ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏԸ

20.11.2006

Մոսկվայում անցկացվող «Ժողովրդավարության ապագայի համար»  ԵԽԽՎ համաժողովի երեկ կայացած եզրափակիչ լիագումար նիստում, ինչպես «Առավոտին»  հեռախոսով հայտնեց «Ազգային միաբանության»  նախագահ Արտաշես Գեղամյանը՝ ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Մուրադ Մերչանը. «Նշեց, թե «Արդարադատություն և զարգացում»  կուսակցությունը, որի առաջնորդներից է ինքը՝ ունի 2 մլն 400 հազարից ավելի անդամ: Եվ իրենց համար խիստ մտահոգիչ էր փաստը, որ վերջերս Հոլանդիայում ընտրապայքարից դուրս են մղվել 3 թեկնածուներ միայն նրա համար, որ չեն ճանաչել «հայերի, այսպես կոչված, Ցեղասպանության»  փաստը»: Արտաշես Գեղամյանը ձայն է խնդրել և մասնավորապես ասել. «Ճիշտ է, ոգևորիչ է այն, որ պրն Մերչանի կուսակցությունն այդքան անդամ ունի: Սակայն խիստ մտահոգիչ է այն փաստը, որ նման պատկառելի թվաքանակ ունեցող կուսակցության առաջնորդներից մեկն, ավա՜ղ, չգիտի սեփական իսկ երկրի պատմությունը, այլապես թյուրիմացության մեջ չէր գցի նման պատկառելի լսարանը՝ Հայոց ցեղասպանության մասին օգտագործելով «այսպես կոչված»  որակումը: Այն պարզ պատճառով, որ անգամ Օսմանյան կայսրության վերջին սուլթան Մուհամմեդ 6-րդի հիմնած արտակարգ ռազմական դատարանն էր իր վճռով մահվան դատապարտել երիտթուրքերի կառավարության առաջին դեմքերին՝ հայերի ցեղասպանության համար: Մտահոգիչ է նաև այն, որ իր ելույթով պրն Մերչանը փաստորեն վիրավորեց Ֆրանսիային, որի խորհրդարանը սրանից 1 շաբաթ առաջ ընդունեց օրինագիծ, որի համաձայն՝ այն անձինք, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը՝ ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Բացի այդ՝ նա վիրավորում է նաև այս համաժողովը կազմակերպող Ռուսաստանի Դաշնությանը, որի Պետդուման նույնպես ճանաչել է հայերի Ցեղասպանությունը»: Արտաշես Գեղամյանի այս խոսքերից հետո նիստը վարողը՝ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը ընդհատել է նրան՝ նշելով. «Մենք բոլորս ըմբռնումով ենք մոտենում պատմական այս ծանր իրողությանը: Սակայն մեր համաժողովի թեման փոքր-ինչ այլ է»: Իսկ Գեղամյանը հակադարձել է, թե Մերչանի և իր ելույթները հենց ժողովրդավարության ամենավառ դրսևորում են. «Քանի որ եթե նա նշում է իրականությանը չհամապատասխանող փաստ, ապա ժողովրդավարությո°ւնն ինձ հնարավորություն ընձեռեց հերքել այդ փաստը»:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ