ԹՅՈՒՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ

18.06.2013, Հայոց աշխարհ

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իշխանությունը համեմատեց բուրգի հետ, որտեղ բոլորը պառկած են, բացի խախտումների եւ չարաշահումների հիմնական պատասխանատուից, որը տնօրինում է մյուսների ճակատագիրը։ Անգամ մտավախություն հայտնեց, թե վարչապետին ուզում են քավության նոխազ դարձնել։

Այս կապակցությամբ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասաց. «Արամ Մանուկյանը եռանկյունաչափության մասին թյուր պատկերացումներ ունի։ Բուրգը, որպես կառույց, ամենակայուն, անսասան կառույցն է, որտեղ բոլորը կանգնած են. եթե պառկեն, բուրգը կփլվի։ Այդ տեսակետից, համեմատությունը անհեթեթ է։

Ինչ վերաբերում է մտավախություններին, թե փորձում են քավության նոխազ դարձնել վարչապետին, նման կարծիք կարող են հայտնել միայն նրանք, ովքեր միտված են կոծկելու թերությունները, դրանով իսկ թուլացնելու նույն վարչապետին։ Ցանկացած քննարկում, որտեղ, հատկապես բարեկամների կողմից, վեր են հանվում թերություններն ու բացթողումները, մի նպատակ են հետապնդում՝ ուժեղացնել թույլ կողմերը։

ՀՀԿ խմբակցության իմ գործընկերների քննադատական ելույթները միայն եւ միայն այդ համատեքստում եմ տեսնում։ Կարծում եմ, այլ մոտեցում չէր կարող լինել։

Ավելին՝ գաղտնիք չէ, որ ՎՊ հաշվետվությունը պատրաստ էր ամիսներ առաջ եւ հասու էր բոլորին՝ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ուժերին։ Քաղաքական մեծամասնությունը դրանից հետո է նշանակել վարչապետին եւ ձեւավորել կառավարությունը՝ համարելով, որ այս կառավարությունն ի զորու է այդ թերությունները վերացնել։

Միգուցե Ա.Մանուկյանը ծանոթ չէ այս ժամանակագրության հետ, դրա համա՞ր է նման հետեւություններ արել։ Կամ գուցե, որպես վարչապետի համերկրացի, կարծում է, որ Տիգրան Սարգսյանն իր եւ ՀԱԿ-ի պաշտպանության կարիքն ունի»։