ԱՅՍՕՐ ՓԱԽՍՏԱԿԱՆԸ ԹԱԿՈՒՄ Է ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԴՈՒՌԸ
10.10.2016, Արմենպրես
12.10.2016, Հայոց աշխարհ
http://www.armenpress.am/arm/news/863275/segodnya--bezhenec-stuchitsya-v-doma-kazhdogo-iz-nas.html
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը,
ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան,
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Անահիտ Գասպարյանը,
Ստեփան Դեմիրճյանը և Արտաշես Գեղամյանը։
Վերջերս ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Աշնանային խորհրդաժողովը, որը տեղի էր ունենում Սկոպիեում (Մակեդոնիա), 2016թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը։ Խորհրդաժողովի օրակարգը խիստ հագեցած էր։ Աշնանային խորհրդաժողովի շրջանակում անցկացված Միջերկրածովյան համաժողովի ընթացքում, օրինակ, տեղի ունեցավ կոնֆերանս՝ «Վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ուժեղացումը և արդյունավետ կառավարումը ԵԱՀԿ տարածաշրջանում» թեմայով։ Հատուկ նստաշրջան նվիրվեց արդյունավետ կառավարման հարցերին՝ որպես ԵԱՀԿ տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանման հիմք։ Ինչպես և սպասվում էր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հատուկ քննարկման առարկա դարձրեց միջազգային միգրացիայի կառավարումը բարելավելու հարցերը՝ հիմնված մարդու իրավունքների հարգման վրա։
Քննարկված բոլոր հարցերի շուրջ ելույթներ ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։ Կարծում ենք, որ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների ճնշող մեծամասնությունը, լսելով հայկական պատվիրակության ղեկավարի կոշտ, քննադատական ելույթները, հերթական անգամ համոզվեց Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հասցեին նրա լուրջ մեղադրանքների փաստարկվածության և օբյեկտիվության մեջ, որոնք կոպտորեն խախտում են Միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, անպատկառորեն ոտնահարում են մարդու իրավունքները, շարունակում վարել հայատյաց քաղաքականություն։ Ընդ որում՝ իր ելույթներում Ա.Գեղամյանը քանիցս ԵԱՀԿ անդամ երկրների 56 պատվիրակների, ԵԱՀԿ ԽՎ ղեկավարության ուշադրությունը հրավիրեց այդ երկրների իշխանությունների քաղաքականությանը սկզբունքայնորեն արձագանքելու անհրաժեշտության վրա, քաղաքականություն, որն անհամատեղելի է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքների և մարդու իրավունքների ու ազատությունների վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընդունած կարևորագույն այլ փաստաթղթերի հետ։
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի ելույթների տեքստերը։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՎ ՆԻՍՏՈՒՄ
(30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2016Թ., ՍԿՈՊԻԵ, ՄԱԿԵԴՈՆԻԱ)
Հարգելի գործընկերներ, Միջերկրածովյան համաժողովը տեղի է ունենում բացառիկ պատասխանատու ժամանակաշրջանում։ Մեզանից յուրաքանչյուրը լսելով չէ, որ գիտե այն ողբերգության մասին, որը տեղի է ունենում Միջերկրական ծովի հարավային ափերին և հարավ-արևելքում։ Հայաստանի համար այս հարցը բացառիկ, կենսականորեն կարևոր նշանակություն ունի։ Բավական է ասել, որ այն ժամանակահատվածում, ինչ սկսվել է պատերազմը Սիրիայում, ավելի քան 20 հազար սիրիահայ է տարագրվել, Սիրիայից փախել Հայաստան։ Նրանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հայերի ժառանգներն են։ Ամեն օր մենք զգում ենք այն մարդկանց ցավը, տառապանքը, ովքեր կորցրել են տառացիորեն ամեն բան։ Ե՛վ արդար աշխատանքով ստեղծած իրենց հարստությունը, և՛ բիզնեսը, իրենց տները, եկեղեցիները, հանրակրթական դպրոցները։ Եվ հիմա, այս հարցը քննարկելով, ցավոք, մենք ավելի շատ փորձում ենք պարզել, թե ինչ է արվել փախստականներին տեղավորելու հարցում, ինչն, անշուշտ, շատ կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է տարածաշրջանում անվտանգության ապահովմանն օժանդակելը, ինչի բացակայությունն էլ փախստականների առաջացման պատճառ է հանդիսանում։ Իսկ անվտանգությանն օժանդակելու համար հարկավոր է ժամանակին կանխել այդ նույն անվտանգությունը վտանգող հնարավոր սպառնալիքները։ Ընթացիկ տարվա մայիսին, Կոստանդնուպոլսի անկմանը նվիրված հանդիսությունների (ոմանց համար՝ տոնակատարության օր, ոմանց համար էլ՝ քաղաքակրթական ողբերգություն) ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց տառացիորեն հետևյալը. «Շատ երկրներ ցանկանում են վրեժ լուծել թուրքերից 1453թ. Ստամբուլի (Կոստանդնուպոլիս) գրավման համար։ Սակայն ոչ ոք չի կարող կործանել մեր երկիրը։ Ստամբուլի նվաճումից հետո թուրքերը բնակություն հաստատեցին Անատոլիայում և Թրակիայում (այսինքն՝ Արևմտահայաստանում և մասամբ՝ Հունաստանում) և չեն պատրաստվում հեռանալ այդ հողերից»։ Կարելի էր և անուշադրության մատնել Թուրքիայի նախագահի այս «պասաժը», եթե տառացիորեն մի քանի ամիս հետո՝ արդեն ս.թ. հուլիսի 26-ին, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին հանրային սեկտորի և բիզնես կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Son Dakika պարբերականի տեղեկացմամբ, չասեր, թե հեղաշրջման փորձը (նկատի ունի Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը) նպատակ ուներ Թուրքիան բաժանել երկու «երկրների» միջև. «Հեղաշրջման փորձի հեղինակներն ուզում էին կյանքի կոչել 100 տարի առաջ գծված քարտեզը»։ Հետո շատ ավելի հետաքրքիր է։ Ի պատասխան ճշգրտող հարցի, թե՝ ո՞ր «երկրների» մասին է խոսքը, թուրք նախարարն ասել է, որ նկատի ունի Հայաստանը և Քուրդիստանը։ Հատկանշական է, որ նման բան ասվում է հիմա, այսինքն՝ Թուրքիայում դարձյալ տեղեկատվական ֆոն է պատրաստվում հակահայկական և հակաքրդական, հակաեզիդական նոր ատելության հրահրման համար, որի զոհերը կարող են դառնալ այդ ազգություններին պատկանող տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ։ Այսինքն՝ արդեն համապատասխան հող է պատրաստվում նոր ոճրագործությունների իրականացման համար։
Ուզում եմ նաև նշել, որ ստեղծված պայմաններում Հայաստանը փախստականներին ընդունելու և տեղավորելու հարցերում, բնակչության մեկ շնչին ընկնող հաշվարկով, ավելի մեծ բեռ է կրում, քան մյուս երկրները, օրինակ՝ Եվրամիության շատ հարգարժան անդամ պետությունները։ Հայաստանի 150 բնակչին բաժին է ընկնում մեկ փախստական, այն դեպքում, երբ Եվրամիությունում և Եվրոպայի երկրներում 400-450 բնակչին է բաժին ընկնում մեկ փախստական։ Սակայն Հայաստանը բնավ չի շահարկում սա, ինչպես երկրներից մեկը, որը վերջնագիր է դնում Եվրամիության առջև՝ մե՛կ 3 մլրդ, մե՛կ 6 մլրդ, մե՛կ էլ 23 մլրդ դոլար պահանջելով որպես պարգևավճար այն բանի համար, թե, իբր, փախստականներ է ընդունում, ավելին՝ «մեղմում» է նրանց հետագա ելքը Թուրքիայից։ Այնինչ, արդեն ստույգ հայտնի է, որ այսպես կոչված ԻԼԻՊ-ի շատ ներկայացուցիչներ հիմա էլ ռազմական աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից։ Դրա ապացույցն են վերջին գրոհները, որոնք ահաբեկիչների կողմից կատարվել են քրդաբնակ շրջանների վրա։ Միևնույն ժամանակ, Հայաստանը երբեք իրեն չի համարում Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացների կողմնակի դիտորդ։ Եվ բոլորովին վերջերս՝ 2016թ. սեպտեմբերի 16-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստում, ասաց հետևյալը. «Մենք հույս ունենք, որ Սիրիայում հրադադարի վերաբերյալ ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունները կստեղծեն նախադրյալներ այդ արյունալի հակամարտության տևական կարգավորման համար: Ողջունում ենք մեր ԱՊՀ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետևողական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելմանը: Քննարկում ենք Հայաստանի և Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորություններն այդ գործընթացներում»: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, Միջերկրածովյան համաժողովը նորից համոզիչ խնդրանքով դիմեն Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և հակաահաբեկչական կոալիցիայի մյուս երկրներին, որպեսզի երկխոսությունը, որը, թվում էր, իբրև լույսի շող փայլատակեց պատերազմի խավար թագավորությունում, իր համար ճանապարհ հարթի և կրկին վերսկսվի։ Որքան շուտ հաստատվի այդ համագործակցությունը, այնքան ավելի շատ մարդկային կյանք կփրկվի։
Շնորհակալություն ուշադրության համար։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՎ ՆԻՍՏՈՒՄ
(30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2016Թ., ՍԿՈՊԻԵ, ՄԱԿԵԴՈՆԻԱ)
Հարգելի գործընկերներ, դժվար է գերագնահատել քննարկվող հարցի նշանակությունը։ Մեր նիստի մոդերատորն ասաց այն մասին, թե ինչ սկզբունքներ են անհրաժեշտ տնտեսական աճի գործընթացների առավել արդյունավետ կառավարումն ամրապնդելու և ապահովելու համար։ Հիմնական զեկուցողը նույնպես մեծ ուշադրություն նվիրեց այդ հարցերին։ Լսելով նրանց ելույթները՝ տպավորություն է ստեղծվում, թե մենք ուզում ենք հեծանիվ հայտնագործել։ Եվ դա այդպես է այն պարզ պատճառով, որ դեռևս 2008թ. Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ավստրալիայի, այլ երկրների կառավարական կառույցները և Համաշխարհային բանկը կոնֆերանս գումարեցին և ընդհանրացրին գերազանցապես զարգացող երկրները ներկայացնող 19 ղեկավարների, նշանավոր տնտեսագետների գնահատականները, որոնք դրվեցին նրանց «Զեկույց աճի մասին. կայուն աճի և ինկլյուզիվ զարգացման ռազմավարությունները» հետազոտության հիմքում։ Զեկույցը կազմվել էր միայն մի նպատակով. վերլուծել, թե ինչի շնորհիվ է վերջին 30 տարիներին արագ զարգացող, բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտների հաշվարկով ՏՀԶԿ երկրների մակարդակին գտնվող երկրներում ապրող մարդկանց թիվը քառակի ավելացել՝ մեկ միլիարդից հասնելով չորս միլիարդ մարդու։ Այդ զեկույցը մանրամասն նկարագրում է նման արդյունքի հասնելու ճանապարհը։ 2012թ. նշանավոր տնտեսագետ, ծագումով հայ Դարոն Աջեմօղլուն (ի դեպ, ծնվել է Ստամբուլում) և Ջեյմս Ռոբինսոնը գիրք գրեցին՝ «Ինչո՞ւ որոշ երկրներ հարուստ են, իսկ մյուսները՝ աղքատ. իշխանության, բարգավաճման և աղքատության ծագումը» (Why Nations Fail: The Origins of Power, Prosperity, and Poverty), որը բեսթսելեր է դարձել։ Այնտեղ կրկին մանրամասն նշվում են այդ երկրներում զգալի տնտեսական աճի հասնելու ուղիները, ինչն, իր հերթին, իհարկե, նվազեցնում է նրանց բնակչության աղքատության մակարդակը։ Այստեղ տիկին Էդի Ֆրեյը Կանադայից շատ արդարացիորեն նշեց, որ միգրացիոն հոսքերը, որպես կանոն, ծագում են ոչ միայն ի հետևանք ռազմական արհավիրքների, այլ նաև աղքատության, անօթևանության պատճառով։ Եվ ահա, վերոնշյալ զեկույցը և Դարոն Աջեմօղլուի ու Ջեյմս Ռոբինսոնի գիրքը գրված են նորմալ պայմաններում զարգացող երկրների համար, դրանցում բնավ չի ենթադրվում, թե 21-րդ դարում հնարավոր է ԵԱՀԿ անդամ պետության լիակատար շրջափակում այլ պետությունների կողմից, որոնք նույնպես ԵԱՀԿ անդամ են հանդիսանում։ Ես նկատի ունեմ Հայաստանի շրջափակումն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Այսինքն՝ կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, եթե ԵԱՀԿ ԽՎ-ն տեսական դրույթների խորացված վերլուծության փոխարեն, նախ, քննարկի, թե ինչն է խանգարում ԵԱՀԿ անդամ պետությունների լիարժեք զարգացմանը։ Եվ իհարկե, որևէ մեկը չի կասկածում, որ շրջափակումն արգելակում է այդ զարգացումը, ի դեպ, ինչպես նաև չի կասկածում, որ տնտեսական աճն արգելակվում է նաև ինկլյուզիվ քաղաքական ինստիտուտների բացակայության պատճառով, ինչն, իր հերթին, ավտորիտար դիկտատուրաների հաստատման հետևանք է, որոնք, ավաղ, ԵԱՀԿ առանձին երկրներում հիմա էլ կան։ Կարծում եմ, որ այսօրվա քննարկումից հետո ԵԱՀԿ ԽՎ հատուկ ուսումնասիրման առարկա կդառնան այն հարցերը, որոնք դրված են Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմքում, որտեղ սևով սպիտակի վրա գրված են այն 10 սկզբունքները, որոնք ներկայում կոպտորեն խախտվում են առանձին երկրների կողմից։ Ընդ որում՝ մենք իրավունք ունենք պնդելու, որ այդ 10 հիմնարար սկզբունքներից առնվազն 3-ը վերջին 25 տարիներին կոպտորեն խախտվում են Հայաստանի հանդեպ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Միայն այս գործոնների հաշվառմամբ, միայն այս դեպքում մեր քննարկման օգտակար գործողության գործակիցը շատ ավելի բարձր կլինի, քան հիմա է, քանի որ նման քննարկումը թույլ կտա մեզ կոնկրետ խնդիրների հիման վրա լուծել ավելի խոշոր, գլոբալ հիմնախնդիր՝ ԵԱՀԿ տարածաշրջանում վստահության միջոցների ամրապնդման և կառավարման բարելավման խնդիրը։
Շնորհակալություն ուշադրության համար։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՎ ՆԻՍՏՈՒՄ
(1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2016Թ., ՍԿՈՊԻԵ, ՄԱԿԵԴՈՆԻԱ)
Հարգելի գործընկերներ, այսօր քննարկվող հարցը՝ «Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների զարգացումը», հսկայական նշանակություն ունի։ Բնականաբար, հարց է առաջանում. ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքների բերումով է, որ Փարիզում, Շայո պալատում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 3-րդ նստաշրջանում «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» ընդունումից 68 տարի անց էլ մարդու իրավունքների պաշտպանության հարցը տակավին չի կորցնում իր ակտուալությունը։ Չէ՞ որ արդեն 68 տարի է անցել։ Այնուհետև, 1966թ. ընդունվեց Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պակտը (այսուհետ՝ Պակտ), որն ուժի մեջ մտավ 1976թ. մարտի 23-ին։ Պակտը միջազգային պայմանագիր է և պարտադիր ուժ ունի պայմանագրին միացած 168 մասնակից պետության համար։ Անցած տարիների անգամ ամենահպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս. մարդու իրավունքների խախտման և ժողովրդավարական ինստիտուտների չկայացման ոլորտում տեղի ունեցող ամեն բան պայմանավորված է այդ փաստաթղթերով ավելի վաղ ընդունված պարտավորությունների կոպիտ ոտնահարմամբ։ Մասնավորապես, վերոնշյալ Պակտի 1-ին հոդվածի առաջին մասում խոսվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, ավելին՝ այդ դրույթը տեղ է գտել նաև ՄԱԿ Կանոնադրության 1-ին կետում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի Հելսինկյան Եզրափակիչ ակտում։ Իսկ 6-րդ հոդվածում նշվում է կյանքի իրավունքի մասին։ Մինչդեռ, Ադրբեջանի զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի շփման գծում ամեն օր ադրբեջանական դիպուկահարների ձեռքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այսուհետ՝ ԼՂՀ) պաշտպանության բանակի զինվորներ են զոհվում։ Պակտի այսօրինակ կոպիտ խախտման ոչ մի դեպք այդպես էլ չի դարձել քննարկման առարկա ոչ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, ոչ միջազգային այլ կազմակերպություններում։ Եվ ստացվում է, որ այսօրվա իրողություններում մարդու զոհվելը, այսինքն՝ կյանքի իրավունքի կոպտագույն ոտնահարումը, մի ինչ-որ սովորական երևույթ է դարձել։ Պակտի 12-րդ հոդվածը սահմանում է ազատ տեղաշարժի և բնակության վայրի ընտրության ազատության իրավունքը։ Երբ ֆրանսիական պատվիրակության հարգարժան ղեկավար Ալան Ներին առաջին անգամ այցելեց Լեռնային Ղարաբաղ, որպեսզի սեփական աչքերով տեսնի, թե իրականում ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, նա պերսոնա նոն-գրատա դարձավ Ադրբեջանում և սև ցուցակում հայտնվեց։ Այսուհետ նրան արգելված է մուտքն Ադրբեջան։ Նման ճակատագիր է սպասվում նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի այն բոլոր պատգամավորներին, ովքեր կցանկանան իրենց աչքերով տեսնել և հասկանալ Ղարաբաղյան հիմնախնդրի էությունը։ Պակտի 16-րդ հոդվածը սահմանում է իրավասուբյեկտության ճանաչման իրավունքը։ Ահա արդեն 25 տարի է անցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրվանից, բայց նրա իրավասուբյեկտությունն այդպես էլ ճանաչված չէ։ Իսկ Հայաստանն էլ ԼՂՀ անկախությունը չի ճանաչում լոկ ստանձնած պարտավորությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի հանդեպ խորին հարգանքի պատճառով, որին էլ պավիրակված է հակամարտության կարգավորումը։ Ավելին, 20-րդ հոդվածը հակամարտող կողմերին արգելում է պատերազմի պրոպագանդա վարել և հանդես գալ հօգուտ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության։ Ավելին ասեմ՝ միանգամայն թարմ օրինակ բերելով։ Ընթացիկ տարվա ապրիլին ադրբեջանական ագրեսիայի զոհերի թվում տասներկուամյա աղջիկ և ինսսուներկուամյա տատիկ կային։ Ավելին՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի՝ ադրբեջանցիների կողմից գերի վերցված երեք զինվոր գլխատվել է, և ԴԱԻՇ-ի ձեռագրին համապատասխան՝ նրանց կտրված գլուխներն ի ցույց են դրվել Ադրբեջանի գյուղերում ու քաղաքներում, իսկ այդ բարբարոսական հաշվեհարդարի կազմակերպիչները պետական պարգևներ են ստացել Ադրբեջանի նախագահի ձեռքից։ Եվ այս պայմաններում դեմոկրատական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների մասին խոսելը՝ անուշադրության մատնելով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի կոպտագույն խախտման աղաղակող փաստերի սկզբունքային գնահատականները, երկերեսանիություն է և կեղծավորություն։ Ըստ իս՝ հարկ է դեմքով շրջվել բարբարոսության այն վայրագ դրսևորումների հանդեպ, որոնց վկան է աշխարհը 21-րդ դարում, 2016 թվականին։
Շնորհակալություն ուշադրության համար։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՎ ՆԻՍՏՈՒՄ
(1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2016Թ., ՍԿՈՊԻԵ, ՄԱԿԵԴՈՆԻԱ)
Նախ կուզենայի շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին իր զեկույցի համար։ Նա հիրավի ձգտում է, որպեսզի իր լիազորությունների շրջանակում հասնի մեր ժողովուրդներին հուզող հարցի արդարացի լուծմանը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այս առնչությամբ ուզում եմ նշել, որ վերջին ժամանակներս Հայաստանում շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Ընդունվել է Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությունը, որն, անշուշտ, քայլ առաջ է մեր հասարակության հետագա ժողովրդավարացման ուղղությամբ։ Կայացման ընթացքի մեջ է Ազգային համաձայնության և ազգային վստահության կառավարության ձևավորումը։ Եվ դրա համար նույնպես մենք Հայաստանում միշտ սպասում ենք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին, որպեսզի խորհրդակցենք, կիսենք մեր փորձը։ Մենք դրականորեն ենք ընդունում այն, որ Քրիստիան Վիգենինի զեկույցում, նրա հաղորդման մեջ շատ կարևոր միտք հնչեց՝ իր աշխատանքը կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ սերտ շփմամբ։ Հայաստանում մենք պատրաստակամությամբ ենք ընդունում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցչին և մեծ հույս ունենք, որ իր հերթական այցելության ժամանակ նա անպայման կլինի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Այս աշխատանքը և խնդրի տեսլականը դյուրինացնելու համար նշեմ, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տոնեց իր անկախության 25-ամյակը, և այդ առիթով ԵԱՀԿ աշխատանքային առանձին լեզուներով հրապարակվեց շատ հետաքրքիր մի ժողովածու։ Հնարավորության սահմաններում ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առօրյայի մասին պատմող այդ ժողովածուն բաժանել եմ գործընկերներիս, և մեկ օրինակ էլ այժմ անպայման կտրամադրեմ մեր նստաշրջանի նախագահությանը՝ ծանոթանալու համար։ Մեկ անգամ ևս խորին շնորհակալություն այն բոլոր գործընթացներին աջակցելու համար, որոնք ուղղված են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Շնորհակալություն։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՎ ՆԻՍՏՈՒՄ
(2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2016Թ., ՍԿՈՊԻԵ, ՄԱԿԵԴՈՆԻԱ)
Հարգելի գործընկերներ, միգրացիայի կառավարումը բարելավելու հարցերը հայերի համար կենսականորեն կարևոր նշանակություն ունեն պատմական պատճառների՝ մեր պատմության ողբերգական էջերի բերումով, ինչպես նաև Սիրիայում ծավալվող ողբերգության և այս երկրում շատ ու շատ հայերի զոհվելուն, քսան հազար սիրիահայ փախստականների ի հայտ գալուն հանգեցրած ողբերգության հետ կապված։ Ինչ նկատի ունեմ՝ պատմության ողբերգական էջեր ասելով։ Դա նախ և առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունն է, այնուհետև այդ ողբերգությունը՝ կրկնված 70 տարի անց, արդեն Խորհրդային Ադրբեջանում։ Այն սկսվեց Սումգաիթի ջարդով և հայերի հրկիզումներով, շարունակվեց Բաքվի հայերի ջարդերով 1990թ. հունվարին։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, օրինակ բերեմ շատ հարգելի և հեղինակավոր միջազգային կազմակերպության՝ «Human Rights Watch»-ի զեկույցից։ Ուրեմն, ի՞նչ է գրել այդ կազմակերպության զեկուցող Ռոբերտ Քուշենը դրանում. «Հայկական ջարդերը Բաքվում (1990թ. հունվարի 13-20) անկարգություններ էին էթնիկական հողի վրա, որոնք ուղեկցվում էին հայ բնակչության հանդեպ բռնությամբ, թալանով, սպանություններով, հրկիզումներով և գույքի ոչնչացմամբ։ Ջարդերի զոհ դարձավ մինչև 90, իսկ որոշ տվյալների համաձայն՝ մինչև երեք հարյուր մարդ»։ Այնուհետև Ռոբերտ Քուշենն ընդգծում է. «Ջարդերն ամբողջությամբ տարերային չէին, քանի որ ջարդարարներն ունեին հայերի ցուցակներն ու հասցեները»։ Հետո բռնության ալիքը տարածվեց ողջ Ադրբեջանով մեկ, մանավանդ այն շրջաններում, որոնք հայահոծ էին։ Այդ ողբերգական իրադարձություններից հետո Ադրբեջանում բնակվող ավելի քան 500 հազար հայ, կրկնում եմ՝ ավելի քան 500 հազար հայ փրկվեց Ադրբեջանից դեպի առաջին հերթին Հայաստան ու Ռուսաստան, ինչպես նաև Եվրոպայի երկրներ ու ԱՄՆ փախուստի միջոցով։ Այստեղ երեկ ադրբեջանցի գործընկերը խոսում էր այն մասին, թե Կրասնոդարի երկրամասում, Ռոստովի մարզում շատ հայեր են ապրում, և նրանք ինքնավարություն են պահանջում։ Ոչ, նրանք ինքնավարություն չեն պահանջում, այլ պահանջում են արդարություն, բայց ոչ թե ռուսաստանյան իշխանություններից, որոնք նրանց հանգրվանել են, այլ միջազգային հանրությունից, որն առանց պատշաճ արձագանքի է թողել ադրբեջանական իշխանությունների կազմակերպած այս նոր կոտորածը։ Այդ պատճառով Հայաստանն այժմ, ընդունելով քսան հազար փախստական սիրիահայերի (կրկնում եմ՝ Հայաստանի 150 բնակչի բաժին է ընկնում մեկ փախստական, այն դեպքում, երբ Եվրամիության 400-450 բնակչին է բաժին ընկնում մեկ փախստական), առաջին հերթին խնդրում է արդարության հաստատում ոչ միայն սիրիացի փախստականների, այլև Ադրբեջանից փախստական ավելի քան կես միլիոն հայերի իրավունքների պահպանման հարցերում. կրկնում եմ՝ նկատի ունեմ այն կես միլիոն հայերին, որոնք փախստական են դարձել ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականության հետևանքով։ Կարծում եմ, որ այսօրվա քննարկումը փախստականների հետ կապված բոլոր խնդիրների արդարացի դիտարկման սկիզբը կհանդիսանա։ Այսօր փախստականը թակում է մեզանից յուրաքանչյուրի դուռը։ Եվ հիշենք, թե ինչպիսի ականավոր տաղանդներ են մեր աշխարհին տվել տարագրված ու փախստական դարձած մարդիկ։ Տարագիր և փախստական հայերի սերունդ հանդիսացող տաղանդավոր մարդկանց բոլորին չես թվարկի՝ Անրի Վերնոյ, Արշիլ Գորկի, Գառզու, Շառլ Ազնավուր, Ջորջ Դոքմեջյան, Քըրք Քըրքորյան, Ժորժ Գարվարենց, Միշել Լեգրան։ Նրանց անունների և ազգանունների թվարկումը կարելի է շարունակել մինչև այսօրվա նիստի ավարտը։
Շնորհակալություն ուշադրության համար։