ՆՐԱՆՔ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

25.09.2002

Երեկ Ազգային Ժողովի ամբիոնից «Ազգային միաբանություն»  կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հանդես է եկել բավական ուշագրավ հայտարարությամբ: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը՝ աննշան խմբագրումներով:

«Սիրելի հայրենակիցներ, այսօրվա իմ հայտարարությունը կրելու է չափազանց խաղաղ բնույթ, այն է՝ հանգստացնել թե՛ քոչարյանական, թե՛ տերպետրոսյանական լրատվամիջոցներին, որոնք վերջերս ցնցումների մեջ են հայտնվել: Ցնցումների պատճառը մի կողմից այն է, որ մեր հրապարակած հակաճգնաժամային ծրագիրը արդեն ակնհայտ կդարձնի, որ անցած տարիների ընթացքում Հայաստանը զարգացել է կուրորեն, երկրին և ժողովրդին հասցվել է մեծագույն վնաս: Հհշական, տերպետրոսյանական լրատվամիջոցներին ուզում եմ դարձյալ հանգստացնել՝ ասելով, որ եթե պայմանավորվածություն կա իմ և Քոչարյանի միջև, դա այն է, որ «Ազգային Միաբանություն»  կուսակցությունը վերջինիս հրաժարականի պայմաններում կանի ամեն ինչ, որ ապահովի Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունը համաժողովրդական հաշվեհարդարից:

Մինչդեռ պայմանավորվածություններ, իրոք, կան Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Պայմանավորվածություններ կան, որ այդպես էլ չեն դատվի էներգոտեռորի ետևում կանգնած հանցագործները, պայմանավորվածություն կա, որ այդպես էլ չեն բացահայտվի երկրին հարյուրավոր միլիոն դոլարի վնաս հասցրած «ԱրմենՏելի»  և Կոնյակի գործով գնացողները: Այն պարզ պատճառով, որ համատեղ է արվել, մեկը սկսել է՝ մյուսն ավարտել: Պայմանավորվածություն կա իրենց միջև, որ այդպես էլ Վանո Սիրադեղյանը դատարանի առջև չի կանգնի, որովհետև վերջինս տղամարդկություն ունեցավ հենց այս ամբիոնից ասելու՝ մտքներովդ չանցնի, որ ինձ քավության նոխազ կդարձնեք: Ահա սրանք են պայմանավորվածությունները: Իսկ ինչու՞ հանկարծ իրենք այսպես դաժանորեն հիշեցին Արտաշես Գեղամյանին. մի պարզ պատճառով, որովհետև սարսափում են, որ ձևավորվում է քաղաքական նոր ուժ, որը և ոչ մի կապ ու առնչություն չունի նախկինում և ներկայում գործված հանցագործությունների հետ, որը բացարձակապես անշահախնդիր կերպով այս ամենը կհանձնի ժողովրդի դատին և կերաշխավորի միայն մի բան՝ անաչառ դատավարություն, որ մենք կարողանանք թոթափել այն ամեն հանցավորը, որի շուրջ իրար հետ պայմանավորվածության են եկել Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Ըստ որում, ասեմ ձեզ՝ արդեն իսկ իրենց միջև դարձյալ բանակցություններ են գնում իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանին ետ հանձնելու շուրջ, որովհետև ցանկացած երրորդ ուժի գալու դեպքում վերջիններս, ենթադրում եմ, ելույթներ կունենան դատարանի դահլիճում»: