«ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆԻ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԵՄ»

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝ իշխանությունների խարդավանքների մասին:

05.08.2005

- Պարոն Գեղամյան, ինչպե՞ս կմեկնաբանեիք Գ. Գրիգորյանի դատավարության ընթացքում «Կծան Միշայի» տված այն ցուցմունքը, համաձայն որի՝ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, կազմակերպելով ՀՀ ղեկավարության սպանությունը, մտադիր էր «պրեզիդենտ կարգել» ձեզ:

- Մինչ այդ հարցին պատասխանելը՝ ուզում եմ հիշել մի քանի ոչ վաղեմի դեպքեր: Նախ, երբ 2002 թվականի դեկտեմբերի 27-ին կրակել էին Տիգրան Նաղդալյանի վրա, Տիգրանը դեռ հիվանդանոցում էր, որ նրա յուրայինները զարհուրելի տեղեկություն էին փորձել տարածել՝ իբր սպանության կազմակերպիչը Արտաշես Գեղամյանն է: Բարեբախտաբար, հիվանդանոցի բժիշկների մեջ պարկեշտ մարդիկ կային, ովքեր մոտիկից էին ճանաչում ինձ, և տեղում հանդիմանել էին զրպարտիչներին, ասելով՝ անհարմար չե՞ք զգում, մեղադրանքներ եք հարուցում մեր կողմից ընդունված պարկեշտ մարդու հասցեին: Իսկ դեկտեմբերի 28-ին և 29-ին բոլոր հեռուստաալիքներով եթեր էր սփռվում Վարդան Օսկանյանի այն միտքը, թե սպանության հետքերը հաստատ կտանեն այն մարդու շրջապատը, որը ռուսաստանյան թերթերում հանդես է գալիս հանրապետության ղեկավարության դեմ ուղղված հոդվածներով: Նա մատնանշում էր ինձ, որովհետև մեկ շաբաթ առաջ «Իզվեստիայում» տեղ էր գտել իմ հոդվածը: Հաշվարկը պարզ էր. հեռուստադիտողի մոտ տպավորություն ստեղծել, որ կան անառարկելի փաստեր, որոնք տանում են դեպի Արտաշես Գեղամյանը: Այդ ժամանակ իշխանությունները ինձ կհանեին ասպարեզից՝ մեղքը գցելով Նաղդալյանի հարազատ-բարեկամների վրա, որոնք իբր վրեժխնդիր եղան իրենց որդու համար: Այնուհետև, երբ իսկական մարդասպանները ձերբակալված էին, դատարանում մեղադրյալը հայտարարեց, որ իրեն մեկուսարանում ոտքերից կախել են և ռետինե մահակներով ծեծուջարդի ենթարկել՝ ասելով, որ ցուցմունք տա Ալբերտ Բազեյանի և Արտաշես Գեղամյանի դեմ, իբր՝ մենք ենք պատվիրել այդ սպանությունները:

- Կարծեմ, դա միակ դեպքը չէր, որ ձեր անունը կապում էին մահափորձերի հետ:

- Այո, իսկապես: Այդ պատմությունից մի քանի ամիս անց ձերբակալվեց անվտանգության գնդապետ Լևոն Աբրահամյանը՝ իբրև Սերժ Սարգսյանի դեմ կազմակերպված մահափորձի մեղադրանքով: Նա դռնբաց դատավարության ժամանակ ասաց, որ իրեն շանտաժի են ենթարկել, ասել են՝ եթե ցուցմունք տաս, որ մահափորձի պատվիրատուն Գեղամյանն է, ապա դատարանի դահլիճից ազատ կարձակենք: Իսկ երբ վերաքննիչ դատարանը քննում էր Լ. Աբրահամյանի բողոքը, պարզ դարձավ, որ իշխանությունները ահաբեկել են ոչ միայն նրան, այլև նրա հարազատներին, ասելով՝ եթե կրկնես, որ մենք քեզ ստիպել ենք Գեղամյանի անունը տալ, ապա հարազատներդ և բարեկամներդ խստագույնս կհետապնդվեն և կպատժվեն: Այս մասին Լ. Աբրահամյանի բարեկամները հայտնել էին լրագրողներին: Այնուհետև, այս ձմռանը, մինչև Խուդավերդյան Միշայի ձերբակալությունը, լուրեր տարածվեցին իշխանամետ շրջանակներում՝ իբր Գեղամյանը մահափորձ է ձեռնարկում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Հաշվարկը նույնն էր. եթե դրան լուրջ մոտենար այնպիսի պատվախնդիր մեկը, ինչպիսին Գագիկ Ծառուկյանն է, ապա վաղը-մյուս օրը իշխանություններն ահաբեկչություն կանեին Գեղամյանի դեմ, և մեղքը կգցեին Ծառուկյանի վրա, իբր՝ վրեժխնդիր է եղել: Հետո կասեին, թե անողոք պայքար են սկսել օլիգարխների դեմ, և Ծառուկյանից կազատվեին՝ իբր հավասարաչափ պայքարում ենք բոլորի դեմ՝ անկախ նրանց դիրքից: Հիմա նույն իշխանական լրատվամիջոցներով փորձում են լուրեր տարածել՝ իբր ես ու Սերժ Սարգսյանը պայմանավորվածություն ունենք, բոլոր պրոբլեմները լուծված են, և նախագահական ընտրություններում իբր Արտաշես Գեղամյանը պաշտպանելու է Սերժ Սարգսյանին: Լուրերը տարածողները կրկնակի նպատակ էին հետապնդում. երբ կահաբեկեին Գեղամյանին, բոլոր կասկածները Սերժի վրայից դուրս կգան, որովհետև հայտարարել են, թե մենք իրար հետ լավ ենք: Երկրորդ՝ Սերժ Սարգսյանի անվան հետ ում անունը կապվի, վարկաբեկվում է: Այսինքն՝ մեր շախմատի ֆեդերացիայի նախագահը հերթական անգամ բազմաքայլ կոմբինացիա արեց: Բայց չար գործն այս անգամ էլ տապալվեց: Ես Հայաստանում թշնամի չունեմ: Ի դեմս Քոչարյանի և Սարգսյանի, ունեմ լրջագույն քաղաքական հակառակորդներ, որոնք, հատկապես՝ Սերժ Սարգսյանը, չեն խորշում քաղաքական պայքարում դիմել խարդավանքների:

- Այսինքն՝ ձեր մտերիմների նվիրած զրահաշապիկի կարիքը չե՞ք զգում:

- Ես իմ զրահաշապիկը հաճույքով կնվիրեմ Սերժ Սարգսյանին, որն իր խարդավանքների արդյունքում շատ ու շատ թշնամիներ է վաստակել:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ