Արևմուտքը բացահայտ աջակցում է Փաշինյանին Հայաստանում պատերազմ սադրելու գործում

04.03.2021, Регнум

https://regnum.ru/news/polit/3207060.html

Անոտացիա

Հայոց պետականության գոյության մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն հասարակության առողջ ուժերի համախմբման ճանապարհով, որի զգալի մասն իրեն դուրս է դրել քաղաքականությունից։ Եվ որ ավելի վատ է՝ ավելի ու ավելի է հակվում այն մտքին, որ այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտում գործող դերակատարների առկայության պարագայում մեր երկրի ապագան հուսալի չի թվում, մանավանդ այն պայմաններում, երբ հավաքական Արևմուտքն, արդեն նույնպես անթաքույց, աջակցում է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում քաղաքացիական պատերազմ սադրելու գործում։

 

Մեր օրերում Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր գուցեև ամենավտանգավոր ժամանակները Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունումից հետո։ Եվ սա՝ սկսվող պատերազմի պայմաններում, երբ դեռևս 1992թ. հունվարի 1-ին Ադրբեջանի Զինված ուժերի Աղդամի գումարտակը Յաղուբ Ռզաևի հրամանատարությամբ, տանկերի և չորս զրահագնացների ուղեկցությամբ, գրոհեց Լեռնային Ղարաբաղի արևելյան մասում գտնվող հայկական Խրամորթ գյուղը, ինչից էլ սկսվեց ռազմական ագրեսիան, որը վերաճեց արյունահեղ Ղարաբաղյան առաջին պատերազմի (1992-1994թթ.)։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 1994թ. մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը պատրաստել էր «Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր), որն այդ նույն օրը Բաքվում Ադրբեջանի կողմից ստորագրեց պաշտպանության նախարար Մամեդռաֆի Մամեդովը։ 1994թ. մայիսի 10-ին Համաձայնագիրը Հայաստանի անունից Երևանում ստորագրեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին Ստեփանակերտում Համաձայնագիրը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի Ինքնապաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը։ Համաձայնագիրն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին։ 26 տարի հետո ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով Համաձայնագրում հստակ նշված՝ ռազմական գործողությունների անժամկետ դադարեցման մասին ընդունված պայմանավորվածությունները, 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի առավոտյան ինտենսիվ մարտական գործողություններ ծավալեց՝ հրետանու և ավիացիայի կիրառմամբ։

2016թ. ապրիլի 5-ին ՌԴ պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբում Հայաստանի և Ադրբեջանի Գլխավոր շտաբների պետերը Մոսկվայում կնքեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Զինված ուժերի շփման ողջ գծով հրադադարի հաստատման մասին երկկողմ Համաձայնություն։ Ընդգծենք, որ դա Ադրբեջանի կողմից անժամկետ հրադադարի Համաձայնագրի երկրորդ կոպիտ խախտումն էր։ Նշենք, որ թե՛ Ղարաբաղյան առաջին (1992-1994թթ.), թե՛ 2016թ. Ապրիլյան (քառօրյա) պատերազմները, եթե չլինեին Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետևողական ջանքերը, կարող էին վերածվել լայնածավալ արյունահեղ պատերազմի Հարավկովկասյան ողջ տարածաշրջանում։ Դեմոկրատական ազատությունների, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության կայացման սրտցավ ջատագովները, ինչպես և պետք էր սպասել, այդպես էլ հանդես չեկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններով։ Հավանաբար, դա նրանց ռազմավարական ծրագրերի մեջ չէր մտնում, չէ՞ որ նշված դեպքերում Ռուսաստանին որևէ բանում մեղադրել չէին կարող, իսկ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու, արյունահեղությունը կանգնեցնելու համար նրան գովելը, Արևմուտքի ընկալմամբ, ինչպես ասում են, ֆանտաստիկայի ոլորտից է։ Միջազգային հանրության նման վերաբերմունքը չէր կարող աննկատ մնալ թուրք-ադրբեջանական բազեների կողմից, որոնք 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսեցին երրորդ Ղարաբաղյան պատերազմը։ Եվ նորից՝ շնորհիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի քաղաքական կամքի, 2020թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահը, Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը։ Ցեղասպանությունից Լեռնային Ղարաբաղի բնակչության փրկության գործում ՌԴ բացառիկ դերի մասին, ինչը հնարավոր դարձավ միայն ու միայն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ մտցնելու շնորհիվ, ես արդեն մեկ անգամ չէ, որ գրել եմ, ուստի նորից չեմ կրկնի։ Ուրեմն, ի՞նչն է այժմ ինձ մղել պնդելու, կրկնում եմ, որ դրությունը, որի մեջ մեր օրերում հայտնվել է Հայաստանը, ամենատագնապալին է Հայաստանի երրորդ Հանրապետության 30-ամյա պատմության մեջ։

Ս.թ. փետրվարի 25-ին REGNUM տեղեկատվական գոծակալությունը հրապարակեց իմ հոդվածը՝ «Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պատերազմ է հրահրում Հայաստանում» վերնագրով, որում ամբողջությամբ ներկայացված է ՀՀ գործող նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ. նոյեմբերի 16-ի հայտարարությունը, որում նա բավական համոզիչ կերպով հիմնավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կառավարության անհապաղ հրաժարականի անհրաժեշտությունը։ ՀՀ նախագահի հայտարարության ամփոփումը հանգում էր հետևյալին. «...ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները... միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժը օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը»: Չեմ թաքցնում, հարգելի ընթերցող, որ, կարդալով Արմեն Սարգսյանի հայտարարության տեքստը, ինչ-որ թեթևացում զգացի, հույս, որ հայոց պետականության վրա կախված մահացու վտանգը կարծես թե անցել է։ Ոչ, ոչ, հարգելի ընթերցող, բնավ էլ երկրում ստեղծված ծայրահեղ վտանգավոր վիճակին ՀՀ նախագահի տված ճշմարտացի վերլուծությունը չէ, որ ինձ մղեց նման եզրակացության։ Հույսը, որ լավ է լինելու, իմ մեջ արթնացավ այն բանից ելնելով, որ Արմեն Սարգսյանը, կասկած չի հարուցում, չի ընդունի հավաքական Արևմուտքի ձևակերպումներին և մոտեցումներին, իսկ եթե ավելի ճիշտ՝ Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերի համապատասխան հատուկ ծառայությունների մոտեցումներին հակասող որոշումներ։ Բացառված է, նման բան ըստ էության լինել չի կարող, քանի որ իր ընտանիքի ապագան նա տեսնում է բացառապես Մեծ Բրիտանիայում, ինչը նա սկզբունքորեն չի էլ թաքցնում։ Սակայն հանուն արդարության նշենք, որ ՀՀ նախագահն այնպիսի քայլեր էլ հանձն չի առնի, որոնք կհակասեն մեր միակ հուսալի ռազմաքաղաքական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքականությանը։ Եվ բոլորովին ոչ այն պատճառով, որ Ռուսաստանում իր բիզնեսն ունի, բնավ ոչ։ Թե ինչ հանգամանքներից ելնելով նա Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին հակասող կտրուկ քայլեր չի ձեռնարկի՝ առանձին վերլուծության թեմա է։

Եվ այսպես, երբ գրվում էին այս տողերը, դեռևս չկար տեղեկատվություն ՀՀ նախագահի որոշման վերաբերյալ, թե կստորագրի արդյոք Նիկոլ Փաշինյանի պահանջով Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին հեռացնելու հրամանը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2021թ. փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբը և հայկական բանակի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչները հանդես էին եկել հայտարարությամբ, որով պահանջում էին Փաշինյանի և նրա կառավարության անհապաղ հրաժարականը։

Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ՀՀ նախագահը Ն.Փաշինյանի ներկայացնելուց 3 օր հետո ունի ևս 5 օր Սահմանադրական դատարան դիմելու համար՝ խնդրանքով, որպեսզի ստուգվի կառավարության ղեկավարի որոշման օրինականությունը, այսինքն՝ համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Չեմ խորանա սահմանադրական նրբությունների մանրամասների մեջ, որոնք հիմնավորում են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից հեռացնելու Նիկոլ Փաշինյանի հրամանի ոչ սահմանադրականությունը, նշեմ միայն, որ այդ հարցերի համակողմանի պարզաբանմանն էր նվիրված 2021թ. մարտի 2-ի ավելի քան մեկժամյա հաղորդումը հրաշքով դեռևս գոյությունը պահպանած ArmNews հեռուստաալիքով, պոպուլյար «Pressing» հեղինակային ծրագրի շրջանակում, որը վարում է Հայաստանի Լրագրողների միության նախագահ, տաղանդավոր տեսաբան Սաթիկ Սեյրանյանը։ Ծրագրի հյուրն էր Սահմանադրական իրավունքի ոլորտի բարձր պրոֆեսիոնալ և հանրաճանաչ մասնագետ Վարդան Պողոսյանը։ Վ.Պողոսյանի նշած փաստարկները՝ ՀՀ Սահմանադրության հոդվածներին և Օրենքներին կոնկրետ հղումներով, այնքան համոզիչ էին, որ ՀՀ նախագահի ցանկացած որոշում, որը կտարբերվեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հրամանը Սահմանադրական դատարան ուղարկելուց, կարելի էր վստահաբար որակել որպես քրեորեն պատժելի հանցագործություն։ Բնական է, որ սրանից ելնելով՝ մենք կարող ենք այլ եզրակացություն էլ անել այն մասին, որ ցանկացած որոշում, որը կընդունի ՀՀ նախագահը, հնարավոր է միայն Մեծ Բրիտանիայի MI-6-ի կամ ԱՄՆ ԿՀՎ գործընկերների հետ խորհրդակցություններից հետո։ Ընդ որում՝ մենք իրավունք կունենանք կատարելու միանգամայն արդարացված եզրակացություն այն մասին, որ Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերի գունավոր հեղափոխությունների ստրատեգները՝ նրա կուրատորները, կախված այն բանից՝ կուղարկի՞ արդյոք ՀՀ նախագահը փաստաթղթերը Սահմանադրական դատարան, թե՞ ոչ, կամ չափազանց դժգոհ կլինեն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելուց, կամ հաշտվել են դրա հետ։ Դա նաև կարող է լինել ցուցիչն այն բանի՝ համակերպվե՞լ են նրանք, թե՞ չեն համակերպվել այն միջոցների հետ, որոնք ձեռնարկել է Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը Հայաստանի Հանրապետությունում, միջոցներ, որոնք ուղղված են ՀՀ պետական սահմանի էական ամրապնդմանը Զանգեզուրի մարզում, հատկապես Մեղրիի շրջանի հետ սահմանի 45 կիլոմետրանոց հատվածում, Արաքս գետի միջին հոսանքի երկայնքով, որը հայտնի է որպես դեպի Արևելք՝ Կենտրոնական Ասիայի և Արևելյան Ասիայի երկրներ Թուրքիայի հաղորդակցությունները կտրող քրիստոնեական սեպ։ Ներկայում հաղորդակցությունն իրականացվում է Իրանով (Խորասանի միջանցքով՝ Կասպից ծովի հարավային ափի երկայնքով)։ Այնպես որ, հարգելի ընթերցող, երկար սպասելու կարիք չի լինի։ Ընդ որում՝ հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ տողերիս հեղինակը չի հիշատակում ՀՀ նախագահի այս կամ այն որոշման ընդունման վրա ռուսական կողմի հնարավոր ներգործության մասին։ Այս հարցում պարզություն մտցնելու համար հղում կատարեմ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարության առնչությամբ. «Մենք տագնապով ենք հետևում իրավիճակի զարգացմանը Հայաստանում,- ասաց Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով տեղի ունեցողին Կրեմլի վերաբերմունքի մասին հարցին։- Եվ դա համարում ենք բացառապես Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և մերձավոր դաշնակցի ներքին գործը»։

Այսքան հանգամանալից անդրադարձից հետո նշենք, որ 2021թ. մարտի 1-ի երեկոյան Երևանում տեղի ունեցավ միանգամից երկու հանրահավաք՝ Փաշինյանի կողմնակիցների և հակառակորդների։ Կարծում եմ, հարգելի ընթերցող, որ կարիք չկա մանրամասն ներկայացնել ՀՀ-ում ստեղծված իրավիճակի ողջ անհեթեթությունը, երբ Նիկոլ Վովաևիչը, որին ժողովուրդը քամահրանքով Նիկոլ-դավաճան է անվանում, որը 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում պետական հեղաշրջում իրականացրեց, հստակ հետևելով Արևմուտքի գունավոր հեղափոխությունների ստրատեգների հրահանգներին, մեր օրերում, վարչապետ լինելով, նորից հագնում է արդեն իր իսկ կառավարությանն ընդդիմադիր հեղափոխականի պատմուճանն ու իր էությամբ նողկալի անմտություն բարբաջում. «Վերջին 10 ամիսներին մեր կառավարությունը ամեն տեսակ սխալներ է թույլ տվել։ Եվ ես ցանկանում եմ ներողություն խնդրել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր հայերից։ Ներեցեք ինձ սխալներիս համար»։ Ղարաբաղյան պատերազմում (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) զոհված ավելի քան 5 հազար զինվորների արյունը, ավելի քան 10 հազար վիրավորվածներն ու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարյուր հազարավոր քաղաքացիների խեղված ճակատագրերը, Արցախի Հանրապետության տարածքի մոտ 80%-ի կորուստը, Նիկոլ-դավաճանի խոսքով, որակվում է ընդամենը որպես «ամեն տեսակ սխալներ», որոնց համար կարելի է ընդամենը ներողությունով գլուխն ազատել։ Գնահատականներ չեմ տա 17 ընդդիմադիր կուսակցություններին, որոնք այդ նույն օրը՝ մարտի 1-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրենց հանրահավաքն էին անցկացնում։ Միայն մեջբերում կկատարեմ հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի «Ռազմական ոչ հեղաշրջում։ Ինչո՞ւ Հայաստանում հեղափոխություն տեղի չունեցավ» հոդվածից՝ հրապարակված 2021թ. մարտի 2-ին WorldCrisis ինտերնետ-պորտալում։ Հոդված, որում, ըստ իս, բավական օբյեկտիվորեն է ներկայացված ՀՀ-ում ստեղծված իրավիճակը. «Ներկայիս պառակտված հայ հասարակության երկու բևեռ՝ Փաշինյանի աջակցության միջուկը և արմատական ընդդիմադիր տրամադրված մարդիկ։ Սակայն այս երկու խմբերն էլ փոքրամասնություն են, ինչպես ցույց տվեցին տեղի ունեցած հանրահավաքները։ Բևեռների միջև ապատիա է, հուսահատություն, ևս մեկ հեղափոխության դուրս գալու ցանկության բացակայություն՝ նախորդից երեք տարի հետո, և դեռ դրա հետևանքները տեսնելով»։ Թերևս, դժվար է չհամաձայնել հարգելի քաղաքագետի եզրակացություններին։ Այսքան վտանգավոր դրությունը, որի մեջ մեր օրերում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, չէր կարող աննկատ մնալ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Ընդ որում՝ երախտագիտության և հարգանքի զգացողություն է առաջացնում այն, որ ճգնաժամի ողջ խորությունը տագնապով ու ցավով են ընկալում Ռուսաստանի հայրենասեր-դերժավնիկները, Հայաստանի իսկական բարեկամները։ Ավելին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն այնքան շատ է անհանգստացնում մեր ռուս բարեկամներին, որ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) արդյունքներին նվիրվեց կլոր սեղան REGNUM տեղեկատվական գործակալությունում, որտեղ REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, մտահոգությամբ և տագնապով, որոնք նկատվում էին նրա խոսքում, հայտարարեց. «Մենք չենք կարող չնկատել, Իլհամ Ալիևը և ընդհանրապես Բաքուն վերջին օրերին վարում են համաձայնագրի ռևիզիայի գիծ (նկատի ունի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020թ. նոյեմբերի 10-ին ընդունած՝ Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու մասին փաստաթուղթը – Ա.Գ.)։ Ինչո՞ւ։ Որովհետև Երևանում քաղաքական ճգնաժամ է։ Որովհետև համաձայնագրի կողմերից մեկը թուլացել է և էլ ավելի է թուլանում։ Նա դադարում է լինել հավասարակշռության գործոն... Քաղաքական ճգնաժամը Երևանում թուլացնում է Ղարաբաղի դիրքերն այնքան, որ հիմա կենտրոնական հարցն այն է, թե կերկարացվի արդյոք հինգ տարի հետո մեր խաղաղապահների մանդատը։ Եթե չերկարացվի, ապա միանգամայն ակնհայտ ու միանշանակ է, որ հայ բնակչությունը Ղարաբաղից կհեռանա... Չկան մարդիկ, չկա խնդիր։ Կան մարդիկ, կա խնդիր» («Հայաստանի թուլացումը Ղարաբաղին սպառնում է էթնիկական զտմամբ», https://regnum.ru/news/polit/3205641.html)։ Հարգարժան Մոդեստ Ալեքսեևիչի տագնապներին թվում է, թե մի փոքր այլ կողմից պատասխանեց ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրում (2021թ. մարտի 3)։ Միայն ոչ մեծ մեջբերում կատարեմ նրա հետաքրքիր ելույթից. «Այսօր Բելառուսն է։ Հենց որ Բելառուսը սկսեց մի փոքր շրջվել Ռուսաստանի կողմը, կրակ վառեցին Ղարաբաղում՝ ուշադրությունը շեղելու համար։ Իսկ որպեսզի սրեն խնդիրները Հարավային Կովկասում, հեռացնում են Սարգսյանին ու դնում Փաշինյանին, որը մի փոքր հայ Նավալնի է, մի քիչ նման է։ Եվ նա համընդհանուր մոբիլիզացում հայտարարեց, դա անում են, երբ առջևում մեծ պատերազմ է նշմարվում, ոչ թե պարզապես հակամարտություն, երբ այնտեղ մի քիչ կրակել են։ Ոչ միայն մոբիլիզացում, այլև համընդհանուր մոբիլիզացում։ Մենք հիմա այստեղ ենք, իսկ հազարավոր հայ պատանիներ նստած են զորանոցներում։ Եվ այս ամենը մեկ շղթայի օղակներն են։ Ե՛վ ներքին խնդիրները, և՛ արտաքին խնդիրները մենք պետք է լուծենք» (https://www.youtube.com/watch?v=nSCOy3NH0fw&ab_channel=REGNEWS

Եվ իհարկե, չեմ կարող երախտագիտության անկեղծ խոսքեր չասել Միջազգային «Լազարյան ակումբի» ղեկավար, Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինի հասցեին, որը 2021թ. մարտի 3-ին @SputnikLive տեսակամրջի ժամանակ պատասխանեց ողջ հայ ժողովրդին հուզող հրատապ հարցերին, դիցուք. «Հայաստանում ճգնաժամի մասին։ Ներկայիս իրավիճակի պատճառը «Իսկանդերների» մասին Փաշինյանի խոսքերը չեն։ Ճգնաժամը սկսվել է 2018թ. «թավշյա հեղափոխությունից» և շարունակվել Ղարաբաղում»; «Ճգնաժամից դուրս գալու մասին։ Փաշինյանն իրավիճակը մտցնում է փակուղի և երկիրը մղում քաղաքացիական պատերազմի։ Անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հայ ժողովուրդը պետք է որոշի»; «Ղարաբաղում պարտության մասին։ Արևմտամետ պատգամավորները փորձում են մեղքը բարդել ռուսական զենքի վրա։ Երևանի անհաջողությունների իսկական պատճառը հրամանատարության սխալներն են, անփութությունը և դավաճանությունը»; «Հետպատերազմյան կարգավորման մասին։ Եռակողմ հայտարարության կետերի լիարժեք կատարումը վաղվա օրվա գործ չէ։ Ադրբեջանի և Թուրքիայի մեթոդներով խաղաղություն ձեռք չի բերվում»; «Թուրքիայի մասին։ Թուրքական ներկայությունն Ադրբեջանում և Անկարայի մյուս գործողություններն անհանգստացնում են Ռուսաստանին»; «Հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմական և տնտեսական գործընկերն է։ Այն Երևանի սուբյեկտայնության պահպանման միակ շանսն է»; «Հայաստանի և Ռուսաստանի միավորված զինված ուժերի մասին։ Սա ոչ թե երկկողմ հարաբերությունների, այլ ՀԱՊԿ-ի հարցն է։ Բայց ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում պետք է ուժեղացվի»; «Ռուսաստանի հետ միավորվելու գաղափարի մասին։ Հայաստանի միացման մասին խոսք չի գնում։ Ապագայում հնարավոր է նրա միացումը Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը, բայց հիմա բավական են գոյություն ունեցող ինտեգրացիոն մեխանիզմները՝ ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն և այլն» (https://lazarevsky.club/novosti/konstantin-zatulin-otvetil-na-vopros/

Այն պահին, երբ գրվում էին այս տողերը, հարգելի ընթերցող, ստացվեցին առաջին տեղեկությունները ռուսական ԶԼՄ-ներին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի կոնֆերանսից։ Հետագայում, այդ ասուլիսի մանրամասների հրապարակումից հետո, եթե անհրաժեշտություն լինի, կարելի է ավելի հանգամանալիորեն կանգ առնել ՀՀ երկրորդ նախագահի կոնկրետ պատասխանների վրա։ Այն հարցերի պատասխանների, որոնք հուզում են ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, իսկ առայժմ կսահմանափակվեմ միայն Ռ.Քոչարյանին տրված հարցերից մեկին նրա ռեպլիկ-պատասխանով, դիցուք. «Նոյեմբերի 10-ին (նկատի ունի 2020թ. նոյեմբերի 10-ը, հրադադարի մասին Համաձայնագրի ստորագրումից հետո – Ա.Գ.) իշխանությունը պետք է ծնկի գար և ներողություն խնդրեր ժողովրդից։ Եվ եթե նրանք արժանապատվություն ունենային՝ ինքնասպան կլինեին»։ Համարձակվում եմ նկատել, որ այնպիսի ճկուն քաղաքական արկածախնդրի համար, ինչպիսին իր ուղեվարների՝ գունավոր հեղափոխությունների անդրօվկիանոսյան ստրատեգների առջև մինչև վերջ նրանց տված հանձնարարությունը (ծնկի բերել հայ ժողովրդին) չկատարելու պատճառով ծնկած Նիկոլ Փաշինյանն է, ժողովրդի առջև ծնկի իջնելը, իր անբարոյությունը հաշվի առնելով, խելքին անըմբռնելի է։ Եթե Փաշինյանն այդպես վարվի, կարող է կորցնել ԱՄՆ-ում կամ Կանադայում, գուցեև Հայաստանին մի քիչ ավելի մոտ՝ Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստարան ստանալու հեռանկարը, եթե, իհարկե, նրա համար միջնորդի Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու հավատարիմ հպատակը։ Խոսքը ՀՀ ներկայիս գործող նախագահ Արմեն Վարդանի Սարգսյանի մասին է։ Գրում եմ այս տողերը և ցավով նախատում ինքս ինձ, որ 2018թ. ապրիլի 9-ին մեծ լավատեսությամբ ընդունեցի նրա հաստատումը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։ Ավաղ, ըստ երևույթին, չափից ավելի արխայիկ են իմ պատկերացումները հայրենասիրության մասին, ինչի համար անկեղծորեն զղջում եմ, հարգելի ընթերցող։ Միևնույն ժամանակ, ինձ փոքր-ինչ հիասթափեցրեց այն, որ Ռոբերտ Քոչարյանը դեռևս պատրանքներ է տածում Նիկոլ-դավաճանի պատվի զգացում ունենալու հետ կապված, երբ դեռևս կասկածում է, որ այդ զգացումը Փաշինյանն ի սկզբանե չունի, երբ լավատեսորեն ասում է. «Եթե պատիվ ունենային, ինքնասպան կլինեին»։

Լիահույս եմ, որ Նիկոլ Փաշինյանի վերջին դավաճանական քայլերը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի վերջնական քայքայմանը, չեն կարող անգամ փոքրիկ խղճահարության տեղ թողնել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիների մեջ Փաշինյանի դավաճան թայֆայի և առաջին հերթին հենց իր նկատմամբ։ Միայն այդ ժամանակ հոգու հանգստություն կգտնեն անմեղ զոհված զինվորներն ու սպաները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակիչները։

Վերջաբանի փոխարեն. Ուշադիր վերլուծելով մեր օրերում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված բարոյահոգեբանական իրադրությունը՝ ակամա գալիս ես այն եզրակացության, որ հայ հասարակությունը լուրջ հիվանդ է, քանի որ կորցրել է հայերին բնորոշ քրիստոնեական վարքի կողմնորոշիչները, տրվել գունավոր հեղափոխությունների արևմտյան ստրատեգների զազրելի տեխնոլոգիաներին, որոնք հայ ազգը բաժանեցին «սևերի» ու «սպիտակների», ոտնատակ արեցին հայերի դարավոր հավատն առ ընտանեկան արժեքներն ու ավանդույթների սրբությունը, գորովալից վերաբերմունքն ավագների, իրենց մայրենիի և պատմության հադեպ։ Եվ այն պայմաններում, երբ այս բոլոր հարցերը չեն դառնում միավորված 17 ընդդիմադիր կուսակցությունների գլխավոր բովանդակությունը Փաշինյանի հակազգային ռեժիմի դեմ պայքարում, դա էլ ավելի տագնապալի մտորումների տեղիք է տալիս, դիցուք. առանձին ընդդիմադիր ուժերի կողմից լիովին չի գիտակցվում Դամոկլյան սրի նման հենց հայկական պետության՝ Հայաստանի Հանրապետության գոյության վրա կախված մահացու վտանգը, այն ուժերի, որոնք հենց այդ հարցերի պարզաբանմանը պատշաճ ուշադրություն չեն հատկացնում։

Ցավոք, այս մասին ստիպված եմ միայն գրել և տագնապներս կիսել «Ազգային Միաբանություն» կուսակցության ակտիվի հետ։ Հայաստանի հեռուստաեթերը նախկինի պես անհասանելի է ինձ համար։ Հեռուստաալիքները, ինչպես իշխանամետները, այնպես էլ «ընդդիմադիրները», միահամուռ են իրենց խմբագրական նախապատվություններում, որոնք հանգում են մեկ բանի՝ օտարներին եթեր չտրամադրել։ Եվ սա՝ անգամ այն պայմաններում, երբ Հանրային հեռուստատեսությունն օրերս պրոֆեսիոնալ հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հաղորդմանն էր հրավիրել ընդդիմությունում միավորված 17 կուսակցություններից մեկի ղեկավարին։ Սակայն դա որևէ կերպ չսասանեց ՀՀ երկրորդ նախագահին աջակցող հեռուստաալիքների վճռականությունը՝ եթեր չթողնել Ձեր խոնարհ ծառային, հարգելի ընթերցող։ Դե ինչ, օգտվելով առիթից՝ չեմ կարող երախտագիտությունս չհայտնել ռուսական ինտերնետ-հեռուստաալիքներին (ГазетаTVREGNEWS, (https://www.youtube.com/watch?v=Na8nD10ffHw&feature=youtu.be, https://www.youtube.com/watch?v=TU7f7myREqM&feature=youtu.be), որոնք, հիմք ընդունելով, մասնավորապես, REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված իմ հոդվածները 2021թ. փետրվարին, բավական տպավորիչ ֆիլմեր են նկարահանել։ Ֆիլմեր, որոնք այդպես էլ տեղ չեն գտել Հայաստանի տասնյակ ինտերնետ-պորտալներում, բնականաբար՝ ընդդիմադիր։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Միջազգային «Լազարյան ակումբի» Մոսկվայի տնօրինությանը, որը ոչ միայն հրապարակում է իմ հոդվածներն իր՝ «Լազարյան ակումբ» ինտերնետ-պարբերականի էջերում, այլև տեղադրում է տեսանյութեր՝ նկարահանված այդ հրապարակումների հիման վրա։ Ահա այսպիսի բաներ, հարգելի ընթերցող։ Գրում եմ այս տողերը և ակամա նորից ու նորից մտածում հայ քաղաքագետի հոդվածում (որին վերը հղում կատարեցի) ներկայացված դառը ճշմարտության մասին։ Այդուհանդերձ, հայոց պետականության գոյության մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն հասարակության առողջ ուժերի համախմբման ճանապարհով, որի զգալի մասն իրեն դուրս է դրել քաղաքականությունից։ Եվ որ ավելի վատ է՝ ավելի ու ավելի է հակվում այն մտքին, որ այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտում գործող դերակատարների առկայության պարագայում մեր երկրի ապագան հուսալի չի թվում, մանավանդ այն պայմաններում, երբ հավաքական Արևմուտքն, արդեն նույնպես անթաքույց, աջակցում է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում քաղաքացիական պատերազմ սադրելու գործում։                                       

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ