ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՈՒՅՆ ՄԱՐԴՆ ԵՆ

հարցազրույց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ

18.07.2006

- Պարոն Գեղամյան, իշխանական բուրգում ռեսուրսների զորահավաք է սկսված, որի նպատակը 2007-ին սեփական վերարտադրության ապահովումն է: Կհաջողվի՞ կրկնել 2003-ի համապետական ընտրությունների ու 2005-ի հանրաքվեի սցենարը, ինչին պատրաստվում են իշխանությունները:

- Ժողովրդին բացարձակապես չի հետաքրքրում, թե իշխանության ներսում ի՞նչ է կատարվում, որովհետև մի խումբ մարդիկ իրար մեջ որոշումներ են կայացնում՝ հետագայում փորձելով այդ որոշումները փաթաթել ժողովրդի վզով, ինչը այս անգամ չի հաջողվելու: 2007 թվականը տարբերվելու է 2003-ից, որովհետև այն սին պատրանքները, որոնք միջազգային կազմակերպություններն ու նրանց թիկունքում կանգնած երկրները կապում էին  այս իշխանության հետ, թե սրանք կկարգավորեն ԼՂ հիմնահարցը, այդ ամենը հօդս ցնդեց, ու իրենք վերջնականապես հասկացան, որ ԼՂ հարցը կարող է լուծել միայն օրինական իշխանությունը: Ուստի, պատահական չէր նաև Մեթյու Բրայզայի այն միտքը, որ հասարակություններին պետք է պատրաստել խնդրի լուծմանը: Այնպես որ, եթե մարդիկ պարապ են ու իրենց համար զբաղմունք են գտել՝ թող զբաղվեն: Սակայն նրանց «զորահավաքը»  մեր երկրի և ժողովրդի վաղվա օրվա հետ ոչ մի աղերս չունի:

- Այսինքն, դուք այս իշխանության վերարտադրությունը որևէ կերպ բացառո՞ւմ եք:

- Ես համոզված եմ, որ իրենք դա ինձանից շուտ են բացառել, սակայն ստիպված են պայքարի պատրանք ստեղծել՝ իշխանական բուրգի փլուզումը դանդաղեցնելու համար: Նման պատրանքներով իրենք ընդամենը փորձում են հեռացնել հատուցման պահը, որը անխուսափելիորեն մոտենում է:

- Այն, որ իշխանությունը մի օլիգարխի «գրում» է մի կուսակցության բալանսի վրա, մյուսին՝ հաջորդի վրա, որպեսզի երկու-երեք բևեռով ապահովի սեփական վերարտադրությունը, կարծում եք, պարապությունի՞ց է կամ խիստ ռոմանտիկ լինելո՞ւց:

- Այդ բոլոր դասավորումները և «գործուղումները»  արդյո՞ք մեղմում են ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը, կամ ելք ցույց տալի՞ս են Հայաստանի սոցիալ-քաղաքական մեկուսացումից. իհարկե` ոչ: Մինչդեռ, ողջ այդ գործընթացները հրաշալի օգնում են ընդդիմությանը և ժողովրդին հերթական անգամ համոզվելու, որ այս մարդիկ որևէ կապ չունեն երկրի առաջ ծառացած լրջագույն մարտահրավերների հետ, և որ ներքին բանսարկություններն ու ինտրիգները նրանց համար շատ ավելի կենսական են, քան երկրի ապագան: Ուստի սրանք Հայաստանում այլևս անելիք չունեն:

- Ասացիք, թե գերտերությունները հասկացան, որ ԼՂ հարցում այս իշխանության հետ հույս կապելը միամտություն է: Սակայն Մեծ ութնյակի գագաթնաժողովում Պուտինը հստակ ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վրա որևէ ճնշում չի լինելու, և այդ երկրները իրենք պետք է լուծեն ԼՂ հարցը: Սա արդյո՞ք հերթական քարտ-բլանշը չէ երկու երկրների նախագահներին՝ երկարաձգելու իրենց իշխանավարությունը:

- Հակառակը, դա Հայաստանի իշխանություններին ուղղված սթափության կոչ էր,  որովհետև ծայրաստիճան անհեռատես պետք է լինել՝ չգիտակցելու համար Բաքու-Ջեյհան նավթամուղի նշանակությունն Ադրբեջանի և Թուրքիայի համար կամ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շահագործման նշանակությունը: Ադրբեջանին շտապել բացարձակապես պետք չէ, որովհետև իրենք հստակ տեսնում են իրենց երկրի զարգացման հեռանկարը, և այդ հեռանկարում Ադրբեջանի մաքուր եկամուտները միայն նավթատարից առաջիկա 15 տարիների ընթացքում կազմելու են 23-25 միլիարդ դոլար: Ի՞նչ է դրան հակադրելու Հայաստանը. իշխանական վերնախավում լայնորեն ծավալված բանսարկություննե՞րը, պառակտված քաղաքական դա՞շտը, ռազբորկաներն ու ամեն քայլափոխի հնչող կրակոցնե՞րը, թե՞ հուսահատված ու հիասթափած ժողովրդին: Այնպես որ, դա շատ ծանր հայտարարություն էր նախևառաջ Հայաստանի համար, քանզի դա նշանակում է, որ վիճակը չի փոխվելու, իսկ ներկա վիճակը շահեկան է միայն Ադրբեջանի և Թուրքիայի համար: Եւ իրականությունն այն է, որ այս օրերին ամենաողբերգական էջերն են գրվում հայոց նորագույն պատմության մեջ:

- Սակայն իշխանությունը ողբերգություն չի ապրում: Ավելին, որոշ վերլուծաբաններ գտնում են, որ ՊՆախարարի անդամակցումը ՀՀԿ-ին ստեղծեց սուպերկուսակցություն, և 2007-ի ԱԺ ընտրություններն այլևս կանխորոշված են: Չնայած, կա նաև տեսակետ, որ ՀՀԿ-ին Սերժ Սարգսյանի անդամակցությամբ հասարակությունը վերջնականապես ճշտեց իր հակառակորդ ուժին:

- Սուպերուժի տիրապետում է քաղաքական այն միավորը, որն ունի ժողովրդի սուպերաջակցությունը: Ձեր հիշատակած կուսակցությունը նման աջակցություն չունի, և այս պարագայում ով որտեղ մտնի, ով որտեղից դուրս գա, դրանից գումարելին մնալու է նույնը: Իսկ գումարելին մի ողջ ազգի թշնամական վերաբերմունքն է այս իշխանության և նրա առանձին դեմքերի հանդեպ: Ի դեպ, ձեր նշած հստակեցումը շատ ավելի արագացրեց բյուրեղացման գործընթացը, որովհետև մարդիկ վերջնականապես կողմնորոշվեցին, թե ո՞ր քաղաքական ուժին պետք է սատարել,  և ո՞ր ուժն է իր քաղաքական հակառակորդը:

- Կրկին խոսում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասության մասին` նշելով, որ այդ հակասությունը տեղափոխված է նաև այդ գործիչների կողմից հովանավորվող կուսակցությունները՝ ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան»: Դուք նման հակասություն հնարավոր համարո՞ւմ եք:

- Բացարձակապես ոչ մի հակասություն այդ երկուսի միջև չի եղել, չկա ու երբեք չի կարող լինել: Հակասության դեպքում պարոն Քոչարյանը գրչի մեկ հարվածով պաշտոնանկ կաներ Սերժ Սարգսյանին, ու դրանով հարցը կփակվեր: Պարզապես, քաղաքականության մեջ միամտորեն հայտնված մարդկանց ուշադրությունը շեղելու և շատերի զգոնությունը  բթացնելու համար պարբերաբար նման խաղեր են տրվում: Նրանք նույն մարդն են, և նրանց Հայաստանում հանդուրժելու որևէ պատճառ այլևս չկա:

- Պարոն Գեղամյան, ընդդիմադիր դաշտում գաղափարական բևեռացման պրոցեսներ են սկսվել: «Ազգային միաբանությունը» որևէ կերպ մասնակցո՞ւմ է այդ գործընթացներին:

- Ընդդիմության դաշտում բևեռացում լինել չի կարող այն պարզ պատճառով, որ ընդդիմադիր ուժերը բոլոր համախմբված են մեկ գաղափարի շուրջ՝ օր առաջ ձերբազատվել ապօրինի իշխանություններից: Եւ այս համախմբվածության կենսունակության պատճառով էր, որ իշխանություններն այն աստիճանի խուճապահար եղան, որ արդեն նոր կուսակցություններ են ստեղծում՝ նրանց բուքսիրի կանչելու համար: Ինչ վերաբերում է գաղափարական դաշինքներին, ապա դրանք կձևավորվեն ընտրությունների նախօրյակին: Իսկ մենք ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համագործակցել ենք միշտ ու այժմ էլ պատրաստ ենք համագործակցել մայր հարցի շուրջ՝ ձերբազատվել այս իշխանություններից: Պատրաստ ենք նաև համագործակցելու, որպեսզի առաջիկա համապետական ընտրությունները, իսկ որ սպասվում են արտահերթ նախագահական ընտրություններ՝ ես դրանում չեմ կասկածում, լինեն ազատ ու թափանցիկ: Ինչ վերաբերում է դաշինքներին, ապա մենք որևէ ուժի հետ խորհրդարանական ընտրություններին դաշինքով չենք մասնակցելու:

- Այդուհանդերձ, արտահերթ նախագահական ընտրությունների գնացող ձեր կուսակցությունը ե՞րբ է մտադիր վերսկսել ակտիվ հրապարակային գործունեություն:

- Ամեն ինչ կախված է, առաջին հերթին, ԼՂ հարցի շուրջ հնարավոր զարգացումներից: Մենք պետք է ցույց տանք, որ չնայած իշխանությունների պառակտողական քաղաքականությանը, ժողովուրդը համախմբված է ընդդիմադիր քաղաքական ուժերի շուրջ: Որովհետև, եթե Հայաստանի հեռանկարային զարգացմանը խոչընդոտող լուծումներ պարտադրվեն, մենք պետք է ընդվզենք, և այդ աշխատանքն իմ կողմից տարվել է թե՛ Ստրասբուրգում, թե՛ Բրյուսելում: «ԱՄ»-ն, և մասնավորապես՝ դա դրված է եղել իմ վրա, վերջին ամիսներին ազգօգուտ մեծ աշխատանք է ծավալել, և այդ աշխատանքը մեր կուսակցությանը բարոյական իրավունք տալիս է առաջիկա զարգացումների ժամանակ հավակնել ղեկը մեր ձեռքը վերցնելուն: Բնականաբար, մեր ընդդիմադիր գործընկերների հետ միասին:

- Պարոն Գեղամյան, երբ ձեր կողմից քննադատվող այս իշխանության որևէ ներկայացուցիչ գծում է ապագա ԱԺ-ի պատկերը, ապա այնտեղ ողջ ընդդիմությունից տեսնում է միայն ձեզ: Դա նշանակո՞ւմ է, որ դուք իշխանության համար կառավարելի և, ըստ այդմ, ցանկալի ընդդիմություն եք:

- Ոչ, չի նշանակում, և դա շատ պարզ բացատրություն ունի. խիստ հեղինակավոր «Գելափի»  ինստիտուտը, ինչպես նաև բազմաթիվ այլ սոցիոլոգիական կազմակերպություններ ուսումնասիրություններ են կատարել, որոնց արդյունքներին տեղյակ են նաև մեր իշխանությունները: Եւ այդ արդյունքներն իմանալով՝ եթե իրենք փորձեին կասկածի տակ դնել ապագա ԱԺ-ում «ԱՄ»-ի ներկայությունը, ապա բոլոր այդ կազմակերպությունների համար հստակ կլիներ, որ այս իշխանությունը կրկին մտադիր է կեղծել ընտրությունների արդյունքները: Ուստի, անլուրջ չերևալու համար, ստիպված են միաբերան ասել, որ մենք լինելու ենք ապագա ԱԺ-ում: Իսկ ովքեր ասում են, թե մենք կառավարելի ընդդիմություն ենք, հումորի շարքին այդ պնդումը դասել չեմ կարող, նման պնդումներ անողներին բթամիտների շարքին ևս դասել չեմ կարող: Դրանք ուղղակի չարակամներ են, և քանի որ չարություն արտադրողն ինքն է այդ չարության զոհը դառնում, ես նրանց ոչնչով օգնել չեմ կարող:

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ