ՍԱՏԱՆԱՅԻՆ ՔԱՀԱՆԱՅԻ ՀԱԳՈՒՍՏՆ ԷԼ ՉԻ ՕԳՆԻ

Ցցված ականջները, միևնույն է, կմատնեն

05.04.2005

- Օրերս ԱՄՆ-ի հեղինակավոր վերլուծական կենտրոն «Stratfor»-ն իր ինտերնետային էջում հրապարակել էր Հայաստանին վերաբերող նյութեր, որոնցից կարելի էր հետևություն անել, որ Ռ.Քոչարյանը և Ս.Սարգսյանը որդեգրելով ընդգծված արևմտամետ քաղաքականություն՝ կարող են պահպանել իրենց տակ երերացող «աթոռները»: Այս հարցին ի պատասխան «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը տվեց հետևյալ մեկնաբանությունը:

- Ռ.Քոչարյանը և Ս.Սարգսյանը, իհարկե, անզոր են իշխանությունը պահել, անգամ իսկ, եթե ձև անեն, թե ավելի արևմտամետ են, քան իրենք՝ արևմտյան հայտնի ժողովրդավարությունները: Ի՞նչ է նշանակում վարել ընդգծված արևմտամետ քաղաքականություն: Դա առաջին հերթին նշանակում է պետականորեն հովանավորել արևմտյան արժեքների արմատավորումը մեր կյանքի բոլոր բնագավառներում: Այն է՝ ավտորիտարիզմի գրկում հայտնված Հայաստանի Հանրապետությունում անշրջելի դարձնել ժողովրդավարացումը ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում: Մղել անողոք պայքար կոռուպցիայի և կաշառակերության դեմ, մարդու իրավունքների, օրենքների ոտնահարմանը հակադարձել օրենքի գերիշխանությունը: Կլանային, մենաշնորհային տնտեսությունը փոխարինել օրենքով հավասար, մրցակցային պայմաններում գործող տնտեսվարմամբ: Ապահովել դատական իշխանությունների՝ գործադիրից անկախ գործունեությունը, հասնել չորրորդ իշխանության լիակատար ազատությանը և անկախությանը: Այսինքն՝ ձերբազատվել բոլոր այն արատներից, որոնց կրողներն ու հովանավորն են այս իշխանությունները, որոնք անընդունելի են արևմտյան քաղաքակրթության համար:

Հակառակ դեպքում, պատկերավոր ասած, դա կլինի նույնը, եթե ստանային հագցնեն քահանայի զգեստներ և փորձեն խցկել դրախտ: Բա այդ դեպքում որտե՞ղ են դրախտի դարպասների պահապան հրեշտակները... Դրախտի սպասավորներին սատանայական արքունիքից չէ, որ զինվորագրում են: Եթե ավտորիտար իշխանազավթիչները, հռչակելով արևմտամետություն, կարողանան երկարաձգել սեփական արատավորված վարչակարգերը, ապա իրականություն կարող են դառնալ ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ (90-ականների սկզբին ԱՄՆ նախագահի թեկնածու) Պատրիկ Բյուկենենի «Արևմուտքի մահը» բեստսելլերում շարադրված մտքերը: