ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇԵՐ
06.06-07.06.2012թ, Հայոց աշխարհ
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը (2008 – 2009 թթ.) ծանր անդրադարձ ունեցավ Հայաստանի էկոնոմիկայի վրա: Այսպես, 2009 թ. նախորդ տարվա համեմատ արձանագրվեց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 14,1%-ի անկում, հաջորդ տարի` 2010 թ., արձանագրվեց ՀՆԱ-ի աճ` ընդամենը 2,1%-ով (2011 թ.` 4,6%-ով): Խոսուն են ստորև բերվող համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բնութագրող մակրոտնտեսական հետևյալ ցուցանիշերը:
Տնտեսական անկման հետևանքով մեր երկրում զգալիորեն աճեց աղքատության մակարդակը. 2010 թ. բնակչության 35,8% -ը եղել է աղքատ, նրանցից մոտ ամեն հինգերորդը` 21,3%-ը, շատ աղքատ, իսկ 3%-ը` ծայրահեղ աղքատ: Ճգնաժամային երկու տարվա ընթացքում շուրջ 270 հազար մարդ դարձել է աղքատ` նրանց քանակը հասցնելով մոտ 1,2 մլն-ի (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով): Նույն ժամանակաշրջանում շուրջ 290 հազարը, դարձել են շատ աղքատ` շատ աղքատների թվաքանակը հասցնելով 694 հազար մարդու: Փաստորեն, եթե 2008 թ. արձանագրված աղքատների ցուցանիշը կազմել է 27,6%, ապա 2010 թ. այդ ցուցանիշն ավելացվել է 8,2 %-ային կետով` կազմելով, ինչպես վերը նշվեց 35,8%:
Բնականաբար, այս պարագայում Հայաստանի կառավարության համար գերակա խնդիր է տնտեսական այնպիսի ծրագրի իրականացումը, որը շեշտակիորեն կկրճատի երկրում առկա աղքատության մակարդակը: Դրանից բխում է, որ կառավարությունը նախ պետք է պատասխանի մեկ հարցի` աղքատության մակարդակի փոփոխությունը հիմնականում ինչպիսի՞ գործոններով, բաղադրիչներով է պայմանավորված: Միայն այդ հարցը պարզաբանելուց հետո հնարավոր կլինի գործնական միջոցներ ձեռնարկել աղքատության մակարդակը նվազեցնելու համար: Ահա այստեղ է, որ մեզ օգնության է գալիս գիտությունը: Համաձայն էկոնոմիկայի ճանաչված գիտնականներ Դատտի և Ռավալիոնիի մշակած (1992 թ.) մեթոդաբանության` աղքատության մակարդակի փոփոխությունը մեծապես պայմանավորված է երկու բաղադրիչների` համախառն ազգային արտադրանքի (ՀԱԱ) սպառման և ՀԱԱ-ի սպառման բաշխվածության անհավասարության փոփոխությամբ: Առաջին բաղադրիչը` ՀԱԱ-ի սպառման փոփոխությունը, ցույց է տալիս, թե ինչպիսին կլիներ ՀԱԱ-ի սպառման փոփոխության ազդեցությունը աղքատության մակարդակի վրա, եթե սպառման վերաբաշխման անհավասարությունը մնար անփոփոխ: Իսկ սպառման վերաբաշխման ցուցանիշը ցույց է տալիս, թե ինչպիսին կլիներ սպառման վերաբաշխման ազդեցությունը աղքատության վրա, եթե ՀԱԱ-ի սպառումը մնար անփոփոխ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կատարած վերլուծությունները (տե՛ս ԱՎԾ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», Երևան 2011) վկայում են, որ 2008 – 2010 թթ. դիտարկվող աղքատության մակարդակի աճը 8,2%-ային կետով պայմանավորված է և՛ ՀԱԱ-ի սպառման, և՛ սպառման վերաբաշխման բաղադրիչների ներգործությամբ: Այսպես, եթե առաջին բաղադրիչի` ՀԱԱ-ի սպառման միջին մակարդակի այդ տարիներին տեղի ունեցած փոփոխությունը հանգեցրել է աղքատության մակարդակի 2,3 %-ային կետով անկման, ապա երկրորդ բաղադրիչի` ՀԱԱ-ի սպառման վերաբաշխման հիմքում ընկած անհավասարության ցուցանիշի աճը, ընդհակառակը, հանգեցրել է աղքատության մակարդակի 10,5 %-ային կետով ավելացման: Հարկ է նշել, որ սպառման վերաբաշխման հիմքում ընկած անհավասարության ցուցանիշի աճն անդրադառնում է ոչ միայն աղքատության մակարդակի բարձրացման վրա, այլև նվազեցնում է ազգաբնակչության վճարունակ պահանջարկի ծավալը, բացասաբար ազդեցություն ունենում տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա:
Այսպես, ընդունենք, որ փոքր ձեռնարկությունում աշխատում է 10 մարդ` մենեջերը և 9 վարձու աշխատող: Ընդունենք նաև, որ մենեջերի աշխատավարձը կազմում է 600 հազար դրամ, իսկ շարքային աշխատողներինը` 100 հազարական դրամ: Արդյունքում, ձեռնարկության ամսական աշխատավարձի ֆոնդը կազմում է 600 հազար + 9 x 100 հազար = 1 մլն 500 հազար դրամ կամ այդ ձեռնարկությունում աշխատողներից յուրաքանչյուրի աշխատավարձը միջին հաշվով կազմում է 150 հազար դրամ: Հիմա դիտարկենք երկրորդ տարբերակը և փոքր-ինչ փոխենք վարձատրության պայմանները: Մենեջերի աշխատավարձը, ասենք, դարձնենք 1 մլն 140 հազար դրամ, իսկ շարքային աշխատողների աշխատավարձը` 40 հազարական դրամ: Աշխատավարձի ընդհանուր ֆոնդը կմնա անփոփոխ` 1 մլն 500 հազար դրամ, միջին աշխատավարձը նույնպես կմնա անփոփոխ` 150 հազար դրամ: Հիմա տրամաբանենք` ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ համախառն վճարունակ սպառողական պահանջարկի վրա:
Կարծում եմ` արդարացված է ենթադրել, որ 40 հազար դրամ աշխատավարձի պայմաններում շարքային աշխատողն իր աշխատավարձի 100%-ն էլ կծախսի կենսական պահանջները հոգալու համար (նման ցածր աշխատավարձի պարագայում խնայողություն անելն անկարելի կլինի): Սակայն եթե նրա աշխատավարձը մնար 100 հազար դրամ, ապա, կարելի է ենթադրել, որ նա կկարողանար դրա ընդունենք 10%-ը (կամ ինչ-որ մի գումար) հետ գցել որպես խնայողություն: Մենեջերը 600 հազար դրամ աշխատավարձի պարագայում, եթե 10%-ի չափով խնայողություն աներ (60 հազար դրամ), ապա 1 մլն 140 հազար դրամ աշխատավարձի դեպքում 540 հազար դրամ հավելյալ աշխատավարձի առնվազն 20%-ը կամ 108 հազար դրամ նա ի վիճակի կլիներ հետ գցել որպես խնայողություն: Արդյունքում աշխատավարձի բաշխման առաջին դեպքում աշխատողների ծախսերը կկազմեն` 600 հազար – 60 հազար + 9 x 90 հազար = 540 հազար + 810 հազար= 1 մլն 350 հազար դրամ: Իսկ երկրորդ դեպքում` 600 հազար - 60 հազար + 108 հազար + 9 x 40 հազար = 1 մլն 8 հազար դրամ: Այլ կերպ ասած` աշխատավարձի վերաբաշխման անհավասարության ցուցանիշի աճի դեպքում վճարունակ համախառն սպառողական պահանջարկը կրճատվում է: Բերված օրինակում կրճատումը կազմում է 1 մլն 350 հազար դրամ – 1 մլն 8 հազար դրամ = 342 հազար դրամ: Հայտնի է, որ վճարունակ սպառողական պահանջարկի կրճատումը հանգեցնելու է ապրանքների և ծառայությունների առաջարկի կրճատմանը: Դա իր հետևից բերելու է աշխատողների կամ աշխատավարձի կրճատում, հնարավոր է նշված այդ երկու գործոնների միաժամանակյա ներգործություն, որն իր հերթին նպաստելու է վճարունակ սպառողական պահանջարկի անկմանը և այդպես շարունակ: Ասել կուզի` ՀԱԱ-ի սպառման վերաբաշխման հիմքում ընկած անհավասարության բաղադրիչի աճը սպառնում է սասանել երկրի տնտեսական անվտանգությունը, ուստի այդ բաղադրիչի կարգավորումը անհավասարության մեղմման ուղղությամբ դառնում է ազգային անվտանգության խնդիր:
Ահա այստեղից կարելի է հետևություն անել, որ Հայաստանի Կառավարության տնտեսական ծրագրում ներառված հարկաբյուջետային (ֆիսկալ) քաղաքականությունը պետք է ուղղված լինի ազգային համախառն արդյունքի ավելի հավասար բաժանման խնդրի լուծմանը: Այդ կարևորագույն հարցի լուծումը հնարավոր է հարկային բեռի ծանրության վերաբաշխմամբ` միջին և փոքր բիզնեսից դեպի խոշոր բիզնես: Իսկ դրան հասնելու միջոցներից հատկապես արդյունավետ կգործի մի կողմից եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակի կիրառումը, մյուս կողմից` խոշոր բիզնեսի, մասնավորապես, ներմուծում իրականացնող կազմակերպությունների (որոնք հիմնականում մենաշնորհային և օլիգոպոլ դիրքեր ունեն շուկայում ու ապահովում են բարձր շահութաբերություն) նկատմամբ շահութահարկի հարկման պրոգրեսիվ սանդղակի կիրառումը:
Հարկ է նշել նաև, որ աղքատության մակարդակի կրճատման վրա զգալի ազդեցություն է թողնում երկրի տնտեսական աճը: Այդ ազդեցության թվային արտահայտությունը ստանալու համար կիրառվում է ՀՆԱ-ի աճի նկատմամբ աղքատության մակարդակի, այսպես կոչված, էլաստիկության գործակիցը: Ինչպես նշվեց, ՀՀ-ում տնտեսության անկումը 2009 և 2010 թթ. 2008 թ. նկատմամբ նախադրյալներ էր ստեղծել ազգաբնակչության զգալի մասի կենսամակարդակի վատթարացման և աղքատության աճի համար: Էլաստիկության գործակիցը ցույց է տալիս, որ 2009 թ. 2008 թ. նկատմամբ արձանագրված տնտեսական անկման յուրաքանչյուր տոկոսային կետ աղքատության ընդհանուր մակարդակն ավելացրել է 1,61% -ային կետով, իսկ 2009 – 2010 թթ.` 2,34 % -ային կետով (տե՛ս ԱՎԾ «Հայաստանի սոցիալական պատկերն ու աղքատությունը», Երևան, 2011 թ., Մաս I): Ահա հենց այս գործոնը հաշվի առնելով` ՀՀ Նախագահը հունիսի 2-ին կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում խնդիր դրեց 2012 թ. արդյունքում ապահովել ՀՆԱ-ի 7%-ի աճ 2011 թ. ՀՆԱ-ի նկատմամբ, որը, անտարակույս, կնվազեցնի մեր երկրում աղքատության մակարդակը: Իսկ տնտեսական այդ աճն ապահովելու համար կա՞ն արդյոք ռեզերվներ: Այո՛, կան: Վերցնենք թեկուզև ՀՀ արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում աշխատանքի արդյունավետության ցուցանիշերի մասին աղյուսակը (տե՛ս աղյուսակ 1):
Աղյուսակից ակնհայտ երևում է, որ մեր երկրի արդյունաբերության, հատկապես մշակող արդյունաբերության, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտներում չափազանց ցածր է մեկ մարդուն ընկնող արտադրության ծավալը. առանց միջին ամսական աշխատավարձի այն արդյունաբերությունում կազմում է 1418.5 ԱՄՆ դոլար, մշակող արդյունաբերությունում` 1548 դոլար, էլեկտրաէներգիայի, գազի բնագավառում` 1053 դոլար: Աշխատանքի արդյունավետությունը խիստ ցածր է նաև գյուղատնտեսությունում այն կազմում է` 190.6 դոլար, շինարարությունում` 1202.3 դոլար: Այս ցուցանիշները, կրկնենք, բերված են մեկ մարդուն ընկնող արտադրության ծավալի հաշվարկով` առանց միջին ամսական աշխատավարձի:
Վերոգրյալ իրողություններն առաջնահերթ են դարձնում, որպեսզի ՀՀ Կառավարության տնտեսական ծրագրում առանձնահատուկ ուշադրություն հատկացվի մեր երկրի տնտեսության նյութական արտադրության ոլորտի արդյունավետության բարձրացման հարցերին: Ընդ որում, անհրաժեշտ կլինի ըստ արտադրության ճյուղերի մշակել համապարփակ ծրագրեր, որոնց իրականացումը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի և դրանից բխող աղքատության մակարդակի նվազեցմանը: Որպեսզի մեզանում աղքատության մակարդակի վերաբերյալ անցած տարիների դինամիկայի մասին պատկերացումը լինի ամբողջական, նշենք, որ 2004 թ. ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմել է 53,5% , 2008 թ` 27,6% , 2009 թ` 34,1% , 2010 թ. 35,8%: Հաշվի առնելով, որ 2011 թ. արձանագրվել է ՀՆԱ-ի աճ 104,6%-ով, ապա, նկատի ունենալով աղքատության մակարդակի էլաստիկության գործակիցը, կարելի է արձանագրել, որ 2011 թ. ունենալու ենք աղքատության մակարդակի որոշակի կրճատում (ԱՎԾ պաշտոնական թվերը կհրապարկվեն 2012 թ. 2-րդ կիսամյակում):
Կառավարության տնտեսական քաղաքականության մեջ, կարծում եմ, առանցքային տեղ պետք է հատկացվի ներմուծման ծավալների կրճատման հարցերին` տեղական ապրանքների արտադրության խթանման միջոցով: Այսպես, սպառողների կողմից ներմուծման համար հիմնականում հայցվող 20 ապրանքատեսակների ընդհանուր գինը (որոնց արտադրությունը հնարավոր է կազմակերպել մեր երկրում) տարեկան կտրվածքով կազմել է 881 մլն 671,7 հազար դոլար. այդ թիվը ընդհանուր առևտրաշրջանառության 16% -ը (տե՛ս աղյուսակ 2):
Ընդ որում` ներմուծում ենք տավարի մսի 21,1%-ը խոզի մսի` 48,1%-ը, հավի մսի` 87,3%-ը, ձկան` 27,7%-ը, կարագի` 84,9%-ը, ցորենի` 61,4%-ը, բուսական յուղի` 97,2%-ը, մարգարինի` 99,2%-ը, շաքարավազի` 57,2%-ը, օղու` 42,5%-ը, ծխախոտի` 58%-ը (տե՛ս ԱՎԾ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011 հունվար-դեկտեմբերին, էջ 238): Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետության վարելահողի շուրջ 40%-ը մնում է անմշակ: Ուստի, միանգամայն սպասելի է, որ կառավարության տնտեսական ծրագրում հստակ կձևակերպվեն առաջնահերթ այն խնդիրների լուծման ճանապարհները, որոնք հնարավորություն կընձեռեն զարկ տալ գյուղատնտեսության արմատական զարգացմանը: Իսկ դա իր հերթին բարենպաստ պայմաններ կստեղծի երկրից արտարժույթի հսկայական ծավալների արտահոսքի կրճատման համար: Այստեղ հարկ կլինի հաշվի առնել գյուղմթերքների արտադրության համար նպաստավոր պայմանների ապահովման ողջ շղթան. սերմացուի ձեռքբերում, ոռոգման ջրի սակագնի շեշտակի իջեցում, պարարտանյութերի սակագների կարգավորում, պետության երաշխիքներով գյուղացիներին երկարաժամկետ վարկերի (առնվազն 4-5 տարվա մարման ժամկետով) տրամադրում, պետության օժանդակությամբ գյուղտեխնիկայի օգտագործման մատչելիության ապահովում, գյուղմթերքների մթերման գործառույթների այնպիսի կարգավորում, որպեսզի գյուղատնտեսական արտադրանքի մթերման գները անգամներով չզիջեն վաճառքի սակագներին: Այս խնդիրները, բացի սոցիալական բացառիկ կարևորությունից, միաժամանակ պետության պարենային անվտանգության ապահովման հիմնական գործոններից են: Բնականաբար, շատ ու շատ կարևոր է, որ Կառավարության կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող ծրագիրը քաղաքական բոլոր ուժերի կողմից շահագրգիռ քննարկման առարկա դառնա:
Այս կապակցությամբ ակամայից հարց է առաջանում Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ խնդրի արդիականության ու նպատակահարմարության մասին: Մինչ դրան անդրադառնալը` պարզաբանենք, թե ինչպիսին է Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգը: Ի դեմս Սերժ Ազատի Սարգսյանի` ունենք ընտրված Հանրապետության Նախագահ, որը գտնվում է իշխանության բուրգի գագաթին: Նախագահի թիկունքին կան կառավարման ինստիտուտներ, օրենսդիր և գործադիր մարմիններ` Ազգային ժողով ու կառավարություն, դատական մարմիններ և այլն: Դրանց հետևում կան ազդեցության բազային խմբեր, կուսակցություններ, որոնք իրենց հերթին հենվում են մեր երկրում ձևավորված դասակարգերի վրա: Հիշենք, որ 1990 –1998 թթ.` Հայաստանի Հանրապետությունում ազատական տնտեսահարաբերությունների կայացման ժամանակաշրջանում, տարեցտարի արագընթաց տեմպով աճում էր մասնավոր հատվածի կողմից արտադրված ապրանքների ու ծառայությունների ծավալի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ի կազմում: Մասնավոր հատվածի զարգացման դինամիկան բնութագրող ցուցանիշերը (տե՛ս ԱՎԾ, «Տնտեսական բարեփոխումների առանձնահատկություններն ու փուլերը Հայաստանում 1991 – 1998 թթ.», Երևան, 1999 թ., էջ 5) արտացոլված են ստորև բերվող աղյուսակում (տոկոսներով).
Մեր երկրում նման արագընթաց սեփականաշնորհման պայմաններում սկզբնական կապիտալի կուտակումը շատ հաճախ իրականացվում էր թալանչիական եղանակով: Այսինքն` սկզբնական կապիտալի կուտակումը հիմնականում լեգալ չէր: Եվ արդյունքում ազգային հարստության զգալի մասը կենտրոնացավ շատ սահմանափակ թվով մարդկանց ձեռքում: Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց մենաշնորհների և օլիգոպոլիաների ձևավորման համար, որն էլ իր հերթին, ինչպես վերը նշվեց, բերեց համախառն ազգային արդյունքի սպառման խիստ անհավասար վերաբաշխման: Սա էլ նպաստեց երկրում աղքատության մակարդակի բարձրացմանը, նաև վճարունակ համախառն սպառողական պահանջարկի կրճատմանը` դրանից բխող ծանր հետևանքներով: Ահա այս պայմաններում է, որ մեր երկրում այդպես էլ չի ձևավորվում կայուն միջին խավ, ավելին, սեղմվում է փոքր և միջին բիզնեսը, ուստիև թուլանում է նրա ազդեցությունը երկրի տնտեսական ու քաղաքական կյանքում: Գերիշխող դիրքում է հայտնվում խոշոր բիզնեսը, որը մեծամասամբ իր ակունքներում ունի կրիմինալ ծագում: Իր էությամբ այս բարդ իրավիճակի շուտափույթ փոփոխության անհրաժեշտությունը, ինչ խոսք, շատ լավ գիտակցում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Իսկ փոփոխություններ, ըստ որում` էվոլյուցիոն ճանապարհով, հնարավոր է իրականացնել միայն և միայն մեր ժողովրդի ճնշող մեծամասնության համախմբման, միաբանության պայմաններում: Ահա թե ինչու Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում ՀՀ Նախագահի բոլոր ելույթների առանցքն էին կազմում ազգի կոնսոլիդացիայի ապահովման հրամայականի հիմնավորումը, դրա պահանջվածության պարզաբանումը: Այս խնդրի կարևորագույն նշանակության գիտակցմամբ էր պայմանավորված նաև այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ստանալով 664440 ձայն (քվեարկության մասնակցիների թվի 42,2%-ը) և նորընտիր Ազգային ժողովում ունենալով 70 պատգամավոր 131-ից, այնուամենայնիվ, նպատակահարմար գտավ կազմել կոալիցիոն կառավարություն:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությանը (նշենք, որ կուսակցությունը ստացել էր 454673 քվե) առ այն, որ «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը», ապա մի քանի հարց է առաջանում: Արդյո՞ք քարոզարշավի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի դրույթների կատարումը, որոնք, ի դեպ, միանգամայն ընդունելի էին, ավելի դյուրին կլինի, եթե այդ կուսակցությունը, ինչպես ասված է հայտարարությունում, «ունենա խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն», թե մաս կազմեր կոալիցիոն կառավարությանը և ունենար համապատասխան լծակներ գործադիր իշխանությունում:
Երկրորդ կարևորագույն հարցը` անհապաղ միջոցառումների իրականացումն է` խնդիր ունենալով նվազեցնել ՀԱԱ-ի սպառման վերաբաշխման անհավասարությունը, զգալիորեն թուլացնել այդ բաղադրիչի ազդեցությունը աղքատության մակարդակի աճի վրա: Դա հնարավոր է ապահովել` հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում խիստ հասունացել է եկամտահարկի և շահութահարկի հարկման պրոգրեսիվ սանդղակին անցնելու խնդիրը, որը պահանջում է «Շահութահարկի մասին» և «Եկամտահարկի մասին» օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարել և այդ խնդրին տալ արագ լուծումներ: Ինքնին հասկանալի է, որ հարկման պրոգրեսիվ սանդղակին անցնելու պարագայում զգալիորեն կկրճատվեն մեծահարուստների եկամուտները, իրենց սեփականությունը հանդիսացող ոլորտներից ստացված և տնօրինվող շահույթները: Արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ կլինի պաշտպանել նման օրենքների ընդունումն ու ձեռնամուխ կլինի սատարել ՀՀ Կառավարությանը դրանց անվերապահորեն կիրառումը` ընդգրկված չլինելով կոալիցիոն կառավարությունում: Եթե այս հարցի պատասխանը դրական լինի, ապա դա ամենահամոզիչ ապացույցը կդառնա Գագիկ Ծառուկյանի հայտարարության հետևյալ տողերի. «Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ»:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր,
«Ազգային Միաբանություն
կուսակցության» նախագահ,
«Հյուսիսային հեռանկար» հասարակական
կազմակերպության նախագահ