Գեղամյանի համար Արամ Մանուկյանը դավաճանական իշխանության «ճ» կլասի ֆունկցիոներ էր


23.04.2012, Առավոտ


«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ երեկ ՀԱԿ թեկնածու Արամ Մանուկյանի՝ իրեն վերաբերող հայտարարություններին, թե ինքը Կարեն Դեմիրճյանի թիմում կանգնած թիկունքից հարվածեց նրան. «Բացահայտ ստի են դիմում, Կարեն Դեմիրճյանի վեհ անունը հրապարակ բերելով՝ ուզում են սեփական անզորությունը եւ սեփական ձախողակ լինելը քողարկել: 1998 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվել էի ՀՀ նախագահի թեկնածու, ինչպես եւ Կարեն Դեմիրճյանը: Այնպես, որ թիկունքում կանգնած չէի կարող լինել, որովհետեւ ինքնուրույն քարոզարշավ էի վարում»:

Արամ Մանուկյանը նաեւ Գեղամյանի մասին ասել էր. «Ստեփան Դեմիրճյանին քաշեց, հորը քաշեց»: «Ազգային միաբանության» առաջնորդն այս առնչությամբ հիշեցրեց 2003-ի նախագահական ընտրությունների 1-ին փուլից հետո կատարվածը, երբ նախագահի 7 թեկնածուներ՝ նաեւ Ստեփան Դեմիրճյանը, «թուղթ ուղարկեցինք ԿԸՀ, որտեղ գրել էինք, թե մենք չենք ճանաչելու առաջին փուլի արդյունքները… Իսկ թե հետո այդ ստորագրությունից ո՞վ հրաժարվեց՝ թող Արամ Մանուկյանը մի հատ հետաքրքրվի, հետո նոր հետեւություններ անի»:

Արտաշես Գեղամյանը պնդեց. «Նա ստում է դաժանաբար: Իր բարբաջանքները ինձ համար հասկանալի են, երբ ՀԱԿ-ի վարկանիշը սրընթաց անկում է կատարում՝ իրենք գիտեն, որ «Ազգային միաբանության» ցանկացած ղեկավարի հասցեին նման ստախոսություններով հանդես գան, ապա անհապաղ հակահարվածը կստանան, եւ իրենց անունը գոնե այդ պարագայում կշոշափվի: Կարծում եմ, որ մեր երկրի համար դավաճանական դրսեւորումներ գործած իշխանությունը, որի պարագլուխն էր Լեւոն Տեր Պետրոսյանը եւ ճ կլասի ֆունկցիոներ էր Արամ Մանուկյանը՝ պետք է լռեր այն պարզ պատճառով, որ իրենք 7 տարիների ընթացքում կարողացան հիմնահատակ կործանել Հայաստանի տնտեսությունը: Հիշեցնեմ՝ 1997 թվականին արդյունաբերությունը կազմում էր 1990 թվականի 47 տոկոսը, արդյունահանումը՝ ընդամենը 22 տոկոսը, վերամշակող ձեռնարկությունների հզորությունը կազմում էր 1990 թվականի 52 տոկոսը»:


«Ազգային միաբանության» առաջնորդը մեկնաբանեց նաեւ այն, թե ինչպես կարողացավ իշխանություններին այդքան քննադատելուց հետո, առաջադրվել Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով. «Սերժ Սարգսյանը դիմեց ժողովրդին ու քաղաքական բոլոր ուժերին, որ ինքը հանուն Հայաստանի Հանրապետության բաց է ու պատրաստ համագործակցության: Մենք՝ տեսնելով, որ դրանք լոկ խոսքեր չեն, համոզվեցինք, որ ՀՀ նախագահը ազնիվ ու անկեղծ է, իսկ նման պարագայում չընդունել հրավերը՝ համագործակցելու հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ընդդիմադիր խաղալ, քաղաքական գործչին հատուկ չէ»:

Ինչ վերաբերում է, Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե Ա. Գեղամյանին լռեցնելու համար 30.000 դոլար են տրամադրել, պարոն Գեղամյանը զարմացավ. «Արամն էլ փողը տալու ժամանակ մոմը ձեռքին գյո՞զ էր դրել:

Արամ Մանուկյանի հայհոյախոսությունները խոսում են այն մասին, որ ՀՀՇ-ն ու ՀԱԿ-ը արժանապատիվ պարտվելու հունար էլ չունեն, թույլիկներ են»:

Արտաշես Գեղամյանի ամբողջական մեկնաբանությունները լսեք ձայնագրության մեջ: