«Ազգային Միաբանությունը» միանում է ՀՀԿ-ի և ՀՔԴՄ-ի նախընտրական դաշինքին
14.07.2016, Արմենպրես
http://www.armenpress.am/arm/news/854182/azgayin-miabanutyuny-mianum-e-hhk-i-ev-hqdm-i-nakhyntrakan.html
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը միաձայն որոշել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում միանալ Հայաստանի Հանրապետական և «Հայաստանի Քրսիտոնեադեմոկրատական միություն» կուսակցությունների նախընտրական դաշինքին: Այս մասին որոշումը կայացվել է հուլիսի 14-ին «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահության նիստում, որը վարել է ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանը:
Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին «Ազգային Միաբանություն» կուսակցության լրատվական ծառայությունից, նիստում քննարկվել է ՏԻՄ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ՀՔԴՄ դաշինք կազմելու վերաբերյալ հարցը և հանձնարարվել ԱՄԿ տարածքային կազմակերպություններին առաջիկայում սերտորեն համագործակցել դաշինքի անդամ կուսակցությունների հետ:
Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Շիրակի մարզային կառույցում հուլիսի 12-ին գումարված նիստում որոշում է ընդունվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցել Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության (ՀՔԴՄ) հետ դաշինքով, համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, անկուսակցական Սամվել Բալասանյանը: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Վանաձորում և Գյումրիում արդեն ոչ թե ուղղակի քաղաքապետի, այլև քաղաքի ավագանու ընտրություններ են լինելու: Ըստ այդմ՝ նվազագույն շեմը հաղթահարած կուսակցությունները կարող են քաղաքի ավագանու կոալիցիա կազմել ու քաղաքապետ նշանակել իրենցից առավելագույն ձայներ հավաքած կուսակցության ներկայացուցչին: Գյումրու ավագանու ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի սկզբին: