Փաշինյանական թայֆան դատում է ոչ թե հայրենասեր Գառնիկ Իսագուլյանին, այլ Հայաստանի քաղաքացիներին

25.01.2022, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3486656.html

28.01.2022, Իրավունք

https://iravunk.com/?p=223789&l=am

 

Անոտացիա

ՀՀ Վերաքննիչ դատարանի անդամներին, որոնք առաջիկա օրերին քննելու են ոչ թե ի պաշտպանություն առանձին վերցրած՝ Հայաստանի հայրենասեր Գառնիկ Սամվելի Իսագուլյանի վճռաբեկ բողոքը, այլ ի պաշտպանություն Հայաստանի ու Արցախի հարյուրավոր և հազարավոր քաղաքացիների դեռևս միահամուռ չարտահայտած բողոքը, որոնք գիտակցել են, որ հանձինս Փաշինյանի և նրա կառավարող թայֆայի իրենք տեսնում են թուրքական և բրիտանական հատուկ ծառայությունների (որոնք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հուշեցին, որ իրենց ղազախստանյան ձախողումից հետո պոչը քաշելու ժամանակն է) ցցված ականջները։

Հանձն առնելով գրել հոդվածը՝ բնավ նպատակ չունեի ամփոփել 2021թ. սոցիալ-տնտեսական, ներքաղաքական արդյունքները։ Ավաղ, դրանք շատ տագնապալի են և բնավ չեն ոգևորում հոդված գրել։ Ավելին, խոր մտահոգության զգացում են առաջացնում Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) ապագայի համար, ուստի, խոստովանում եմ, չէի ցանկանա 2022 թվականն սկսել տագնապալի մտորումների հրապարակմամբ։ Չէի ցանկանա հատկապես այն պայմաններում, երբ հավաքական Արևմուտքն ավելի լավ կիրառման արժանի նախանձելի համառությամբ դեռևս շարունակում է հեռանալ 2021թ. դեկտեմբերի 15-ին ներկայացված՝ գլոբալ անվտանգության ապահովման վերաբերյալ երկու խիստ ակտուալ փաստաթղթերի, դիցուք՝ անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև պայմանագրի նախագծի և Ռուսաստանի Դաշնության ու Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության միջոցների մասին համաձայնագրի նախագծի կառուցողական քննարկումից։

Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ ստեղծված վտանգավոր աշխարհաքաղաքական իրադրությունում պակաս տարակուսանք չառաջացրեց նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կրավորական կեցվածքը Ռուսաստանի արտաքին քաղաքական այդ նախաձեռնությունների աջակցության հարցում։ Բայց սա բացառապես առանձին վերլուծության թեմա է։ Իսկ այստեղ որպես նկատառում կուզենայի նշել հետևյալը. այն, որ փաշինյանական խորհրդարանական մեծամասնությունը ոչ մի կերպ չարձագանքեց ռուսաստանյան նախաձեռնություններին, առավել ևս՝ չսատարեց դրանց, միանգամայն հասկանալի է։ Հո դրա համար չեն 1997 թվականից Սորոսը և ժողովրդավարության ու մարդու իրավունքների՝ Հայաստանում խրամատավորված ամեն տեսակ ջատագովները հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել և 2018թ. ապրիլ-մայիսին նախաձեռնել պետական հեղաշրջում ՀՀ-ում՝ իշխանության բերելով իրենց դրածո Նիկոլ Փաշինյանին։

Որպեսզի ընթերցողները պատկերացում ունենան ՀՀ սոցիալ-տնտեսական դրության մասին, միայն մի քանի ցուցանիշներ ներկայացնեմ։ Այսպես, 2020թ. արդյունքներով աղքատության մակարդակը ՀՀ-ում կազմել է 27,7% (Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, «Աղքատությունը և Հայաստանի սոցիալական համայնապատկերը, 2021», էջ 33)։ Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանը 2021թ. գրանցել է աղքատության 7% աճ, այսինքն՝ անցած տարվա արդյունքներով՝ ՀՀ յուրաքանչյուր երրորդ բնակիչ պատկանում է աղքատների կարգին։ Ընդ որում՝ նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ժողովածուի տվյալներով («Սոցիալ-ժողովրդագրական ցուցիչներ։ Եվրասիական տնտեսական միության վիճակագրություն», էջ 22)՝ 2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության մակարդակը ՀՀ-ում ամենաբարձրն էր ԵԱՏՄ անդամ երկրների մեջ և կազմել է 15%։ Համեմատության համար նշենք, որ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում գործազրկության մակարդակը կազմել է 4,6 % (Բելառուսում՝ 3,7, Ղազախստանում՝ 4,9, Ռուսաստանում՝ 4,4%)։ 2021թ. դրությունն էապես վատթարացել է նաև ՀՀ ֆինանսների ոլորտում։ Այսպես, 30.11.2021թ. դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է $9 մլրդ 159 մլն 275 հազար, այդ թվում արտաքին պարտքը կազմել է $6 մլրդ 650 մլն 584 հազար (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021թ. հունվար-նոյեմբերին, էջ 96)։ Ընդ որում՝ ուղղակի ներդրումներն այդ ընթացքում կազմել են մինուս $131 մլն 650 հազար՝ $180 մլն 50 հազար գումարի չափով զուտ ֆինանսական պարտավորությունների ընդունման պայմաններում։ Նշենք նաև, որ պորտֆելային ներդրումները 2021թ. հունվար-սեպտեմբերին կազմել են մինուս $769 մլն 490 հազար, իսկ զուտ պարտավորությունների ընդունումը կազմել է $787 մլն 230 հազար (նույն տեղում, էջ 128)։ Այսքան խոշոր պետական պարտքը և ներդրումների ու վճարային հաշվեկշռի տագնապեցնող ցուցանիշները, անշուշտ, չեն աջակցի դրական փոփոխությունների բարենպաստ պայմանների ստեղծմանը 2022թ. տնտեսության աճի և ՀՀ քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար։ Էլ չեմ ասում Հայաստանի պաշտպանունակության վերականգնման ամենահրատապ խնդրի մասին՝ ծանրագույն հետևանքներից հետո, որոնք, մեղմ ասած, ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ընթացքում նիկոլփաշինյանական խառնամբոխի գործողությունների բացահայտ անգրագիտության վկայությունն են։ Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, նշենք, որ Հայաստանի պաշտպանական ոլորտի ծախսերը 2022թ. կազմելու են ավելի քան 345,4 մլրդ դրամ (կամ պետբյուջեի ծախսերի մասի 15,8%-ը), այն դեպքում, երբ պետական պարտքի սպասարկման և մարման համար հատկացվելու է 518,2 մլրդ դրամ (մոտ $1 մլրդ 50 մլն), դրանցից տոկոսների վճարմանը կուղղվի 214,6 մլրդ դրամ (մոտ $434,7 մլն)։ Այո, Հայաստանը 2022թ. ռազմական ծախսերի համար ավելին կհատկացնի, քան 2021թ., բայց ավելի պակաս, քան կառավարության պարտքի սպասարկմանը և մարմանը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում էր ՀՆԱ 64,1%-ը։

Ֆինանսատնտեսական և սոցիալական ոլորտների այս տագնապալի վիճակը ծայրահեղ սրված միջազգային դրության ֆոնին հաստատակամորեն պահանջում է խոր վերլուծության ենթարկել անվտանգության մարտահրավերները և հայկական պետականության գոյության սպառնալիքները՝ վերահաս աղետի կանխման համարժեք միջոցների ստեղծման հեռանկարով։ Որպեսզի իմ գնահատականները չարդարացված խուճապային չթվան, հղում կատարեմ կոնկրետ փաստերի, որոնք էլ իմ խոր տագնապի աղբյուրն են հանդիսանում։

Եվ այսպես, հարգելի ընթերցող, 2019թ. ապրիլին ԱՄՆ Rand Corporation հետախուզական-վերլուծաբանական կենտրոնը հրապարակեց «Extending Russia. Competing from Advantageous Ground» («Ռուսաստանի գերլարվածությունը. մրցակցություն շահեկան դիրքերից») զեկույցը, որը պատրաստվել էր ԱՄՆ կառավարության պատվերով։ Այդ 354 էջանոց փաստաթուղթը (այսուհետ՝ Զեկույց) մանրամասն նկարագրում է, թե ինչպես ստիպել Ռուսաստանին մրցակցել այն ոլորտներում և տարածաշրջաններում, որտեղ ԱՄՆ-ը մրցակցային առավելություն ունի, ինչպես նաև ստիպել Ռուսաստանին գերլարվել, հյուծվել ռազմատնտեսական առումով, կամ ստիպել Ռուսաստանին, նրա ռազմաքաղաքական ղեկավարությանը կորցնել ներքին և միջազգային հեղինակությունը և վերջնարդյունքում ստեղծել նախադրյալներ Ռուսաստանի Դաշնության փլուզման համար։ Եվ ահա, Ռուսաստանում, նրա սահմանների ողջ պարագծում գտնվող երկրներում և աշխարհում ծավալվող իրադարձություններն ուշադիր վերլուծելիս, համադրելով դա Զեկույցում շարադրված հանձնարարականների հետ, գալիս ես այն եզրահանգման, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ուղղված է Զեկույցի դրույթների իրականացմանը։ Միայն մեկ մեջբերում կատարեմ Զեկույցի «Ուժերի «ձգման» աշխարհաքաղաքական միջոցները» գլխից (https://csa.pnzgu.ru/gibridswars/gw1). «Ուկրաինային մահասփյուռ ռազմական օգնության տրամադրումը կծառայեր Ռուսաստանի առավել խոցելիության օգտագործմանը։ Բայց սպառազինությունների մատակարարումների ցանկացած ավելացում զինված ուժերի համար և Ուկրաինային ԱՄՆ երաշխավորությունների ընդլայնումը պետք է մանրակրկտորեն հղկվի, որպեսզի մեծացվեն Ռուսաստանի առկա ծախսերը՝ պարտավորությունները պահելու, առանց անհամեմատ ավելի լայն հակամարտության հրահրման, որտեղ Ռուսաստանը տարածաշրջանին աշխարհագրորեն մոտ լինելու պատճառով զգալի առավելություններ կունենար։

Սիրիական ապստամբների ուժեղացումը կարող էր սպառնալիքի տակ դնել ԱՄՆ մյուս քաղաքական գերակայությունները, ինչպիսին է արմատական իսլամական ահաբեկչության դեմ պայքարը, և կարող էր հանգեցնել ամբողջ (մերձավորարևելյան – Ս.Դ.) տարածաշրջանի հետագա ապակայունացման։ Բացի այդ, այս տարբերակը կարող է անգամ անհնար դառնալ՝ հաշվի առնելով արմատականացման, մասնատման և սիրիական ընդդիմության անկման գործընթացները։

Ազատականացմանն աջակցելը Բելառուսում, ավելի շուտ, չէր պսակվի հաջողությամբ և կարող էր առաջացնել Ռուսաստանի ուժեղ պատասխանը, ինչը կհանգեցներ դրության ընդհանուր վատթարացման եվրոպական անվտանգության ոլորտում և ԱՄՆ քաղաքականության ձախողման։

Հարավային Կովկասի երկրների հետ կապերի ընդլայնումը՝ տնտեսապես մրցակցելով Ռուսաստանի հետ, կդժվարանար աշխարհագրության և պատմության առանձնահատկությունների պատճառով։

Կենտրոնական Ասիայում ռուսական ազդեցության նվազեցումը կլիներ բավական դժվարիրականանալի և, գուցե, թանկ արժեցող։  Ավելի ակտիվ ներգրավումը (տարածաշրջանի գործերին ԱՄՆ – Ս.Դ.) հազիվ թե «ձգեր» Ռուսաստանի տնտեսական ռեսուրսները և, հավանաբար, կդառնար անհամամասնորեն թանկ արժեցող գործ Միացյալ Նահանգների համար։

Ուժերի դասավորության կտրուկ փոփոխությունը Մերձդնեստրում և ռուսական զորքերի վտարումը տարածաշրջանից կդառնային հարվածներ Ռուսաստանի հեղինակությանը, բայց Մոսկվայի համար դա նաև փող կխնայեր և, միանգամայն հնարավոր է, կհանգեցներ լրացուցիչ ծախսերի Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար։    

Ուժերի «ձգման» աշխարհաքաղաքական տարբերակները

Ռուսաստանի ուժերի «ձգման» հաջողության հավանականությունը

Օգուտները

Ծախսերը և ռիսկերը

Ուկրաինային մահասփյուռ ռազմական օգնության տրամադրում

չափավոր

բարձր

բարձր

Աջակցության ուժեղացումը սիրիական ապստամբներին

ցածր

չափավոր

բարձր

Ազատականացման աջակցություն Բելառուսում

ցածր

բարձր

բարձր

Կապերի ընդլայնում Հարավային Կովկասում

ցածր

ցածր

չափավոր

Ռուսական ազդեցության նվազեցում Կենտրոնական Ասիայում

ցածր

ցածր

չափավոր

Ուժերի կտրուկ փոփոխություն Մերձդնեստրում

ցածր

ցածր

չափավոր

»։

Կարծում եմ, որ ծանոթանալով վերոշարադրյալին՝ ընթերցողներն այլևս կասկածներ չեն ունենա, որ մենք ԱՄՆ ղեկավարության կողմից Զեկույցի դրույթների իրականացման վկաներն ենք։ Միևնույն ժամանակ, կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ իր խափանարար աշխատանքում՝ լինի Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, թե Հարավային Կովկասում, Միացյալ Նահանգները հենվում է ՆԱՏՕ գծով ռազմավարական դաշնակցի՝ Թուրքիայի վրա, ինչն ինքնաբերաբար տարածվում է նաև նրա մերձավորագույն ռազմավարական դաշնակցի, ավելի ճիշտ՝ արբանյակի՝ Ադրբեջանի վրա։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, հղում կատարեմ կոնկրետ օրինակներին։

Այսպես, 2022թ. հունվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Ալիևի տեղեկատվական խոսափողներից մեկը՝ Minval.az ինտերնետ պարբերականը, հրապարակել էր հոդված՝ «Իսկ պե՞տք է արդյոք Ադրբեջանը աջակցի Տոկաևին» վերնագրով։ Հոդվածի հեղինակը ոչ անհայտ Թոֆիգա խանումն է, նույն ինքը՝ Նուրանին։ Նա գրում է. «...Ղազախստանում տեղի ունեցողը մեզ համար շատ ավելին է, քան պարզապես լուրերի տողեր։ Մանավանդ որ ադրբեջանական հասարակությունը հիշելու և համեմատելու բան ունի. այսօրվա Ղազախստանի իրողությունները չափից շատ են հիշեցնում թե՛ Պրահայի գարնան ճնշումը, թե՛ ԽՍՀՄ ներխուժումն Աֆղանստան, թե՛ մանավանդ Կրեմլի պատժիչ գործողությունն Ադրբեջանում (ըստ երևույթին, Թոֆիգա խանումը նկատի ունի հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաքում 1990թ. հունվարի 13-20-ին, երբ ջարդարարությունների զոհ դարձավ, տարբեր տվյալներով, 48-90 (համաձայն որոշ աղբյուրների՝ մինչև երեք հարյուր) մարդ։ Ըստ Human Rights Watch-ի զեկուցող Ռոբերտ Կումենի՝ «ջարդերը լրիվ (կամ, գուցե, լրիվ) տարերային չէին, քանի որ ջարդարարներն ունեին հայերի ցուցակներն ու նրանց հասցեները»... Վագիֆ Հուսեյնովը, որը ողբերգության ժամանակ զբաղեցնում էր Ադրբեջանի ԿԳԲ նախագահի պաշտոնը, իր հարցազրույցում («Վագիֆ Հուսեյնովը Բաքվի հայերի վտարման մասին») ասել էր, որ ջարդը կազմակերպվել էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից։ Եվ միայն Խորհրդային բանակի զորամասերի մուտքը Բաքու կանխեց Բաքվի հայ ազգաբնակչության ցեղասպանությունը)... Եվ որպեսզի իսկապես պարզվի Ղազախստանում ներկա իրադարձություններին Ադրբեջանի վերաբերմունքը... հիշեցնենք. Կասիմ-Ժոմարտ Կեմելի Տոկաևը հարկ չի համարել գոնե մեկ անգամ հանդես գալ հաջակցություն Ադրբեջանի (ղարաբաղյան 44-օրյա պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ժամանակ) և դատապարտել հայկական ագրեսիան (հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի կողմում պատերազմի ժամանակ սիրիական վարձկան ահաբեկիչների մասնակցությունը – Ա.Գ.)... Ավելին, Բաքվում չեն մոռացել, ինչպես ավելի նուրբ արտահայտվել, ռուսական զենքի Հայաստան տարանցման առանձնահատկությունները։ Ինչպես այն ժամանակ արդեն պատմել է Minval.az-ը, Վրաստանը չէր թողնում Հայաստանի համար զենք բերող ռուսական ինքնաթիռներին անցնել իր օդային տարածքով։ Եվ արդյունքում՝ ինքնաթիռները թռչում էին սկզբում Կասպիայի ափի վրայով՝ ճանապարհին «մտնելով» Ղազախստանի օդային տարածք, այնտեղից Իրան, իսկ հետո արդեն Իրանից Հայաստան (ըստ երևույթին, Նուրանին մտահան է արել, որ 2021թ. նոյեմբերի 5-ին Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ի.Ալիևին շնորհավորական նամակ էր ուղարկել «ղարաբաղյան պատերազմում հաղթանակի գալիք տարեդարձի առիթով», որում, մասնավորապես, գրված էր. «...Այդ նշանակալի ամսաթիվը ընդմիշտ գրված է Ադրբեջանի Հանրապետության փառահեղ տարեգրության մեջ (ավելի քան 5000 զոհված հայ զինվորներ, 10 հազարից ավելի խեղվածներ ու ավելի քան 40 հազար օթևանազուրկ և գույք կորցրած ընտանիքներ։ Այսպիսին են Տոկաևի ընկալմամբ նշանակալի ամսաթվի գումարելիները – Ա.Գ.)՝ որպես մեր ժողովրդի միասնության, տոկունության, անսասան կամքի խորհրդանիշ (վարձկան ահաբեկիչների հետ միասին – Ա.Գ.) հանուն պետականության ամրապնդման և երկրի ինքնիշխանության»)։ Պետք է կարծել, որ Թոֆիգա խանում-Նուրանին բավարարված կլիներ՝ իմանալով, որ ի պատասխան Տոկաևի հասցեին իր քննադատության՝ 2022թ. հունվարի 20-ին Ադրբեջանում Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել ադրբեջանցի ժողովրդին Բաքվում հայկական ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ, հայերի համար ողբերգական այդ օրը Ադրբեջանում հայտարարված է «Համաժողովրդական վշտի օր» (բայց ոչ թե Բաքվում անմեղ սպանված հայերի, այլ նրանց սպանողների՝ 1990թ. հունվարի 13-20-ի զանգվածային ջարդերի մասնակիցների համար)։ «Սգո ազգային օրվա՝ հունվարի 20 ի ողբերգության 32-րդ տարելիցի առիթով Ղազախստանի դեսպանությունը անկեղծ ցավակցություններ է հայտնում Ադրբեջանի եղբայրական ժողովրդին և հարգում է երկրում հանուն անկախության, ազատության և արդարության զոհված քաղաքացիների հիշատակը»։

Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Կարելի է տասնյակ հոդվածներ մեջբերել, որոնք համոզիչ կերպով վկայում են Թուրքիայի և Ադրբեջանի խիստ հետաքրքրվածության մասին՝ օգտագործելու Ղազախստանում 2022թ. հունվարյան բողոքները՝ իրենց զորքերն այնտեղ մտցնելու և ամրանալու համար։ Մեջբերումներ կատարենք այս թեմայով որոշ հոդվածներից. «Թուրքիան սպասում էր ազդանշանի Նազարբաևից՝ Ղազախստանում ապստամբություն կազմակերպելով - WARGONZO». այս հոդվածում, որը հրապարակվել է tsargrad. tv ինտերնետ-հեռուստաալիքի պարբերականում, կարդում ենք. «Արմատականների թիկունքում, ղազախստանյան բողոքի ֆոնին, կանգնած էին գրոհայինները, որոնք աշխատում էին թուրքական հատուկ ծառայությունների հետ։ Անկարան պետք է իր զորքերը մտցներ Ղազախստան նրա առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դիմումից հետո։ Բայց այդ պլանները խափանեց պետության գործող ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը»,- գրում է WarGonzo տելեգրամ-ալիքը։ «Այս սցենարը խափանեց Տոկաևի դիմումը ՀԱՊԿ (դե-ֆակտո՝ Ռուսաստանի) օգնության համար։ Նա առաջ անցավ Նազարբաևից տառացիորեն մեկ օրով՝ խափանելով թուրքական պլանները» (http://tsargrad.tv/news/turcija-zhdala-signala-ot-nazarbaeva-ustroiv-bunt-v-kazahstane-wargonzo-482545)։ Այսպես, KURDISTAN.RU ինտերնետ-պարբերականը 2022թ. հունվարի 8-ին հրապարակել էր հոդված՝ «Դավութօղլուն վշտացել է ՀԱՊԿ-ին Ղազախստանի դիմումից, որտեղ նախագահում է Հայաստանը» վերնագրով, որում ՀԱՊԿ-ի (որտեղ Հայաստանն ունի գործող նախագահի կարգավիճակ) օգնությանը դիմելու վերաբերյալ մտահոգությունն արտահայտել է Թվիթերի իր էջում հունվարի 6-ին. «Ես խորապես վշտացած եմ եղբայրական և բարեկամական Ղազախստանում՝ թյուրքական աշխարհի կենտրոնական երկրում վերջին իրադարձություններից։ Անհանգստություն է առաջացնում նաև այն, որ այդ իրադարձությունների հետ կապված՝ (Ղազախստանի իշխանությունները) աջակցության համար դիմել են Հայաստանի գլխավորած անվտանգության կազմակերպությանը»։ Այսպես է գրել Ահմեթ Դավութօղլուն՝ «Մեծ Թուրանի» ժամանակակից տեսաբաններից մեկը, Թուրքիայի նախկին արտգործնախարարն ու վարչապետը, այժմ՝ ընդդիմադիր «Ապագայի կուսակցության» (նշենք, որ Թուրքիայի գործող իշխանությունները և թուրքական ընդդիմությունը միասնական են մեկ հարցում՝ հայատյացության – Ա.Գ.) առաջնորդը։

Կարելի է բազմաթիվ այլ օրինակներ էլ բերել, որոնք կհաստատեն Ադրբեջանի իշխանական (և իշխանամերձ) կառույցների թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության հանդեպ, բայց սահմանափակվենք բավական համոզիչ գնահատականով, որը թուրքական և ադրբեջանական քաղաքական գործիչների գործողություններին տվել է փայլուն վերլուծաբան, ռուսաստանցի հայրենասեր-դերժավնիկ Եվգենի Սատանովսկին։ 2022թ. հունվարի 23-ին Եվգենի Յանովիչն իր «АРМАГЕДДОНЫЧ» տելեգրամ-ալիքում ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության սահմանների պարագծում գտնվող պետություններում տեղի ունեցող գործընթացների իր տեսլականը։ Միայն ոչ մեծ մեջբերում կատարեմ նրա վերլուծությունից. «Որքանով որ կարելի է դատել, (Ղազախստանում – Ա.Գ.) հակակառավարական ելույթների և դրանց հաջորդած ջարդարարությունների նախաձեռնողները տեղի բարձրաստիճան քաղաքական գործիչների և ուժայինների մի մասն էին, որ պայմանավորվել էին հենց Լոնդոնի և Անկարայի հետ (վերջինը ղեկավարում էր գրոհայիններին)։ Նրանց օգնությանն էլ, հուզումներն սկսվելուց հետո, Տոկաևին չեզոքացնելով, պետք է դիմեին կարգուկանոն մտցնելու համար, օգնություն, որը կցուցաբերեին թուրքական և նրանց դաշնակից ադրբեջանական զորքերը «եվրոպական» տանիքի ներքո, հանձինս անգլիացիների՝ ղազախական տնտեսությունում իրենց վիթխարի շահերով։ Լավ սխեմա է, մանավանդ իրականացման դեպքում, պետք էր պարզապես հետ կանչել սեփական, «ձեռքի տակի» ջիհադականներին (որոնց ձեռքերը մինչև արմունկները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորների և խաղաղ քաղաքացիների արյան մեջ են, որը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերին ենթարկվեց Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիային – Ա.Գ.), իսկ արդեն նրանց միացած քրեականներին կարելի կլիներ այնքան էլ հաշվի չառնել։ Իհարկե, ՀԱՊԿ-ին դիմելով Տոկաևը խափանեց այս ամբողջ խաղը։ Արդյունքում՝ «Ռուսաստանի ոչ մի պատասխան Ղարաբաղում խաղաղապահների համար» տեղի չունեցավ, «Մեծ Թուրանի բանակ»՝ նույնպես, համենայնդեպս առայժմ, և խաղը պետք է նորից խաղարկել։ Իսկ Ղազախստանում, թե հարևանությամբ՝ սա արդեն երկրորդ հարցն է»։ Ցանկանում եմ հուսալ, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության խորհրդարանականները, կարդալով հարգարժան Եվգենի Սատանովսկու այս տողերը, կհասկանան, որ Հայաստանի ԶՈւ զորախումբ ուղարկելը Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահների կազմում ավելի քան արդարացված էր, ինչի մասին ամենայն համոզչությամբ վկայում են այս հաշվով չափազանց խոցված թուրք և ադրբեջանցի քաղաքական գործիչների՝ ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր, արտահայտությունները։ Ըստ իս, ևս մեկ ոչ պակաս կարևոր մանրամասն. դիցուք՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության պայմաններում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը՝ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ, որոշում ընդունեց Ղազախստան ուղարկել հավաքական խաղաղապահ ուժեր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հետ կապված։ Փաշինյանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ երդվյալ հակառակորդ լինելով, որին Պոտոմակի ափերի և մառախլապատ Ալբիոնի ու նրանց թուրքական արբանյակների հատուկ ծառայությունները իշխանության բերեցին Հայաստանում, իր ստորագրությունը դնելով ՀԱՊԿ Խորհրդի այդ որոշման տակ, Երևան քաղաքի «Նաիրի» կինոթատրոնի շրջակայքի տղերքի քաղաքական տերմինաբանությամբ արտահայտված, «քցեց իր արտերկրյա տերերին վերջին ախմախների պես»։ Բայց այդքան էլ միամիտ չէ Նիկոլ Վովաևիչը, որպեսզի այդպես մինչև վերջ անվանարկվեր նրանց աչքում։ Այդ քաղաքական քամելեոնը ակնթարթորեն գործի դրեց ինքնապահպանման բնազդը, որը հուշեց նրան անհապաղ գործողություններ ձեռնարկել իր հովանավորի սիրտը շահելու համար։ Չէ, չէ, հարգելի ընթերցող, ոչ թե Սորոսի և հավաքական Արևմուտքի հատուկ ծառայությունների կուրատորների, այլ թուրք սուլթան Էրդողանի։ Ինքներդ դատեք, հարգելի ընթերցող։ 2021թ. փետրվարի 25-ին Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը, ինչը Փաշինյանը բնութագրեց որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Եվ տեսեք, թե ով առաջիններից մեկը կանգնեց Փաշինյանի պաշտպանության դիրքերում՝ թուրք սուլթան Էրդողանը։ Արդեն 2021թ. փետրվարի 26-ին թուրքական Anadolu գործակալությունը Թվիթերի իր էջում մեջբերեց Էրդողանի խոսքերը, որն ասել էր ուրբաթօրյա աղոթքից հետո. «Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Անընդունելի է, երբ բանակը միջամտում է քաղաքականությանը։ Եթե պետք լինի փոխել կառավարությունը, ապա թող դա անի հայ ժողովուրդը, այդ աշխատանքը պետք է թողնել նրան (ով է ասում այս մասին՝ Էրդողանը, որի անմիջական հովանավորությամբ թուրքական ԶՈւ գեներալները ղեկավարում էին ադրբեջանցի ագրեսորների և ավելի քան երկու հազար սիրիական վարձկան ահաբեկիչների գործողությունները ղարաբաղյան պատերազմում (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր))։ Հայ ժողովուրդը հոգնել է (ներկայիս) իշխանությունից»։ Նշենք նաև, որ 2021թ. փետրվարի 26-ին «ИЗВЕСТИЯ IZ» կայքում հրապարակվեց հոդված՝ «ԱՄՆ պետդեպը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել» վերնագրով, որում, մասնավորապես, գրված էր. «Գերատեսչության (ԱՄՆ պետդեպարտամենտի – խմբ.) ներկայացուցչի խոսքով՝ կողմերը պետք է խուսափեն ցանկացած գործողությունից, որոնք կարող են հանգեցնել թեժացման և բռնության։ Փրայսը (Նեդ Փրայս, պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար – Ա.Գ.) նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը առայժմ որոշումներ չի ընդունել այն մասին, թե արդյոք Հայաստանի ներկայիս իրադարձությունները կհամարի հեղաշրջման փորձ (այս տողերը կարդալիս մտաբերեցի պատմական անեկդոտը. «1830 թվական։ Փարիզ։ Հեղափոխական հուզումներ։ Ծեր իշխան Թալեյրան, որը հաջողեցրել էր ծառայել բոլորին՝ Բուրբոններին, հեղափոխությանը, յակոբիններին, դիրեկտորիային, Բոնապարտին, նորից Բուրբոններին, ամենաազդեցիկ մարդկանցից մեկը Ֆրանսիայում։ Առաջին նախարար, արտաքին գործերի նախարար։ Աշխատասենյակը և ընդունարանը լիքն են մարդկանցով. բոլորն սպասում են, թե ում կողմը կգրավի Թալեյրանը։ Իշխանը հիանալի հոտառություն ուներ. անսխալ կռահում էր, թե երբ և ում կողմը պետք է բռներ։ Բայց ամենազոր նախարարը ոչինչ չէր ասում։ Պարզապես խոհուն նստել ու ինչ-որ բան էր նկարում ծոցատետրում։ Հանկարծ Փարիզը ցնցվում է զինանոցի պայթյունից։ Իշխանը հուզմունքով մոտենում է պատուհանին. փողոցով բղավելով վազում էին զինվորները։ Թալեյրանը մի ձեռքը մեկնեց երկինք, մյուսը դրեց սրտին ու զգայացունց բացականչեց. «Ուռա։ Վերջապես։ Մերոնք հաղթում են»։ Համհարզը չդիմացավ և հարցրեց. «Ձերդ պայծառափայլություն։ Մերոնք, կներեք, ովքե՞ր են»։ Թալեյրանը շշուկով ֆշշացրեց. «Լռիր, հիմար։ Վաղը կիմանանք այդ մասին»)։ Հատկանշական է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանություններն այս հաշվով 2021թ. փետրվարի 25-ի իրադարձությունների առիթով տարածել է թուրքական Anadolu Agency-ն. «Մենք շարունակում ենք աջակցել ժողովրդավարությանը Հայաստանում և նրա ինքնիշխանությանը, ու կոչ ենք անում նրա ղեկավարներին կարգավորել իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով, հարգելով միաժամանակ օրենքի գերակայությունը, հայկական ժողովրդավարությունն ու նրա ինստիտուտները»։ Տեղեկատվության ամբողջականության համար նշենք, որ 2021թ. փետրվարի 25-ին ՆԱՏՕ-ում կողմերին կոչ էին անում տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով։ ՄԱԿ-ում հայտարարեցին, թե անհանգստացած են Հայաստանի իրադարձություններից և նույնպես զսպվածության կոչ արեցին։

Նշենք նաև, որ 2021թ. փետրվարի 25-ին Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ, որի ընթացքում, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», Ռուսաստանի ղեկավարը կողմ արտահայտվեց Երևանում կարգուկանոնի և հանգստության պահպանմանը, ինչպես նաև կոչ արեց երկրում իրավիճակը կարգավորել օրենքի շրջանակում։ Այդ ժամանակ էլ տեղի ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի խոսնակ, հարգարժան Վալենտինա Իվանովնա Մատվիենկոյի խոսակցությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ժամանակ Վ.Ի. Մատվիենկոն ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ Մոսկվան տեղի ունեցող իրադարձությունները դիտարկում է որպես ներքին, և որ Մոսկվան հույս ունի, որ Հայաստանին կհաջողվի խաղաղ հունով կարգավորել իրավիճակը։

Հարգելի ընթերցող, ես հատուկ այսքան մանրամասն ներկայացրի մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի, Հյուսիսատլանտյան դաշինքի, ինչպես նաև ՆԱՏՕ անդամ Թուրքիայի մոտեցումներն ու գնահատականները։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ամենակոշտ ու անհաշտ ձևով «դատապարտեց» ՀՀ ԶՈւ գործողությունները՝ հայտարարելով. «Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Անընդունելի է, երբ բանակը միջամտում է քաղաքականությանը»։ Նրա զայրույթն ու վճռականությունը պայմանավորված էին նրանով, որ 2020թ. նոյեմբերի 8-ին ռուս խաղաղապահների մուտքը Արցախի ԶՈւ և ադրբեջանա-թուրքական զինվորականության միջև ռազմական գործողությունների գոտի ցեղասպանությունից փրկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգաբնակչությանը, ինչը խիստ խախտեց թուրք սուլթանի պլանները, խափանեց նրա բաղձալի երազանքը՝ մոտեցնել Մեծ Թուրանի ստեղծման օրը։ Ռուս խաղաղապահների մուտքով թուրք սուլթանի պլանները եթե չխափանվեցին էլ, ապա գոնե զգալիորեն բարդացան։ Չէ՞ որ ՀՀ ռազմական փորձագետների և քաղաքական վերլուծաբանների շրջանում արդեն ոչ ոք կասկած չուներ, որ փաշինյանական թայֆան դավաճանական դավադրության մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղը հանձնելու հարցում։ Փաշինյանը հենց արևմտյան ու թուրքական հովանավորների կողմից մերկացվելու վախից է հիմա տենդագին փնտրում արտասահմանյան տերերի զայրույթը մեղմելու ուղիներ, որոնք սպասում են, որ Փաշինյանն իրենց աչքում արդարանալու համար թույլ կտա հերթական ստորությունն ու դավաճանությունը ՀԱՊԿ-ի հանդեպ, ինչպես տեղի ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Գրիգորիի Խաչատուրովի դեպքում։ Հիշեցնենք ընթերցողներին, որ Հայաստանի այս փառապանծ հայրենասերը, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետը 2017թ. մայիսի 2-ից զբաղեցնում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 2018թ. հուլիսին, Հայաստանում պետական հեղաշրջումից հետո, Փաշինյանի ռեժիմը, հավաքական Արևմուտքի և Թուրքիայի հատուկ ծառայությունների հանձնարարությունը կատարելու և ՀԱՊԿ-ն անվանարկելու նպատակով, հետ կանչեց Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ նրան ենթակա քննչական մարմինները մեղադրեցին Խաչատուրովին «սահմանադրական կարգը տապալելու» մեջ (Երևանում 2008թ. զանգվածային անկարգությունները ցրելու մոտիվներով)։ Արդեն 2021թ. ապրիլի 6-ին Երևանի առաջին ատյանի դատարանն արդարացրեց ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովին և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որոնք, կրկնում եմ, մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ձերբակալման շուրջ, ինչպես և պետք էր սպասել, բիրտ տեղեկատվական պարանոյա ծավալվեց՝ ՀԱՊԿ-ն անվանարկելու նպատակով։ Հատկանշական է, որ միևնույն ժամանակ Փաշինյանը ներկայացվում էր մի ինչ-որ հերոսի կերպարում, որը մարտահրավեր է նետել իր, ինչպես նաև իր արևմտյան ու թուրք գործատուների համար ատելի ՀԱՊԿ-ին։ Սուլթան Էրդողանին Փաշինյանի վասալական ենթարկվածության թեմայից առաջին հայացքից այսքան թվացյալ համարվող շեղումներից հետո ընթերցողներին հիշեցնեմ նաև վերջին շրջանի այլ իրադարձությունների մասին։

Այսպես, 2021թ. սեպտեմբերի 20-ին ռուսական հայրենասիրական REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց Ստանիսլավ Տարասովի հոդվածը՝ «Ինչո՞ւ Էրդողանը մատնեց Ղարիբաշվիլուն և Փաշինյանին» վերնագրով (https://regnum.ru/news/3375258.html)։ Դրանում, մասնավորապես, գրված էր. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աթաթյուրքի անվան օդանավակայանում տված մամուլի ասուլիսում, ԱՄՆ թռչելուց առաջ՝ մասնակցելու համար ՄԱԿ Գերագույն վեհաժողովի 76-րդ նստաշրջանին, լրագրողներին սենսացիոն նորություն էր հայտնել։ Պարզվում է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նրան էր հանձնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման առաջարկը։ Էրդողանի խոսքով՝ «եթե այդ հանդիպումը տեղի ունենա, ապա Թուրքիան էլ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի (Հայաստանի հետ – Ս.Տ.)։ Բայց Էրդողանը հանդիպման համար պայման դրեց. Երևանը պետք է բացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը»։ Ինչո՞ւ հենց Վրաստանի վարչապետի միջոցով էր Փաշինյանը ցանկացել պայմանավորվել Էրդողանի հետ հանդիպման շուրջ։ Այս առնչությամբ ակամա մտաբերում եմ Հայաստանի հայրենասեր, «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունը՝ արված 2020թ. նոյեմբերի 23-ի մամուլի ասուլիսում։ ««Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր (2020թ. նոյեմբերի 23-ին – Ա.Գ.) մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը թուրքերից և ադրբեջանցիներից ստացել են 48 մլն դոլար հեղափոխության համար։ «Հեղափոխությունն իրականացվեց բացառապես ադրբեջանական փողերով, և այդ փողերը Վրաստանում ամերիկյան դեսպանությունից Հայաստան բերեցին հիմնականում Արմեն Գրիգորյանը (այժմ՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար – Ա.Գ.), Լիլիթ Մակունցը (այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան – Ա.Գ.), Փաշինյանն ու նրա կինը, Արմենուհի Ղազարյանը, Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը և շատ ուրիշ պատգամավորներ։ Այլ խոսքով՝ հեղափոխությունը Հայաստանում իրականացվեց Ադրբեջանի փողերով»»,- ասաց Իսագուլյանը։ Նրա խոսքով՝ ամեն ինչի մասին գիտեին Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Ստեփան Սուրենի Մելքոնյանը և ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության վարչության պետ, գնդապետ Լևոն Շահումյանը։ «Հասկանալի է, որ այդ մարդիկ, իմանալով դրա մասին, ոչինչ չկարողացան անել, որովհետև այդ ամենը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը»,- նշել է նա»» (https://artsakh.news/ru/news/195636)։ Հետագայում Գառնիկ Սամվելի Իսագուլյանը livenews.am հայրենասիրական ինտերնետ-հեռուստաալիքի ուղիղ եթերում քանիցս ամենայն համոզչությամբ հիմնավորել է իր պնդումները վերոնշյալ անձանց ու Փաշինյանի շրջապատից՝ նրանց կամակատարների դավաճանական գործողությունների մասին։ ՀՀ իշխանությունները, որոնք մերկացվել են դավաճանական գործողությունների մեջ, 2021թ. դեկտեմբերի 21-ին ձերբակալեցին Իսագուլյանին՝ վախենալով նոր մերկացումներից 2022թ. հունվարի 14-ին Մոսկվայում հայ-թուրքական հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի նախանշված հանդիպման (արդեն ոչ թե Վրաստանի վարչապետի, այլ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի միջնորդությամբ) նախօրեին։ Կրկնում եմ, այդ հանդիպման նախօրեին «բարենպաստ» ֆոն ստեղծելու համար 2021թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանի իշխանությունները հերթական դիմակ-շոուն կազմակերպեցին. ոստիկանական համազգեստով դիմակավոր մարդիկ բնակարանից, որտեղ ապրում է Գառնիկ Իսագուլյանի ընտանիքը, նրան բերման ենթարկեցին ՀՀ Քննչական կոմիտեի որոշմամբ, որը որպես Գ.Իսագուլյանի կալանավորման պատճառ նշում էր նրա բազմակի հնչեցրած մեղադրանքն այն մասին, որ «Իսագուլյանը գերագույն ստահակի (Նիկոլ Փաշինյանի) նախկին մամուլի քարտուղարին, ասել է թե՝ Վլադիմիր Կարապետյանին (ներկայում՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան, հետաքրքիր է, չէ՞) անվանել է թուրքական գործակալ։ Իհարկե, փաշինյանական դատական հաճկատարների այսքան խուճապային, անօրինական գործողությունները ոչ քիչ չափով պայմանավորված էին նաև նրանով, որ 2021թ. դեկտեմբերի 20-ին «Ազգային անվտանգություն» կուսակցության քաղխորհուրդն իր արտահերթ նիստում հաստատել էր հայտարարության տեքստը, որում հստակ գրված է. «Անհրաժեշտ ենք համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության համապատասխան նախադրյալների ստեղծումը»։

Վերլուծելով Փաշինյանի ռեժիմի ջղաձիգ գործողությունները թուրք-հայկական հարաբերությունների ծիրում՝ գալիս ես միանգամայն ակնհայտ եզրահանգման. Ղազախստանում Էրդողան և КО-ի ձախողումից հետո, եթե ոչ զրոյացած, ապա համենայնդեպս անորոշ ժամկետով հետ ընկած Մեծ Թուրանի կենսագործման գաղափարի համար թուրք սուլթանը կանի ամեն ինչ, որպեսզի մի լավ «դաղի» Ռուսաստանին։ Եվ հիմա արդեն նա «անգլուհու» հետ միասին կփորձի վնասել Ռուսաստանին Հայաստանում և Ուկրաինայում։ Գառնիկ Իսագուլյանի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում և Ուկրաինայում անգլոսաքսոնական և թուրքական խարդավանքների համարձակ մերկացնողի ձերբակալությունը պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից։ Կցանկանայի հուսալ, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը առաջիկա օրերին հորինված պատրվակներով չի հետաձգի նիստը և կդիտարկի Գ.Իսագուլյանի պաշտպանության վճռաբեկ բողոքը, որը ներկայացրել է պրոֆեսիոնալ փաստաբան Աննա Ծառուկյանը։ Ավելին, ցանկանում եմ հուսալ, որ վճիռը կայացնելուց առաջ ՀՀ Վերաքննիչ դատարանը ուշադիր կմտորի հետևյալ փաստի շուրջ։ 2022թ. հունվարի 23-ին, կիրակի օրը, ՀՀ տեղեկատվական պարբերականները պայթեցրեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը հրաժարականի մասին։ Հատկանշական է, որ հայտարարությունն արվել է Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվելու ժամանակ։ Մի շարք տեղեկատվական գործակալությունների տեղեկացմամբ (հիմնականում ղազախական)՝ այս օրերին այնտեղ է եղել նաև Ա.Սարգսյանի վաղեմի բարեկամուհի Դարիգա Նազարբաևան։ Ի՞նչ է սա՝ պատահական զուգադիպությո՞ւն։ Հարցի պատասխանը առանձին վերլուծության թեմա է։ Իսկ այստեղ ընթերցողներին հիշեցնենք, որ livenews.am ինտերնետ-հեռուստաալիքում Գառնիկ Իսագուլյանը, նրա գործընկերները, Հայաստանի հայրենասերներ Հայկ Նահապետյանը և Արմեն Գրիգորյանը քանիցս դիմել են Ա.Սարգսյանի անձի ոչ միանշանակության, Նազարբաևի ընտանիքի հետ կասկածելի մտերմության, բրիտանական թագավորական տանն ընդունված լինելու հարցին։ Նշենք, հարգելի ընթերցող, որ այս տեղեկությունը հասանելի է դարձել մեր տասնյակ հազարավոր համերկրացիներին ոչ վերջին հերթին շնորհիվ livenews.am ինտերնետ-հեռուստաալիքի ղեկավար Ժաննա Ծառուկյանի հայրենասիրության ու համարձակության, պրոֆեսիոնալ լրագրող, որն այս օրերին էլ գործընկերների հետ միասին անձնուրացաբար, համակարգային հիմքով բացատրական աշխատանք է տանում, որի նպատակն է հասկանալի լեզվով բացատրել Հայաստանի քաղաքացիներին, ինչու չէ՝ ՀՀ Վերաքննիչ դատարանի անդամներին, որոնք առաջիկա օրերին դիտարկելու են վճռաբեկ բողոքը ոչ թե ի պաշտպանություն առանձին վերցրած Հայաստանի հայրենասեր Գառնիկ Սամվելի Իսագուլյանի, այլ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի հարյուրավոր և հազարավոր քաղաքացիների՝ դեռևս միահամուռ չարտահայտած բողոքի, որոնք գիտակցել են, որ հանձինս Փաշինյանի և նրա կառավարող թայֆայի իրենք տեսնում են թուրքական և բրիտանական հատուկ ծառայությունների (որոնք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հուշեցին, որ իրենց ղազախստանյան ձախողումից հետո պոչը քաշելու ժամանակն է) ցցված ականջները։ Այնպես որ, եթե իշխանությունները խելքի չգան, ապա Իսագուլյանի դատը, Աստված մի արասցե, ամենամոտ ապագայում, անկասկած, կվերածվի դատի Փաշինյանի ու նրան ենթակա անտրտունջ դատավորների դեմ։ Մի խոսքով՝ ինչպես ասված է Աստվածաշնչի մեկնությունում. «Փարիսեցիները իրենց վերագրեցին ոչ միայն յուրովի (ինչպես իրենց էր հարմար) մեկնել Աստծո օրենքը, այլև դատապարտել իրենց հայացքները չպաշտպանող, իրենց կանոններին չհետևող մարդկանց։ «Ինքը (Հիսուս Քրիստոսը) նրանց պատասխանեց. «Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նրանով պիտի դատվեք, ինչ չափով որ չափում եք, նրանով կչափվի ձեզ» (Մատթ. 7։1)։

Վերջաբանի փոխարեն. Ստեղծված ավանդույթի համաձայն՝ կցանկանայի հոդվածն ավարտել մի փոքր այլ կերպ։ Եվ մտաբերեցի չինացի բարեփոխիչ Դեն Սյաոպինի արդեն քրեստոմատիկական դարձած պատասխանը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ լրագրողի հարցին, թե ինչ է նա մտածում Ֆրանսիական մեծ հեղափոխության պատմական արդյունքների մասին (հարցը տվել է 1989 թվականին, այսինքն՝ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից 200 տարի հետո), Դենն այն ժամանակ ասել էր, որ «դեռ վաղ է ամփոփել արդյունքները, չէ՞ որ այդ ժամանակվանից ընդամենը 200 տարի է անցել»։ Այս արտահայտությունը, իհարկե, ով ասես մեջբերել է, բայց դրանից այն ակտուալությունը չի կորցրել մեր օրերում ևս։ Ըստ երևույթին, արդի Հայաստանի կիսագրագետ ղեկավարները ենթագիտակցական մակարդակում, բազմիցս կրկնելով ՀՀ-ում իբր անարյուն հեղափոխության մասին, անգամ ԵԽԽՎ ամբիոնից 2019թ. ապրիլի 11-ին (Փաշինյանը քանիցս խոսել է «անարյուն, թավշյա հեղափոխության», ԵԽԽՎ անգնահատելի աջակցության մասին իրեն ձերբակալությունից ազատելու հարցում, ընդ որում՝ իր իսկ զազրելի զրպարտության և վիրավորանքի պատճառով, ինչի համար առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել էր 1 տարի ազատազրկման)։ Հիշեցնենք ընթերցողներին, որ այն ժամանակ ՀՀ իշխանությունների «միջնորդությամբ» ՀՀ Վճռաբեկ դատարանը փոխեց նրա խափանման միջոցը՝ անփոփոխ թողնելով նրան ներկայացված ստոր զրպարտության բոլոր մեղադրանքները, բայց ազատ արձակեց բանտարկությունից։ Այն ժամանակ Հայաստանը պետք է դառնար ԵԽԽՎ անդամ, և ՀՀ իշխանություններին թվաց, թե բանտարկման դատապարտված լրագրողը կարող է խոչընդոտ հանդիսանալ։ Նիկոլ Փաշինյանի հակաիրավական այլ գործողություններից մանրամասներ չեմ ներկայացնի, որոնք հանգում են զրպարտության և շորթման։ Այստեղ գլխավորն այլ բան է, դիցուք. 2019թ. ապրիլին նա ուժերի ներածին չափով ջանում էր ԵԽԽՎ նիստի իր ելույթում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և արդի ՀՀ-ում գործնականում քարոզչական այլ անհեթեթությունների եվրոպացի ջատագովներին ներշնչել, որ Սորոսի ու հավաքական Արևմուտքի հատուկ ծառայությունների վճարած բանալ պետական հեղաշրջումը ՀՀ-ում 2018թ. ապրիլ-մայիսին «թավշյա» հեղափոխություն է։ Կարծում ենք, որ ժողովրդավարության ճշմարիտ ջատագովները ԵԽԽՎ-ում, իսկ նրանք քիչ չեն, ամենամոտ ժամանակներս հանձին կեղծ-հեղափոխական Փաշինյանի կտեսնեն հավաքական Արևմուտքի և Թուրքիայի հատուկ ծառայությունների սովորական վարձկանին և, ինչպես ասում են, Աստված նրանց օգնական։

Հ.Գ. Չեմ կարող ձեռնպահ մնալ և հոդվածը չավարտել մեծ ֆրանսիացիների՝ Ֆրանսուա-Մարի Արուեի, նույն ինքը Վոլտերի և Վիկտոր Մարի Հյուգոյի հայտնի խոսքերով։

Ֆրանսիացի մեծ փիլիսոփա Վոլտերը երազում էր, որ Ռուսաստանի կայսրուհին (Եկատերինա II-ը) խոսի հունարեն և թույլ տա իրեն պառկել նրա ոտքերի տակ ռուսների կողմից նվաճված Կոստանդնուպոլսում (https://forum.ykt.ru/viewmsg.jsp?id=31420522)։ «Տիկին, թուրքերին սպանելով՝ Ձերդ Կայսերական մեծությունը երկարացնում է իմ կյանքը»,- գրել է Վոլտերը Եկատերինա II-ին 1769թ.։- «Ձերդ Մեծություն, եթե նրանք (նկատի ունի օսման թուրքերին – Ա.Գ.) Ձեզ վրա գան պատերազմով, ապա արդյունքը կարող է լինել այն, ինչի նպատակը մի ժամանակ ուներ Պետրոս Մեծը՝ Կոստանդնուպոլիսը դարձնել Ռուսական կայսրության մայրաքաղաք։ Այդ բարբարոսներն արժանի են, որպեսզի հերոսուհին պատժի նրանց հարգանքի պակասի պատճառով, որը նրանք մինչ այժմ ցուցաբերել են տիկնանց հանդեպ։ Միանգամայն ակնհայտ է, որ գեղարվեստը արհամարհող և կանանց փակող մարդիկ արժանի են ոչնչացված լինելու։ Ես խնդրում եմ Ձերդ Մեծությանը թույլ տալ գալ և տեղավորվել Ձեր ոտքերի մոտ և մի քանի օր անցկացնել Ձեր պալատում, հենց որ այն տեղափոխվի Կոստանդնուպոլիս. ես անկեղծորեն կարծում եմ, որ եթե թուրքը երբևէ վտարվի Եվրոպայից, ապա դա կանեն ռուսները»։

Կցանկանայի մեջբերում կատարել Վիկտոր Հյուգոյի «Խիոսցի երեխան» (Victor Hugo, «L'enfant») բանաստեղծությունից. «Այստեղով թուրքն է անցել, ամենուր ավեր է ու մոխիր։ Խիոս՝ գինու հայրենիք, միայն մերկ ժայռ... Անապատ է ամենուր... Թե՞ ոչ՝ ահա տղան քարերի մեջ, Կապտաչ հույնը՝ մենակ իր տխրության մեջ, Կախել է գլուխը վհատ։ Թավ ալոճենին է այսուհետ տունը նրա, Թարմ է թուփը, ինչպես և նա՝ ծաղկով զարդարուն, Որ հրաշքով փրկվել է մարտում...»։

Ընթերցողներին հիշեցնենք, որ 1821թ. Հունաստանում համընդհանուր ապստամբություն բարձրացավ թուրքական լծի դեմ։ Բաշիբոզուկներն անասելի գազանություններ էին կատարում՝ փորձելով խեղդել ապստամբությունն արյան մեջ, և միայն Խիոս հունական կղզում կոտորեցին ավելի քան 90 հազար քրիստոնյայի (Керсновский А. А., История Русской армии. Т. 2 — Глава VII. Священный союз и военные наследия)։ Խիոսն օսմանյան լծից ազատագրվեց 1912թ.։

Մեծ ու իմաստուն էին Վոլտերն ու Հյուգոն, որոնք ավելի քան 250 տարի առաջ են բնորոշել օսմանների ողջ բարբարոսական, վայրագ էությունը։ Համոզված եմ, որ նրանց գնահատականները ժամանակակից էրդողանյան Թուրքիայի համար չեն կորցրել իրենց արդիականությունը։

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ,

«Լազարյան ակումբի» խորհրդի անդամ