ԲԱՑ ՆԱՄԱԿ

Միջազգային «Լազարյան ակումբի» Խորհրդի անդամներին

31.05.2021, Новое время

http://nv.am/otkrytoe-pismo-chlenam-soveta-mezhdunarodnogo-lazarevskogo-kluba/

Հարգելի գործընկերներ,

«Լազարյան ակումբի» թելեգրամ-ալիքում կարդալով «Սոչի – Առափնյա Ղարաբա՞ղ» հրապարակումը՝ ակամա մեղավոր զգացի ինձ սեփական անգործության համար, և ահա թե ինչու։ Ներկայում Սոչի քաղաքում, որտեղ հայկական սփյուռքը կազմում է բնակչության 25%-ը, Իլհամ Ալիևի ոչ անհայտ բարեկամ, բաքվեցի Միխայիլ Գուսմանը, նույն ինքը՝ ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը, արդեն ոչ մեկ տասնամյակ օգտվելով Ալիևների կլանի, իսկ այժմ՝ ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի ամեն տեսակ աջակցությունից՝ լոբբիի է ենթարկում ադրբեջանական շահերը Սոչիում VIII գումարման Պետական դումայի փրայմերիզներում (նախնական ընտրություններում), նախնական ընտրություններում ակտիվորեն առաջ մղելով իր շեֆին՝ ՏԱՍՍ-ի էքս-գլխավոր տնօրեն Վիտալի Իգնատենկոյին։ Գուսմանի առջև Ի.Ալիևի դրած նպատակը պարզ է՝ ամեն կերպ խոչընդոտել, որպեսզի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի VIII գումարման Պետական դումա չանցնի Ռուսաստանի հայրենասեր, դերժավնիկ, նշանավոր և հարգանք վայելող քաղաքական գործիչ Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինը, որն արդեն ոչ մեկ տասնամյակ ապրումակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) հայ բնակչության ցավին ու տառապանքին, իրենից կախված ամեն ինչ անում Հարավկովկասյան տարածաշրջանում ապրող հայերի և ադրբեջանցիների միջև արդարացի խաղաղության և ազգամիջյան համաձայնության հաստատման համար։

Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինի ազնիվ և կշռադատված գնահատականների շնորհիվ է, որ երկար ժամանակ հաջողվում էր կանխել թուրք-ազերիների սադրած արյունահեղ բախումները հայ-ադրբեջանական դիմակայության գծում։ Հայաստանի հայրենասերները, ասել է թե՝ ռուս-հայկական ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնության կողմնակիցները՝ հանձին Կոնստանտին Ֆյոդորովիչի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի VIII գումարման Պետդումայում կունենան Ռուսաստանի, ուրեմն և՝ Հայաստանի իսկական հայրենասերի, ով մշտապես (հաճախ՝ իր կյանքի համար վտանգավորությամբ) Պետական դումայի պատգամավորներին կհասցնի ճշմարտությունը, ինչն այժմ շատ ակտուալ է, ընդ որում՝ ազնվորեն մատնանշելով նաև հայկական կողմի սխալները։ Կարելի է տասնյակ օրինակներ բերել, երբ ՌԴ ԴԺ ՊԴ ամբիոնից կամ Ռուսաստանյան հեռուստատեսության առաջատար ալիքների հեղինակավոր բանավիճային ծրագրերում Կ.Ֆ. Զատուլինը ճիշտ ժամանակին զգուշացնում էր թուրք-ադրբեջանական բազեներից բխող վտանգների մասին, ինչը հղի էր Հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ, դրանով իսկ կանխելով գունավոր հեղափոխությունների տեխնոլոգների նախապես մտադրված սադրանքները։ Սադրանքներ, որոնց իրականացումը շռայլորեն ֆինանսավորվում էր Մեծ Բրիտանիայի (MI-6) և ԱՄՆ (ԿՀՎ) հատուկ ծառայությունների կողմից ամեն տեսակ սորոսական հիմնադրամների ու ապակայունացման, սադրանքների այլ սերմանողների միջոցով, որոնք իրականացվում էին նրանց թուրք ենթավարպետների կողմից։

Ավաղ, Ղարաբաղյան (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) պատերազմը կանխել Կոնստանտին Ֆյոդորովիչին և Հայաստանի ռուս բարեկամներին չհաջողվեց, քանի որ պետական հեղաշրջման (2018թ. ապրիլ-մայիս) հետևանքով Հայաստանում իշխանությունը զավթեցին մառախլապատ Ալբիոնի և Պոտոմակի ափերի հատուկ ծառայությունների դրածոները, որոնց գլխավոր նպատակը հենց Ռուսաստանի հարավային սահմաններին իրադրության ապակայունացումն էր՝ Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասում հետագա ապակայունացմամբ։

Ռուսական խաղաղապահների մուտքը Արցախի Հանրապետություն խափանեց նորահայտ նեոօսմանյան սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանի, թուրք-ազերի ստրատեգների ուղեվարների ծրագրերը, բայց նրանց նպատակները չչեղարկվեցին։ ՌԴ Դաշնային ժողովի VIII գումարման Պետդումա հայրենասեր-դերժավնիկների ընտրությունը, որոնց վառ ներկայացուցիչն, անշուշտ, Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինն է, խիստ կդժվարացնի էրդողան-ալիևյան տեղեկատվական քարոզչամեքենայի աշխատանքը, որը կոչված է տեղեկատվական ֆոն ստեղծելու Հայաստանի Հանրապետության դեմ հերթական ռազմական ագրեսիան պատրաստելու համար, ուստի միանգամայն սպասելի էր, որ Ալիև և КО-ն այդքան հմտորեն են խոչընդոտելու Կ.Ֆ. Զատուլինի արժանի հաղթանակին մեր օրերում Սոչիում ընթացող փրայմերիզներում։

Սոչիի հայերի, և առհասարակ՝ Ռուսաստանի ողջ հայ սփյուռքի, հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների պատվի գործն է ամենագործուն մասնակցությունն ունենալ Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինի համոզիչ և արժանի հաղթանակին, իսկ այնուհետև ամեն կերպ աջակցել նրա հետագա ընտրությանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի VIII գումարման Պետական դումայի պատգամավոր։

Ընդ որում՝ ցանկանում եմ ընդգծել, որ կանխակալ վերաբերմունք չունեմ փրայմերիզի մյուս մասնակցի՝ Վիտալի Իգնատենկոյի անձի հանդեպ։ Ավելին, փորձել եմ ըմբռնումով վերաբերվել Լենինյան մրցանակի դափնեկիր Վիտալի Նիկիտիչ Իգնատենկոյի հանդեպ Իլհամ Ալիևի տածած նուրբ զգացումներին (Վիտալի Նիկիտիչը Լենինյան մրցանակի արժանացել է Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի «Մալայա զեմլյա», «Վերածնունդ» և «Խոպան» գրքերի հանրայնացման համար) այն պատճառով, որ Հեյդար Ալիևը՝ ափշերոնյան սուլթանի հայրը, առանձնակի սերտ մերձավորություն ուներ ԽՄԿԿ Կենտկոմի Գերագույն քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի հետ։

Ամփոփելով՝ ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ ղարաբաղյան աղետից հետո (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) հայ ժողովուրդը պետք է առանձնապես թանկ գնահատի իր իսկական բարեկամներին, ընդ որում՝ իր երախտագիտությունն ու նրանց վաստակի ընդունումը հայկական երկու պետությունների առջև արտահայտի ոչ թե խոսքով, այլ իր գործնական քայլերով ամեն օր ապացուցի դա։ Բարիք է, որ ներկայում Սոչի քաղաքի բնակիչ մեր հայրենակիցներին նման հնարավորություն ընձեռված է։

Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ Պետական դումայի նոր կազմում ոչ միայն Սոչիի հայերի և Ռուսաստանի հայ համայնքի, այլև Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության շահերն այսուհետ ևս ըստ արժանվույն կներկայացնի VIII գումարման Պետդումայի նորընտիր պատգամավոր, ռուս հայրենասեր-դերժավնիկ, ասել է թե՝ հայ ժողովրդի հուսալի բարեկամ, Արցախի Հանրապետության պետականության արդար կայացման համոզված ջատագով Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինը։

Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինի ընտրությունը կդառնա Հայաստանի, Արցախի քաղաքացիների և Ռուսաստանի հայ համայնքի հոգևոր վերածննդի սկզբնավորման համոզիչ վկայությունը Ղարաբաղյան (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) պատերազմում կրած պարտությունից հետո։ Եվ այդ մասին հիշելը մեր պարտքն է ապագա սերունդների առջև, իսկ ասվածը չափազանցություն չէ։           

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ,

«Լազարյան ակումբի» Խորհրդի անդամ