ԵԱՀԿ-Ն ՀԱՍԿԱՆՈՒՄ Է

Ադրբեջանն է խոչընդոտում կարգավորմանը

06.07.2012, Հայոց աշխարհ

Երեկ Մոնակոյում մեկնարկեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 21-րդ նստաշրջանը, որին մասնակցում է ավելի քան 50 պետությունների շուրջ 270 ներկայացուցիչ։ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը, ինչպես հայտնի է, գլխավորում է ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի երեկվա լիագումար նիստում ելույթ է ունեցել նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար ԼԱՄԲԵՐՏՈ ԶԱՆՆԻԵՐԸ ու նաեւ պատասխանել է պատվիրակությունների ներկայացուցիչների հարցերին։

Ինչպես մեր թղթակցին հեռախոսով հայտնեց Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ինքը օգտվել է հարց տալու հնարավորությունից։
Ա.Գեղամյանը մանրամասն հիմնավորել է իր հարցադրումն ու, դիմելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, մասնավորապես նշել. «Այս տարվա հունիսի 26-ին, ԵԱՀԿ կողմից կազմակերպված «Անվտանգության օրերը ԵԱՀԿ տարածքում» միջազգային կոնֆերանսի ժամանակ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, դուք՝ պրն Զաննիեր, հայտարարել էիք, որ այդ հարցի կարգավորումը վիժեցվում է, քանզի մեկ մի կողմը, մեկ մյուս կողմը նորանոր պայմաններ են առաջ քաշում, որը եւ հնարավորություն չի տալիս հանգել վերջնական եզրակացության։

 

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության իշխանությունները քանիցս հայտարարել են, որ իրենք ամբողջությամբ համամիտ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի համատեղ ընդունված հայտարարություններին։

Սկսած 2009 թվականից, լ’Ակվիլայի, 2010 թվականին՝ Մուսկոկի, 2011թ.՝ Դովիլի եւ այս տարվա հունիսի 18-ի Լոս Կաբոսի համատեղ հայտարարություններում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հիմնահարցը պետք է լուծվի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա։ Այն է՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը եւ, վերջապես, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։

Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները, ըստ էության, արհամարհում են երկու հիմնարար սկզբունքների, այն է՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ինչպեսեւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների կիրառումը։ Դրա արդյունքում, մենք ձեզ հետ միասին, ականատես ենք հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ռազմուժի կողմից ահագնացող դիվերսիոն գործողությունների, ինչպես նաեւ դիպուկահարների կրակոցներին։

Այնուհետեւ Ա.Գեղամյանը հետաքրքրվել է, թե այդ փաստերի խորապատկերում ո՞ր կողմն է խախտում պայմանավորվածությունները կամ խոչընդոտում բանակցային գործընթացին։
Ինչպես մեզ փոխանցեց Ա.Գեղամյանը, Լ.Զաննիերը պատասխանել է. «Ես հասկանում եմ, թե ինչի մասին է ձեր հարցը, բայց պետք է ասեմ, որ ցանկացած հակամարտության խաղաղ կարգավորումը ենթադրում է, որ առաջարկվող պայմանները երկու կողմն էլ ընդունեն»։

Այնուհետեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, ըստ մեր զրուցակցի, նշել է, որ իրենք ձգտում են, որ բոլոր կողմերն ընդունեն այն պայմանները, որոնք առաջարկված են խաղաղության հաստատմանը հասնելու համար։

Լ.Զաննիերը նշել է նաեւ, որ մոտ ապագայում այցելելու է տարածաշրջան, եւ տեղում կաշխատեն հասնել այնպիսի պայմանների ընդունմանը, որոնց շնորհիվ սահմաններում դադարեցվի կրակը։
Հայաստանի պատվիրակության ղեկավարի մեկնաբանությամբ, Լ.Զաննիերն ընդունել է, որ ադրբեջանական կողմն է խախտում այն պայմանավորվածությունները, որոնք առաջարկում են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները։ Մանավանդ որ նա չի հակադարձել հայ պատգամավորի պնդմանը, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, թե համամիտ է համանախագահների նշված համատեղ հայտարարություններում ընդգծված մոտեցումներին։

«Ուստի ԵԱՀԿ ԽՎ լիագումար նիստում ամբողջությամբ ընդունվեց, որ ադրբեջանական կողմն է, ըստ էության, խոչընդոտում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացին»,- նշեց Արտաշես Գեղամյանը։

Վ.ԱՀԱՐՈՆՅԱՆ