ ներկայումս տեղի ունեցող գործընթացների պայմաններում ապրանքների և ծառայությունների արտահանման Նախընտրական ծրագրով նախատեսված ցուցանիշի ապահովումը դառնում է անիրատեսական: ՀՀ կառավարության ֆինանսատնտեսական հատվածի ղեկավարների նույնիսկ բուռն լավատեսությունը չի կարող կանխել այս պարտավորության կատարման ձախողումը:

2011թ. բյուջեի նախագծում լուրջ անհանգստություն են առաջացնում առողջապահության, կրթության, ինչպես նաև սոցիալական պաշտպանվածության համար նախատեսված ծախսերի փոքր ծավալները: Այսպես, բյուջեի նախագծում (Հավելված 1, աղյուսակ 1, էջ 47) առողջապահության ծախսերը նախատեսված են 62 մլրդ 498 մլն 293 հազար դրամի չափով: Մինչդեռ, Նախընտրական ծրագրի համաձայն` խնդիր է դրված 2012թ. այդ ցուցանիշը հասցնել 106 մլրդ դրամի: Ասել կուզի, առողջապահության ոլորտում այդ ծախսերը երաշխավորելու համար անհրաժեշտ կլինի 2012թ. առողջապահության ծախսերի աճի տեմպերը 2011թ. նախատեսվածի նկատմամբ հասցնել 169,6%-ի: Հաշվի առնելով 2011-2012թթ. ՀՆԱ-ի ծրագրված աճի տեմպերը, ինչպես նաև հարկային եկամուտների տեսակարար կշռի ցուցանիշի եկող տարվա համար նախանշված շարժընթացը ՀՆԱ-ում, կարելի է պնդել, որ ՀՀ կառավարությունն այս դեպքում էլ կձախողի Նախընտրական ծրագրում առողջապահության ոլորտում 2012թ. համար խոստացված ծախսերի կատարման ապահովումը:

Նույն ճակատագրին կարժանանա նաև Նախընտրական ծրագրով կրթության բնագավառի համար նախատեսված ծախսերի երաշխավորումը: Այդ փաստաթղթով 2012թ. ակնկալվում է, որ ուսուցչի ամսական միջին աշխատավարձը պետք է կազմի 207200 դրամ: Նշենք, որ 2010-2011 ուսումնական տարում 15 տարի և ավելի մանկավարժական աշխատանքի փորձ ունենալու պայմանում, մեկ դրույք (շաբաթական 22 ժամ) դասաժամերի առկայության դեպքում և մեթոդական միավորում ղեկավարելու պարագայում ուսուցչի ներկայիս ամսական աշխատավարձը կազմում է 106360 դրամ: Չմոռանանք նշել, որ ընթացիկ ուսումնական տարում հանրակրթական դպրոցները հիմնականի և ավագի բաժանումից հետո մանկավարժների զգալի քանակին միշտ չէ, որ հնարավոր է ապահովել մեկ դրույք դասաժամերով: Դրա հետ մեկտեղ հարկ է ասել, որ 2011թ. բյուջեի նախագծում (Հավելված 1, աղյուսակ 1, էջ 57) կրթության ոլորտի ծախսերը կազմելու են 108 մլրդ 495 մլն 777,7 հազար դրամ: Նախընտրական ծրագրով նախատեսված վերը նշված ցուցանիշն ապահովելու համար կրթության ոլորտի ծախսերը 2012թ. նախորդ տարվա համեմատ պետք է առնվազն կրկնապատկվեն, ինչը, ավա՜ղ, երկրի տնտեսության մեջ ստեղծված իրակիճակում հնարավոր չէ:

Անբարենպաստ միտումներ են արձանագրվում նաև սոցիալական պաշտպանվածության ոլորտում: ՀՀ կառավարության Բյուջետային ուղերձի (Հավելված 1, աղյուսակ 1, էջ 68) համաձայն` 2011թ. բյուջեի նախագծով սոցիալական պաշտպանվածության ոլորտի ծախսերը կազմելու են 271 մլրդ 948 մլն 712,2 հազար դրամ: Նախընտրական ծրագրով նախատեսված սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության ծախսերի` 353 մլրդ 300 մլն դրամ հատկացումներ կատարելու ծավալն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի 2012թ. բյուջեում այդ ոլորտում գրանցվի 2011թ. ծրագրված ցուցանիշի համեմատ 129,9% աճի տեմպ կամ իրականացվեն 81 մլրդ 351 մլն 288 հազար դրամի հավելյալ ծախսեր: Այս ցուցանիշին հասնելը նույնպես անհավանական է թվում:

Թվարկածս միայն այս երեք ոլորտներում Նախընտրական ծրագրով նախատեսված ցուցանիշներն ապահովելու համար անհրաժեշտ կլինի, որպեսզի 2012թ. բյուջեում նախորդ` 2011թ. հիմնական ֆինանսական փաստաթղթի համեմատ ծախսերն ավելացվեն առնվազն 219 մլրդ 753 մլն 804 հազար դրամով կամ 2011թ. բյուջեի ծախսերը մեծացվեն 25,8%-ով: Ավելի պարզ ասած` 2011թ. բյուջետային ծախսերի մեջ առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանվածության ոլորտի ծախսերը կազմելու են շուրջ 443 մլրդ 340 մլն դրամ, իսկ Նախընտրական ծրագրի համապատասխան դրույթներն ապահովելու համար անհրաժեշտ կլինի 2012թ. այդ ոլորտների ծախսերն ավելացնել 49,56%-ով: Ցավոք, այս ցուցանիշների ապահովումը ՀՀ կառավարության կողմից վարվող հարկաբյուջետային և Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականության պայմաններում նույնպես դատապարտված է բացարձակ ձախողման:

Հարկ է նաև նշել, որ ձախողման վտանգի տակ են Նախընտրական ծրագրով նախատեսված սոցիալական ծախսերն ընդհանրապես: Այսպես, այդ փաստաթղթի համաձայն` նախատեսված է 2012 թվականին սոցիալական ծախսերի ծավալը հասցնել 656,2 մլրդ դրամի: Այնինչ, 2011թ. համար պետբյուջեի նախագծում սոցիալական ծախսերը նախատեսված են մոտ 450 մլրդ դրամ, հետևապես, Նախընտրական ծրագրով նախատեսված սոցիալական ծախսերի մակարդակին հասնելու համար հարկավոր է 2012թ. բյուջեում 2011թ. համեմատ նախատեսել սոցիալական ծախսերի տեմպերի 145,8%-ի աճ, ինչը ՀՆԱ-ի 5-6%-ոց նախատեսվող աճի պայմաններում իրական չէ:

Մտահոգիչ միտումներ են ի հայտ գալիս նաև աղքատության հաղթահարման բնագավառում: Նշենք, որ Նախընտրական ծրագրում խնդիր է դրված «աղքատների տեսակարար կշիռը բնակչության ընդհանուր թվաքանակի նկատմամբ 2012թ. հասցնել 11,9%-ի»: Մինչդեռ ՄԱԿ-ի գյուղատնտեսության և պարենի կազմակերպության (FAO) Եվրոպական տարածաշրջանային 27-րդ համաժողովի շրջանակում, որը գումարվել էր ընթացիկ տարվա մայիսին Երևանում, պաշտոնապես հայտարարվել էր, որ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն` 2010թ. ՀՀ-ում աղքատության մակարդակը կկազմի 27,9%: Այս պարագայում զարմանալի էր սեպտեմբերի 10-ին «Հազարամյակի զարգացման նպատակները»  զեկույցի շնորհանդեսի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի արած հետևյալ հայտարարությունը. «Այս պահի դրությամբ, համաձայն վերջին ցուցանիշների, ՀՀ-ում աղքատության մակարդակն իջել էր մինչև 23,5%-ի: Իսկ 2015թ. այդ ցուցանիշը ծրագրված է իջեցնել մինչև 20%-ի»: Ստացվում է, որ ՀՀ նախագահը Նախընտրական ծրագրի կատարման արդյունքում ակնկալում է, որ 2012թ. աղքատության մակարդակը մեր երկրում կազմելու է 11,9%, մինչդեռ փոխվարչապետը հայտարարում է, որ խնդիր է դրված 2015թ. ՀՀ-ում աղքատության մակարդակը հասցնել 20%-ի: Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են:

Հարկ է նաև նշել, որ անհաջողության է մատնված Նախընտրական ծրագրի մեկ այլ դրույթ ևս: Այսպես, այդ ծրագրով 2012թ. խոստացվել է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը հասցնել 1 մլն 688 հազար դրամի, մինչդեռ 2011թ. ՀՀ բյուջեի նախագծով նախատեսված է, որ ՀՆԱ-ն կանխատեսվում է 3 տրլն 763 մլրդ 500 մլն դրամ (ՀՀ կառավարության 2011թ. Բյուջետային ուղերձ, էջ 78): Այդ դեպքում 1 շնչի հաշվով երաշխավորվելու է ընդամենը 1 մլն 158 հազար դրամի արդյունք: Նախընտրական ծրագրի ցուցանիշին հասնելու համար 2012թ. ՀՆԱ-ն պետք է կազմի առնվազն 5 տրլն 486 մլրդ դրամ, իսկ դրա համար 2011թ. ՀՆԱ-ի նկատմամբ պետք է ապահովեն նվազագույնը 145,7% աճի տեմպեր, սակայն, ըստ փորձագիտական կանխատեսումների, այն չի գերազանցելու 105-106%-ը: Այստեղ ևս փաստվելու է, որ 2012 թվականին այդ ցուցանիշի գծով Նախընտրական ծրագիրը նույնպես չի կատարվելու:

Խիստ մտահոգիչ վիճակ է ձևավորվում ներդրումների ոլորտում: Հարկ է նշել, որ վերջին երկուսուկես տարիների ընթացքում բացասական միտումներ են արձանագրվել Հայաստանի Հանրապետության միջազգային ներդրումային դիրքերի (ՄՆԴ) շարժընթացում: Այսպես, եթե 2006թ. («ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի որոշ արդյունքներ»  աղյուսակի համաձայն) ՀՀ-ում կատարված ներդրումները կազմել են 892 մլն դոլար, 2008թ.` 1 մլրդ 132,4 մլն դոլար, ապա 2009թ. արդյունքում` 840,7 մլն դոլար: Միևնույն ժամանակ, 2010թ. 1-ին կիսամյակի տվյալներով` ՀՀ-ում կատարված ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 244,37 մլն դոլար, որը եղել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի 60,66%-ը (ԱՎԾ, «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2010թ. հունվար-օգոստոսին», էջ 81): Հարկ է նշել, որ եթե 2008թ. ավարտին ՄՆԴ-ն եղել է բացասական (ՀՀ ֆինանսական պարտավորությունները ոչ ռեզիդենտների նկատմամբ գերազանցել են ակտիվները) և կազմել է մինուս 3 մլրդ 470,08 մլն դոլար, ապա 2009թ. տարեվերջին ՄՆԴ-ն նույնպես եղել է բացասական ու կազմել մինուս 4 մլրդ 76,95 մլն դոլար: Այդ միտումը շարունակվում է նաև 2010թ.: Այսպես, 2010թ. հունիսի վերջի դրությամբ ՀՀ-ի զուտ ներդրումային դիրքը եղել է բացասական և կազմել է 4 մլրդ 671,45 մլն դոլար, որը 2010թ. մարտի վերջի նկատմամբ աճել է 12,29%-ով կամ 511,31 մլն դոլարով: Հարկ է նշել, որ ակտիվները նվազել են 2,45%, իսկ պարտավորությունները` աճել 4,93%-ով («ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2010թ. հունվար-օգոստոսին», էջ 85): Անգամ արձանագրված այս միտումների զգալի բարելավման դեպքում 2010թ. տարեվերջին մենք կարող ենք փաստել, որ Նախընտրական ծրագրում խնդիր դրված 2012թ. ներդրումների ծավալը հասցնել 4,5-5 մլրդ դոլարի (կամ 1 տրլն 727 մլրդ 200 մլն դրամի) սահմանագծին` ընդհանրապես շատ հեռու է իրականություն դառնալու հնարավորությունից: Այդ ցուցանիշին հասնելու համար 2011-2012թթ. ներդրումների ծավալը 2010թ. համապատասխան ցուցանիշի համեմատ հնարավոր կլինի ապահովել, եթե երկու տարվա ընթացքում ներդրումները նվազագույնը կրկնապատկվեն: Սակայն ակնհայտ է, որ ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի կողմից այսօր իրականացվող քաղաքականության պայմաններում դա նույնպես բացառվում է:

Տագնապ է հարուցում նաև այն, որ Նախընտրական ծրագրով հռչակված խոստման կատարումը, այն է` 2012թ. ապահովագրական կենսաթոշակի միջին ամսական չափը հասցնել 39498 դրամի, նույնպես վտանգված է: Այսպես, ԱՎԾ «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2009թ.»  զեկույցի համաձայն` անցյալ տարի 522 835 կենսաթոշակառուների կենսաթոշակի միջին չափը կազմել էր 24520 դրամ: Նախընտրական ծրագրի այն դրույթի կատարումը, ըստ որի` 2012թ. «միջին ամսական ապահովագրական կենսաթոշակը տոկոսային հարաբերությամբ նվազագույն սպառողական զամբյուղի նկատմամբ պետք է հասցվեր 100%-ի», առավել ևս չի ապահովվելու: Նշենք նաև, որ 2010թ. հունվար-հունիսին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 41052,4 դրամի: Ուստի, Նախընտրական ծրագրի վերը նշված խոստումը կատարելու համար 2012թ. բյուջեով կենսաթոշակի միջին չափը 2011թ. համեմատ պետք է նվազագույնը բարձրացվի 45%-ով: Գործող կառավարության վարած քաղաքականության պարագայում սա նույնպես հնարավոր չի լինի ապահովել:

Կարելի էր անդրադառնալ «ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի որոշ արդյունքներ»  փաստաթղթի այլ դրույթների կատարման ձախողումը հիմնավորող ծանրակշիռ այլ փաստարկների նույնպես: Սակայն, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանզի ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը, անգամ իսկ ունենալով Ազգային ժողովի բացարձակ մեծամասնության աջակցությունը, իր գործունեության երկուսուկես տարիների ընթացքում շեղվել է Հայաստանի Հանրապետության զարգացման տեսլականից: Տեսլական, որի հիմնադրույթները հստակ շարադրված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Նախընտրական ծրագրում:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Հոդվածն արդեն պատրաստ էր տպագրության, երբ ԱՎԾ-ն հրապարակեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2010թ. հունվար-սեպտեմբերին»  հաղորդագրությունը: Ինչպեսև սպասվում էր, այդ հաղորդագրությունը լավատեսություն, ավա՜ղ, չներշնչեց: Բավական է նշել, որ սեպտեմբեր ամսին ՀՆԱ-ն օգոստոսի համեմատ արձանագրել է 24,6%-ի անկում: Ավելին, այս տարվա 9 ամիսներին ՀՆԱ-ի ծավալի անկումը նախաճգնաժամային` 2008թ. հունվար-սեպտեմբերի համեմատ համադրելի գներով (դոլարային արտահայտությամբ) կազմել է 26%: Մինչդեռ 2009թ. նկատմամբ ս.թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված ՀՆԱ-ի 102,8% աճի տեմպն ամենևին չի վկայում երկրի` ճգնաժամից դուրս գալու մասին: Նկատենք, որ 2009թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ՀՆԱ-ի անկումը կազմել էր 18,3% (այլ կերպ ասած` 102,8%-ն արձանագրվել է նման աղետալի անկումից հետո): Այստեղ հարկ է նշել, որ անցած ժամանակաշրջանում վատթարացել է վիճակը նաև էկոնոմիկայի ֆինանսական հատվածում: Այսպես, ս.թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ի Միջազգային պահուստները կազմել են 1 մլրդ 839,7 մլն դոլար, որը 164 մլն դոլարով պակաս է 2009թ. դեկտեմբերի վերջին արձանագրված ցուցանիշից (ՀՀ ԿԲ-ի Տեղեկագիր, օգոստոս, 2010, էջ 112): Դրա հետ մեկտեղ, տեղի է ունեցել ՀՀ մաքուր արտաքին պարտքի աճ. ս.թ. հունիսի վերջին ՀՀ-ի մաքուր արտաքին պարտքը կազմել է 2 մլրդ 804,58 մլն դոլար (ԱՎԾ, «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2010թ. հունվար-օգոստոսին», էջ 88), որը 313,07 մլն դոլարով գերազանցում է 2009թ. դեկտեմբերի վերջին արձանագրված համապատասխան ցուցանիշը (ԱՎԾ, «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2010թ. հունվար-փետրվարին», էջ 91): Ասենք, որ ֆինանսական հատվածի ցուցանիշների նման բացասական շարժընթացը տեղ է գտել այն պարագայում, երբ ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումները որոշակիորեն աճել են: Այսպես, նման տրանսֆերտների զուտ ներհոսքի ծավալը ս.թ. հունվար-օգոստոսին կազմել է 618,536 մլն դոլար (2009թ. նույն ժամանակաշրջանում դրանց ծավալը կազմել էր 557,597 մլն դոլար), այդ թվում` ՌԴ-ից ստացված տրանսֆերտների ծավալը կազմել է 543,535 մլն դոլար կամ ընդամենի 87,8%-ը (ՀՀ ԿԲ Տեղեկագիր, օգոստոս, 2010թ., էջ 110):

Այսպիսով` կարելի է արձանագրել, որ ս.թ. հունվար-օգոստոսին մաքուր արտաքին պարտքի 313,07 մլն դոլարի ավելացման դեպքում և ոչ առևտրային նպատակով 618,536 մլն դոլար տրանսֆերտների ստացման պայմաններում, այնուամենայնիվ, 2010թ. հունվար-սեպտեմբերին ՀՆԱ-ի անկումը 2008թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 26%:

Վերը շարադրվածից ելնելով` մենք կարող ենք անել հետևյալ եզրակացությունը. հանրապետության էկոնոմիկան և ֆինանսական համակարգը կոլապսի մեջ չեն ընկնում միմիայն երեք գործոնի համաժամանակյա ազդեցության արդյունքում, այն է` պետական արտաքին պարտքի աճի, ՀՀ-ի Միջազգային պահուստների կրճատման և արտասահմանից մեր հայրենակիցների կողմից ՀՀ ուղարկվող մեծածավալ տրանսֆերտների շնորհիվ: Նշված գործոնները միաժամանակ փրկում են մեր ազգային արժույթն աղետալի արժեզրկումից:

Երկրի էկոնոմիկայում ու սոցիալական ոլորտում ստեղծված նման պայմաններում բացարձակ անհեթեթություն են վարչապետի և ֆինանսների նախարարի հիացական հայտարարություններն առ այն, որ 2011թ. ՀՀ պետական բյուջեն իր սոցիալական ուղղվածությամբ աննախադեպ է: Դա ոչ այլ ինչ է, քան ուղղակի ծաղր մեր ազգաբնակչության նկատմամբ, որը սոցիալ-տնտեսական վիճակի ծանր ազդեցությունն ամեն օր զգում է իր վրա:

Լավատեսություն չի առաջացնում նաև այն իրողությունը, որ ՀՀ կառավարության ղեկավարները ոչ էլ թաքցնում են իրենց մտադրություններն առ այն, որ այսուհետ էլ վարվող տնտեսական քաղաքականությունը կառուցվելու է արտաքին նոր փոխառությունների և դրսից ստացվող տրանսֆերտների վրա` դրանով իսկ ավելի խորացնելով ու միաժամանակ քողարկելով իրենց կողմից վարվող տնտեսական քաղաքականության ձախողումները: Ըստ որում, նրանք սեփական գործողություններն արդարացնում են նրանով, որ 2011թ. կանխատեսվող պետական արտաքին պարտքի տեսակարար կշիռը չի գերազանցելու երկրի ՀՆԱ-ի 45%-ը: Արտաքին պարտքի այդպիսի մակարդակը, նրանց կարծիքով, ռիսկային չէ, քանի որ ռիսկայնության տեսակետից սահմանային է համարվում, երբ դրա ծավալը գերազանցում է 60%-ը: Սակայն, չգիտես ինչու, նրանք համառորեն լռության են մատնում մի շատ էական գործոնի հիշատակում, այն է` պետական արտաքին պարտքի 60%-ի շեմը սահմանված է այն երկրների համար, որտեղ ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների և պետական տուրքերի հարաբերության ցուցանիշը գտնվում է 35-45%-ի միջակայքում: Համեմատության համար ասենք, որ 2009թ. այդ ցուցանիշը ՀՀ-ում կազմել է 16,8%, 2010թ. սպասողական և 2011թ. ծրագրային ցուցանիշները կկազմեն համապատասխանաբար 17,1% և 17,3% (ՀՀ կառավարության 2011 թվականի Բյուջետային ուղերձ, էջ 81): Եթե սրան գումարենք, որ 2011թ. պետական արտաքին պարտքի սպասարկման և մարման համար 2011թ. նախատեսված է ծախսել 129 մլն դոլար, 2012թ.` 280 մլն դոլար, իսկ 2013թ.` 478 մլն դոլար, ապա հետագա մեկնաբանություններն ավելորդ են դառնում:

Կարծում եմ, վերը բերված փաստերը միանգամայն համոզիչ ցույց են տալիս, որ կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը ձախողված է: Ավելին, Ազգային ժողովի հաստատմանը ներկայացվող 2011թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը ոչ մի դրական ազդեցություն չի ունենա երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու համար: Այդ փաստաթղթի ընդունման դեպքում հետագա իրադարձությունները կընթանան արդեն իսկ հայտնի, ոչ մեկ տարի կիրառվող սցենարի համաձայն: Հանրապետությունում սոցիալական լարվածության աճին զուգընթաց կրկին կհաճախակիանան միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների այցերը Հայաստան: Նրանք մամլո բազմաթիվ ասուլիսների միջոցով վերստին միաբերան կսկսեն համոզել մեր քաղաքացիներին, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը եզակի է ու արդարացված, սակայն անհրաժեշտ է այսուհետ էլ պայքարել օլիգոպոլիաների ու կոռուպցիայի դեմ և այլն, և այլն: Դա մեր ժողովրդի լայն շրջանում հիասթափության նոր ալիք կառաջացնի: Այս պայմաններում իշխանափոխության անհրաժեշտության մասին կոչերին կմիանան շատ ավելի մեծ թվով քաղաքացիներ, առավել ևս, որ առաջիկայում լինելու են ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ նախագահի ընտրություններ:

Վերը շարադրվածը երկրում ստեղծված իրավիճակի գույների խտացում չէ, դա պարզապես առկա իրողությունների փաստում է:

Ավարտելով խոսքս` ստիպված եմ ափսոսանքով արձանագրել. ՀՀ կառավարությունը ձախողման եզրին է հասցրել ՀՀ նախագահի Նախընտրական ծրագրի կատարումը: Ակամա մտածում ես. ՀՀ կառավարությունը կարո±ղ է արդյոք դրանից ավելի մեծ նվեր մատուցել Հայ ազգային կոնգրեսին և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Այս հարցի պատասխանն էլ, թերևս, միարժեք է` ո°չ: Մի խոսքով, ՀՀ կառավարությունը ոչ այլ ինչ է, քան գտածո նվեր Լևոն Տեր-Պետրոսյանի ու Հայ ազգային կոնգրեսի համար: Եվ ոչ միայն նրանց: Նա գտածո է նաև արտաքին այն ուժերի համար, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում զբաղված են Ադրբեջանի շահերի լոբբինգով:

Տնտեսապես թույլ, դրսի ուժերից ֆինանսապես կախյալ Հայաստանի Հանրապետությունը, ավա՜ղ, գնալով առավել քան խոցելի է դառնում: Այս անվիճարկելի իրողության գիտակցումը դրդեց ինձ հանդես գալու սույն հոդվածով:

Արտաշես Գեղամյան, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ