Ռետինե խողովակը, ԵԱՀԿ-ն եւ Գեղամյանը

10.10.2012, Առավոտ


Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը ներկայացրեց այն աշխատանքը, որն ինքը կատարել էր հոկտեմբերի 5-7-ը Տիրանայում կայացած  ԵԱՀԿ աշնանային նստաշրջանում: Ըստ այդմ՝ ունեցել է հինգ ջախջախիչ ելույթ եւ մեկ կիսառեպլիկ: Նստաշրջանի աշխատանքների գրեթե ավարտին պատվիրակների դատին է ներկայացվել Թուրքիայի պատվիրակության ղեկավարի ներկայացրած բանաձեւը՝ թուրք-սիրիական սահմանային զարգացումներին վերաբերվող: Գեղամյանի բնորոշմամբ, բանաձեւի տեքստում ներկայացված էր այնպես, որ թուրքերը սուրբ են, սիրիացիները՝ գայլ ու գազան: Գեղամյանը հայաստանյան պատվիրակության կողմից բացասական կարծիք է հայտնել այդ օրինագծի վերաբերյալ եւ նշել, որ դրա ընդունումը չի նպաստում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը, իսկ հայկական պատվիրակությունը չի պատրաստվում վտանգի տակ դնել Սիրիայում բնակվող հայերի ճակատագիրը, որոնց թիվը մինչեւ պատերազմական գործողությունները 85 հազար էր, միայն Հալեպո քաղաքում բնակվում էր շուրջ 65 հազար հայազգի բնակիչներ:

Թեեւ մնացյալ ելույթ ունեցողները, ինչպես նաեւ բանաձեւի հեղինակը, հավաստիացրել են, որ բանաձեւի առաքելությունը խաղաղարար է, Գեղամյանն անդրդվելի է մնացել եւ «դեմ» է քվեարկել դրան: «Եթե այսօր, այս նիստի ժամանակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը երաշխավորում է հայերիս անվտանգությունը, թող դա փաստաթղթում ձեւակերպվի եւ այդ ժամանակ հայկական պատվիրակությունը «ձեռնպահ» կքվեարկի: Հարցը մնաց անպատասխան. իրենք, բնականաբար, որեւէ երաշխիք տալ չէին կարող, ու հայկական պատվիրակությունը պետք է դեմ քվեարկեր»,- ասաց Գեղամյանը:

ՌԴ ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ իրենք ձեռնպահ են մնում ի սկզբանե, քանի որ հարցը անպատրաստ է այն աստիճանի, որ անգամ աշխատանքային այլ լեզուներով տեքստը թարգմանված չէ: Արդյունքում, բանաձեւն, իհարկե ընդունվել է: Գեղամյանը համարում է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն այսպիսով Թուրքիայի ձեռքին «իդեոլոգիական զենք» է դառնում: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի նման ծանրակշիռ ներկայությունը եվրոպական այդ կառույցում՝ Գեղամյանն ասում է. «Թուրքիան այսօր համաշխարհային ուժի կենտրոնների պատվերն է կատարում Մերձավոր Արեւելքում՝ ինչ ձեռնպահ են մնում անել այդ կենտրոնների անդամ երկրները՝ անում են Թուրքիայի ձեռքերով: Ավելին, Թուրքիան հավակնում է ձեւավորել Մեծ Մերձավոր արեւելք ու այդ ճանապարհին չի ցանկանում ոչ մի լուրջ ուժ, լուրջ պետություն ունենա իր ճանապարհին, իսկ Սիրիան այդպիսի ուժ է»:
Թեեւ քվեարկությունից առաջ տաջկական պատվիրակությունը Գեղամյանի հետ զրույցում հավաստիացրել է, որ կիսում են իր կարծիքը եւ կարծում են, որ այդ բանաձեւը նաեւ Իրանի դեմ է, որի հետ իրենց երկիրը բարեկամական հարաբերությունների մեջ է, բայց հետո «կողմ» են քվեարկել՝ Գեղամյանի ներկայացմամբ՝ «իրենց դնելով հայտնի ռետինե խողովակի տեղ», թե իբր չեն հասցրել «դեմ» արտահայտվել: Մինչդեռ՝ «կոնսենսուս-2» տարբերակի դեպքում բանաձեւը չէր անցնի: Գեղամյանին այլ բան չէր մնում անել, քան ռեպլիկ շպրտել վեհաժողովի պատվիրակներին. «Եթե պատերազմական գործողությունները սաստկանան՝ դուք ձեզ պատասխանատու կզգա՞ք, թե՝ ոչ»: Այն մնացել է անարձագանք: «Բավական է մեզ դեմոկրատիա սովորեցնեք,ապրել սովորեցնեք, այն պարագայում, երբ դուք ոտնահարում եք դեմոկրատիան»,- վրդովվել է նա:
Գեղամյանը նաեւ այլ հարցերի  քննարկումներին է ակտիվորեն մասնակցել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե հայկական պատվիրակությունն արձագանքում է միայն հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները շոշափող հարցերին:


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ