ԵԼՔԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԼՈՒԾԱՐՈՒՄՆ Է

հարցազրույց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ

08.02.2005

- Պարոն Գեղամյան, այսօր «Ազգային Միաբանություն» կուսակցությունը պայքարում է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությանը հասնելու համա՞ր, թե շարունակում է աշնանը որդեգրած նոր մարտավարությունը, ըստ որի՝ վստահություն ունեցող իշխանություններ կարող են ձևավորվել Ռոբերտ Քոչարյանի կողմից ԱԺ-ն լուծարելու և նոր խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում:

- Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, որի պահպանման մեջ շահագրգռված են հատկապես իշխանությանը մաս կազմող կուսակցությունները: Նրանք մտածում են՝ որքան մեծ լինեն միջազգային ճնշումները պարոն Քոչարյանի վրա, այնքան՝ նա ժամանակ և հնարավորություն չի ունենա սանձելու հենց այդ նույն ուժերի ֆինանսատնտեսական հենարանը հանդիսացող քրեածին տարրերին: Վերջին երկու տարիների Ազգային ժողովի և կառավարության գործունեությունը այլ կերպ, քան ձախողված՝ չես համարի: Իշխանություններն ընկել են իրենց իսկ լարած թակարդը: Երկրի նախագահի ինչ գործն է՝ ստանձնել գործադիր և իրավապահ մարմինների ամենօրյա աշխատանքների օպերատիվ ղեկավարումը, այդ մարմինների բնականոն գործունեության երաշխավորը դառնալու փոխարեն: Հետևությունը մեկն է. կամ՝ պարոն Քոչարյանն իր այդ գործելակերպով հասկացնում է հանրությանը, որ չի վստահում կառավարությանը, կամ էլ՝ կան այնպիսի ոլորտներ, որոնց վրա գործադիրի վերահսկողությունը արգելված է: Ստեղծված վիճակից ամենադասական ելքը ԱԺ լուծարումն է և ազատ, արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը, իհարկե՝ այն պայմանով, որ մինչ այդ կպատժվեն նախկին ընտրությունների ընտրակեղծիքների հեղինակները, և Ընտրական օրենսգիրքը այնպիսի փոփոխությունների կենթարկվի, որոնք նվազագույնի կհասցնեն ընտրությունները կեղծելու գործադիր և իրավապահ մարմինների համակարգված գործունեությունը: Նոր ընտրված ԱԺ-ն կձևավորի նոր կառավարություն, ինչն անասելի կառողջացնի՝ իրավիճակը Հայաստանում: Իսկ դրան էլ կհաջորդեն նախագահական ընտրությունները:

- Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջը այլևս հրատապ չէ:

- Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունը հրամայական է, և դա կասկածի տակ չի վերցնում անգամ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը: Հիմա ինձ համար ամենադյուրինը կլիներ, երկրում ստեղծված ծանր իրավիճակից ելնելով, ջախջախիչ քննադատության ենթարկել Ռ.Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, բայց այդ ճանապարհը ընտրելու դեպքում՝ ավելի ենք ամրապնդում, երկարացնում ստեղծված վիճակի համար իրենց հետ հավասար մեղքի բաժին ունեցող կոալիցիայի կյանքը: Շատ զարմանալի ցուգցվանգային վիճակ է ստեղծված. Քոչարյանին չես քննադատում, ասում են՝ ընդհանուր լեզու է գտել հետները: Քոչարյանին, Սարգսյանին քննադատում ես, նրանք էլ հենվում են այս արատավոր մեծամասնության՝ կոալիցիայի վրա: Արատավոր մեծամասնությանն ես քննադատում, արդեն ուրիշ բան են ասում՝ թուլ տեղ է գտել, կոալիցիային է քավության նոխազ սարքում: Սակայն խնդիրն այն է, որ պետք է ամեն ինչ անել, որ շահի պետականությունը, իսկ պետականությունը կշահի ազատ և արդար ընտրությունների կազմակերպման դեպքում: Իսկ ոչ լեգիտիմ կոալիցիան կկարողանա՞ ազատ, արդար և ժողովրդավարական նախագահական արտահերթ ընտրություններ կազմակերպել: Իհարկե՝ չի կարող. ինչ եղանակով ԱԺ են եկել, նույն ձևով էլ կկեղծեն նախագահական ընտրությունները:

- Քաղաքական այլ ուժեր, որպես ստեղծված իրավիճակից ելք, առաջարկում են, նախ, բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, ընդունել Սահմանադրության փոփոխությունները, անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ժողովրդական ընտրություններ, 2007 թվականի խորհրդարանական ընտրություններ, իսկ 2008-ին էլ՝ հերթական նախագահական:

- Ցավոք, այդպես մտածողներին կարելի է երկու գնահատական տալ. կամ՝ նրանք չեն կարողանում դուրս պրծնել քաղաքական ռոմանտիզմի թմբիրից, կամ՝ զբաղված են դասական աչքակապությամբ: Նման մարդկանց պետք է հարցնել՝ գործող Ընտրական օրենսգրքո՞վ էր թույլատրված զանգվածային լցոնումները, թե՞ գործող Սահմանադրությունն է թույլ տալիս կազմակերպել շուրջկալներ և ծեծի ենթարկել խաղաղ ժողովրդին: Բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է փոխել և հաստատել օրենքի գերիշխանություն, որպեսզի 2004-ի ապրիլի 5-ին մեր կազմակերպած հանրահավաքի ժամանակ խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկող սափրագլուխը անպատժելիությունից ոգևորված՝ այժմ էլ «Տեցի կռուգում»  ավտոմատով մարդ չսպանի:

- ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ տեղական ինքնակառավարման ընտրությունները ազատ և արդար անցկացնելու հիմնավորումը կարող է լինել 2006 թվականին ևս ԵԽ-ի կողմից ոչ հայանպաստ որոշումների կայացումից խուսափելու գիտակցումը:

- Հավանաբար, ժողովրդավարության մասին նման պնդումներ անելու համար Արթուր Բաղդասարյանը լրջագույն հիմքեր ունի: Նրա մոտ նման մտքեր կարող էին ծնվել 2004-ի աշնանը՝ թիվ 44 ընտրատարածքում կազմակերպված ընտրությունների փորձը ուսումնասիրելիս: Երևի նա դրանով շատ է ոգևորված, մինչդեռ ինձ կոգևորեր ընտրությունների կազմակերպման ճիշտ հակառակ օրինակը:

- Իսկ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը լուծարի Ազգային Ժողովը:

- Զարգացումները լինելու են այնպիսին, որ չարյաց փոքրագույնն իրենց տեսանկյունից լինելու է հենց դա: Իշխանությունները թայմ-աութ վերցնելու լրջագույն խնդիր են ունենալու: Սակայն այդ թայմ-աութը պետք է լինի շատ հիմնավոր, ժողովրդավարական աշխարհաքաղաքական մթնոլորտ ստեղծող տերությունների սրտով: Եթե ամերիկյան պրեզիդենտները առաջին ժամկետի ժամանակ մտածում և գործում են ընտրողների սիրտը շահելու միջոցով երկրորդ ժամկետն էլ ընտրվելու համար, իսկ երկրորդ ժամկետում աշխատելու ժամանակ մտածում են, թե ինչպես պաշտոնավարեն, որ իրենց անունը ոսկե տառերով գրվի ամերիկյան քոլեջների պատմության դասագրքում, ապա մեզ մոտ մեկ անգամ չընտրված նախագահը, որը երկրորդ անգամ է նույնկերպ զբաղեցրել այդ աթոռը, հավանաբար պետք է մտածի այնպես անել, որ չարժանանա մի ամբողջ երկրի ժողովրդի և սփյուռքահայության նզովքին: Հնարավոր չէ, որ պարոն Քոչարյանը չգիտակցի, որ Վրաստանի և Ուկրաինայի զարգացումներից հետո ետխորհրդային պետություններում ժողովրդավարությունը այլընտրանք չունի: Իսկ ժողովրդավարությունը արգելակող նրա ցանկացած քայլ բերելու է նրան, որ ժողովուրդը ոչ միայն սելավի պես կսրբի-կտանի նրան, այլևս կկանգնեցնի քրեական պատասխանատվության առաջ: Եթե նա այս վտանգը չի զգում, ապա ես հուշում եմ իրեն՝ այս վտանգը անպայման չոքելու է իր դռանը:

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ