Հայաստանը պարտավոր է դասեր քաղել իր պատմությունից

 

21.07.2021, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3327371.html

21.07.2021, Pozor.am

https://pozor.am/news/view/68640.html

 

Անոտացիա

Ագրեսիվ, ռազմաշունչ հայտարարությունները և Եվրամիության՝ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում խոշոր ներդրումային նախագծերի իրականացման նախաձեռնողի կողմից դրանց բացարձակ չարձագանքելը վկայում են, մեղմ ասած, նրա տարօրինակ վարքագծի, միանգամայն իրական սպառնալիքների չարդարացված անտեսման մասին, սպառնալիքներ, որոնք բխում են ՆԱՏՕ անդամ Թուրքիայից անկախ և ինքնիշխան Հայաստանի հասցեին։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի՝ նշելով Թուրքիան, քանի որ ափշերոնյան սուլթանը, չնայած բավական նենգ ու փորձառու քաղաքական գործիչ է, բայց նման սադրիչ հայտարարություններ ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանի Դաշնության ռազմավարական դաշնակից Հայաստանի հասցեին անում է իրեն ուղղորդողի՝ նեոօսմանյան սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նախապես հավանություն ստանալու պայմաններում։

                 

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, ս.թ. հուլիսի 16-17-ին այցելելով Հայաստանի Հանրապետություն (այսուհետ՝ ՀՀ), մի շարք կարևոր հայտարարություններ արեց. դիցուք. «Մենք ձեր կողքին ենք և հաստատում ենք պատրաստակամությունը՝ Հայաստանին տրամադրել ֆինանսական փաթեթ 2.6 մլրդ եվրոյի չափով, որպեսզի աջակցենք Հայաստանի առաջնահերթություններին՝ ենթակառուցվածք, թվային օրակարգ, կլիմա, տրանսպորտ, դեմոկրատական բարեփոխումներ... ԵՄ-ը ցանկանում է ներգրավվածություն ունենալ տարածաշրջանում, ամրապնդել կապերը տարածաշրջանային երկրների հետ, կատարել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի պատրաստման աշխատանք»։ Այնուհետև Եվրախորհրդի նախագահը այցելել է Բաքու, և այդ այցի արդյունքներով 2021թ. հուլիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում Շառլ Միշելն ասել է. «Եվրոպական միությունը պատրաստ է  միջնորդի կառուցողական դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Մինսկի խմբի ջանքերից բացի։ Մենք, իհարկե, հարգում ենք Մինսկի խմբի դերը, բայց դա չի նշանակում, թե ԵՄ-ը չի կարող որոշ փորձ տրամադրել, աջակցություն, գաղափարներ և խրախուսել որոշ հնարավոր բարելավումներ, որպեսզի ապահովվի հնարավորություն տարածաշրջանում ամուր խաղաղության, ավելի շատ՝ կայունության հնարավորություն անվտանգության նպատակներով»։

 

Ադրբեջանից հետո Շառլ Միշելն այցելել է Վրաստան։ Պաշտոնապես Եվրախորհրդի նախագահը Վրաստան էր այցելել՝ մասնակցելու միջազգային գիտաժողովին, որտեղ քննարկվում էին տարածաշրջանի մարտահրավերները և Եվրամիության դերը։ Գիտաժողովին մասնակցում էին Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի նախագահները։ Նշենք, որ գիտաժողովում Եվրախորհրդի նախագահը բավական ոչ երկիմաստ հայտարարություն արեց և համերաշխություն հայտնեց Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային անկախության ոչ հեշտ ճանապարհին՝ ասելով. «Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան անկախ են արդեն 30 տարի։ Մի սերունդ՝ շատ մեծ ջանքերով, հաջողություններով և խոչընդոտներով։ Սերունդ, որը որոշում է ապագան և կառուցում իր սեփական տարածքը բարգավաճման, համագործակցության և ընդհանուր արժեքների հիման վրա, և դա հեշտ ճանապարհ չէր... Այս ագրեսիային հանդիման՝ ԵՄ-ը հայտնում է իր լիակատար համերաշխությունը...»։

Համաձայնեք, հարգելի ընթերցող, որ Եվրախորհրդի (իմա՝ Եվրամիության) նախագահի այսքան «հուզիչ» ուշադրությունը Հայաստանի Հանրապետության հանդեպ այլազան զգացողություններ է առաջացնում։

Մի կողմից՝ ՀՀ-ին 500 մլն եվրոյի չափով աջակցություն ցուցաբերելու պլանավորումը՝ կայուն, ինովացիոն և մրցունակ տնտեսություն ապահովելու համար 30 հազար փոքր ու միջին ձեռնարկությունների ստեղծման միջոցով, ինչը, անշուշտ, կնպաստի ՀՀ սոցիալ-տնտեսական համակարգի կայունությանն աջակցելուն, չի կարող չառաջացնել Հայաստանի քաղաքացիների երախտագիտության զգացումը։ Ինչպես և ՀՀ-ի համար բավական պահանջված և Եվրամիության ավելի վաղ հայտարարված պատրաստակամությունը՝ ցուցաբերել (ՀՀ-ին) աջակցություն սոցիալ-տնտեսական զարգացմանը և հաղորդակցություններին՝ Հյուսիս-Հարավ միջանցքի աջակցման ճանապարհով, ինչը կապահովի ՀՀ հասանելիությունը միջազգային առևտրային երթուղիներին ու շուկաներին, կդառնա էական խթան տնտեսության աճի և մեր քաղաքացիների սոցիալական դրության բարելավման համար։

Նշենք, որ այս նպատակների համար ԵՄ-ը ծրագրում է հատկացնել 600 մլն եվրո, և ևս 300 մլն եվրո նախատեսված է ներդնել տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և տեխնոլոգիայի զարգացման ոլորտում՝ այդ ծառայությունների ընդլայնման համար տարածաշրջանային և տեղական մակարդակներով։ Հատկանշական է, որ նախատեսված է 80 մլն եվրո հատկացնել Հայաստանի հարավային մարզերի, մասնավորապես՝ Սյունիքի մարզի զարգացմանը, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) հետևանքների հաղթահարմանը, մասնավորապես՝ հարկադիր տեղահանված անձանց բնակարանով, աշխատանքով և կրթություն ստանալու պայմաններով ապահովելու համար։

ԵՄ առաջնահերթությունների մեջ են բնակարանը, ենթակառուցվածքը, տուրիզմը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, էներգիայի վերականգնվող աղբյուրները և տեղի փոքր ու միջին բիզնեսի աջակցությունը։ Եվ վերջապես, ԵՄ-ը նախատեսում է մինչև 120 մլն եվրո հատկացնել՝ Երևանի կանաչապատման նպատակով, էներգիայի արդյունավետ օգտագործման բարձրացման համար, և էկոլոգիապես մաքուր ավտոբուսների գործարկումը։ ԵՄ օրակարգում է կյանքի որակի բարձրացումը, այդ թվում մի շարք ծրագրերի գործարկումը Հայաստանի մայրաքաղաքում թափոնների կառավարման և դրանց մշակման վերաբերյալ։

Եվ ահա, հարգելի ընթերցող, առաջիկա 5 տարիներին (ԵՄ ծրագիրը հաշվարկված է հնգամյա ժամկետով) Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի էական բարելավման վերաբերյալ ԵՄ հայտարարած նպատակների ֆոնին տրամաբանական բացատրության չի ենթարկվում Եվրամիության հեռու մնալը Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ընթացքում, ավելին՝ ԵՄ անդամ պետությունների հայեցողական դիրքորոշումը, որոնք, ՆԱՏՕ անդամ լինելով, միաժամանակ բնավ վերջին դերը չեն խաղում Հյուսիսատլանտյան դաշինքում, իսկ նրանց դրսևորած անտարբերությունն ի պատասխան ՆԱՏՕ անդամ Թուրքիայի բացահայտ հանցավոր գործողությունների, երկիր, որն անմիջական մասնակցություն ունեցավ Ադրբեջանին պատերազմի սադրելու գործում, իսկ հետագայում անմիջական մասնակցություն ունեցավ ռազմական գործողություններին՝ հազարավոր սիրիացի ահաբեկիչ-գրոհայինների ներգրավմամբ, տարակուսանք է առաջացնում։

Հետխորհրդային տարածքում վերջին ժամանակներս Եվրամիության չափից ավելի, աչք ծակող ակտիվության մասին է վկայում նաև ս.թ. հուլիսի 19-ին Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի նախագահների՝ Սալոմե Զուրաբիշվիլու, Վլադիմիր Զելենսկու և Մայա Սանդուի՝ Բաթումում (որտեղ երեք պետությունների ղեկավարները մասնակցում էին «Եվրամիության ձգողականության ուժը և տարածաշրջանի կերպափոխումը» միջազգային գիտաժողովին) ստորագրած «Ասոցիացված եռյակի» գագաթաժողովի հռչակագիրը (Բաթումի հռչակագիր), ինչին նույնպես համոզիչ բացատրություններ չտրվեցին։ Ընթերցողներին հիշեցնենք, որ «Ասոցիացված եռյակ» ձևաչափի ստեղծման համաձայնությունը ստորագրվել է ս.թ. մայիսի 17-ին Կիևում, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանիի, Աուրելի Չոկոյի և Դմիտրո Կուլեբայի կողմից (հունիսի վերջին նրանք Բրյուսելում հանդիպել են Ժոզեպ Բորելի հետ և նրան ներկայացրել «Ասոցիացված եռյակի» համագործակցության նոր ձևաչափ)։ Բաթումում տեղի ունեցած միջոցառումների գլխավոր արդյունքը և ընդունված Բաթումի հռչակագրի բովանդակությունը «երեք կողմերի համար եվրոպական ապագայի անխուսափելիության» հաստատումն է, իսկ գլխավոր կարգախոսը՝ «Երեք երկրներ՝ մեկ ընտրություն. Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան գործողության մեջ»։

Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական ձևաչափի կազմավորման նախադրյալների մասին ավելի ամբողջական տեղեկատվության համար, իսկ ավելի ճիշտ՝ թե ինչպիսին է այն երևում ու ինչպես է բնութագրվում ադրբեջանցի քաղաքագետների կողմից, մեջբերեմ Եվրամիության վերոնշյալ գործողությունների վերաբերյալ Day.az-ի հետ զրույցում Ադրբեջանի նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նամիկ Ալիևի տված մեկնաբանությունները։ Այսպես, նրա կարծիքով՝ «Հայաստանի Հանրապետությանը՝ ագրեսոր երկրին 2,6 մլրդ եվրո օգնության հատկացումը, այն դեպքում, երբ ագրեսիայից տուժած երկիրը՝ Ադրբեջանը, կանգնած է շատ խնդիրների լուծման առջև (բոլոր ազատագրված տարածքների ականազերծում, ինչը հսկայական նյութական ռեսուրսներ է պահանջում, ավերված քաղաքների և գյուղերի վերականգնում ամբողջ ենթակառուցվածքով, նորից ստեղծել տարածաշրջանի ամբողջ տնտեսությունը...)։ Միակ բանը, որ կարող ես մտածել որպես նման դիրքորոշման հիմք (խոսքը Հայաստանին 2,6 մլրդ եվրո հատկացնելու Եվրամիության պլանների մասին է – Ա.Գ.), իսլամատյաց, թուրքատյաց ուժերի հաղթանակն է Եվրոպայում։ Այս ակտը կարող է վերջ դնել Արևելյան գործընկերության ծրագրին, քանի որ ոչ ոք արդեն չի հավատա, որ ԵՄ նույն, անկանխակալ, հավասար վերաբերմունքի սկզբունքը կպահպանվի ծրագրերի բոլոր մյուս մասնակիցների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հանդեպ (Բելառուսի հետ կապված՝ արդեն պարզ է)։ Միակ ելքն այս իրավիճակից համանման օգնության հատկացումն է իմ թվարկած բոլոր երկրներին» (news,day.az/politics/1362820.html)։ Հետո ավելին է։ Ադրբեջանցի իրավաբանի կարծիքով՝ ՀՀ-ին օգնություն տրամադրելով ԵՄ-ը ոչ միայն վճռական քայլ է արել նրան Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելու (կտրելու) ուղղությամբ (բացահայտ սադրիչ հայտարարություն, որը հնչեցրել է ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի խոսափողներից մեկը, որից, իբր, հետևում է «Ռուսաստանի ազդեցության տակ» Հայաստանի գտնվելու Ադրբեջանի մեծ շահագրգռությունը – Ա.Գ.)։ Այն դեպքում, երբ խաղացողների ջանքերը մինչ այդ ուղղված էին միասնական խաղաղ տնտեսական, քաղաքական տարածքի ստեղծմանը Հարավային Կովկասում (մուալիմ Նամիկի կարծիքով՝ բնականաբար, Թուրքիայի հովանու ներքո – Ա.Գ.), ԵՄ-ը հաշվարկը կատարել էր այդ գործընթացում Հայաստանի Հանրապետության մեկուսացման (ըստ երևույթին, Նամիկ Ալիևը մտահան է արել, որ արդեն մոտ երեք տասնամյակ հենց Ադրբեջանն ու Թուրքիան են շրջափակման ենթարկում ՀՀ-ին – Ա.Գ.), Հարավային Կովկասի պետությունների տարանջատման, տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը խոչընդոտելու (որպեսզի հաղորդակցությունների բացմամբ Սյունիքի մարզը, Աջարիայի նման, թուրքացվի, ինչի մասին տողերիս հեղինակը քանիցս արդեն գրել է – Ա.Գ.), տարածաշրջանի պետությունների միջև տնտեսական հարաբերությունների հաստատման վրա։ Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է մուալիմ Նամիկը «հարավկովկասյան ինտեգրացիոն նախագծերին», «ա լա Ալիեւ», միահյուսել Վրաստանը, որն ահա արդեն երրորդ տասնամյակն է՝ բացահայտ հայտարարում է Եվրամիության անդամ դառնալուն իր անայլընտրանքային հավատարմության մասին։

Մինչ վերջին շաբաթներին Հարավկովկասյան տարածաշրջանում զարգացող գործընթացներին անդրադառնալը մեջբերում կատարեմ Ռուսաստանի Դաշնության կառավարության պաշտոնական հաղորդագրությունից Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի Ադրբեջանական Հանրապետություն (Բաքու) կատարած աշխատանքային այցի (2021թ. հուլիսի 13) մասին։ ՌԴ կառավարության հաղորդագրությունում ասվում է. «Այցի շրջանակում Ալեքսեյ Օվերչուկին ընդունել է Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, որի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության ամրապնդման հարցերը, ներառյալ համագործակցությունը տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում... Դիտարկվել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման և ռուս-ադրբեջանական սահմանին սահմանապահ անցակետերի աշխատանքի կատարելագործման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև այն հարցերին, որոնք կապված են եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ՝ Ադրբեջանական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի համատեղ նախագահությամբ» (government.ru/news/42763)։

Որպեսզի ընթերցողների մոտ տպավորություն չստեղծվի, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու մասին ինչ-որ կերպ կապված է Ա.Օվերչուկի Բաքու կատարած այցի հետ, նշենք, որ դեռևս ս.թ. հուլիսի 3-ին Հայաստանում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունը հանդես էր եկել հաղորդմամբ, որում նշվում էր, որ հուլիսի 2-ին Բրյուսելում ներկայացվել է համապատասխան փաստաթուղթ, որում նշված են այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ԵՄ-ը մտադիր է իրականացնել «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրներում առաջիկա հինգ տարիներին։ «Հայաստանին կտրամադրվի ավելի քան 1,5 մլրդ եվրո հինգ առանցքային ծրագրերի իրագործման համար, ներառյալ Սյունիքի մարզի զարգացումը։ Կարծում ենք, որ ընթերցողներին հետաքրքիր կլինի իմանալ «Արևելյան գործընկերության» երկրների տնտեսական բարեկեցության բարձրացման նպատակով ԵՄ նոր նախաձեռնության՝ տնտեսական և ներդրումային պլանի մասին։ Մեջբերում կատարենք Haqqin.az ինտերնետ-պարբերականում 2021թ. հուլիսի 18-ին տեղակայված Էլնուր Մամեդովի հրապարակումից՝ «Եվրամիության ղեկավարը հաշվարկը կատարել է Երևանի վրա... և թռել Բաքու դատարկ ձեռքերով» վերնագրով, որում, մասնավորապես, ասվում է. «Նախօրեին տեղի ունեցավ տեկտոնական շարժ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության մեջ Հայաստանում միջազգային ազդեցության նոր կենտրոնի դարակազմիկ վերածննդի համատեքստում։ Յալթայից հետո հանրահայտ Մարշալի պլանի անալոգը՝ Երևանում հրապարակված Վաշինգտոնի, Փարիզի և Բրյուսելի համատեղ պլանը՝ «Միշելի պլանը», որը նախատեսում է Հայաստանի տնտեսության վերականգնման համար հատկացնել առաջին տրանշը 2,6 մլրդ դոլար ծավալով (սխալ է թույլ տրվել՝ 2,6 մլրդ եվրո – Ա.Գ.), հիմքից փոխել է համաշխարհային ուժերի դասավորությունը տարածաշրջանում։ Արևմուտքի կողմից Հայաստանի յուրացման ռազմավարական պլանը, որը հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, կպայմանավորի բառիս բուն իմաստով հայկական տնտեսության գաղութացումն արևմտյան կապիտալի կողմից (այնինչ թուրք-ազերիների ջանքերը ենթադրում էին Հայաստանի տնտեսության գաղութացում Թուրքիայի կողմից – Ա.Գ.)։ Այսպիսով, այսպես կոչված «Արևմուտքի հանդեպ գովերգված սիրո հեղափոխությունը» Երևանում մտել է եզրափակիչ փուլ... Հավաքական Արևմուտքը կատարել է իր ընտրությունը՝ ընտրելով կիսագաղութային Հայաստանը որպես վասալ տարածաշրջանում։ Ադրբեջանի կառավարությունը տեսնում և հասկանում է, թե ով է դիմակայում Բաքվին լարվածության նոր պտույտում։ Արևմուտքը կանգնած է այնտեղ, որտեղից մեզ նորից վտանգ է սպառնում...»։ Ափսոսանք է առաջացնում այն, որ հոդվածի հեղինակը չի որոշակիացնում իր վերաբերմունքը մի բավական էական հարցի վերաբերյալ, դիցուք. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը պե՞տք է վերագրել հավաքական Արևմուտքին, թե՞ ոչ։ Ինչո՞ւ եմ հիշատակում հենց Մեծ Բրիտանիան, որովհետև հենց Միացյալ Թագավորությունն էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական երկրներից մեկը, որն իր վետոյով արգելափակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած ՄԱԿ ԱԽ բանաձևը, որը կոչ էր անում կանգնեցնել արյունահեղությունը Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ժամանակ և հակամարտող կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։

Եվրամիության վերջին նախաձեռնությանը տրված, ըստ իս՝ ամենաբնութագրական արձագանքների դիտարկումից հետո, որի իրագործման դեպքում Հայաստանի Հանրապետությանն առաջիկա հինգ տարիներին խոստացվում է բարգավաճում, տագնապի զգացողությունն ավելի ու ավելի է խորանում իմ գիտակցության մեջ։ Եվ ոչ վերջին հերթին այն պայմանավորված է ափշերոնյան սուլթանի բացահայտ ռազմաշունչ և ագրեսիվ հռետորաբանությամբ, որը համոզված է իր անպատժելիության մեջ թուրք-ազերիների և սիրիացի վարձկան ահաբեկիչների կատարած ռազմական հանցագործությունների համար Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ժամանակ։

Այլ մեջբերումներ չեմ կատարի ափշերոնյան սուլթանի բազմաթիվ ելույթներից, որոնցով լիքն են Ադրբեջանի ինտերնետ-պարբերականները, ելույթներ, որոնք հիմնավորում են ափշերոնյան սուլթանությանը՝ Ադրբեջանին Հայաստանի Հանրապետության բուն տարածքների «պատմական» պատկանելությունը։ Դրանք ըստ էության կրկնում են Ի.Ալիևի ծայրահեղ սադրիչ մտավարժանքները, որոնք նա, մասնավորապես, հնչեցրել է ս.թ. ապրիլին ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր (այժմ՝ Հայաստանի Սյունիքի մարզ – խմբ.), որը մեզնից խլել են 101 տարի առաջ... Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր շահերին։ Մենք կբացենք Զանգեզուրի միջանցքը, ուզի դա Հայաստանը, թե ոչ։ Եթե ուզի, ապա ավելի հեշտ կլուծենք, եթե չուզի՝ ուժով կլուծենք։ Ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ պատերազմի շրջանում ես ասում էի, որ նրանք իրենց կամքով պետք է հեռանան մեր հողերից, կամ մենք կքշենք նրանց ուժով։ Այդպես էլ եղավ։ Այդպիսին կլինի նաև Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը։ Մեր հիմնական մրցակիցը ժամանակն է, որովհետև երկաթուղու, ավտոմայրուղու անցկացումը ժամանակ է պահանջում։ Ուստի այդ նախագծի իրականացման համար մոբիլիզացվել են բոլոր ուժերը։ Այսպիսով, ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր, որը մեզնից խլել են 101 տարի առաջ»,- ադրբեջանական հեռուստատեսության հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը (trend.az/azerbaijan/politics/341253.html)։

Եվ ահա, հարգելի ընթերցող, այս ագրեսիվ ռազմաշունչ հայտարարությունները և Եվրամիության՝ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում խոշոր ներդրումային նախագծերի նախաձեռնողի կողմից դրանց բացարձակ չարձագանքելը վկայում են, մեղմ ասած, նրա տարօրինակ վարքագծի, միանգամայն իրական սպառնալիքների չարդարացված անտեսման մասին, սպառնալիքներ, որոնք բխում են ՆԱՏՕ անդամ Թուրքիայից անկախ և ինքնիշխան Հայաստանի հասցեին։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի՝ նշելով Թուրքիան, քանի որ ափշերոնյան սուլթանը, չնայած բավական նենգ ու փորձառու քաղաքական գործիչ է, բայց նման սադրիչ հայտարարություններ ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանի Դաշնության ռազմավարական դաշնակից Հայաստանի հասցեին անում է իրեն ուղղորդողի՝ նեոօսմանյան սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նախապես հավանություն ստանալու պայմաններում։

Կարծում եմ, հարգելի ընթերցող, որ Հարավկովկասյան տարածաշրջանում  հավաքական Արևմուտքը խոշոր ներդրումային նախագծերի իրականացման բարետես պատրվակով պատրաստում է Հայաստանի ու հայ ժողովրդի աչքում Ռուսաստանի վարկաբեկման նենգ պլանի իրականացում և ստեղծում տեղեկատվական ֆոն Հայաստանից ու Հարավկովկասյան տարածաշրջանից նրան դուրս մղելու համար։ Հարևանության և եվրոպական քաղաքականության ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատր Օլիվեր Վերհելի՝ վերջերս (ս.թ. հուլիսի 6-9) Հայաստան, Վրաստան և Ադրբեջան կատարած այցը նույնպես հարկ է դիտարկել վերոնշյալ տեսակետից։

Հարգելի ընթերցող, կարելի է հանգամանալիորեն ներկայացնել Հայաստանում և նրա շուրջ իրադարձությունների զարգացման հնարավոր, ընդ որում՝ առաջին հայացքից փոխբացառող սցենարերը։ Սակայն դրանց գլխավոր նպատակը մեկն է՝ անկայունության գոտու ստեղծում Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ողջ պարագծով՝ Ռուսաստանի արևմտյան սահմաններից մինչև Հարավային Կովկաս։ Իսկ հետո, Աֆղանստանից ամերիկյան զորակազմի դուրսբերմամբ, անկայունության գոտու ստեղծում  Միջին Ասիայի հանրապետություններում, Ռուսաստանի Դաշնության հարավային սահմաններին։ Հանգամանքների «տարօրինակ» բերումով նշված բոլոր տարածաշրջաններում Թուրքիան ներկա է՝ լինի Մոլդովայում, Ուկրաինայում, թե Վրաստանում, էլ չեմ ասում՝ Աֆղանստանում։

Համոզված եմ, որ մեր երկրի ազգային շահերը ակտուալ են դարձնում Ռուսաստանի Դաշնության ամենաօրգանական ներգրավումը Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության հայտարարած ներդրումային նախագծերի իրականացմանը։ Եվրամիության մտադրությունների անկեղծությունը Հայաստանի Հանրապետությանն էական օգնություն ցուցաբերելու գործում կասկածներ չի առաջացնի միայն այն դեպքում, եթե ԵՄ ղեկավարությունը, հաշվի առնելով նեոօսմանյան սուլթան Էրդողանի ու նրա կրտսեր քաղաքական ենթավարպետի՝ ափշերոնյան սուլթան Ալիևի նենգությունն ու անկանխատեսելիությունը, դիմի Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը՝ առաջարկելով միանալ ներդրումային նախագծերին, ինչը, համենայնդեպս, կերաշխավորի անվտանգության ապահովումը դրանց իրականացման ժամանակ։ Հակառակ դեպքում, ափշերոնյան սուլթանի ռազմաշունչ սպառնալիքները, բնականաբար, Էրդողանի հավանությամբ, կանցնեն գործնական ռելսերի՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով։ Բայց դա առանձին վերլուծության թեմա է։ Իսկ այստեղ, հարգելի ընթերցող, տեղին կլինի հիշեցնել թևավոր արտահայտությունը, որը վերագրվում է XVIII դարի անգլիացի հայտնի բանաստեղծ և գրական քննադատ Սեմյուել Ջոնսոնին. «Բարի մտադրություններով է սալարկված դժոխքի ճանապարհը»։ Կամ, ինչպես ասում են «Նաիրի» կինոթատրոնի շրջակայքի տղերքը Երևանում, բնականաբար՝ բնօրինակ լեզվով՝ «Hell is paved with good intentions»։ Ինձ այսքան հոռետեսական եզրակացություն անել հուշում են հայ ժողովրդի 1915-1923թթ. պատմության ողբերգական էջերը։ Իսկ պատմությունը խստորեն պատժում  է նրանց, ովքեր դասեր չեն քաղում նրանից։ Հայաստանը պարտավոր է դասեր քաղել իր պատմությունից։

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ