ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԱՅԴ ՔԱՅԼԸ ՎԱՏ ԸՆԴՈՒՆՎԵՐ ՊՈՒՏԻՆԻ ԿՈՂՄԻՑ
05.12.2013, Իրավունք
Վերջին օրերին շատ է խոսվում ՌԴ նախագահ Վ. Պուտինին Ա. Գեղամյանի կողմից , իր գրքերը նվիրելու մասին: Իբր այդ քայլը Պուտինի կողմից սառն է ընդունվել: Մենք այս լրատվությունը պարզաբանելու մեկնաբանություն խնդրեցինք Ա. Գեղամյանից, ով թեեւ հերքեց այդ լրատվությունը, սակայն չցանկացավ մանրամասնել: Հետեւաբար ստիպված էինք դիմել Վ. Պուտինի պատվին տրված պետական ճաշկերույթի մեկ այլ մասնակից Աժ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին, ով ասաց. <Ամբողջությամբ անհիմն լուրեր են: Իհարկե ես տեղյակ էի, որ պարոն Գեղամյանը նախապատրաստել է իր գրքերը պարոն Պուտինին նվիրելու համար: Գրքերից մեկը կոչվում է <Եվրասիական Միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է>, իսկ երկրորդը <Հայաստանի Եվրասիական Միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է>, որը լույս է տեսել 7 լեզուներով: Իմանալով, որ պարոն Գեղամյանը նվիրելու է այդ գրքերը բնական է, որ հետաքրքրությամբ դիտում էի այդ պահը եւ կարող եմ ասել, որ մթնոլորտը բավականին ջերմ էր եւ չէր էլ կարող հակառակը լիներ, որովհետեւ նախ ինչո՞ւ պետք է Պուտինի կողմից վատ ընկալվեին վերոհիշյալ անվանումներով գրքերը եւ բացի այդ Ա. Գեղամյանը քաղաքական եւ պետական աշխատանքի հսկայական փորձ ունեցող եւ պետական հարաբերությունների էթիկային տիրապետող այն գործիչն է, որը չէր կարող առանց նախապես համապատասխան ճշտումներ կատարելու գնալ այդ քայլին: Պետք է արձանագրեմ, որ ՌԴ նախագահի այցի նախօրյակին, որոշ լրատվամիջոցներում, ընդ որում ոչ միայն ընդդիմադիր, սկսվեց լայնածավալ ու ագրեսիվ արշավ այն քաղաքական գործիչների դեմ, ովքեր ի սկզբանե հանդես էին գալիս հօգուտ Հայաստանի Եվրասիական Միության մեջ անդամագրվելուն եւ ողջունեցին ու աջակցեցին երկրի Նախագահի սեպտեմբերի 3-ին հռչակած քաղաքական կուրսին՝ այն է, Մաքսային Միություն Հայաստանի անդամագրումը>:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ